Երկուշաբթի, Դեկտեմբեր 11, 2017

 13:40

ԼՐԱՀՈՍ

Կրթության համակարգը կզարգանա միայն լիդերների միջոցով. Ռուզաննա Մուրադյան



Մեր հանրապետությունում կրթական համակարգը առաջնորդների միջոցով զարգացնելու գաղափարը սկսեց գործել 2004 թվականից, երբ կրթական բարեփոխումների ճանապարհին առանցքային դերը տրվեց ուսուցչին, ավելի ճիշտ՝ նրանց վերապատրաստման լայնամասշտաբ գործընթացին:
2004 թ. Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային առաջին ծրագրի շրջանակներում առաջ քաշվեց «կրթական գոտիների» գաղափարը: Այն նախատեսում էր ուսուցիչների վերապատրաստումը կազմակերպել յուրաքանչյուր կրթական գոտում ընտրված որևէ դպրոցի հիմքի վրա: Ընտրված դպրոցը այդ կրթական գոտում հանդես եկավ որպես դպրոց-կենտրոն: Այդպիսով Հայաստանի տարածքը բաժանվեց 52 կրթական գոտիների, դրան համապատասխան ընտրվեցին 52 դպրոց-կենտրոններ: Յուրաքանչյուր կրթական գոտում դպրոցների վերապատրաստումը պետք է իրականացվեր այդ գոտու դպրոց կենտրոնում: 52 դպրոց-կենտրոններին հատկացվեցին դրամաշնորհներ` ուսուցիչների վերապատրաստման համար  նախատեսված լսարանները բարեկարգելու, կահավորելու, անհրաժեշտ գույք և սարքավորումներ ձեռք բերելու համար: Բոլոր միջոցները տրամադրվեցին, որպեսզի դպրոց-կենտրոններն իրենք հանդես գան որպես վերապատրաստման գործընթացի կազմակերպիչներ: Այս ընտրված դպրոցները միևնույն ժամանակ դարձան նորարարությունների, նոր առարկայական ծրագրերի, դասագրքերի, թեստերի նախագծերի փորձարկման և տարածման  կենտրոններ:  
Վարկային ծրագրով նախատեսված ժամանակահատվածում՝ 2004-2008 թթ., վերապատրատվեցին բոլոր առարկաների ուսուցիչները: 2008 թ. ֆինանսավորումը դադարեց, և դպրոց-կենտրոններն ինքնուրույն իրենց կարգավիճակը պահելու խնդրի առաջ կանգնեցին: Կուտակվել էր գիտելիքների, հմտությունների ու գաղափարների այնպիսի պաշար, որը բավարար էր անգամ իներցիայով առաջ մղելու այդ դպրոց-կենտրոնների գործունեությունը:
Ոլորտում բարեփոխումների բոլոր հնարավոր տարբերակների ու ճանապարհների վերլուծությունները հանգեցրին մի հիմնական իրողության. առանց դպրոցների անմիջական մասնակցության որևէ իրատեսական գաղափար ու ծրագիր չի կարող մշակվել, առավել ևս կյանքի կոչվել: Ուստի դպրոց-կենտրոնների նյութական ռեսուրսներն ու ձեռք բերած փորձը համակարգելու և զարգացնելու նպատակով շահագրգիռ կառույցների ու կրթության կառավարման ոլորտի  այլ պաշտոնատար անձանց հետ քննարկումների արդյունքում դպրոց-կենտրոնների տնօրենների կողմից առաջարկվեց ստեղծել այդ դպրոցների միություն:  2009թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ-ում գործող դպրոց-կենտրոնների տնօրենների ժողովին հաջորդեց արդեն գործնական քայլը: Նրանք դիմեցին ՀՀ ԿԳ նախարարություն՝ թույլտվություն ստանալու հիմնել «Դպրոց-կենտրոնների միություն» անվանումով իրավաբանական անձանց միություն:     

                                 
ՀՀ կառավարության՝ 2010 թ. դեկտեմբերի 23-ի որոշմամբ հիմնադրվեց «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը: «Դպրոց-կենտրոնների միության» նախագահն է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Ռուզաննա Մուրադյանի ղեկավարած «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը տասը տարիների ընթացքում դարձել է նոր դաշտ կրթական բարեփոխումների աջակցության համար: Բազմաթիվ միջազգային դասընթացների ու մրցույթների արդյունքում կուտակած փորձի հիման վրա կազմակերպությունը համագործակցել է դպրոց-կենտրոնների հետ՝ իրականացնելով ուսուցիչների հետ վերապատրաստումներ թրաֆիքինգի թեմաներով, հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր ստանալու նպատակով տնօրենների վերապատրաստումներ, հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, որոնք շարունակական բնույթ են կրում:
Միության գործունեության պաշտոնական մեկնարկը սկսվեց սեպտեմբերի 22-ին` կլոր սեղան-քննարկումով: Մեկնարկ ասվածը պետք է ենթադրեր սկսվելիք ծրագրերի քննարկում միայն: Բայց այն միևնույն ժամանակ հաշվետվություն դարձավ  դպրոց-կենտրոնների` այս տարիների ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ:
Միության գործունեությունը իր բարեփոխման ծրագրերի համատեքստում է դիտարկում պետական քաղաքականություն մշակող մարմինը` ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը:  «Կրթությունը չի հանդուրժում ոչ մասնագիտական մոտեցումներ: Դրա համար նախարարությանը անհրաժեշտ են նոր գործընկերներ` փորձ ունեցող և գործին լծված մարդիկ: Մեր ոլորտում դժգոհությունների մեծ մասը վերաբերում է նոր կրթական համակարգին: Սա նշանակում է, որ մեզ դեռևս չի հաջողվել հասարակությանը լիովին բացատրել, թե ինչու ենք գնացել այդ ճանապարհով: Սա իմ առջև դրված առաջնային խնդիրներից մեկն է, և մտածում եմ, թե ինչպես կարող են մանկավարժական հանրույթը, առաջատար  դպրոցները աջակցել ծրագրերի ուժեղացմանը: Հուսով եմ, որ կազմակերպությունը չի մնա միայն որպես հայտնի դպրոցների ու տնօրենների ցանց, այլ ակնկալում եմ ամենօրյա անաչառ աշխատանք»,- հայտարարեց ՀՀ Կրթության և գիտության  նախարար Արմեն Աշոտյանը կլոր սեղանի ընթացքում:  
Միության առաջնային խնդիրներից է նաև ուսուցիչների առկա մասնագիտական լավագույն փորձի համակարգումն ու տարածումը, զուգահեռ` միջազգային վերջին նվաճումների, մոտեցումների և առկա ուղղությունների ուսումնասիրումը և ներդրումը մեր կրթական համակարգում: Եղած բազան պետք է «Դպրոց-կենտրոնների միության» մեջ նոր դպրոցներ ներգրավելու հիմք դառնա այն համոզմամբ, որ կենտրոնը մշտապես կարևոր դաշտ է նոր մտահղացումների համար:  Միևնույն ժամանակ պետք է դառնա դոնոր կազմակերպություն, որը կաջակցի նորարարություններին` ֆինանսավորելով այն ծրագրերը, որոնք էական ազդեցություն կարող են ունենալ կրթական համակարգի զարգացման գործում:
2012թ. Համաշխարհային բանկը միության արդեն որպես գործող կառույցի հետ կնքեց առաջին պայմանագիրը:  Աշխատանքներն առանձնացված են մի քանի ուղղություններով:
Շատ կարևոր մի հարց մինչ այսօր բաց է մնացել մեր դպրոցներում. մենք չունենք ուսուցչի բարոյական կոդեքսը` էթիկայի նորմերը ձևակերպող ու ներկայացնող փաստաթուղթ: «Դպրոց-կենտրոնների միության» ծրագրերի շարքում է ուսուցչի մասնագիտական էթիկայի նորմերի մշակումն ու ներդրումը հանրակրթական դպրոցներում, ինչի արդյունքում ՀՀ դպրոցներում կբարձրանա ուսուցիչների բարոյա-մանկավարժական պատրաստվածության մակարդակը: Փորձառու մասնագետներից ձևավորվել է աշխատանքային խումբ, որը  դպրոցների համար կմշակի ուսուցչի էթիկայի նորմեր` ուսումնասիրելով նաև միջազգային փորձը: Մեր երկրում այն փորձարկելու համար դպրոց-կենտրոններից առայժմ առանձնացված են 15 դպրոցներ: Աշխատանքային խմբում յուրաքանչյուր դպրոցից կներգրավվի երկու մանկավարժ: Փորձարկման արդյունքում վերամշակված փաստաթուղթը արդեն կներկայացվի նախարարությանը՝ ընդհանուր համակարգում ներդնելու համար:
Դպրոցների տնօրենների հավաստագրման գործընթացը ցույց տվեց, որ դեռևս չի ստեղծվել տնօրենի՝ աշխատանքի կազմակերպման և գործառնական փաստաթղթերի լրացման ձևերը նկարագրող ուղեցույց: Ուստի դպրոցի զարգացման ծրագիր-ուղեցույցի մշակումը նույնպես կարևոր հարցերից է: Այս ուղղությամբ ևս կազմվել է աշխատանքային խումբ, որը կմշակի դպրոցի զարգացման ծրագրերի փաթեթ` ներառելով դպրոցների ենթակառուցվածքների գործունեությունը կարգավորող փաստաթուղթ` հաշվի առնելով դպրոցների իրական խնդիրներն ու կարիքները: Մինչ դպրոցներում ներդնելը՝ վերոնշյալ երկու փաթեթները նախատեսվում է փորձարկել 30 դպրոց-կենտրոններում համապատասխան սեմինարների միջոցով, որին կմասնակցեն դպրոցների տնօրեններ:
Ծրագրերը առավել արդյունավետ իրականացնելու համար յուրաքանչյուր ամիս նախատեսվում է կանոնավոր կերպով կազմակերպել տարբեր մասնագիտական խմբերի հավաքներ, քննարկման ընթացքում վեր հանել մասնագիտական կարիքները ու գտնել լուծման ուղիներ, իսկ հետո արդեն փորձարկված տարբերակը ներդնել կրթական համակարգում: Այսպիսով «Դպրոց-կենտրոնների միությունը» դառնում է միանգամայն պրակտիկ գործող կառույց: Ակտիվ աշխատանքն էլ ծնունդ է տալիս նոր գաղափարների:
Նոր մտահղացումների շարքում է տարբեր խորհուրդների ստեղծումը «Դպրոց-կենտրոնների միության» ներսում: Այդպիսի խորհուրդներից են, օրինակ, ավագ դպրոցների խորհուրդը, հիմնական դպրոցների խորհուրդը, ավագ մանկավարժների խորհուրդը: «Մենք չենք մոռանում ավագ մանկավարժներին ոչ թե նրա համար, որ շատ մարդասեր ենք, այլ նրա համար, որ արդեն գոյություն ունի դասական բազա, կուտակված փորձ, որը շատ ափսոս է, եթե չվերարտադրենք և ետ չբերենք համակարգ: Դրանով նպատակ ունենք զարգացնել նաև մենտորության գաղափարը: Մենտոր ուսուցիչ նշանակում է օգնական ուսուցիչ»,- նշեց Ռուզաննա Մուրադյանը:
«Դպրոց-կենտրոնների միությունը» ստեղծել է համագործակցության կարևոր մի շրջանակ, որտեղ ընդգրկված են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, դպրոցները, Գնահատման և թեստավորման կենտրոնը, Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը, Կրթության ազգային ինստիտուտը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, ուսուցիչների և տնօրենների վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունները. առաջին հայացքից` միայն այն կազմակերպությունները, որոնք ներկայացնում են կրթական ոլորտը, իսկ իրականում` հասարակության բոլոր շերտերը, որոնց ներուժը ճիշտ գնահատելու և արդյունավետ օգտագործելու մեջ է զարգացման ողջ բանաձևը:

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ