Ուրբաթ, Սեպտեմբեր 22, 2017

 14:07

ԼՐԱՀՈՍ

Գլոբալ տեղաշարժեր. տարածաշրջան. Ստյոպա Սաֆարյան

քաղաքական վերլուծաբան, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ 

Մերձավոր Արևելքի կոնֆլիկտը կամ որ նույնն է` սիրիական ճգնաժամը, թերևս ոչ միայն Կովկասի, այլև ողջ աշխարհի վրա հետք թողած հակամարտություն է: Իհարկե, այն ունի բազմաթիվ ասպեկտներ, բայց ընդհանուր առմամբ կարելի է համարել այսօրվա գլոբալ կոնֆլիկտներից մեկը: Քիչ է խոսվում այն մասին, թե ինչպես  է այդ կոնֆլիկտն ազդել Հայաստանի վրա: Տպավորություն է, թե մեզանից մի քանի 100կմ այն կողմ տեղի ունեցողը մեզ վրա ընդհանրապես չի ազդում: Երբ սիրիական ճգնաժամը դարձավ աշխարհի հզոր երկրների ուշադրության առարկա և նրանց օրակարգի մի մաս, բնականաբար, այդ կոնֆլիկտի հանդեպ դիրքավորվեցին նաև մեր բարեկամ երկրները` Ռուսաստանը, Իրանը: Նրանք հստակ, ընդգծված կողմ են Ասադի վարչակազմին, Հայաստանում էլ համակրանքը Ասադի կողմն է: Հակառակ ճամբարում գտնվողները` եվրոպական երկրները, ԱՄՆ-ն, սրա վերաբերյալ իրենց հաշվարկներում որոշակի տեղ են պահել Հայաստանի համար: Պատահական չէին 2-3 տարի առաջ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը տարածաշրջան և Հայաստանի հետ քննարկումները սիրիական ճգնաժամի կապակցությամբ: Ու քանի որ Միացյալ Նահանգները սկսեց Իրանի հետ ջերմացման գործընթաց, այստեղ Հայաստանի խնդիրներն առաջին պլան եկան, մանավանդ երբ Թուրքիայի պահվածքը միշտ չէ, որ բավարարում է Արևմուտքին, հետևաբար Հայաստանն ու հայկական խաղաքարտը չափազանց մեծ կշիռ են ստանում: Միգուցե թվա, թե իրար հետ կապ չունեցող բաներ են, բայց ցեղասպանության 100-րդ տարելիցի ընթացքում արևմտյան երկրների պահվածքը մեծամասամբ պայմանավորված էր սիրիական ճգնաժամով, Թուրքիայի վարքագծով, Արևմուտք-Իրան բանակցություններով և այդ ընթացքում Հայաստանին վերապահված դերով` որպես Եվրոպան Իրանին կապող ցամաքային գոտի: Սա Հայաստանի համար հնարավորություն է մտնելու միջազգային հարաբերությունների մեծ բեմահարթակ և խաղալ իր դերը:

Երբ կրկին սիրիական ճգնաժամը հայտնվեց աշխարհի ուշադրության կենտրոնում, իսկ մի փոքր հետո նաև ուկրաինական ճգնաժամը, դա չափացանզ ազդեց Ադրբեջանի վարքագծի վրա, որովետև Բաքուն ակնհայտ զայրույթի նշաններ ցույց տվեց: Բարկության պատճառն այն էր, որ աշխարհն իր օրակարգում անընդհատ նոր խնդիրներ է վերցնում, մինչդեռ Ադրբեջանի խնդիրը, որն ավելի վաղեմի է, թողնում է անլուծելի: Անգամ Ալիևն այդ առիթով ասում էր, որ երբ աշխարհին պետք է, կես ժամում ՄԱԿ-ի անվտանգության բանաձև է ընդունում, կես ժամում էլ ապահովում դրա իրականացումը: Եվ ահա տեսեք՝ պատահականությունների շարքից չէ, որ այն պահին, երբ թեժացավ սիրիական ճգնաժամը, իսկ դա 2012-ի գարնանն էր, Ադրբեջանը նույն այդ ժամանակ սկսեց ոտնձգություններ շփման գծի երկայնքով` աշխարհին ցույց տալու համար, որ ղարաբաղյան հակամարտությունը նույնքան վտանգավոր կարող է լինել, որքան սիրիական կամ ուկրաինական ճգնաժամերը: Հետևաբար սա նույնպես ազդում է հակամարտության գոտու վրա` անուղղակիրոեն Ադրբեջանին դրդելով որոշակի գործողությունների: Եթե սրան էլ գումարում ենք Թուրքիայի գործոնը և իր վրայից ճնշումները շեղելու նրա շահագրգռությունները, ապա պատկերն ամբողջանում է:

«Իսլամական պետությունը» (ԻՊ) իսկապես չարիք է: Նրանց հայտարարություններից ու գործողություններից ակնհայտ է, որ գլոբալ առումով իրենց թիրախն այլադավան աշխարհն է, մասնավորապես քրիստոնեական աշխարհը: Հայաստանը կարող է դառնալ ահաբեկչության և վրեժխնդրության թիրախ, ինչը մենք տեսնում ենք Սիրիայում քրիստոնեադավան համայնքների, այդ թվում և հայ համայնքի վրա հարձակումների, մեր պատմամշակութային ժառանգության ոչնչացման և այլ քայլերի տեսքով: Չմոռանանք, որ մեր հակառակորդը` Ադրբեջանը, խիստ հեռահար հաշվարկներով թույլ է տվել, որ իր տարածքից 100-ավոր վարձկաններ հավաքագրվեն և Թուրքիայի տարածքով անդամագրվեն ԻՊ-ին կամ այլ ծայրահեղական խմբավորումներին: Այս առումով Մերձավոր Արևելքի ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա շատ մեծ է` սկսած քաղաքական տեղաշարժերից, վերջացրած ռազմական և այլ բնույթի մի շարք սպառնալիքներով, որոնք կարող են ուղղակիորեն առնչվել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին:

2012-ին, երբ հրդեհը նոր էր բռնկվում, առաջին հերթին մենք պիտի հասկանայինք, որ Մերձավոր Արևելքում հայ համայնքներն ուղղակի թիրախի տակ էին: Դրանք արդեն իսկ մաշվում էին այդ պետությունների ավտորիտար վարչակարգերի պատճառով: Անցած տասնամյակների ընթացքում չափազանց մեծ է եղել հոսքը մերձավորարևելյան համայնքներից դեպի հյուսիսամերիկյան երկրներ, Եվրոպա և Ավստրալիա: Հետևաբար ՀՀ կառավարությունը պարտավոր էր ունենալ այդ մարդկանց տարհանելու, օգնություն ցուցաբերելու ծրագիր: Մենք ունենք փախստականներ: Ես կարծում եմ` Հայաստանը խոշոր վրիպում թույլ տվեց, երբ չմիացավ Սիրիայի շուրջ ստեղծված միջազգային դաշինքին: Եվ սա այն դեպքում, երբ մենք միանգամայն կարող էինք հավակնություններ ունենալ, քանի որ հայկական համայնք ունեինք Սիրիայում ու կարող էինք ուղղակիորեն մաս կազմել միջազգային գործընթացին: Իսկ դա կտար բազմաթիվ խնդիրներ լուծելու հնարավորություններ, որոնք այս պահին տեսանելի չեն, քանի որ այդ հնարավորությունները բացվում են, երբ մտնում ես պրոցեսի մեջ:

Սիրիական ճգնաժամը ցույց տվեց, թե որքան անպատրաստ է Հայաստանը նման իրավիճակներում մեր հայրենակիցներին առաջին օգնություն ցուցաբերելու հարցում: Ակնհայտորեն երևաց, որ սիրիահայերի և առհասարակ Մերձավոր Արևելքի հայության հետ կապված մեր պետական ծրագրերը բացակայում են: Իհարկե, մի կարճ ժամանակահատվածում կառավարության որոշումներ ընդունվեցին, տրվեցին արտոնություններ, բայց դա չափազանց քիչ է, առավել ևս երբ խոսքը վերաբերում է ամբողջ հայության հայրենիք համարվող պետությանը: Մինչդեռ մենք պարտավոր ենք ունենալ նման ծրագրեր, ռիսկերի մշտադիտարկման լավ համակարգ: Հայաստանի հետազոտական կենտրոններն ուղղակի պարտավոր են վաղօրոք տեղեկացնել սպասվող իրադարձությունների մասին, իսկ կառավարությունն էլ պարտավոր է ավելի վաղ մտածել հայկական գաղթօջախների անվտանգությունն ապահովելու մասին:

Ռուսաստան-Արևմուտք դիմակայությունը լարվածության թոթափման միտումներ առայժմ թույլ չի տալիս: Դրա պատճառներից մեկն այն է, որ Ռուսաստանը բացարձակապես չի պատրաստվում նահանջել իր քաղաքական ծրագրերից, որոնցից մեկը եվրասիական ինտեգրացիան է: Այդ հասկացության տակ Կրեմլը պատկերացնում է նախկին ԽՍՀՄ ազդեցության բոլոր գոտիներում երբեմնի գերակայության վերականգնումը` Կովկասից մինչև մերձբալթյան երկրներ, նույնիսկ Արևելյան Եվրոպա: Նույնքան հետևողական իր դիրքորոշումներում նաև Արևմուտքն է: Այժմ դժվար է ասել, թե ինչպես կընթանան իրադարձությունները, բայց համենայնդեպս կար մի խնդիր, որտեղ կարող էր սկսել ձնհալ և հարաբերությունների բարելավում. դա Ուկրաինայի արևելքի հետ կապված իրավիճակն էր: Ռուսաստանը կարող է խուսափել ավելի մեծ վնասներ կրելուց, պատժամիջոցների պատճառով ավելի մեծ գին վճարելուց, եթե պայմանավորվածության գա Ուկրաինայի արևելքի հարցում:


«Երևակ» ամսագիր







ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ