Հինգշաբթի, Հոկտեմբեր 19, 2017

 16:40

ԼՐԱՀՈՍ

ՖԻԶՄԱԹ. Կրթություն գիտական մակարդակում

Գիտության յուրաքանչյուր հաղթանակ սկսվում է երևակայության մեծ խիզախումից, ու այս հաղթարշավում արդեն 50 տարի լուրջ ասելիք ունի ԵՊՀ-ին առնթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը: Կրթօջախի առաքելությունը տարիներ շարունակ եղել է Հայաստանի, Արցախի և սփյուռքի տարբեր գաղթօջախների ֆիզիկամաթեմատիկական առարկաներից արտակարգ ընդունակություններ դրսևորող երեխաների համար բարձրակարգ ուսուցման կազմակերպումը: Շուրջ 13 տարի դպրոցի տնօրեն Հայկազն Նավասարդյանն էլ այս դպրոցի սան է եղել ու ֆիզմաթից սկսելով՝ ֆիզմաթում է շարունակում մասնագիտական ճանապարհը: Նա այս հարցում միակը չէ, քանի որ տասնյակից ավել ֆիզմաթցիներ այսօր հայտնվել են դպրոցի դասասեղանի հակառակ կողմում՝ որպես ուսուցիչ ու դաստիարակ:

 

-Կա՞ այնպիսի խնդիր կրթական ոլորտում, մասնավորապես դպրոցներին առնչվող, որ այս տարիների ընթացքում բարձրաձայնել եք, արձագանք չի եղել, կամ չեք բարձրաձայնել, բայց կուզեիք՝ անպայման իր լուծումը գտներ:

- Բազմիցս ասել եմ, որ կրթական համակարգում փոփոխությունն անհրաժեշտ է: Բայց մենք մի քիչ թերանում ենք հետադարձ հայացք գցելուց, ինչ-որ ծրագիր կատարելուց հետո լրջորեն մոնիտորինգ անցկացնելուց, երբեմն էլ տեսնում ենք բազմաթիվ թերություններ ու չենք ուզում մատնանշել դրանք: Կարծում եմ, որ մեր երկրի կրթական համակարգում հանրակրթական ուսումնական հաստատությունները չպետք է «սանրվեն » նույն սանրով: Մեր դպրոցի ֆիզիկայի, մաթեմատիկայի ուսուցիչները ընդունվում են լրիվ նույն մրցութային չափանիշներով, ինչ ցանկացած մարզի, գյուղի դպրոցի նույն առարկայի ուսուցիչը: Մրցույթը պիտի տարբեր լինի, պիտի բացահայտի որակն ու մակարդակը: Հանրակրթության առումով բոլորն էլ դիպլոմավորված մասնագետներ են, բայց այդ դիպլոմները նույնացնել ու ասել՝ երկուսն էլ ֆիզմաթ դպրոցում պետք է դասավանդեն ֆիզիկա ու մաթեմատիկա, սխալ է: 

Ընդհանուր կրթությունը պետք է ավարտվի 9-րդ դասարանով,  սրանից հետո ավագ դպրոց ասվածն իր մեջ կարող է զուգահեռ ճյուղեր ապահովել՝ ընդգրկելով միջին մասնագիտական հաստատություններ կամ արհեստագործական ոլորտներ: Համաձայն եմ, որ կրթությունը պետք է շարունակական լինի, բայց կրթություն ասելով մենք հիմա հասկանում ենք կրթություն դեպի բուհ, դեպի գիտություն: Դա մասսայական լինել չի կարող, դրա համար ավագ դպրոցը պետք է ծառայի մեկ նպատակի. պետք չէ բոլորին ճնշել ծրագրերով ու առարկաների ցանկով, ինչպես որ հիմա արվում է, այլ պետք է դասավանդվի ընդամենը 6-7 առարկա՝ հումանիտար հոսքի աշակերտներին ազատելով բնագիտական առարկաների ծանրաբեռնվածությունից և հակառակը: Հիմա մարդ մի համալսարանում բակալավրն է ավարտում, մագիստրատուրան այլ ուսումնական հաստատությունում է սովորում, ասպիրանտուրան՝ այլ. սա նույն օղակը չի՞, ինչու՞ եք ավագ դպրոցի մասը անջատում այդ օղակից: Դպրոցն էլ բուհի նախնական փուլն է:

 -Ձեր այս մտահոգությունները բարձրաձայնելն ի՞նչ արձագանք է ունենում:

 - Ամեն ինչ չէ, որ միանգամից հնարավոր է լուծել այնպես, ինչպես որևէ մեկն առաջարկում է: Ես չեմ կարծում, որ միայն իմ ասածն է ճիշտ, կարելի է քննարկումներ անել: Ինձ համար գնահատական է, երբ բազմաթիվ մարդիկ համաձայնում են իմ տեսակետի հետ: 

-Հիմնականում ճշգրիտ գիտություններ ուսանող երիտասարդները միշտ ձգտում են արտերկրում շարունակել իրենց ուսումը, արդյունքում չեն վերադառնում, պատճառաբանում են, թե այստեղ իրենց գիտելիքին համապատասխան չեն գնահատվում. արդյո՞ք կիսում եք նման տեսակետը:

-Եթե մարդ ստանում է բարձրակարգ կրթություն, բնականաբար մտածում է բարձր աշխատավարձ ստանալու մասին: Այսօր, ցավոք, պետականորեն չի ապահովվում բարձր աշխատավարձը, բայց մասնավոր ընկերություններ կան, որ ապահովում են թե՛ բարձր աշխատավարձ, թե՛ ինտելեկտի, գիտելիքի զարգացում: Մեր դպրոցից էլ տարեկան առնվազն 5-10 շրջանավարտ է գնում արտերկիր՝ ուսումը շարունակելու: Իմ կարծիքով, մեզ պետք են բարձրակարգ մասնագետներ, եթե տասը հոգի գնան բարձրակարգ կրթություն ստանան ու նրանցից 2-3-ը վերադառնան ու նվիրեն իրենց գիտությանը Հայաստանում, առաջընթացը կապահովվի: Այլ հարց է, որ միջին մակարդակի երեխաների կրթությունն ենք դրսում ուզում ապահովել, սա քանակական կորուստ է մեզ համար: Բարձրակարգ կրթություն ունեցողը ողջ կյանքում մնալու է գիտության մեջ և նրանցից  ովքեր չեն վերադառնա, պատահական մարդիկ չեն լինի արտասահմանում, կլինեն մեր վաղվա սարոյանները, ազնավուրները և ինչ-ինչ չափով հաստատ ազգին հետադարձ կապով օգտակար կլինեն:

-Դպրոցի 45 ամյակին հանրությանը դպրոցի պատմությունն ամփոփող «Լույսի սերմնացաններ» գիրքն էիք ներկայացրել,  հիմա՞ ինչ կավելացնեիք գրքում:

-Կավելացնեի վերջին 5 տարվա ձեռքբերումները: Առաջինը ԵՊՀ-ի հետ համաձայնագրի արդյունքում 5 մասնագիտացված բովանդակային ծրագրերի ներմուծումն է, որը նախապատրաստական փուլ է մասնագիտացված դպրոց դառնալու համար, 2-րդը՝  միջազգայն օլիմպիադաներում մեր ձեռքբերումները, որոնք, հաստատ կարելի է ասել, վերջին 5 տարում ավելի շատ են եղել մեդալների տեսքով, քան նախորդ 17 տարիների ընթացքում, ամեն տարի մեր աշխատակիցների համահեղինակած առնվազն 4-5 գրքերն ու բրոշյուրները ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա առարկաներից, ռոբոտաշինության խմբակի ստեղծումը, Olimp.am կայքի գործարկումը, որի միջոցով կազմակերպում և վերահսկում ենք հանրապետությունում իրականացվող բոլոր օլիմպիադաները նոր ձևաչափով: Օրինակ՝ ինֆորմատիկայի օլիմպիադան անցկացվել է միջազգային ձևաչափով. աշակերտները համակարգչով ստացել են իրենց խնդիրներն ու օնլայն տարբերակով 2 ժամում լուծել դրանք, օլիմպիադայի ավարտից անմիջապես հետո տեղեկացել արդյունքներին:

-Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի հաջողության հասնելու բանաձևը եթե գրեք ֆիզիկայի կամ մաթեմատիկայի լեզվով, ինչպե՞ս կձևակերպեք:

- Յուրաքանչյուր տարի գոնե մեկ քայլ առաջ ենք գնացել մեր կրթական որակով, այսինքն՝ n+1:

 

«Երևակ» ամսագիր

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ