Չորեքշաբթի, Ապրիլ 26, 2017

 02:16

ԼՐԱՀՈՍ

Իրավական անգրագիտությունից ՝ արդարության պակաս

Դատաիրավական համակարգի խնդիրները շատ են: Դրանք խանգարում են իրավունքի գերակայությանը: Մարդիկ կորցնում են վստահությունը դատարանների հանդեպ, որին գումարվում է իրավական գիտակցության պակասը, և արդյունքում հասարակությունում առաջանում է իրավական անպաշտպանվածության հոգեբանական կոմպլեքս, որը հղի է շատ վտանգավոր ֆրուստրացիոն երևույթներով: Ինչպե՞ս խուսափել դրանցից ու դատաիրավական համակարգի լոկոմոտիվը դնել ժողովրդավարական ուղու վրա: «Երևակի» զրուցակիցն է Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը: 

-Ի՞նչ խնդիրներ են խանգարում Հայաստանում իրավունքի գերակայությանը: 

-Դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլից հետո կարծում էինք, որ օրենքը արդեն կգերակայի և իրեն կենթարկի թե օրենքը կիրառողին, թե ենթարկվողին, բայց դրան խանգարող շատ պատճառներ կան. Խորհրդային Միությունից եկած սովորությունները, այն է՝ ոչ մի դեպքում չբացահայտված գործ չթողնել, ամեն գնով պլանները կատարել, այն կարծրատիպը, որ դիմումատուն միշտ ճիշտ է, կոռուպցիոն ռիսկերը, դատարանների ոչ անկախ վիճակը: Բացի այդ քաղաքացիական, քրեական և այլ որոշում կայացնողն ու իրականացնողները, դատախազը, դատավորը, օգտվելով օրենքի բացերից, կատարում են օրենքի երկակի մեկնաբանություններ, և ոչ լեգիտիմ օրենսդրությունը արդեն իսկ նրանց ձեռքում դառնում է կամակատար: Եվ արդյունքում նույն օրենքը, որը պետք է գերակայեր և բոլոր կողմերին իրեն ենթարկեր, ցավոք չկայացավ, չգերակայեց, և այսօր ունենք այն, ինչ ունեինք, այսինքն` օրենքը կիրառողն է կառավարում օրենքը: Ճակատագրի բերումով այսօր ինքս եմ հայտնվել նման մի իրավիճակում: Նախկինում երբ լսում էի, թե ինչպես են անմեղ մարդիկ հայտնվում ազատազրկման վայրերում, զարմանում էի, հիմա հասկանում եմ: Ու հենց այստեղ է, որ շատ եմ կարևորում մարդու իրավագիտակցության բարձրացումը մի կողմից, մյուս կողմից նրա շիտակ ճանապարհով գնալու կամքը: Չէ՞ որ մեր հասարակությունում ընդունված է, որ նման իրավիճակում հայտնվելիս նախևառաջ մտածում են ծանոթի միջոցով, փողով հարցեր լուծելու մասին: Հենց այս ամենի արդյունքում են անմեղ մեղավորները հայտնվում կալանավայրերում: Քրեաիրավական, քաղաքացիական և վարչա - իրավական հարաբերություններում շատ են անհիմն և կամայական վճիռները, պատճառը նորից ոչ լեգիտիմ և երկակի ու անորոշ օրենսդդրության, քաղաքացու իրավունակության պակասի և ծանոթ, բարեկամ-խնամիական հարաբերությունների մեջ են: Ու ի՞նչ ունենք այս ամենի արդյունքում: Ունենք դատաիրավական համակարգին չվստահող, նրա ցանցի մեջ հայտնվելուց ամեն կերպ խուսափող հասարակություն: Չէ՞ որ արդարությունը մարդու ներքին պահանջ է, անգամ ժողովրդավարության հիմք: Եթե մենք չունենք արդարություն, կամ թերի է այդ արդարադատությունը իրականացվում, դա խոչընդոտում է շատ դրական զարգացումներին: Մարդկանց մեջ ավելանում են դեպրեսիոն ու սթրեսային հոգեվիճակներ, նրանք կորցնում են հավատը համակարգի, երբեմն իրենք իրենց հանդեպ: Ու երբ արդեն փաստաբանի մոտ են գալիս, շատ դժվար է լինում նրան պոզիտիվ ճանապարհով տանելը, այնպես անել, որ մի բան սովորի, վստահի: Իրավախորհրդատվական կազմակերպությունները պետք է պատասխանատվություն ստանձնեն բարձրացնելու քաղաքացու իրավագիտակցությունը. սա շատ կարևոր է: Մեր իրականությունում շատ հաճախ տեղ է գտնում «Փողը բեր, դու գործ չունես» արտահայտությունը, այսինքն՝ կարևոր չէ, որ քաղաքացին այդ ընթացքում ինչ-որ բան սովորի ու հասկանա, որովհետև իրենք էլ են հաճախ զարտուղիներ փնտրում: Մենք ուղիղ հակառակ ճանապարհն ենք ընտրում՝ դառնալով քաղաքացու աջակիցը, նրան ծանոթացնում ենք իրավական դաշտի խնդիրներին, օգնում, որ նա ձեռք բերի իմունիտետ: Ոչ միայն իրավագիտակցության բարձացում է կատարվում, այլև առաջանում է ստեղծագործական, բարձր մտածելակերպ: Չէ՞ որ մինչ այդ նա կատարող էր, խուսափող, սթրեսային, ոչնչի չհավատացող մեկը, բայց իր փաստաբանի օգնությամբ նա մի քայլ առաջ արեց, բավարարեց իր ներքին հոգեբանական պահանջմունքները, իրեն բանական մարդ զգաց, իսկ բանական մարդը հաղթող մարդն է:

 -Դրանո՞վ է պայմանավորված որ ձեր ղեկավարած կազմակերպությունը կոչվում է Հոգեբանների ու իրավաբանների միջազգային ասոցիացիա:

 -Այո, այդ հոգեբանական աշխատանքը պարտադիր է ոչ միայն սովորական քաղաքացու, այլև փաստաբանի համար: Թե իրավաբանը, թե սովորական քաղաքացին կարող են օրենքները սովորել անգիր, բայց դատաիրավական պրոցեսների ընթացքում երբեմն տեղ գտնող հոգեբանական ճնշումների ներքո չկարողանան ներկայացնել իրենց իմացածը, որովհետև գտնվում են ներքին հոգեբանական անկայուն վիճակում, ու չեն կարողանում դատախազի աչքերին նայել ու նրա հարցերին համարժեք պատասխան տալ, ընկրկում են, իսկ դատախազը սովոր է նման իրավիճակներին, օգտագործում է այդ թուլությունները, հայտարարում, որ նրա խոսքը վստահություն չի ներշնչում և իր այդ սուբյեկտիվ կարծիքի հիման վրա կազմված մեղադրականը դառնում է ճակատագրական: Ի դեպ, այդ խնդիրները հատուկ են ոչ միայն մեր հասարակությանը: Հետխորհրդային երկրներում ակնհայտ են իրավական անպաշտպանվածության զգացումը, անվստահությունը համակարգին, դեպրեսիվ վիճակները, ինչը արդյունք է նաև արժեքային համակարգում կատարված արագ ու հսկայական փոփոխությունների, որոնց դեռ պատրաստ չէին մարդիկ` քայքայված տնտեսության և իրավական անգրագիտության պայմաններում: Ազատ շուկայական հարաբերությունների ու ժողովրդավարության պայմաններում մարտահրավերներ առաջ եկան իրավունքի բոլոր ճյուղերում: Ու դեռ վաղ է խոսել կայացման մասին: Բայց այս 20 տարիների ընթացքում տեսանք օրենսդրության մեջ բարեփոխումներ, շտկումներ, դրանք առ այսօր շարունակվում են, տարբեր հոդվածներ փոխվեցին քրեական, քաղաքացիական օրենսգրքերում: Օրինակ` պետական ունեցվածքի գողության դեպքում ավելի մեծ պատիժ էր սահմանվում, քան մասնավորի դեպքում` ստորադասելով մասնավորը պետականին: Բայց ժողովրդավարության պայմաններում դա անընդունելի էր: Ճիշտ է` օրենսդրական ոլորտում խնդիրները շատ են, որ օրենքներն էլ ընդունվում են հապճեպ, առանց փուլային ուսումնասիրությունների, վերլուծությունների, մարդիկ պատրաստ չեն դրանք ընդունել: Այստեղ արդեն մեծ գործ ունեն անելու հասարակական կազմակերպությունները: Բայց չունենք հասարակական այդ առողջ ուժերը, որոնք կզբաղվեին դրանով, կստեղծեն օրենքի հետադարձ կապի մեխանիզմներ, որ դրանք հասարակական լսարաններում քննարկվեն, որ հասկանան՝ պե՞տք է դա մեր հանրապետությանը, թե՞ ոչ: 

-Հայտնի է, որ ասոցիացիայի նախաձեռնությամբ ընդունվել է Ընտանիքի օրը: Ամուսնալուծությունների տարեցտարի աճող թի՞վն է ստիպել նման նախաձեռնությամբ հանդես գալ: 

-Այո’, 2011 մեր կազմակերպության և անձամբ իմ նախաձեռնությամբ մայիսի 15-ը հռչակվեց Ընտանիքի տոն, և ես նույն օրը ՀՀ ԱԺ նախագահի կողմից պարգևատրվեցի պատվոգրով՝ Ընտանիք-հասարակություն-պետություն կապի ամրապնդման ոլորտում ունեցած ավանդի համար: Այժմ երկրորդ նախաձեռնոթյունն ենք ներկայացրել ՀՀ նախագահին, կարծես թե հավանության արժանալու ճանապարհին է, որովհետև նախագիծն ուղարկվել էր նախագահից Արդարադատության նախարարին, որտեղից ստացել ենք դրական պատասխան: Այն ուղղված է ընտանիքների ամրապնդմանը: Այո’, ամուսնալուծությունները շատ են: Նախագծի համաձայն՝ նպատակ ունենք աջակցության կենտրոններ ստեղծել Երևանում և մարզերում, ընտանիքներին մատուցել թե իրավական խորհրդատվություն, թե հոգեբանական ծառայություններ, անհրաժեշտության դեպքում երբեմն սոցիալական օգնություն: Նաև առաջարկել ենք համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարել քաղաքացիական օրենսգրքում, որ ամուսնալուծություններին վերաբերող դատական գործերում ներկա լինեն անկախ հասարակական կազմակերպություններ, որոնք կհայտնեն իրենց եզրակացությունները: Առաջարկել ենք մի նախադասություն միայն ավելացնել՝ կողմերի նախաձեռնությամբ կամ դատարանի միջնորդությամբ որոշում կայացվի, որ տվյալ ամուսնալուծության դատին պետք է մասնակցեն կամ անկախ փորձագետ հոգեբաններ կամ ՀԿ ներ: Այո, ոչ թե տարեցտարի, այլ ամսեամիս ենք նկատում դատարաններում ամուսնալուծությունների գործերի աճ: Պատճառն իհարկե հիմնականում սոցիալական է ու կապված է ընտանիքում ամուսինների դերի թուլացման հետ, տղամարդու` աշխատատեղ չունենալը հանգեցնում է բացասական հետևանքների, երբեմն ալկոհոլի չարաշահման և այլն, նա սկսում է խուսափել պատասխանատվությունից, ակտիվանում է կնոջ դերը, և ընտանիքը հայտնվում է փլուզման եզրին: Բայց հաճախ զրույցների, ճիշտ խորհրդատվության շնորհիվ հնարավոր է լինում կանխել այն, թույլ չտալ, որ մտնի դատարան: Անգամ դատարանում նախնական փուլում ՀԿ-ների ու հոգեբանների ներգրավվածությամբ նույնպես հնարավոր կլինի կանխել ընտանիքի բաժանությունը: Սա կօգնի, որ դատարանների վրա էլ ավելորդ բեռ չդրվի: Ամուսնալուծությունների թվի աճի մեջ մեծ է նաև փաստաբանների դերը, որովհետև շատերը շտապեցնում են գործը դատարան տանել, որ պայմանագիրը կնքեն ու իրենց վարձը վերցնեն: Այնինչ՝ համապատասխան կենտրոններում իրավաբանների ու հոգեբանների համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր է կանխել շատ ընտանիքների բաժանություններ, որովհետև զգացմունքների սառելուց հետո, մանավանդ երբ ընտանիքում երեխաներ են լինում, շատերն են զղջում: Ընտանիքի ամրապնդմանը մեծ ուշադրություն է պետք դարձնել, քանի որ մեր ազգի հարատևությունը, ուժը եղել է ու կլինի առողջ ընտանիքը: Ու կրկին հանգում ենք հասարակական իրավագիտակցության բարձրացման անհրաժեշտությանը: Ի՞նչ անել, որտեղի՞ց սկսել այն: Դեռ դպրոցից: Մենք ունենք պատանի իրավապահների ակումբ, որտեղ ընդգրկվել են տարբեր դպրոցների աշակերտներ: Երբ նրանց թիմերի միջև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ իրավական խորհրդակցություն և բանավեճ, ՄԱԿ-ի գրասենյակի ժյուրին չէր կարողանում հավատալ, որ դրանք դպրոցականներ են, այնքան բարձր էր նրանց պատրաստվածությունը, ու բոլորը պարգևատրվեցին: Իհարկե բոլորը իրավաբան չեն դառնա, բայց հասարակությունը կունենա իրավականորեն պաշտպանված, գիտակից անդամներ: Կարևորում եմ նաև դատաիրավական ոլորտում անաչառ ու արդար աշխատող դատավորներին, դատախազներին ու մյուս պատասխանատուներին առանձնացնելու, ոգևորելու, պարգևատրելու անհրաժեշտությունը. Նրանք պետք է օրինակ դառնան, նրանց պետք է ճանաչեն, որ հասարակությունն էլ վերականգնի իր հավատը ոլորտի հանդեպ: Ճիշտ է` դեռ շատ են քավոր-սանիկության սկզբունքով գործողները, բայց ուրախալի է, որ նրանց կողքին բարձրանում են դատավորներ, ովքեր կայացնում են իրատեսական, օրինական, ճիշտ վճիռներ: Մեր կազմակերպությունը ամեն տարի գտնում ու պարգևատրում է նման աշխատողներին թե դատաիրավական ոլորտում, թե լրատվամիջոցներում: Ու եթե շարժ ենք ուզում տեսնել այս վատատեսության, չարության, անվստահության, նախանձի ճահճից դուրս գալու, պետք է ճիշտ ընտրել լոկոմոտիվը, համակարգված մոտեցումների արդյունքում պետական մարմիններին օգնել խնդիրների շտկման հարցերում:


«Երևակ» ամսագիր





ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ