Հինգշաբթի, Մայիս 25, 2017

 07:03

ԼՐԱՀՈՍ

Արդյունավետ գործարքներ ՝ իրավունքի իմացությամբ

Իրավաբանի աշխատանքի դերի, նշանակության և կարևորության մասին երբեմն մենք հիշում ենք այն ժամանակ, երբ արդեն ուշ է ինչ-որ բան փոխելու համար: Անհրաժեշտ է գիտակցել իրավաբանի աշխատանքի իրական ժամանակը, որը խնդրի առաջացման պահը չէ, այլ այն փուլը, երբ դեռ կարելի է կանխարգելել հնարավոր բոլոր ռիսկերը:

Իրավաբանական աշխատանքի առանձնահատկությունների մասին խոսեցինք «ՄՄ Լիգալ Աուտսորս» իրավաբանական ընկերության տնօրեն Արթուր Մելիքյանի հետ:

-Պարոն Մելիքյան մեզ մոտ ինչքանո՞վ են գիտակցում իրավաբանի դերն ու նշանակությունը, և արդյոք կարևո՞ր է իրավաբանի ներկայությունը բոլոր գործարքներում:

-Իրավաբանի հետ աշխատանքի դեպքում գլխավոր պայմանը վստահությունն է: Մեզ հետ համագործակցող անձինք իրենց ամենակարևոր գործարքները վստահում են մեզ` դրանով իսկ կարևորելով մեր աշխատանքը: Սակայն, ցավոք, շատերը, չգիտակցելով իրավաբանական խորհրդատվության ողջ կարևորությունը կամ գուցե գումար խնայելու համար, վերցնում են տիպային պայմանագրի մի ձև, կատարում գործարք, հանգում ինչ-ինչ խնդիրների և նոր միայն որոշում դիմել իրավաբանին: Այդ պատճառով մեր ընկերությունը ձգտում է ապահովել տվյալ իրավիճակին համապատասխան մոտեցում` պահպանելով օրինականությունն ու մասնագիտական բարձր որակը: Հաճախորդն իրավաբանի աշխատանքը կարող է չնկատել, բայց մեկ բառի փոփոխությունն անգամ կարող է զերծ պահել մեծ ռիսկերից և ազատել խնդիրներից: Բերեմ օրինակ. վերջերս ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հայտարարել է տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումների ուղղությամբ խիստ վերահսկողություն իրականացնելու մասին, այդ թվում՝ արդեն իսկ գործողության մեջ դրված համակենտրոնացումների ուղղությամբ:  Խախտումների դեպքում տուգանքները շատ խիստ են, ուստի տնտեսվարողների համար շատ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ: Այս ոլորտը բավական քիչ է ուսումնասիրված, ես կասեի՝ նույնիսկ ինչ որ չափով անտեսված է, քչերն են սրան ուշադրություն դարձնում, քանի դեռ իրենց նկատմաբ պատասխանատվություն չի կիրառվել: Այ, հենց նման իրավիճակներից խուսափելու համար ենք առաջարկում օգտվել մեր ծառայություններից:

-Իսկ ավելի հաճախ ի՞նչ խնդիրներով են ձեզ դիմում:

-Իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ աշխատանքները տարբեր ուղղվածություններ ունեն: Իրավաբանական անձանց հիմնականում անհրաժեշտ է աջակցել ընթացիկ խորհրդատվությամբ, մասնակցել փաստաթղթերի մշակման, կազմման փուլերին` ի սկզբանե գործն իրավաբանորեն ճիշտ ուղղությամբ տանելու համար: Մեծ մասամբ մեր գործունեության ուղղություններն են` բարդ գործարքների կառուցումը և իրավաբանական ուղեկցումը, ընթացիկ իրավական աջակցությունն ու խորհրդատվությունը, տարբեր գործարքների պլանավորման և ակտիվների պաշտպանության ծառայությունները, ներկայացուցչությունը, այդ թվում` դատական գործերում, վերակազմակերպումների իրավաբանական ուղեկցում և այլն: Կարևոր ուղղություն ենք համարում ֆինանսական ոլորտում գործարքների սպասարկումն ու հարկային հարցերով խորհրդատվությունը: Պետք է նշել, որ ընթացիկ իրավական աջակցության համար ճիշտ ենք համարում նախապես տվյալ սուբյեկտի մոտ իրավաբանական գնահատման (Due Diligence-ի) իրականացումը, ամբողջական պատկերացում կազմելու և հնարավոր ռիսկերը բացահայտելու համար: Ֆիզիկական անձանց դեպքում պահանջներն ու ծառայություններն այլ են` ամուսնական պայմանագրեր, խորհրդատվություն գույքի բաժանման հետ կապված վեճերի դեպքում, փաստաթղթերում անհամապատասխանությունների ուղղումներ, գույքի ձեռքբերում և այլն: 

-Երբեմն կազմակերպության կամ անհատի համար հարց է ծագում` խնդրի լուծման համար դիմել կազմակերպությա՞ն, թե՞ ունենալ իրավաբան աշխատակից: Ինչպե՞ս կողմնորոշվել:

-Աշխատակից իրավաբանը մշտապես ներգրավված է բոլոր գործերում, մանրամասն գիտե կազմակերպության յուրաքանչյուր քայլի մասին, բայց միևնույն ժամանակ նա բազմակողմանի աշխատել չի կարող, և ի վերջո նա մասնագիտանում է կոնկրետ որևէ ուղղությամբ, իսկ, որ ամենակարևորն է, նա հարցերին նայում է ներսից, այսպես ասած, կազմակերպության աչքերով և հաճախ հնարավոր է չնկատի պրոբլեմը: Սա յուրաքանչյուր կազմակերպության ներքին որոշման խնդիր է, բայց կարծում եմ` առավել նպատակահարմար է դիմել մասնագիտացված կազմակերպության: Դա ունի իր առավելությունները: Նախ՝ այստեղ կան տարբեր հարցերում մասնագիտացած, միմյանց փոխլրացնող մասնագետներ, երկրորդ՝ նրանք բոլոր հարցերին և խնդիրներին նայում են տարբեր տեսանկյուններից և գտնում արդյունավետ տարբերակ, բացի այդ պակաս կարևոր չէ, որ մինչև վերջնական հասցեատիրոջը հասնելը տվյալ լուծումն անցնում է համատեղ քննարկում, իսկ կազմված փաստաթուղթը` կրկնակի ստուգում: 

-Եվ վերջում, ո՞րն է իրավաբաններին չվստահելու գլխավոր պատճառը:

-Մասնավոր դեպքերն ամբողջ իրավաբանական համայնքի վրա տարածել պետք չէ: Պետք է հասկանալ, որ իրավաբանը ոչ թե «հարց լուծող» է, այլ մասնագետ, ում գործառույթն իրավունքների պաշտպանությունն է:   

Երևակ ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ