Չորեքշաբթի, Ապրիլ 26, 2017

 02:20

ԼՐԱՀՈՍ

Որտե՞ղ կրթել...Ինչպե՞ս. Ռուզաննա Ջամբազյան


«Ծիածան» մանկապատանեկան վոկալ-էստրադային ստուդիայի վոկալիստ և գեղարվեստական ղեկավար, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և էստրադային-ջազային արվեստի քոլեջի դասախոս
Գեղագիտական ճաշակի պակաս. ահա ոլորտի գլխավոր խնդիրը: Իսկ երաժշտությունը՝ որպես արվեստի տեսակ, դաստիարակության մեջ հատուկ տեղ է գրավում: Այն իր էությամբ առավել զգացմունքային է, հեշտ է ազդում ու տպավորվում: Վաղուց է ապացուցվել, որ երաժշտական կրթությունը անփոխարինելի ազդեցություն ունի երեխայի ընդհանուր զարգացման վրա: Կարևոր է, որ երեխան, եթե անգամ չզբաղվի, ապա գոնե լսի ճիշտ երաժշտություն: Իսկ դա մեր իրականությունում մի քիչ բարդ է: Անճաշակ երգն ու երաժշտությունը ամենուր են: Ցանկանան՝ չցանկանան, պիտի լսեն: Խնդիրն անգամ այն չէ, որ դա ցածրորակ ու պարզունակ է. այդ 6-8 ասվածը ընդամենը ռիթմն է: Խնդիրը երգի մեջ ներմուծված արաբաթուրքական լադերի մեջ է: Դա է գերակշռում մեր լսողական դաշտում ամենուր, երեխան դա է լսում մանկուց, ու վաղը չի հասկանալու՝ որն է ճիշտը, որն է հայկականը, որը թուրքականը: Հասկանալի է՝ կոմերցիա է, լավ եկամուտ է ապահովում, բայց չէ՞ որ փող աշխատելը ժամանակավոր բնույթ է կրում, իսկ արդյունքում մի ամբողջ սերունդ է փչանում:  Տարիներ հետո այս սերունդն է կրթելու և պրոպագանդելու հայ երգարվեստը, ու եթե այսօր ճիշտ հիմքը չդրվի, եթե հիմա չտարանջատվի ազգայինն ու օտարը, վաղը նա սխալ է դասավանդելու, հայ երգի ու երաժշտության զարգացումը սխալ հունով է գնալու: Մաքուր արվեստի, իսկական երգարվեստի նշաձողն իջել է, լավագույն երգիչ ու աստղեր են ճանաչվում գրեթե բոլորը, ովքեր մի քանի անգամ բեմ են դուրս եկել ու տեսահոլովակ նկարահանել: Երգում են նույն թեմաներով, անճաշակ, օտարահունչ երգեր հայերեն բառերով: Ցավոք, այդ անճաշակությունը չի ավարտվում: Ասում են՝ կա շուկա, որն իր պահանջներն ունի, իր կանոններն է թելադրում: Հույս ունեմ, որ սերնդափոխության արդյունքում մոտ ապագայում այդ արաբաթուրքական ձայները կկտրվեն: Ես ուրախանում եմ, երբ ստեղծվում են որակով ու լավ երաժշտական ստուդիաներ. դա ենթադրում է, որ այդ ստուդիային վստահված երեխաները ճիշտ երաժշտական կրթություն կստանան ու բարձր  ճաշակ կունենան: Կարևոր է, որ ի սկզբանե երեխան, երբ սկսում է զբաղվել երգով ու երաժշտությամբ, ստանա ճիշտ և հիմնավոր կրթություն, ձևավորի գեղագիտական բարձր ճաշակ, որը հետագայում մեծ ազդեցություն է ունենալու նրա կյանքում՝ տարբեր ընտրությունների ժամանակ: Չեմ ուզում խոսել հակառակ երևույթի մասին, որը, ցավոք, գերիշխում է  մեր իրականությունում և իր գոյությամբ անճաշակություն է տարածում: Այդ ցածրակարգ, «էժան» ստուդիաները գրավում են երեխային ու նրա ծնողին մի քանի ձայնագրությամբ ու սկավառակով, բայց չեն հոգում անհրաժեշտ գիտելիքներ, երգ մատուցելու և զգալու, ճաշակ ձևավորելու մասին:

Երեխաները պետք է ոչ միայն կարողանան կենդանի ձայնով լավ երգել, այլև տիրապետել բեմական պահվածքի կանոններին, կարողանան խաղալ ու ապրել երգը: Այդ պատճառով էլ «Ծիածան» մանկապատանեկան վոկալ-էստրադային ստուդիայում երեխաներին վոկալի, սոլֆեջիոյի հետ մեկտեղ ուսուցանում ենք դերասանի վարպետություն և պար: Ցավոք, այսօր երաժշտական դպրոցներ հաճախող երեխաների թիվը շատ քիչ է: Կարծում եմ՝ խնդիրներից մեկը հին մեթոդներն են:  Մենք և այսօր արդեն մի շարք այլ ստուդիաներ,  աշխատում ենք նոր մշակված ծրագրերով ու համապատասխան մեթոդներով, որոնք ավելի համահունչ են նոր ժամանակների պահանջներին: Շատ գործ ունենք անելու, խոսում ենք երաժշտական կրթության խնդիրների մասին, երբ հիմնական կրթության ոլորտում ունենք բազում խնդիրներ: Մեր հանրակրթական դպրոցներում կայացավ «Երգը բարեկամության կամուջ»  հանրապետական 2-րդ փառատոնը, որի նպատակը Հայաստանում ռուսական մշակույթի և լեզվի հանդեպ նախկին հետաքրքրության վերականգնումն է: Երեխաները պետք է կարողանային ոչ միայն լավ երգել, այլև մաքուր ռուսերեն խոսել, տեղեկություններ հաղորդել երգի, հեղինակի, երգի ստեղծման ժամանակաշրջանի մասին: Իսկ մեր հայ երեխաներից շատերը չեն կարողանում լավ ռուսերեն խոսել, չունեն բեմական պահվածք ու խոսք: Ցավոք, մեր իրականությունում ռուսական կուլտուրան զիջել է իր դիրքերը: Խորհրդային Միության տարիներին ռուսական կուլտուրայի ազդեցությամբ արվեստը գտնվում էր համապատասխան բարձր մակարդակում, այսօր շատ բան է փոխվել: Ստեղծվել է մի տեսակ քաոսային իրավիճակ, օտարերկրյա ազդեցությունների մի շիլաշփոթ:  Ու ամենամեծ «մեղավորը» հեռուստատեսություններն են: Մենք ունենք շատ տաղանդավոր երեխաներ, ինչը երբեմն զարմացնում է, մանավանդ երբ հաշվի ես առնում մեր լեռնային չոր կլիմայական պայմանները: Մնում է այդ երեխաներին այնպես դաստիարակել, որ վաղը պահպանեն այդ բարձր մակարդակը, զիջումների չգնան միայն նրա համար, որ շուկայի պահանջն է այդպիսին, արվեստագետ լինեն, ճանաչեն հայ ազգային երգը:  



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ