Երկուշաբթի, Հուլիս 24, 2017

 10:53

ԼՐԱՀՈՍ

Որակյալ կրթություն անհատական մոտեցմամբ.Ադամյան դպրոց

Ժամանակակից կրթությունը և աշակերտի անհատականությունը  դիտվում են անքակտելի կապի մեջ: Դա բացատրվում է նրանով, որ դպրոցական տարիքը համապատասխանում է անցումային մի քանի բարդ շրջանների հետ: Այդ ժամանակ կարևոր է անհատական մոտեցումը երեխային, որը հաճախ հնարավոր չէ հանրակրթական դպրոցում 

դասարանների խտության պատճառով: «Ադամյան դպրոցի» տնօրեն Լարիսա Ադամյանը դպրոցի կառավարման ու մանկավարժության հարուստ փորձ ունի՝ շուրջ 27 տարի: Եվ հիմնվելով տարիների փորձի ու դիտարկումների վրա՝ նոր դպրոցում առաջնորդվում է դասարանների կազմավորման նոր սկզբունքներով:

 

-Ի՞նչ խնդիրներ պետք է իր առջև դնի և լուծի կրթությունը: Արդյո՞ք այն միայն գիտելիքների հաղորդման գործընթաց է ենթադրում: 

-Անշուշտ, ոչ միայն: Նախևառաջ դեռ տարրական օղակում դպրոցականը սովորում է լինել ինքնուրույն: Սովորում է գնահատել ու վերահսկել իր աշխատանքը,  պատասխանատվություն ստանձնել իր արարքների համար: Սրանք ուսման հետագա գործընթացի կարևոր հիմնաքարերն են, որոնցով կձևավորվի նրա մտածողությունը, ինքնավերլուծությունը և ինքնակառավարումը: «Ադամյան դպրոցն», ի տարբերություն հանրակրթական դպրոցների, դասարաններում ընդգրկում է 5-8 աշակերտ: Սա օգնում է ավելի արդյունավետ անցկացնել դասընթացը, ավելի շատ անհատական մոտեցում ցուցաբերել աշակերտների հանդեպ: Մեր նպատակը զարգացած միտք և հոգի ունեցող սերունդ կրթելն է, որը արագ կադապտացվի ժամանակակից սոցիալական պայմաններին և աչքի կընկնի քաղաքացիական հասունությամբ: Դրա համար էլ մենք խստապահանջ ենք, որովհետև համոզված ենք, որ կարգուկանոնին ենթարկվելը օգնում է երեխային ղեկավարել իր վարքը և ավելի լավ արդյունքների հասնել: Օրինակ՝ մեր աշակերտները, չնայած մասնավոր դպրոց է, դպրոցական հագուստ են կրում: Դա կարևոր է, որպեսզի երեխան ոչ թե մտահոգվի, թե այսօր ինչ է հագնելու, այլ կենտրոնանա ուսման վրա:

- Դպրոցական ծրագրերը ծանրաբեռնված չե՞ք համարում:

-Ոչ:  Դպրոցականի գիտակցությունը առանձնանում է հատուկ դյուրընկալունակությամբ, հսկայական ինֆորմացիան վերամշակելու և յուրացնելու ընդունակությամբ: Մեր դպրոցում երեխաները տուն են գնում արդեն դասը յուրացրած: Ի դեպ, մեր դպրոցի աշակերտները դասագրքերը տուն չեն տանում, որովհետև հիմնական հանձնարարությունները կատարում են դպրոցում, միայն եթե դպրոցում չեն հասցնում կամ հավելյալ առաջադրանք են ունենում, այդ դեպքում են դասագիրքը տուն տանում: Այնպես որ, հատկապես տարրական օղակի ծնողները չեն տրտնջա, թե պայուսակի ծանրությունից ցավում է երեխայի ուսը, կամ վնասվել է ողնաշարը: Դրական է նաև այն, որ մեր դպրոցը 12-ամյա է, այսինքն՝ երեխաները 9-րդ դասարանում դպրոցի և միջավայրի փոփոխության հետ կապված սթրես չեն ապրում: Երեխաները դպրոցում մնում են մինչև ժամը 15:00-ը: Այդ ընթացքում դասապատրաստումն է իրականացվում, երեխաները նաև սնվում են անվճար: Ի դեպ, դպրոցի բոլոր դասարաններում երեխաները անվճար են ստանում իրենց դասագրքերը: 

-Դպրոցի ղեկավարման ի՞նչ սկզբունքներ եք ձևավորել այս տարիների ընթացքում:

-Լինել բարի, բայց միևնույն ժամանակ խստապահանջ: Ուսումնական տարվա սկզբից սկսել եմ դասալսումները, որ օբյեկտիվ գնահատեմ յուրաքանչյուր ուսուցչի աշխատանքը: Խստապահանջ եմ ուսուցիչների հանդեպ, ովքեր պետք է ունենան ոչ միայն հարուստ գիտելիքներ, այլև դասավանդման լավ մշակված մեթոդիկա:  Առաջին հերթին ուսուցչից որակ ու արդյունք եմ պահանջում: Իսկ աշակերտներին ընդունում եմ ինչպես իմ երեխաներին: Դպրոցը համարում եմ ընտանիք, մեծ ընտանիք, որտեղ ուշադրության կենտրոնում պետք է լինի յուրաքանչյուրը: Ընդհանրապես, եթե կնոջը հաջողվել է լավ ընտանիք ստեղծել ու լավ երեխաներ դաստիարակել, կհաջողվի նաև լավ ղեկավար լինել: 

-Ինչո՞վ է առանձնանում  «Ադամյան դպրոցը»:

-Դասարանում ընդամենը 5-8 աշակերտի ներգրավվածությամբ և անհատական մոտեցմամբ: Դա թույլ է տալիս բազմազանեցնել դասի վարման մեթոդիկան, յուրաքանչյուր երեխային նրա ունակություններին ու առաջընթացին համապատասխան մոտեցում դրսևորել: Բացի այդ, ամեն օր աշակերտները պետք է պատրաստ լինեն, ամեն օր ստուգվելու է նրանց պատրաստվածությունը, արդյունքում դասարանում ցածր առաջադիմությամբ երեխա պարզապես չի լինում, որովհետև յուրաքանչյուրի հետ անհատական աշխատանք է կատարվում:  Այս մեթոդիկան նաև անխուսափելի է դարձնում ուսուցիչ-աշակերտ երկխոսությունը, որը շատ կարևոր է այս տարիքում և օգնում է աշխարհի, մարդկանց, նրանց խնդիրների բազմակողմանի ճանաչմանը: Այստեղից էլ՝ սերը ցանկացած երեխայի հանդեպ, հավատը նրա ընդունակությունների հանդեպ: 

«Ադամյան դպրոցում» ամեն ինչ արվում է գրագետ ու լավ սերունդ դաստիարակելու համար:

Երևակ ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ