Շաբաթ, Սեպտեմբեր 23, 2017

 11:16

ԼՐԱՀՈՍ

Նախադպրոցական կրթություն. տարբերվող մոտեցում նոր սերնդին

Նախադպրոցական կրթություն. ի՞՞նչ է պահանջում այսօր այս հասկացությունը: Ճի՞շտ ենք արդյոք կազմակերպում այն մեր երեխաների համար, որտե՞ղ ենք սխալվում, և արդյունքում ի՞նչ սերունդ կարող ենք ակնկալել վաղը: Այս խնդիրների քննարկումը Օկի Դոկի մանկապարտեզի տնօրեն Արփինե Մխիթարյանի հետ:

Ամեն սերունդ ունի իր առանձնահատկությունները, ինչպե՞ս կբնութագրեք այսօրվա երեխաներին: Ի՞նչ մոտեցում է պետք նրանց:

-Ժամանակակից տեխնոլոգիական դարաշրջանը իր ազդեցությունը թողնում է երեխաների ձևավորման վրա: Երեխաները հիմա գրեթե չեն սիրում խաղալ, ավելի նստակյաց են, ավելի սիրում են համակարգչով խաղալ, և նրանց շարժումները հաճախ նմանակում են այն, ինչ անում է համակարգչային խաղի իրենց հերոսը: Մեր խնդիրն է մանկապարտեզում նրանց ավելի շատ ներգրավել խաղի մեջ, ֆիզիկական շարժունակությունը առաջին պլան մղել: Բայց դրա հետ մեկտեղ նրանք չափազանց հետաքրքիր են: Նրանք շատ ավելի անկաշկանդ են, ավելի անմիջական: Հետաքրքիր ու ինքնավստահ սերունդ է այսօր մեծանում: Ու մեր առաջ շատ կարևոր խնդիր ենք դրել՝  չփորձել սահմանափակել նրան, առավել ևս չկոտրել նրա ինքնատիպությունը: Սա շատ հետաքրքիր տեսակ է, որի համար ես շատ ուրախ եմ:  

Կարգուկանոնը շատ հրաշալի բան է, եթե անհարկի սահմանափակումներով և արգելելով չես ձևափոխում երեխայի ես-ը: Դաստիարակությունը խիստ ռեժիմի հետ ոչ մի կապ չունի: Պետք է կարողանալ պարզապես ճիշտ օրինակ ծառայել երեխայի համար: Նա կտեսնի ու կվերցնի դա անպայման, նույնիսկ եթե ոչ այդ պահին, ապա վստահ եղեք՝ դա կանի ապագայում: Պետք է երեխաներին շատ սիրել: Ամենակարևորը սա է: Երեխան պետք է այդ սերը զգա: Մթնոլորտը պետք է սիրով ու ջերմությամբ լցված լինի: Սա լավագույն միջոցն է նրանց առողջ զարգացման համար:

-Նախադպրոցական կրթությունը այսօր երեխաներին տալիս է այն, ինչ նրանք պետք է ձեռք բերեն դպրոցում: Ճի՞շտ է այդպես: Երեխանե՞րն են ավելի ընկալունակ դարձել, թե՞ նրանց ավելորդ ծանրաբեռնում ենք, որը անհետևանք չի լինի:

-Նախադպրոցական հաստատությունն իր դերն ունի, դպրոցն՝ իր: Եվ դպրոց գնալուց առաջ նախնական գիտելիքները նույնքան կարևոր ու պարտադիր են, ինչ դպրոցական: Ամբողջ խնդիրն այդ ամենին մասնագիտական ճիշտ մոտեցում ցուցաբերելն է, երեխայի հետ գրագետ աշխատելը:

Նախնական կրթությունը ոչ թե պիտի փոխարինել դպրոցականով, այլ իրականում երեխային դպրոց պատրաստելու համար պետք է լինի:  Այստեղ խոսքը հենց նախնական գիտելիքներ տալու մասին է, որոնք հիմք են դառնալու շատ ավելի հեշտ յուրացնել դպրոցում դասերը: Բացի այդ երեխայի մեջ մի շարք կարևոր գծեր են դաստիարակվում ու ամրանում: Երեխան սկսում է հասկանալ, որ խաղից բացի ինքն ունի նաև պարապմունքի ժամ, և սովորում է, ասենք, 20-25 րոպե հանգիստ նստել: Դպրոցում արդեն տարբերությունը շատ մեծ է այն երեխաների, ովքեր գնացել են մանկապարտեզ, նախակրթարան, անցել են նախադպրոցական կրթությունը, և ովքեր չեն անցել այդ փուլը: Այս երեխաների դեպքում առաջին ակնհայտ խնդիրն այն է, որ նրանք լուրջ չեն վերաբերվում իրենց դասերին: Իրենց համար դա ընդամենը խաղ է ընկալվում: Անցումային այդ շրջանը շատ հեղհեղուկ է: Շուտ են հոգնում դասից, չեն ուզում նստել: Իսկ մանկապարտեզը և նախադպրոցական կրթությունը օգնում են նախապես այդ փուլը հաղթահարել: Եվ երեխան չի ծանրաբեռնվի, եթե մասնագիտորեն ճիշտ աշխատեն նրա հետ, թե որ տարիքում ինչ չափով ինֆորմացիա կարելի է տալ նրան, ինչպես մատուցել այդ ինֆորմացիան, ինչպես ներգրավել պարապմունքներում, որպեսզի նա հեշտ ընկալի, չձանձրանա և չծանրաբեռնվի:   Օրինակ՝ եթե երեխան այդ պահին չի ուզում լսել, մասնակցել պարապմունքին, պետք է թողնել նրան հանգիստ. եթե ուզում է խաղալ, թող խաղա, ուզում է նկարել՝ թող նկարի, ստիպելով, միևնույնն է, սովորելու չես նստեցնի, նրա ողջ ուշադրությունը լինելու է իր խաղի կամ նկարչության վրա: Պետք է պարզապես մանկավարժը կարողանա այնքան հետաքրքիր կազմակերպել իր պարապմունքները, այնպիսի մթնոլորտ ստեղծել սենյակում, որ այդ նույն երեխան ինքնակամ, խաղը թողած մասնակցի այդ ամենին: Եթե իսկապես մասնագետ է  աշխատում երեխայի հետ, ապա նախադպրոցական կրթությունը ոչ միայն կարևոր, այլև պարտադիր է երեխայի համար: Այդ պատճառով էլ չեմ ընդունում այն տեսակետը, թե երեխան նախապես գիտելիքներ ստանալով՝ դպրոցում արդեն անելիք չունի և ձանձրանում է: Նախնական գիտելիքները միայն օգնում են և երբեք չեն կարող խանգարել:

-Ինչպե՞ս կարող է ծնողը ճիշտ կողմնորոշվել. ինչպիսի՞ն պետք է լինի մանկապարտեզը, ի՞նչ խաղային ու կրթական ծրագրեր պիտի ունենա, որպեսզի երեխային հանձնի այդ մանկապարտեզ:

-Շքեղ պայմանները ոչինչ չեն նշանակում: Ամենակարևորը մարդկային գործոնն է: Հենց միայն մանկապարտեզ մտնելով՝ պետք է զգալ, հասկանալ, թե ովքեր են այնտեղ աշխատում, ինչ մթնոլորտէ տիրում, որքանով է առողջ այդ մթնոլորտը: Եթե պայծառ մարդիկ են, ապա դա էլ կփոխանցեն Ձեր երեխային: Պետք է լինի ժպիտ, հոգատարություն, խնամք, հագեցած ու գրագետ կազմակերպված առօրյա՝ խաղերով ու պարապմունքներով: Շատ կցանկանայի, որ մեր բոլոր մանկապարտեզները աշխատեին հենց այդ չափորոշիչներով. մեր երեխաներն են, ի վերջո, հաճախում այնտեղ:  Բարեփոխումներ, փառք աստծո, կան: Բայց, կրկնում եմ, պայմաններն ավելի հարմարավետ դարձնելով, այն ավելի լավը չես դարձնի: Մարդիկ, մասնագետներ. սա է կարևոր: 

-Ի՞նչ է անում Օկի Դոկի մանկապարտեզը երեխայի առօրյան ու զարգացումը ճիշտ կազմակերպելու համար: 

-Այն, ինչի մասին խոսեցի, վերաբերում է նաև մեր մանկապարտեզին: Օկի Դոկին ավելի մեծ առաքելություն է վերցրել, քան պարզապես երեխայի կրթությունն է նախադպրոցական տարիքում: Այն առաջին մանկապարտեզն էր Երևան քաղաքում, որ աշխատում էր վաղ առավոտից մինչև ուշ երեկո. այն ամենաշուտն էր բացվում և ամենուշը փակվում: Ուստի՝ մենք խնդիր ունեինք փոխարինել ընտանիքին գրեթե ողջ օրվա ընթացքում: Այսինքն՝ պետք է տալ առավելագույն ջերմություն, հոգատարություն, խնամք, անհատական մոտեցում յուրաքանչյուր փոքրիկին, որակյալ սնունդ, և իհարկե հագեցած օր՝ կրթական ու խաղային ծրագրերով: Այս ամբողջը ճիշտ ու գրագետ կազմակերպելու շնորհիվ՝ շատ հանգիստ ենք հաղթահարում ամեն ինչ: Հաշվի են առնվում և նախադպրոցական կրթության նրբությունները, և երեխայի առանձնահատկությունները՝ բնավորության և ընդունակությունների հարցում: Եվ իհարկե անսահման սեր երեխաներին: Դրա համար մեզ շատ ծնողներ են շնորհակալ, բայց ուզում եմ ես նրանց շնորհակալ լինել՝ կյանքում ամենաթանկը՝միրենց բալիկի մեզ վստահելու համար:  

 

«Երևակ» ամսագիր

 

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ