Ուրբաթ, Հուլիս 28, 2017

 18:54

ԼՐԱՀՈՍ

Վախեր և թերացումներ . արտաքին քաղաքականություն. Արման Նավասարդյան

    

 

Չափսերով փոքր երկրներին մեծապես անհրաժեշտ է ունենալ ճկուն դիվանագիտություն, հետևաբար նաև՝ մանևրների ընդունակ ու հեռահաշվարկ արտաքին քաղաքականություն: Քանի դեռ աշխարհի կարգն ու ընթացքը ձևավորվում են ուժային կենտրոնների վարած խաղերից, փոքր երկրներին մնում է զարգացնել բազմահմուտ դիվանագիտություն՝ այդ խաղերի մեջ սեփական շահը գտնելու կամ գոնե չկորցնելու նպատակով:

Շուրջ 30 հազ. քկմ տարածքի վրա անկախություն հռչակած Հայաստանի Հանրապետությունն արտաքին քաղաքական ճակատում մի շարք հիմնահարցեր ունի: Բայց ունի՞ արդյոք դրանք լուծելու հեռանկարային ապագա կամ արդյունավետ անցյալ: Պարզենք մեր զրուցակիցներից` Արման Նավասարդյանից և Թևան Պողոսյանից:

Ռուս-հայկական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան

- Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ի ներկայիս արտաքին քաղաքականությունը:

- Ի տարբերություն վերջին տարիների իներտ և պասիվ գործելաոճի` ներկա փուլում այն կարող եմ գնահատել նկատելիորեն ակտիվացած և նպատակամղված:

- Ո՞ր ուղղություններում են մեր դիրքերը համեմատաբար ավելի ամուր, և որոնցում` խոցելի:

- Ըստ իս՝ մեր դիվանագիտության դիրքերն ամուր են հատկապես ռուսական, իրանական, իսկ վերջերս նաև չինական, ամերիկյան  և եվրոպական ուղղություններում: Խոցելի են անմիջական երկու հարևանների (Թուրքիա, Ադրբեջան), հետխորհրդային տարածքի երկրների և մուսուլմանական որոշ պետությունների հետ հարաբերություններում:

- Դիվանագիտության ոլորտում մտահոգիչ ի՞նչ խնդիրներ եք նկատում, որոնց լուծումը օր առաջ է պետք Հայաստանին:

-Մտահոգիչ կարող եմ համարել կադրային դիվանագիտության մեջ տեղ գտած թերությունները և արատավոր պրակտիկան հատկապես հայկական դեսպանական կորպուսի ձևավորման գործում: Այս գործընթացում նկատվող դիլետանտիզմի գերակայությունը պարզապես արգելակում է ժամանակակից պահանջներին համաձայն հայկական դիվանագիտական դպրոցի վերջնական ստեղծմանը, էլ չեմ ասում առաջընթացին ու զարգացմանը: Հայկական դիվանագիտության բացը կարելի համարել նաև նրա պասիվությունը միջպետական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, կրթական, տեխնոլոգիական և կրթական  համագործակցության ոլորտներում:

- Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ի միջազգային վարկանիշը տարածաշրջանային զարգացումների արդի փուլում:

- Անժխտելի էր  հայկական միջազգային վարկանիշի բարձրացումը հատկապես Եղեռնի 100-ամյա տարելիցի  միջոցառումների ենթատեքստում: Թուրքական, մասնավորապես, ադրբեջանական դիվանագիտությունը, հայկականի հետ համեմատած, նկատելի կորուստներ է գրանցել:

- Վարկանիշի բարելավման ի՞նչ պոտենցիալ ուղիներ, հնարավորություններ կան:

- Հայաստանի Հանրապետության վարկանիշի հիմնական պայմանը նրա ներքին քաղաքականության հզորացումն է` որպես արտաքին քաղաքականության պարտադիր ներուժ և նախապայման: Ներկայումս գոյություն ունեցող արտագաղթի, մենաշնորհության և կոռուպցիայի առկայությունը ոչ միայն արգելակ կլինի Հայաստանի միջազգային գործերին, այլև կարող է լուրջ սպառնալիք ստեղծել երկրի անկախության և պետականության համար: Վարկանիշի բարձրացման մյուս միջոցների թվում ես կառանձնացնեի ժողովրդական դիվանագիտության (public diplomacy) ակտիվ օգտագործումը, որը  դառնում է 21-րդ դարի դիվանագիտության մեթոդոլոգիայի լավագույն միջոցներից մեկը:

- Որքանո՞վ է Հայաստանն ունակ ունենալու ինքնուրույն արտաքին քաղաքականություն:

- Հայաստանի արտաքին քաղաքականությանն առաջնահերթ հարկավոր է հայեցակարգ, առանց որի նրա զարգացումը դառնում է պրոբլեմատիկ: Ինքնուրույն քաղաքականությունը կախված է նաև աշխարհաքաղաքական գործընթացներից, միջազգային իրադրությունից և տարածաշրջանային հիմնական խաղացողների ուժերի հարաբերակցությունից ու միևնույն ժամանակ ոչ պակաս չափով հայրենական դիվանագիտության հմտությունից  և ճկունությունից:

- Վերջին տասնամյակում կա՞ն շոշափելի հաջողություններ, որոնց հասել է հայկական դիվանագիտությունը: Որո՞նք են (եթե կան այդպիսիք):

- Կան, եթե նկատի ունենանք այն քայլերը, որոնք Հայաստանն անում է արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ: Հայաստանը հաջողությունների կհասնի, եթե կարողանա ոչ միայն հավասարակշռություն պահպանել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Եվրոպական միության (ԵՄ) միջև, այլև Արևմուտքի և Արևելքի միջև դառնա յուրատեսակ բուֆեր: Սա պետք է լինի հանրապետության դիվանագիտության դոմինանտը: Այլընտրանք ուղղակի նա չունի:

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ