Կիրակի, Սեպտեմբեր 24, 2017

 19:47

ԼՐԱՀՈՍ

Կոռուպցիոն ռիսկերը մեծանում են

Հայաստանում կան բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք խոչընդոտում են իրավունքի գերակայության ապահովմանը: Դրանց հիմքն, իհարկե, օրենսդրական թերություններն են: Բայց պարբերաբար իրականացվող օրենսդրական և իրավական փոփոխությունները չեն հանգեցնում էական արդյունքի, որովհետև բացակայում է դրանք իրագործելու կամքը: Այս ու դատաիրավական ոլորտի բազմաթիվ այլ խնդիրների մասին է «Արմենո գրուպ» իրավաբանական գրասենյակի տնօրեն, ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Արմեն Վարդանյանի խոսքը: 

Դատաիրավական համակարգում խնդիրներն ավելի շատ առաջանում են քրեական ոլորտում: Պատճառը նաև օրենսդրական բացթողումներն են. չեն մշակվում այնպիսի իրավական կարգավորումներ, որոնք կապահովեին հանրային ու մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը: Առ այսօր բազմաթիվ փոփոխություններ են կատարվել Քրեական դատավարության օրենսդրությունում, որոշակի դրական տեղաշարժեր ոլորտում զգացվում են: Բայց ասել, թե մեր իրավական ոլորտում առկա հիմնախնդիրների միակ պատճառը թերի օրենսդրությունն է, սխալ կլինի: Ասել եմ ու էլի կասեմ. իրականում կարող է օրենքը վատը լինել, բայց եթե այն գործի, այդ վատ օրենքով էլ հնարավոր կլինի արդարության հասնել: Խնդիրները, որոնց հաճախ բախվում են փաստաբանները, և որոնց արդյունքում անմեղ մարդիկ հայտնվում են ազատազրկման վայրերում, կամ անձի կատարած արարքին տրվում է ոչ ճիշտ իրավաբանական որակում, կամ մեկին նույն հանցագործությունը կատարելու համար դատապարտում են նվազ խիստ պատժի, իսկ մյուսին` ակնհայտ խիստ, ունեն մեկ հիմնապատճառ. մեր դատական համակարգը անկախ չէ: Այն ենթարկվում է գործադիր իշխանությանը, ու դա չի կարող չանդրադառնալ նրա գործունեության վրա. այն վերածվում է դատախազության կցորդի, իշխանությունների կամակատարի: Այդ է վկայում նաև արդարացման դատավճիռների սակավությունը:  Քննիչների ներկայացրած՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու  միջնորդությունների մեծամասնությունը բավարարվում է դատարանների կողմից: Դրան գումարած նաև այն, որ դատարանները դատական ակտի պատշաճ հիմնավորումներ չեն տալիս,  օրենքով սահմանված կարգով չեն  պատճառաբանում իրենց որոշումները, պարզապես թռուցիկ, շաբլոն շարադրանք են ներկայացնում: Դատաիրավական հիմնախնդիրներից մեկն էլ տարբեր տիպի հանցագործությունների դեպքում կալանքը որպես խափանման միջոց ընդունելն է: Այնինչ Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածը սահմանում է, որ կալանքը խափանման միջոց կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը ազատության մեջ մնալու պարագայում կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը կամ կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք: Այսինքն՝ կալանքը որպես խափանման միջոց պետք է կիրառել բացառիկ դեպքերում, այնինչ մեր պրակտիկայում հաճախ են այն դեպքերը, երբ մարդը մի քանի ամիս կալանքի տակ գտնվելուց հետո արդարացման դատավճռով է դուրս գալիս. կրկին գործ ենք ունենում անձի իրավունքների ոտնահարման հետ: Միշտ չէ, որ կալանքի միջնորդությունները պիտի բավարարվեն դատարանի կողմից: Արդյունքում դատական համակարգը չի կատարում իր գլխավոր առաքելությունը. այն է`ապահովել օրենքի գերակայությունն ու օրենքի առջև բոլորի հավասարությունը, հենց դրանով է նաև պայմանավորված, որ հասարակությունը չի վստահում համակարգին:

Էական բացթողումներ կան նաև նախաքննական մարմնում: Դրանք ընդունում են նաև իրենք` ոլորտի պատասխանատուները: Բացթողումներ կան կադրերի ընտրության հարցում, երբ սկսնակ, անփորձ քննիչներին վստահվում են այնպիսի գործեր, որոնք նա չի կարող լիարժեք քննել, հաճախ նրանք չեն կարողանում հիմնավոր միջնորդություններ ներկայացնել, ինչը սակայն չի խանգարում, որ դրանք բավարարվեն դատարանում: Շատ հաճախ հանցագործությունները ճիշտ չեն որակվում, և դրա պատճառներից են նաև քննչական, դատախազական, դատական մարմինների աշխատողների անհոգությունն ու անփութությունը, իսկ երբեմն էլ նրանց շահադիտական դրդումները, կարիերիզմի ձգտումը և այլն:  

Կան նաև հին համակարգից մնացած կարծրատիպեր. Օրինակ՝ քննիչներն ընկալվում են որպես մեղադրանքը պաշտպանելու համար անհրաժեշտ ապացույցներ հավաքողներ, արդարացնող ապացույցներ հազվադեպ են ձեռք բերվում: Հենց այսպիսի երևույթների արդյունքում են արդարացվում մեղավորներն, ու անմեղները հայտնվում ազատազրկման վայրերում: Այնինչ պետք է առաջնորդվել հին հռոմեական հայտնի սկզբունքով՝ լավ է 100 մեղավոր ազատության մեջ մնա, քան մեկ անմեղ հայտնվի ճաղերի այն կողմում: Դա է պարտադրում նաև մեր  օրենքը, որի համաձայն՝ քննիչները պարտավոր են լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննել գործը, պարզել նաև արդարացնող հանգամանքները: 

Հուսանք, որ ՀՀ քննչական կոմիտեի ստեղծումից հետո այդ հարցերը կկարգավորվեն:  

Վերջին տարիներին իշխանությունները կարծես թե ավելի ակտիվ են պայքարում այդ երևույթների դեմ, բայց մի կողմից պայքարում են, մյուս կողմից էլ օրենքներ ընդունում, որոնք խթանում են նույն կոռուպցիոն ռիսկերի մեծացմանը, ավելացնում են կոռուպցիոն ռիսկերը: Մեր հիմնական խնդիրներից մեկն էլ այն է, որ շատ հաճախ օրենքներն այստեղից-այնտեղից արտագրվում են, հապճեպ են ընդունվում՝ առանց հանրային քննարկումների, առանց պրոֆեսիոնալ մասնագետների ներգրավման, և շատ են դեպքերը, երբ   դեռ ուժի մեջ չմտած, նորից  նույն օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն են տեսնում: 

Խնդիրների նման չափաբաժնի առկայությունը դժվարացնում է փաստաբանի գործը՝ որպես հասարակության ու պետության միջև հավասարակշռող օղակ:  Ճիշտ է, ունենք փաստաբանական կայացած ինստիտուտ, որն ամեն կերպ պայքարում է ոլորտում առկա խնդիրները վերացնելու համար, բարձրաձայնում դրանց մասին, մատնանշում խոցելի կողմերը: Այդ աշխատանքի շնորհիվ է նաև, որ ավելի շատ քաղաքացիներ են դիմում փաստաբանների օգնությանը իրենց իրավունքների խախտման դեպքում: Դա նշանակում է, որ բարձրացել է նաև հասարակության իրավագիտակցությունը: Համենայն դեպս կան նախադրյալներ, որ մոտ ապագայում կունենանք ավելի իրավական հասարակություն: Համենայն դեպս անցյալի համեմատ որոշ ձեռքբերումներ կան: Ու ասել, թե թերություններ չկան անգամ զարգացած երկրներում, սուտ կլինի: Փաստաբանների պալատի կազմակերպած միջազգային փորձի փոխանակումների ու սեմինարների ընթացքում պարզում ենք նաև զարգացած երկրների դատաիրավական համակարգի թերությունները: Օրինակ՝ զարմացել էինք, երբ մեր ֆրանսիացի գործընկերները բողոքում էին, թե դատական նիստերը հաճախ սկսվում են նշանակված ժամից մի քանի ժամ անց: Ճիշտ է` սա այն համակարգն է, որտեղ միշտ կա շահող և պարտվող` մեղավոր, ու հնարավոր չէ խուսափել դժգոհություններից, բայց վերոնշյալ խնդիրների արդյունքում դժգոհությունները կրկնապատկվում են: Եվ այդ խնդիրները արագ կկարգավորվեն, եթե միայն  պետական կամք լինի:  


«Երևակ» ամսագիր





ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ