Չորեքշաբթի, Ապրիլ 26, 2017

 02:21

ԼՐԱՀՈՍ

Գիտական զարգացում պետական մեխանիզմով

 

Խորհրդային տարիներին Հայաստանն իր գիտական արդյունքներով 3-րդն էր` Ռուսաստանից և Ուկրաինայից հետո: ԽՍՀՄ փլուզումից հետո տնտեսական անկումն ու ֆինանսավորման ընդհատումը զգալի չափով դանդաղեցրին հայկական գիտության զարգացման ընթացքը: 

Ի՞նչ վիճակում է այսօր գիտությունը Հայաստանի Հանրապետությունում. «Երևակի» զրուցակիցը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ  Սամվել Հարությունյանն է: 

-Ցանկացած ոլորտի բարենպաստ գործունեության համար նախ անհրաժեշտ է ունենալ համապատասխան իրավական դաշտ: Ի՞նչ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ գիտական ոլորտում:

-Օրենսդրական դաշտը գիտության ոլորտում, իհարկե, կատարյալ չէ: 1988 թ. ահավոր երկրաշարժը, Արցախյան հերոսամարտը, տնտեսական խոր ճգնաժամը այլ առաջնահերթություններ էին դրել պետության առջև: 2000-ից հետո, երբ տնտեսության զարգացման միտումներ նկատվեցին, գիտության մեջ լուրջ բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն առաջացավ, նշմարվեցին անկումից դուրս գալու ուղիներ: 2005թ. գիտության զարգացման հայեցակարգային դրույթները կազմելու համար ստեղծվեցին միջգերատեսչական 3 հանձնաժողովներ, որոնցից մեկը ղեկավարում էի ես: 2007թ. կառավարության կողմից ընդունվեց հիմնականում հենց այդ հանձնաժողովի ստեղծած փաստաթուղթը,  ըստ որի պետք է ստեղծվեր ոլորտը կանոնակարգող լիազոր մարմին: 2007թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով ԿԳ նախարարության կառավարման ոլորտում ստեղծվեց Գիտության պետական կոմիտե: Նորաստեղծ կառույցն անմիջապես հանձն առավ ոլորտը կանոնակարգող իրավական դաշտի բարեփոխումների փաթեթի մշակումը: Հաստատվեց ոլորտի զարգացման ռազմավարությունը, որն էլ ենթադրում էր կոմիտեի կողմից հետագա քայլերի իրականացման հստակ ուղեցույց: Ընդունվեցին շուրջ 30 իրավական ակտեր, այդ թվում` «Գիտական փորձաքննության մասին» օրենքը: Շուտով կընդունվի նաև «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» նոր օրենքը: 

-Գիտության ֆինանսավորման ի՞նչ ձևեր են գործում: 

Մինչև 2005թ. գիտության բոլոր ոլորտների ֆինանսավորումն իրականացվում էր 1993թ.-ից ներդրված թեմատիկ ծրագրերի միջոցով: Գաղափարը տվյալ ժամանակի համար լավն էր. խրախուսվում էին գիտնականների նախաձեռնությունները, նրանց հնարավորություն էր տրվում լինել ինքնուրույն, մեղմում էր արտահոսքը: 2005թ. սկսած ներդրվեց բազային ֆինանսավորման ձևը` ծրագրերի 60%-ը ֆինանսավորվում էր բազային ծրագրերով, 40%`-ը թեմատիկ: Այսինքն` բաժանումը պայմանական էր. միևնույն թիմում աշխատող գիտնականների մի մասը (հիմնականում տարիքով ավելի բարձր) ընդգրկվեց բազային ծրագրերում, քանի որ ակնհայտ էր, որ թեմատիկ ծրագրերը ավելի ռիսկային են, կարճաժամկետ և ֆինանսավորման տեսանկյունից` փոքրածավալ: Հանգեցինք  մի անհեթեթ իրավիճակի` բազային ու թեմատիկ ծրագրերի մեծ մասն իրար կրկնում էին, ինչն անթույլատրելի էր: Կոմիտեի ստեղծումից հետո մասամբ հաջողվեց լուծել այդ խնդիրը՝ մանրամասն ուսումնասիրվեցին ֆինանսավորման երկու համակարգերը՝ վեր հանվեցին բոլոր կրկնվող ծրագրերը: Արդյունքում, եթե 2008-2011 թթ. ֆինանսավորվում էր 705 գիտական թեմա` շուրջ 1 մլրդ 489 մլն դրամ տարեկան ֆինանսական ծավալով, ապա 2011-2013թթ. գիտական թեմաների քանակը դարձավ 130՝ ընդհանուր 1մլրդ 580 մլն դրամ ֆինանսավորմամբ, իսկ 2013-2015թթ. թեմաների քանակը` 159, իսկ ֆինանսավորման ծավալը` 2 մլրդ 210 մլն: Ֆինանսավորման տարբերությունն ավելացվեց բազային ծրագրերում, որի հաշվին ներգրավվեցին նախորդ թեմատիկ ֆինանսավորման թեմաների կատարողների բացարձակ մեծամասնությունը: 

Թեմատիկ ֆինանսավորումներն առավել անաչառ և օբյեկտիվ դարձնելու համար 2009թ. ներդրվեց անկախ փորձագիտական համակարգ: Հայաստանում այս համակարգը համարյա կատարելության աստիճանի ենք հասցրել, ԱՊՀ տարածքում ամենալավերից է: Ի դեպ, մի շարք երկրներ դիմել են` այն իրենց մոտ ներդնելու համար: Այսօրվա դրությամբ փորձագետների շտեմարանում ընդգրկված է շուրջ 1500 գիտնական` ՀՀ-ից և արտասահմանից: Տվյալների բազան պարունակում է տեղեկատվություն յուրաքանչյուր փորձագետի գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի, մասնագիտության, հրապարակումների, դրանց բանալի բառերի, տարբեր ծրագրերում ընդգրկվածության և այլնի մասին: 

Թեմատիկ ծրագրերի նախկին համակարգը՝ իր 700-ից մինչև 1000 գիտական թեմաներով և 0.5-ից մինչև 40 հաստիքներ ունեցող խմբերով, ոչ իրական էր ու անարդյունավետ: Այսօր արդյունքներն ավելի քան խոսուն են. միայն 2011-2013 թթ. գիտական թեմաների ծրագրերի շրջանակներում իրականացվել է 360-ից ավելի գիտական գործուղում, գումարի 20% -ի չափով ձեռք են բերվել սարքեր և սարքավորումներ, հրապարակվել են 1470 գիտական նյութեր:

-Որքանո՞վ է հավանական Հայաստանում գիտության և մասնավոր բիզնեսի միջև լուրջ համագործակցությունը: 

Գիտության ոլորտում ունենալ հաջողություն նշանակում է առաջին հերթին առևտրայնացնել գիտության արդյունքները: Այսօր կոմիտեն որոշակի քայլեր է իրականացնում. մասնավորապես երկու անգամ անցկացրել է կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական ծրագրերի ֆինանսավորման մրցույթներ: Արդյունքներն ավելի քան խոստումնալից են. 1-ին մրցույթում 17 նորարարական ծրագիր ֆինանսավորվեց: 10-ը տվեցին բավարար արդյունքներ, և ՀՀ վարչապետի հանձնարարությամբ փոխանցվեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` հետագայում առևտրայնացվելու։

-Պ-ն Հարությունյան, գիտության երիտասարդացմանն ուղղված ի՞նչ քայլեր  են ձեռնարկվում ԳՊԿ-ի կողմից:

Հետխորհրդային տարիներին գիտությունը քիչ էր հրապուրում երիտասարդությանը: Կոմիտեն իր առջև խնդիր էր դրել մշակել երիտասարդությանը գիտության հետ կապելու որոշակի քաղաքականություն, ընդլայնել երիտասարդների հնարավորությունները տեղական և միջազգային գիտական շուկայում ներկայանալու համար: Պետությունն այս վերջին 4-5 տարում լուրջ աշխատանք է կատարել. հայտարարվում են առանձին ծրագրեր երիտասարդ գիտնականների, ասպիրանտների և հայցորդների ծրագրերի աջակցության նպատակով: Բացի այդ թեմատիկ ծրագրերում պարտադիր պայման է առնվազն մեկ երիտասարդի առկայությունը: Մինչև վերջերս ծրագրերի ղեկավարները տարիներ շարունակ նույն մարդիկ էին, որոնց միջին տարիքն անցնում էր 60-ը: Այսօր գործող գիտական ծրագրերի ղեկավարների 30%-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են:

-Գիտության զարգացումն առանց միջազգային համագործակցության անհնար է պատկերացնել: Ի՞նչ ձեռքբերումներ ունենք այս դաշտում: 

2008-2013թթ. ընթացքում կնքվել են շուրջ 30 պայմանագրեր, համաձայնագրեր և հուշագրեր: Այսօր ՀՀ գիտական հիմնարկները իրականացնում են շուրջ 100 միջազգային ծրագրեր: Մեր գործընկերներն են 8 պետություններ` Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Բելառուս, Իտալիա, Շվեյցարիա և այլն: Շուտով ծրագրեր կլինեն նաև Չինաստանի և Միջինասիական երկրների հետ: Մերձավոր Արևելքի երկրները նույնպես լուրջ հնարավորություններ ունեն, ուզում ենք նրանց հետ ևս համագործակցել, քանի որ կարող ենք մեր գիտական ծառայություններով նպաստել նրանց տնտեսության զարգացմանը: Հայաստանը լուրջ հավակնություններ ունի նաև տեխնոլոգիաներ վաճառելու հարցում: 

Պ-ն Հարությունյան, կարծում ենք, որ միջազգային հարաբերությունների ակտիվացմանն էապես նպաստում են նաև մեգածրագրերը, խոսքը վերաբերում է «Քենդլ» և Ուռուցքաբանության կենտրոնի ծրագրերին:

Հաջողությունները զարգացնելու և ամրապնդելու համար Հայաստանը պետք է ունենար որևէ «բրենդային» ծրագիր, որով մեր երկիրը կճանաչվեր նաև իրական ձեռքբերումներով: 

Անցումային շրջանում գտնվող պետությունների համար զարգացման ամենաարագ տարբերակը մեգածրագրերի տարբերակն է, երբ մի հզոր ծրագիր իր հետևից տանում է ամբողջ տնտեսությունը: Այսպես էլ ծնվեց «Քենդլ» սինքրոտրոնային լույսի օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոնի գաղափարը: Այս ծրագրի շրջանակներում Հայաստանում մինչև 2017 թվականը կկառուցվեն երրորդ սերնդի երկու սինքրոտրոնային լույսի արագացուցիչներ: Արդեն իսկ ավարտվել է առաջինի` Արեալ լազերային գիտահետազոտական գծային արագացուցչի կառուցումը: Այս արագացուցիչները հնարավորություն կտան ուսումնասիրելու ցանկացած տեսակի նյութի կառուցվածք` բջջից մինչև ատոմային մակարդակը: Արագացուցիչների շնորհիվ հնարավոր է ժամանակակից գիտական հետազոտություններ կատարել հիմնարար և կիրառական ուսումնասիրությունների ողջ տիրույթում` ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, բժշկության, շրջակա միջավայրի, նյութագիտության, դեղագործության, նանոէլեկտրոնիկայի և միկրոարտադրության բնագավառներում: Նման արագացուցիչներ ունեն միայն աշխարհի զարգացած երկրները` ԱՄՆ-ը, Ճապոնիան, Կանադան, Անգլիան: Տարածաշրջանում, ինչպես նաև Միջին Արևելքում Հայաստանն առայժմ միակն է, որ նման արագացուցիչներ կունենա:

Մյուս մեգածրագիրը ռադիոիզոտոպներ արտադրող «Ցիկլոն» արագացուցչի կառուցումն է, որը կգործի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Կկատարվեն ուռուցքաբանական հիվանդությունների վաղ հայտնաբերում, նախատեսվում է նաև վիրաբուժական կենտրոնի ստեղծում:

 

 

 «Երևակ» ամսագիր

 

 

 

 

 

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ