Երեքշաբթի, Ապրիլ 25, 2017

 14:29

ԼՐԱՀՈՍ

Որակյալ ռեզերվ հավաքական թիմերին

Որքան ակտիվ լինի պատանիների ու երիտասարդների սպորտային ներկան, այնքան ապահովված կլինի նրանց առողջ ու արժանապատիվ ապագան: Ուրախալի է, որ վերջին շրջանում ավելի շատ երեխաներ են ներգրավվում մանկապատանեկան մարզադպրոցներում և իրենց ապագան կապում սպորտի հետ: Իսկ թե ինչպես է ապահովվում մանուկների ու պատանիների հաջող «սթարթ ափը» սպորտում,  ներկայացնում է Արաբկիրի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Հայկ Ավագյանը: 

-Ի՞նչ է տալիս սպորտով զբաղվածությունը երեխային, և որքանո՞վ է կարևոր վաղ տարիքից երեխաների ներգրավվածությունը սպորտում: 

-Առաջին հերթին սպորտը հզոր սոցիալական ֆենոմեն է: Բոլոր այն մարդիկ, ովքեր անցել են «սպորտի դպրոցով», հաստատում են, որ սպորտի շնորհիվ ձեռք են բերել ուժեղ կամային որակներ և հավատ սեփական ուժերի և հնարավորությունների հանդեպ: Իսկապես, շարունակական մարզումներով սպորտային վարպետության զարգացմանը զուգընթաց մարդը փոխվում է, կատարելագործվում են ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական տվյալները: Ու որքան երեխան վաղ սկսի այդ պրոցեսը, այնքան մեծ է հավանականությունը, որ լավ մարզիկ կդառնա: Սակայն յուրաքանչյուր մարզաձև ունի իր տարիքային նվազագույն շեմը: Այդ մասին մարզիչներն անպայման տեղյակ են պահում ծնողներին: Արաբկիրի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում գործում են նախապատրաստական խմբեր, որտեղ ներգրավվում են մեծ թվով երեխաներ: Իսկ հետո մարզադպրոցի հիմնական մարզախմբեր ներառվում են լավագույնները: 

-Կներկայացնե՞ք ընդունելության կարգը Ձեր մարզադպրոցում:

-Մեզ մոտ սիրողական խմբակներ չկան, սա պրոֆեսիոնալ սպորտի աշխարհ է: Եվ ընդունելության ժամանակ երեխաները պետք է հանձնեն իրենց տարիքին ու պատրաստվածությանը համապատասխան նորմատիվներ, անցնեն բուժզննություն: Որից հետո միայն մանկավարժական խորհրդի ժողովի որոշմամբ կարող են ընդունվել: Ուսման ընթացքում էլ քննություններ են հանձնում ու եթե չեն հաղթահարում փորձությունը, դուրս են մնում: Այստեղ բոլոր պայմանները ապահովված են բարձր մակարդակի պարապմունքներ անցկացնելու համար: Ունենք անհրաժեշտ բոլոր չափանիշերին համապատասխանող մարզադահլիճ, մարզասրահներ, երեք հանդերձարաններ: Յուրաքանչյուր մարզաձևն ունի իր մարզական «հրապարակը»` հագեցած անհրաժեշտ գույքով: Սրան էլ որ հավելում ենք մեր մարզիչների բարձր վարպետությունը, պահանջկոտությունը ու նվիրվածությունը գործին, թող անհամեստ չհնչի, օրինակելի մարզադպրոցի պատկեր ենք ստանում: Համենայն դեպս ամեն ինչ անում ենք այդպիսին լինելու համար: 

- Իսկ ի՞նչ մարզաձևերում է մասնագիտացած Ձեր դպրոցը: 

-Մարզաձևերը 6-ն են. բռնցքամարտ, սեղանի թենիս, կարատե, ֆուտբոլ,  բասկետբոլ և գեղարվեստական մարմնամարզություն: Խորհրդային տարիներին միայն երեքն են եղել` բասկետբոլ, հենդբոլ և գեղարվեստական մարմնամարզություն: Մեր մարզադպրոցը Խորհրդային Միության տարիներին էլ է մեծ համբավ ունեցել, այդ երեք մարզաձևերի ազգային հավաքականների գլխավոր ռեզերվն է եղել: Համամիութենական մրցումներում հատկապես աչքի են ընկել մեր բասկետբոլի սաները, անգամ ռեզերվ ենք եղել ԽՄ բասկետբոլի, նաև հենդբոլի հավաքականների համար: Այսօր փորձում ենք ոչ միայն վերականգնել նախկին փառքը, այլև գերազանցել:

-Եվ ի՞նչ հաջողություններ ունեք: 

-2014թ. ընթացքում ՀՀ առաջնություններին ոսկե մեդալներ ենք շահել. 6-ից ավելի՝ սեղանի թենիսից, մեկը` բռնցքամարտից: Ի դեպ, մեր բռնցքամարտի չեմպիոնը` Հենրիկ Մոքոյանը, անցյալ տարվա համաշխարհային ուսանողական խաղերի ժամանակ գրավել էր 3-րդ տեղը: Սեղանի թենիսում էլ խոստումնալից մարզիկներ ունենք:  Սեղանի թենիսիստուհի Դիանա Խոջագուլյանը ՀՀ առաջնության քառակի չեմպիոն է, Եվրոպայի առաջնությունում հինգերորդ տեղն է  գրավել և Եվրոպայի 16 ուժեղագույնների մեջ 5-րդն է: Բասկետբոլի մեր թիմն էլ 3 տարի անընդմեջ ՀՀ չեմպիոն է եղել (մարզիչներ Արեգ Վաթյան և Վիկտոր Նովենց - Աղաջանյան): Հուլիսի 11-13-ը Գյումրու ՄԲՎԴ-ում տեղի  ունեցավ գեղարվեստական մարմնամարզության «Բարեկամություն 2014» 7-րդ միջազգային մրցաշարը (մարզիչներ՝ Սուսաննա Խալաթյան և Մելանյա Գրիգորյան): Գրանցեցինք հետևյալ արդյունքները. Անյուտա Սեդրակյան՝ 2-րդ տեղ, Սպորտի վարպետ, Գոհար Ղարիբյան՝ 3 տեղ, սպորտի վարպետի թեկնածու, Լիլիթ Խաչունց՝ 3-րդ տեղ (1 մեծահասակներ), Էլինա Հարությունյան՝ 1-ին տեղ (3 պատանեկան), Արմինե Խաչատրյան՝ 1-ին տեղ ( 3 պատանեկան):

-Եթե կան չեմպիոններ, ուրեմն ունեք նաև չեմպիոն պատրաստող մարզիչներ:  

-Իհարկե, մեր մարզչական կազմը իրոք բարձր որակավորում ունեցող անհատներից է կազմված. Արեգ Վաթյան` բասկետբոլ, Արթուր Պողոսյան` սպորտի վարպետ, սեղանի թենիսի երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Գայանե Ներսիսյան` գեղարվեստական մարմնամարզության միջազգային կարգի մրցավար, բռնցքամարտի մարզիչներ Մելքոն Պապյան, ՀՀ պատանիների հավաքականի 2-րդ մարզիչ Արշակ Ավարտակյան: Չեմ կարող առանձին չշեշտել մեր մարզադպրոցի պատմությունում հատուկ դիրք զբաղեցնող, հայկական բասկետբոլի վետերան, ՀՀ վաստակավոր մարզիչ  Խաչատրյան Մակբեթի անունը, ով երկար տարիներ ղեկավարել է այս դպրոցը և այսօր իր կեսդարյա աշխատանքային և մարզական փորձով շարունակում է անգնահատելի ներդրում ունենալ նաև մեր ներկա հաջողություններում:    Ի դեպ մենք պատրաստվում ենք ընդլայնել մեր խմբերը և ընդունում ենք բարձր որակավորում ունեցող նոր մարզիչներ: Մենք կերտում ենք մարզադպրոցի ներկա ժամանակի պատմությունը: Եվ մարզիչների ու նրանց սաների համատեղ, անընդմեջ աշխատանքի, սաների աշխատասիրության ու տաղանդի, մարզիչների նվիրվածության ու վարպետության շնորհիվ այդ ներկան բավական խոստումնալից է:  

-Ո՞րն եք համարում Ձեր մարզադպրոցի գլխավոր առաքելությունը:

-Իհարկե բարձր մակարդակում և բարձր պահանջներին համապատասխան Հայաստանի հավաքական թիմերի համար որակյալ ռեզերվ ապահովելը:  Իրենց սպորտային ապագան մեզ վստահած երեխաներին փորձում ենք տալ առավելագույնը` պահպանել նրանց կայուն հետաքրքրվածությունը սպորտով, դաստիարակել նրանց մեջ սեր և պատասխանատվություն իրենց ընտրած մարզական ուղու հանդեպ: Եվ իհարկե նրանց մեջ զարգացնել հզոր բարոյակամային հատկանիշներ և հաղթանակի անընդհատ ձգտում: Որովհետև կարծում ենք, որ որքան էլ կարևոր լինի մասնակցությունը, հաղթանակը էլ ավելի կարևոր է:

Երևակ ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ