Շաբաթ, Սեպտեմբեր 23, 2017

 11:29

ԼՐԱՀՈՍ

Կրթական բարեփոխումը սկսել թարմ գաղափարներից

Մենք հաճախ կրկնում ենք, թե հասարակության ապագան կախված է նրանից, թե նրա սերունդներն ինչ կրթություն են ստանում: Ինչու՞ միայն հասարակության, առավել ևս՝ մենք մեր հասարակության բարօրությամբ ապրող տեսակը չենք: Բայց եթե մեզ հարիր մտածելակերպով էլ դատենք, միևնույնն է, կտեսնենք, որ մարդու՝ հենց մեր ճակատագիրն է կրթությունից կախված: 

Երևանի ամենահին դպրոցներից է Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցը, 1943թ. է այն հիմնադրվել: Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող ռուսական դպրոցը խորհրդային տարիներին բավական մեծ ճանաչում ուներ իր պատմությամբ, ավանդույթներով: Նրա համբավը տարածում էին հատկապես անվանի շատ մարդիկ, ովքեր ավարտել էին Շևչենկոյի անվան դպրոցը: Բայց որքան հին ու իմաստուն, այնքան էլ փորձությունների միջով անցած: Անկախությունից ի վեր դպրոցը սկսեց քանդվել բոլորի աչքի առաջ: Այն, բնականաբար, զրկվեց ռուսական դպրոցի իր կարգավիճակից: Նվազեց աշակերտների թիվը. դպրոցը սկսեց ամայանալ: Շուրջ 20 տարի երեք մեծ մասնաշենքեր ունեցող դպրոցը կքել էր քանդվող պատերի ու հատակի, ջարդված ապակիներով լուսամուտների և ձմռան ցրտի բեռի տակ: Միայն 2010 թվականից հիմքեր ստեղծվեցին դպրոցի «վերածննդի» համար, երբ այն ստացավ ավագ դպրոցի կարգավիճակ: Երևանի կենտրոնը դարձյալ ձգեց աշակերտներին քաղաքի տարբեր վարչական շրջաններից: Որպես ավագ դպրոց այն կառավարելու պատասխանատվությունը 2011 թվականից ստանձնեց դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը: Ստացած ժառանգությունն այս դեպքում, կարելի է ասել, վախեցնող էր: Սակայն երեք ամիս տնօրենի պաշտոնակատար աշխատելը բավական օգնեց հասկանալ, թե ինչից է անհրաժեշտ սկսել:  

Խնդիրների ուսումնասիրման արդյունքում կազմվեց դպրոցի զարգացման հինգամյա ծրագիր: Ձևավորվեցին առաջնահերթություններն ու դրանց իրագործման ճանապարհները: Թերևս առաջնահերթություն սահմանելը այս դեպքում բավական դժվար է, քանի որ, ըստ տնօրենի, առաջնային կարևորություն ուներ ցանկացած խնդիր: Ուրեմն՝ անհրաժեշտ էր ընդամենը դրանք դասակարգել, և ոչ թե հերթով մոտենալ խնդիրների լուծմանը, այլ՝ միաժամանակ: Դպրոցը բերել պատշաճ տեսքի, վերափոխել բովանդակությունը ժամանակակից տեխնիկական և կրթական պահանջներին համապատասխան և կայացնել այն որպես ավագ դպրոց. սա էր անելիքների ընդհանուր համակարգը, սակայն յուրաքանչյուր կետում խնդիրների մի ամբողջ շղթա պետք է լուծել: 

Թիվ 42 դպրոցի ներկայիս շենքը կառուցվել է 1956 թվականին: Այդ տարիներին ձևավորված տիպիկ երևանյան ճարտարապետությունը հիանալի ընդգծում է այս կառույցը: Եվ արտաքին տեսքն իր ամբողջ փայլով դարձյալ ներկայացնելը նույնիսկ պատվի խնդիր էր: Տնօրենի նախաձեռնությամբ գտնվեցին հովանավորներ, և ամբողջությամբ փոխվեցին գլխավոր մասնաշենքի և գրեթե ամբողջ դպրոցի՝ կոտրված ապակիներով, շարքից դուրս եկած պատուհանները: Այդպիսի պատուհաններով սենյակներում դաս անելը չջեռուցվող դպրոցի համար ամենալուրջ խնդիրներից էր: Իր պատմության վերջին շրջանում Շևչենկոյի անվան դպրոցում այս տարի առաջին անգամ աշակերտները ձմեռն անցկացրին տաք դասարաններում: Դպրոցում կառուցվեց կաթսայատուն և անցկացվեց ջեռուցման համակարգ: Առայժմ նորոգվել և կահավորվել են մի քանի դասասենյակներ:

Ներդրված ջանքերի շնորհիվ դպրոցը բարեկարգելու ծրագրերը իրենց շուրջը հավաքեցին աշակերտներին ու նրանց ծնողներին: Նրանց ակտիվությունը շատ կարևոր գործոն դարձավ տարբեր խնդիրների լուծման համար: Չեն դադարել, իհարկե, հովանավորներ գտնելու աշխատանքները: Դպրոցը նաև Կրթության նախարարությանը ստիպեց իրեն ուշադրություն դարձնել: Սակայն գեղեցիկ միջավայր ձևավորելուց բացի անհրաժեշտ է ժամանակակից և նորարարական մեթոդների կիրառումը, չէ՞ որ խոսքը ավագ դպրոցի մասին է: Դպրոցը տեխնիկապես վերազինելու խնդիրը ծրագրի հաջորդ կարևոր կետն է: Իսկ ի՞նչ է նշանակում ժամանակակից դպրոց և կրթական համակարգ: 

«Դպրոցի բարեփոխումների և զարգացման ծրագրերի հաջողությունն ու արդյունավետությունը մեծապես պայմանավորված է մանկավարժների մասնագիտական պատրաստվածությամբ: Բարեփոխումներ կատարելիս պետք է դիտարկել այնպիսի գործոններ, ինչպիսիք են ուսուցչի արժեքային համակարգը և պատրաստվածության աստիճանը: Աշխատանքային սովորական պայմաններում ուսուցիչներն իրենց հանգիստ են զգում, բայց վախենում են ցանկացած նորամուծությունից: Ուսուցիչների մեծամասնությունը պետք է գիտակցի, որ ուսուցման գործընթացի բարելավման գործում նոր գաղափարների անհրաժեշտություն կա: Հանրակրթական դպրոցներում ուսուցիչները լիովին պատրաստ չեն դասավանդելու 17-18 տարեկան պատանիներին և աղջիկներին: Սա իսկապես խնդիր է. փորձում ես պահպանել աշակերտի կերպարը, երբ նրանք արդեն այդ կերպարից դուրս են եկել: Բացի այդ եվրոպական արժեքներին ինտեգրումը առաջին հերթին այս սերունդի մեջ է ձևավորվում, նրանք շատ հաճախ ուզում են նմանվել արտասահմանյան «high school»-ի աշակերտներին` ազատ շփվել, ազատ հագնվել, ազատ հաճախել: Իսկ դրան պատրաստ չէ ուսուցիչը, մանավանդ խորհրդային տարիներից դասավանդող ուսուցիչը: Եվ հարց է` նա սխա՞լ է, թե՞ ճիշտ: Փաստորեն, անջրպետ է առաջացել ուսուցչի և աշակերտի միջև: Այսօր աշակերտների հետ պետք է շփվել իբրև հավասարը հավասարի հետ` ապահովելով ուսուցման և դաստիարակության ներդաշնակ միջավայր, պահպանելով սովորողների իրավունքները՝ պետական կրթական չափանիշներին համապատասխան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անընդհատ մշակվում են ուսուցման ժամանակակից բազմաթիվ մեթոդներ, և մանկավարժական կազմի ներկայումս կիրառվող մեթոդները չեն կարող տալ ցանկալի արդյունք: Անհրաժեշտ է ուսուցիչներին պարբերաբար ներգրավել վերապատրաստման` համակարգչային գիտելիքների ձեռքբերման, անգլերենի իմացության ամրապնդման դասընթացներում: Անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ պայմաններ մանկավարժների ինքնակրթության համար: Ինչպե՞ս կարող է ուսուցիչը դասավանդել ամեն ինչ իմացող երեխային միայն չոր ու ցամաք իր գիտելիքով: Որևէ թվային տեխնոլոգիա չի կարող փոխարինել գրքին, բայց որպեսզի այսօր երեխաները մոտենան գրքին, նախ ուսուցիչները պետք է մոտենան ինտերնետին: Այս հարցում մենք իսկապես մեծ բաց ունենք: 

Դպրոցի հետագա զարգացման համար անհրաժեշտ է բարձրացնել համակարգչայնացման մակարդակը. ավելացնել համակարգիչների, ինտերակտիվ գրատախտակների և այլ սարքավորումների քանակը: Պետք է ներդնել հետաքրքրաշարժ և նորարար ուսումնական մեթոդներ, մշակել և ավելացնել էլեկտրոնային ուսումնական պաշարները: Դպրոցին նաև շատ անհրաժեշտ են արդիական ուսումնական լաբորատորիաներ: Հետո՝ ժողովրդավարական սկզբունքները երբեք ձևական բնույթ չպետք է կրեն դպրոցում: Դրա համար անհրաժեշտ է նվիրված, ստեղծագործ աշակերտություն, որը կարող է ձևավորել աշակերտական խորհուրդ: Բացի այդ շատ կարևորում եմ բարոյահոգեբանական մթնոլորտը դպրոցում, և այն գրագետ ձևավորելու համար անհարժեշտ են ոչ միայն մանկավարժական ու մարդկային անհրաժեշտ որակներ, այլև ամենատարբեր միջոցառումների կազմակերպումը դպրոցում»,- նշեց դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը: 

Ո՞րն է սերունդների ու նրանց պահանջների տարբերությունը: Այս հարցին թերևս հնարավոր է պատասխանել տարիների փորձառությամբ միայն, այն էլ ոչ միայն մանկավարժի: Մանկավարժի «հոտառությունը» տիկին Թումանյանը դեռ Ալ. Պուշկինի անվան դպրոցում էր ձեռք բերել, որտեղ աշխատում էր պատմության և անգլերենի ուսուցչուհի, այնուհետև՝ ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն: Իսկ կրթական համակարգի բոլոր բացերը հաշվարկելու փորձը նրան տվեց 16 տարվա վարչական աշխատանքն այդ ոլորտում նախ որպես «Կենտրոն» թաղապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ, այնուհետև Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ: Այդ աշխատանքի ընթացքում տիկին Թումանյանը առնչվեց մայրաքաղաքի գրեթե բոլոր հանրակրթական և մշակութային դպրոցների հետ: 

Իսկ ի՞նչ ապագա նախատեսել սեփական դպրոցի համար: Էլեոնորա Թումանյանը այն տեսնում է որպես կրթամշակութային լուրջ հաստատություն: Կատարվող աշխատանքից մի քանի անգամ մեծ է համառությունը, և այլ տարբերակ չկա, քանի որ հաշվետու ես մարդկային ճակատագրի առաջ:

<Երևակ> ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ