Երկուշաբթի, Հուլիս 24, 2017

 10:54

ԼՐԱՀՈՍ

Հատուկ վերաբերմունք նախադպրոցական կրթությանը

Երեխան իր էությամբ պատրաստ է նոր բան իմանալ, բացահայտել ու սովորել: Ու շատ կարևոր է, թե ինչպես, որտեղ և ում  կողմից է մատուցվում նրան այդ նորը: Ի՞նչ և ինչպե՞ս անել, որ դպրոցական կյանքի մեկնարկը փոքրիկի համար լինի հնարավորինս հետաքրքիր ու մանավանդ՝  հոգեբանորեն հեշտ հաղթահարելի և դյուրին. պատասխանում է «Դեպի դպրոց» նախակրթարանի հիմադիր տնօրեն, 33-ամյա մանկավարժական փորձ ունեցող Ջուլիետա Ենգոյանը: 

Միշտ չէ, որ մանկան կյանքում բեկումնային այդ շրջանը՝ անհոգ խաղին ու ազատությանը փոխարինող դպրոցը, հեշտ հաղթահարելի է լինում: Միայն նոր հագուստն ու գրենական պիտույքներով լի պայուսակը նախադպրոցականին հրաշքով և միանգամից դպրոցական չեն դարձնում: Ով, ով, բայց Ջուլիետա Ենգոյանը դա լավ գիտի: Իր մանկավարժական երկարամյա գործունեության ընթացքում նա տարբեր իրավիճակների է առնչվել: Ու այսօր հաստատ գիտի մի բան, որ պետք չէ սեփական մեթոդներով ձգտել երեխայից հրաշամանուկ ստեղծել՝ հագուրդ տալով սեփական նկրտումներին ու չիրականացված երազանքներին: Նմանօրինակ սխալներից,  երեխային հնարավոր սթրեսային իրավիճակներից հեռու պահելու համար մանկությունից-տնից դպրոց անցնելու պատասխանատու գործը պետք է վստահել մանկապարտեզներին, նախակրթարաններին: Վերջինները ԿԳՆ 2008-2015թթ. ռազմավարական ծրագրով նպատակաուղղվում են 5-6 տարեկան մանկապարտեզ չհաճախող երեխաների համակողմանի ու ներդաշնակ պատրաստությանը:

Երեխայի նախակրթարան հաճախելը ցանկալի է մի քանի առումներով: Նախ՝ երեխան ինտենսիվ շփվում է հասակակիցների հետ, սովորում է ուրիշ երեխաների ներկայությանը, միասին ինչ-որ բան անելուն, ընդհանուր կարգին: Հետո՝ երեխան ստանում է անհրաժեշտ գիտելիքներ՝ անհրաժեշտ չափաբաժնով՝ «իր տարիքին համապատասխան»: Այս տարիքում շատ կարևոր է զարգացնել նախադպրոցականի մտածողությունը, հիշողությունը, ուշադրությունը, երևակայությունը, ընկալումը և խոսքը, ու կրկին խաղի մեթոդով, խաղի օգնությամբ: Մեծապես սխալվում են այն ծնողները, ովքեր ծանրաբեռնում են երեխային ավելորդ պահանջներով՝ ցանկանալով, որ նա դպրոց հաճախի արդեն գրաճանաչ: «Տառը պետք է ծնվի դպրոցում՝ գրատախտակի վրա»: Բացի այդ, չպետք է մոռանալ, որ միայն վաղ գրաճանաչությունն է նուհ-ի խնդիրը, բուն գրաճանաչությունը դպրոցի խնդիրն է: Դրանցից յուրաքանչյուրը երեխային մատուցում է անհրաժեշտ գիտելիքի ու հմտությունների պաշար՝ նրա ժամանակին, տարիքին ու տարիքային առանձնահատկություններին համապատասխան: 

«Դեպի դպրոց» նախակրթարանում գործում են ավագ, միջին, կրտսեր խմբեր:  Նախակրթարանն աշխատում է հետևյալ գրաֆիկով՝ 10.00-13.00: Անցկացվում են հետևյալ պարապմունքները՝ խոսքի զարգացում և գեղարվեստական գրականություն, ծանոթացում շրջակա միջավայրին, տարրական մաթեմատիկական պատկերացումներ, ֆիզիկական, երաժշտական, նկարչական դաստիարակություն, խեցեգործություն ու ծեփ, պար, ռուսերեն ու անգլերեն լեզուներ: Ժամը 13:00-ից հետո և առանց տարիքային սահմանափակման գործում են նկարչության, պարի, շախմատի, խեցեգործության ու դաշնամուրի խմբակներ: «Դեպի դպրոց» նախակրթարանում աշխատում են ԳԿ նախարարության կողմից հաստատված ծրագրերով և մշտապես համագործակցում են Կատարելագործման ազգային ինստիտուտի հետ: Նախակրթարանը համալրված է վերապատրաստում անցած և հավաստագրեր ստացած մանկավարժական կադրերով: Այստեղ  շատ է կարևորվում ծնողների հետ ունեցած կապը: Հաճախակի կազմակերպվում են բաց պարապմունքներ, հանդեսներ, տոնական և հիշարժան օրերին նվիրված միջոցառումներ, այցելություններ մշակութային օջախներ: 

Երեխաները շատ նուրբ հոգեբանություն ունեն և միշտ զգում են, թե որքանով է մեծն իրականում հետաքրքրված իրենցով, իրենց խաղով կամ աշխատանքով: Ջուլիետա Ենգոյանը չի դադարում թե՛ դաստիարակներին, թե՛ ծնողներին հորդորել. Չի՛ կարելի ասել՝ դու դեռ փոքր ես, դու չես կարող: Մեծն ինքը իր մեջ պիտի փնտրի փնտրի՝ ինչու՞ փոքրիկը չի կարող, ի՞նչն է անտեսել երեխայի հետ աշխատանքում: Երեխային անհրաժեշտ է ավելի շատ ինքնուրույնություն և ազատ դրսևորվելու հնարավորություն տալ: Դպրոցի նախապատրաստությունը երկար ու ստեղծագործական գործընթաց է: Եթե ցանկանում եք, որ ուսումնական տարվա ընթացքում երեխան մտնի դպրոց առանց ավելորդ սթրեսների ու հիասթափությունների, նախադպրոցական պատրաստությունը վստահեք մասնագետներին: «Մենք սիրում և սիրով ենք անում մեր գործը,- վստահեցնում է Ջ. Ենգոյանը:  

Երևակ ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ