Ուրբաթ, Նոյեմբեր 24, 2017

 19:13

ԼՐԱՀՈՍ

Սերնդափոխությունը կզարգացնի իրավական ոլորտը

Դատական համակարգը համալրել նոր կադրերով, ստեղծել մրցակցություն մասնավոր և պետական սեկտորների միջև, զարգացնել փաստաբանական ծառայությունները… Կառուցողական քայլերի այս շարքը «Ի ԷԼ ԷԼ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն, փաստաբան Տարոն Սիմոնյանը համարում է դատաիրավական համակարգի զարգացման արդյունավետ տարբերակ: Սակայն խնդիրները առավել լայն ու համակողմանի դիտարկման կարիք ունեն:

Հայաստանի դատաիրավական ոլորտում կարելի է տեսնել բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնք մտահոգվելու առիթ են տալիս: Սակայն պետք է նկատել, որ 20 տարին պետականության կայացման համար չափազանց կարճ ժամանակահատված է, և չի կարող նաև դատական համակարգը լիարժեք կայանալ: Դրա համար պետք է լինեն անհրաժեշտ նախադրյալներ` ժողովրդի երկարամյա դատաիրավական մշակույթ և երկարատև պետականություն: Այս ամենը կարելի է համարել ոլորտի կայացման օբյեկտիվ նախապայմաններ, սակայն պակաս կարևոր չեն նաև սուբյեկտիվ բնորոշիչները: Իհարկե, դատական համակարգի կայացման համար ժամանակ է պետք, սակայն չի կարելի ասել, որ մեզ մեկ հարյուրամյակ է պետք, որպեսզի Հայաստանում խնդիրները լուծվեն: Իրականում պետությունները կամ հասարակությունները բարեփոխումներ իրականացնելիս փորձում են զարգացնել իրենց սեփական փորձը, ներքին բախումների արդյունքում լավագույն լուծումներն են գտնում կամ վերցնում են որևէ երկրում արդեն հաջողված փորձը: Այսինքն` միևնույն խնդրի այլ հնարավոր լուծումներ են գտնում և կիրառական դարձնում սեփական երկրի համար: Մենք կարող ենք ուսումնասիրել աշխարհի լավագույն փորձն ու չգնալ այն ճանապարհով, որն ավելի շատ ձախողումներ է ենթադրում: Խոսքը վերաբերում է այլ պետությունում առկա օրենսդրական համակարգի մոտարկմանը, բայց այստեղ էլ պետք է զգույշ լինել, քանի որ  անհրաժեշտ է հիմնավոր ուսումնասիրություն կատարել և հետո միայն մոտարկել օրենսդրական ակտերը: Իրականում դրանք ոչ այլ ինչ են, քան գործիքներ` առկա հարաբերությունները ճիշտ կարգավորելու համար: Բայց այդ հարաբերությունները հենց այնպես չեն ձևավորվում. դրանցում կան բարոյական, հասարակական, կրոնական, աշխարհայացքային, սոցիալական նորմերով կարգավորվող հարաբերություններ, որոնք բոլորը պետք է հաշվի առնել: Այս հարցում մենք երբեմն ունեցել ենք լուրջ բացթողումներ: Բայց, ինչ խոսք, ավելի լավ է խնդիրները լուծել թերի օրենքներով, քան դրանք առհասարակ թողնել առկախ: 

Խնդիրներ կան` պայմանավորված նաև սուբյեկտիվ գործոններով: Դա մի կողմից հեշտ է փոխել, եթե առկա են կամք և ցանկություն, բայց մյուս կողմից անձի հոգեբանության վրա ազդելը լուրջ խնդիր է: Այս իմաստով` ավելի լավ է ունենալ վատ կարգավորված օրենսդրական համակարգ, բայց լավ դատավորներ, քան լավ կարգավորված համակարգ և վատ դատավորներ: Եթե դատավորը լավը չէ, օգտվում է օրենքում առկա բացթողումներից, եթե լավն է, փորձում է շտկել կամ ինչ-որ ձևով շրջանցել այդ  բացթողումները: Օբյեկտիվ խնդիրներն օգտագործվում են սուբյեկտների կողմից իրենց որոշումները կայացնելիս. ցանկացած բարեփոխում իրականացնելիս այս փաստն անտեսել չի կարելի: Դատավորների պատրաստվածության որակի բարձրացումն ու նրանց նյութական խնդիրների լուծումը, կարծում եմ, կարող է դրական անդրադառնալ նաև սուբյեկտիվ գործոններով պայմանավորված խնդիրների վրա: 

Միգուցե առաջին հայացքից կարելի է կարծել, թե դատավորների վարձատրությամբ կարող են լուծվել նաև մյուս հարցերը: Բայց դա այնքան էլ այդպես չէ: Դատարաններում կան գործեր, որոնք հարյուր հազարավոր դոլարներ են ենթադրում, և ոչ մի տեսակ վարձատրություն չի կարող ստիպել դատավորին հետ կանգնել նման գայթակղությունից: Կարծում եմ` լուծումն այլ տեղում է անհրաժեշտ փնտրել. դա պատժի անխուսափելիությունն է: Երբ դատավորը ոչ ճիշտ որոշում է կայացնում` շահագրգռված լինելով գործի ելքով, նա անպայման պետք է պատասխանատվության ենթարկվի: Կարևոր չէ՝ պատասխանատվության չափը խիստ է կամ մեղմ: Իհարկե դատավորների անկախության սկզբունքն է կասկածի տակ դրվում, բայց սա խնդիր է, որը լուրջ ուսումնասիրության կարիք ունի և մասնակիորեն լուծվում է արդարադատության խորհրդի միջամտությամբ: Սա դատարան է դատավորների համար, և եթե ուշադիր լինենք, ապա կարելի է նկատել, որ վերջին 5-10 տարիների ընթացքում բավականին լուրջ բարեփոխումներ են իրականացվել: Փոփոխություններն ընդհանուր առմամբ դատաիրավական են: Օրինակ` ընդունվեց վարչական դատավարության օրենսգրքի փոփոխված տարբերակը, որը փորձ է շտկելու նախկինի բացթողումները: Այժմ արդեն պատրաստ է նաև քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը, որը, որպես համահեղինակ կարող եմ ասել, բավականին հաջողված է:

Պետք է ընդգծել, որ դատավարության որակը բարձրանում է նաև փաստաբանության զարգացմանը զուգընթաց և դատարաններում երիտասարդ կադրերի համալրմամբ: Վերջիններս շատ լավ են պատրաստված, մեծ գիտելիքների տեր են և չեն ցանկանում ստվերային դաշտ մտնել: Նրանք կարող են հանդես գալ կարծիքներով, որոնք անպայման հաշվի են առնվում որոշումներ կայացնելիս: Մեր կազմակերպությունը, ինչպես և բազմաթիվ այլ կազմակերպություններ համագործակցում են պետական կառավարման մարմինների հետ, և դա, բնական է, դրական ազդեցություն է ունենում:

Ցանկացած տիպի հարաբերությունները պետական մակարդակով կառավարելու համակարգից մենք անցում ենք կատարում մասնավոր սեկտորի միջնորդությամբ խնդիրները լուծելու համակարգին: Մասնավոր իրավաբանական գրասենյակների կամ անհատների միջոցով ոլորտը կարգավորվում է, քանի որ նրանք բերում են նոր մշակույթ` ստիպելով պետական մարմիններին ևս ձևափոխվել: Իսկ պետական մարմինները ինչ-որ տեղ պետք է մրցակցեն մասնավոր  ոլորտի հետ, օրինակ` քրեական արդարադատության բնագավառում դատախազը տեսականորեն մրցակցում է  փաստաբանի հետ: Եթե նա իր կադրերի որակները չբարձրացնի, ապա փաստաբանը մշտապես հաղթողի դերում կհայտնվի: Այսինքն` երբ մասնավորն ինքն իրեն զարգացնում է, պետական ոլորտը ևս սկսում է քայլել ինքնազարգացման ճանապարհով:

Պետք է արագ թափով կատարել սերնդափոխություն: Նախորդ սերնդի մի զգալի մասը չի տիրապետում կամ չի ցանկանում տիրապետել զարգացող օրենդրական համակարգերին: Բայց միայն դատական համակարգը զարգացնելով չէ, որ մենք կհասնենք արդարադատության: Արդարադատության հասնում ենք հասարակության յուրաքանչյուր անդամի մեջ իրավական գիտակցություն, իրավական մշակույթ ձևավորելու շնորհիվ: Երբ բիզնեսմենը, գործարարը կամ ցանկացած սովորական քաղաքացին իր խնդիրը լուծում է ոչ թե «ծանոթ-բարեկամ» սկզբունքով, այլ իրավաբանի միջոցով, դա շատ ավելի մեծ ազդակ է իրավական համարգի հաստատման համար:

Երևակ ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ