Շաբաթ, Նոյեմբեր 18, 2017

 03:02

ԼՐԱՀՈՍ

Հայ-թուրքական երկխոսության խնդիրներ

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իր պաշտոնավարման ժամանակ 2014-ի հոկտեմբերին պոլսահայ գրող, լրագրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանին նշանակել էր իր գլխավոր խորհրդականի պաշտոնում: Այդ նշանակումն աննախադեպ էր ոչ միայն ազգությամբ հայ քաղաքացուն նման պաշտոն վստահելու առումով, այլ առհասարակ ոչ մահմեդական ոչ մի քաղաքացի նմանօրինակ բարձր պաշտոն մինչ այդ չէր զբաղեցրել թուրքական կառավարությունում: 

Մի քանի ամիս պաշտոնավարելուց հետո՝ 2015-ի ապրիլին, Մահչուփյանը վայր է դնում իր լիազորությունները: Պաշտոնից նրա ազատումը պատճառաբանվում է կենսաթոշակային տարիքին հասնելու հանգամանքով: 

Էթյեն Մահչուփյանի բացառիկ հարցազրույցը «Երևակ» ամսագրին:

 - Հաճախ է խոսվում Թուրքիայում հայ լինելու դժվարությունների մասին: Որո՞նք են դրանք:

-Ամբողջ աշխարհում՝ գրեթե բոլոր երկրներում, փոքրամասնություն լինելը դժվար է: Հատկապես եթե այդ երկրում ժողովրդավարության բարձր չափանիշներ չկան, իսկ ազատությունները սափմանափակված են, նման պայմաններում որպես փոքրամասնություն ինքնադրսևորվելը բավականին դժվար է: Եվ երկրորդ խնդիրը կազմում են Թուրքիայի ու հայկական համայնքի` միմյանց նկատմամբ ունեցած այն բարդույթներն ու հայացքները, որոնք գալիս են դեռևս Օսմանյան ժամանակներից: Թերևս պետք է նշել, որ կողմերից երկուսն էլ խնդրահարույց են: Թուրքական կառավարությունը մի որոշակի ժամանակաշրջանում ազգային փոքրամասնություններին դիտել է որպես սպառնալիք: Սա ծագում է ազգայնամոլությունից: Բնականաբար, հայերը, հույները և այլ փոքրամասնություններ մահմեդականներից առաջ են ազգայնամոլ դարձել ու ավելի վաղ են անջատողական եղել: Եվ սա լարվածություն է առաջացրել: Բացի այդ հայերը և հույները քրիստոնյա լինելու պատճառովեվրոպացիների հետ սերտ կապի մեջ են եղել: Այս իրողությունն առաջ է քաշել այն գաղափարը, որ Օսմանյան կայսրության փլուզման շրջանում հայերը և հույները այն տարրերն էին, որոնք ցանկացել են մասնատել կայսրությունը և հող պոկել: Այս վախերը մարդկանց ուղեղներում դեռևս առկա են: Հետո եկավ Թուրքիայի հանրապետական շրջանը, բայց ազգային փոքրամասնությունների համար էական առաջընթաց չգրանցվեց: 

Ընդհակառակը՝ սա թուրքական ազգայնականության գերակայության համակարգ էր: Այսպիսով՝ փոքրամասնություններին պատկանող դպրոցներում առկա դժվարությունները, գույքի բռնագրավումը, պատրիարքությանը իրավական կարգավիճակ չշնորհելը և նմանատիպ այլ խնդիրներ այն ժամանակներից են եկել մինչև մեր օրերը: Այսինքն՝ փոքրամասնություններին շարունակաբար դիտել են որպես վտանգ պարունակող քաղաքացիներ: Փոքրամասնություններն էլ իրենց երբևէ լիիրավ քաղաքացի չեն զգացել: Նրանց բոլոր խոսակցությունները թաքուն, փակ դռների հետևում են եղել և լայն հանրության միջավայրում չեն դրսևորել իրենց: Թուրք հասարակության նոր սերունդները, կարելի է ասել, հայերին չեն ճանաչում:

- Հայ և թուրք հասարակությունները արդյո՞ք ճանաչում են իրար: Կա՞ փոխըմբռնման խնդիր:

- Հայերը ճանաչում են թուրքերին: Երբ փոքրամասնություն ես, ստիպված ես մեծամասնությանը ճանաչել: Փոքր երկիրը ստիպված է մեծ երկրին ճանաչել: Օրինակ` մենք հիմա ստիպված ենք Ամերիկային ճանաչել, քանի որ Ամերիկան մեզ վրա ազդեցություն ունի: Սակայն մենք ամերիկացիներին ճանաչելու հարցում «կլիշեներ» ու «շաբլոններ» ենք գործածում: Շատ հավանական է, որ հայաստանցիներն էլ Թուրքիային նայելիս տրամաբանական, ռացիոնալ շաբլոններ են փնտրում և դրանց միջոցով փորձում ճանաչել: Թուրքիան շատ խառը, բազմագույն, դինամիկ վայր է, և Թուրքիային կոնկրետ բնորոշում տալը դժվար է: Ի դեպ, քսան տարի առաջ այսպես չէր: Այն ժամանակ ավելի կայուն, կանխատեսելի վայր էր: Հիմա այնքան արագ տրանսֆորմացիա է տեղի ունենում, որ սրա արդյունքում թե ինչ կձևավորվի, դժվար է կանխատեսել: Սրանից տասը տարի առաջ, թերևս, դա ավելի դյուրին կլիներ: Այսօր նույնիսկ Թուրքիայում ապրող մեծ թվով մարդիկ Թուրքիան չեն ճանաչում: 

Հայ և թուրք հասարակությունների միջև փոխըմբռնման խնդիր կա, քանի որ հարաբերություններում հեռավորություն կա, և դրանց կարգավորման համար ժամանակ է պահանջվում: Սակայն պետք է ասեմ, որ երկու կողմում էլ ժողովրդի շրջանում մեծ ցանկություն կա հարաբերությունները կարգավորելու: Հետևաբար նաև հասարակությունների մակարդակով փոխադարձ լավատեսական տրամադրվածություն կա: 

- Ի՞նչն է խանգարում հայերին ընդառաջ գնալ թուրքերին, և հակառակը` ի՞նչը կամ ովքեր են խանգարում թուրքերին: 

- Երկու կողմում էլ սա պետական քաղաքականություն է: Պետական քաղաքականությունները սառնասիրտ են,  բարոյական նորմերից գրեթե դուրս: Երկու կողմում էլ պետությունը հասարակությունից զորեղ է, և հասակակական կարծիքը չի ազդում պետական քաղաքականության վրա: Մինչդեռ ներկայումս Թուրքիայում նոր միտում կա: Հասարակությունն արդեն պետությանը առանձնապես չի լսում  և ինքնուրույն է գործում: Սա ազդում է պետական քաղաքականության վրա: Որպես արդյունք կարելի է դիտել Էրդողանի նախորդ տարվա ապրիլի 23-ի ցավակցական աննախադեպ ուղերձը, այս տարվա Դինքի մահվան տարելիցի կապակցությամբ Դավութօղլուի հղած ուղերձը: Այսինքն՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ միասին պետությունը փորձում է այլ կերպ գործել: Մեկնարկ է տրվել ազգային փոքրամասնություններին պատկանող գույքի վերադարձին: Սրան զուգահեռ սերտացել են փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ շփումները: էրդողանը, Դավութօղլուն հանդիպումներ են ունենում համայնքի ներկայացուցիչների հետ: Մարդկային շփումը հաճախակիացել է: Բացի այդ չենք կարող չասել, որ հայ և թուրք քաղաքացիական հասարակությունների միջև ևս շփումն ավելացել է: Համատեղ նախագծեր են իրականացվում: Այսինքն՝ այս մարդիկ հանդիպելով, շփվելով ձգտում են միմյանց ճանաչել, հասկանալ, վերհիշել անցյալն ու համատեղ ապագա կառուցել: Եվ սա կանխելը դժվար է` ըստ իս: Պետություններն էլ արդեն դժվար թե խոչընդոտեն դրան:

- Ուղիղ երկխոսության համար երկու կողմերին խանգարող ի՞նչ գործոններ եք տեսնում այժմ: 

- Ադրբեջանի հանգամանքը բավականին ազդում է, և դա մի տեսակ ստատուս-քվո վիճակ է ստեղծել: Այսինքն բոլորը գիտեն իրավիճակի բարդությունը, բայց կարգավորելու համար բավականաչափ զորեղ չեն:  Եվ ոչ մի կողմը միայնակ չի կարող լուծել հարցը: Միասնական լուծում է պետք: Սա է միակ խնդիրը: Ես ուրիշ խնդիր չեմ տեսնում: Իսկ խնդիրները խոսվելով են լուծվում: Ցավոք, այս տարածաշրջանում բոլորս էլ խոսելու մշակույթը կարևորող հասարակություններ չենք. ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան, ոչ Հունաստանը, ոչ Բուլղարիան և այլն: Մենք դիմացինի հետ քաշքշոցն ու ձեռնամարտն ենք ավելի բնական համարում: Այդպես է մշակութային լեզուն, այդպես է արտաքին քաղաքականության մեջ, այդպես է պետական ընկալումներում:

- Ի՞նչպես եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունները քրդական աճող գործոնի համատեքստում:

- Այլազգիների նկատմամբ վերաբերմունքի, ապագայի կառուցման հարցում ավելի ժողովրդավարական ընկալման և պատմության վերանայման տեսանկյունից քրդական կարգավորման գործընթացը կարևոր է, քանի որ այս ամենն ուղղակիորեն հայկական ինքնության, հայկական հարցի, հայերի նկատմամբ վերաբերմունքի հարցում կարևոր առաջընթացներ գրանցեց:


«Երևակ» ամսագիր






ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ