Հինգշաբթի, Ապրիլ 27, 2017

 23:28

ԼՐԱՀՈՍ

Որտե՞ղ կրթել...Ինչպե՞ս. Արմեն Մազմանյան

Նախ մինչև բոլորս՝ նախագահից պատգամավոր ու հասարակ քաղաքացի, չֆիքսենք, որ պետությունը քաղաքացիների հանրագումարն է, չենք հասկանա, թե որքան կարևոր են յուրաքանչյուրի դերը, տեսակարար կշիռը այդ հանրագումարում, ամբողջ պատկերի մեջ: Հիմա  ո՞վ է հայ քաղաքացին, ինչպե՞ս է նա ձևավորվում, ի՞նչ բաղկացուցիչներից, ի՞նչ քաղաքացի է ուզում ունենալ հայ պետությունը: Սրանք ռազմավարական դրույթներ են, բայց քանի որ խնդիրը այդքան կարևորված ու գիտակցված չի, շարունակում ենք մնալ կրթության, արվեստի, կինոյի, թատրոնի մասին փոփոխական օրենսդրական փաթեթներով: Այդ ընթացքում աշխարհից գալիս են եվրո չափանիշներին ադապտացվելու հրամայականներ: Բայց այդ ադապտացման պրոցեսը մակերեսային բնույթ է ստանում, արտահայտվում, ասենք, գնահատման համակարգի փոփոխությունում՝ շրջանցելով էականը:  Իսկ պատճառներից մեկն այն է, որ որպես պետություն չունենք այդ պետական հարկավոր բազան, որը կհամադրի, կհամակարգի և առաջարկներ կտա: Ամենակարևորը՝ չկա Հայաստանի տեսլականը, այդ Հայաստանում ապրող քաղաքացու կերպարը, ով, 21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ, կլինի լիարժեք քաղաքացի, կոմպիտենտ ու կարող, օգտակար իր երկրի կայացման, իր ազատությունների ու ապագայի հաստատագրման համար: Իսկ երբ չկա տեսլականը, պարզ չեն նաև նրա համար  անհրաժեշտ գործիքները: Առաջին հերթին, իմ կարծիքով, մեր ազգը պիտի իր համար մշակի ազգային-պահպանողական սկզբունքներ: Երկրորդ՝ կառուցի ընտանիքի ինստիտուտի դոկտրինան: Այսօր ընտանիքը՝ որպես հասարակական, ազգային, պետական բջիջ, ամենակարևորն է: Յուրաքանչյուր քաղաքացու համար՝ լինի քաղքենի, բանվոր թե ինտելեկտուալ, ընտանիքը, երեխան, տունը, բարեկեցությունը, սեփական ես-ի արժանապատվությունը շարունակում են շատ կարևոր լինել:  Սրանց վրա կարելի է հիմնվել անհրաժեշտ գենոտեսակ հնարելու համար: Ու եթե կպարզեն վաղվա հայ քաղաքացու նկարագիրը, այդտեղից էլ կբխի, թե ինչպիսին պիտի լինի մանկապարտեզը, ինչ պիտի այնտեղ քարոզեն, երեխաներն ինչ երգեր պիտի երգեն, ինչ նկարեն:  Հենց պարզեցիր՝ ինչ երեխա ես ուզում ունենալ, ապագա ինչ քաղաքացի, կպարզես՝ ինչ գործիքներ, ինչ խաղալիքներ տաս, որ խաղի արդյունքում սովորի այն, ինչ պետք է: Որից հետո՝ դպրոց… այստեղ ինձ՝ որպես ծնողի, մտահոգում է ռեֆորմների այս թափորն ու թափոնը, վերատպվող, վերախմբագրվող դասագրքերի քանակը, որոնք մտքի շարունակականությամբ անգամ դասարանից դասարան հակասում են իրար:
Կարծում եմ՝ ամեն ինչ կարելի է հեշտ լիբերալացնել՝ բացի կրթությունից:  Այստեղ լուրջ, գլոբալ բացթողումներ եմ տեսնում և շատ վտանգավոր հետևանքներ: Հիմա կարծես թե այդքան չի զգացվում, բայց մենք կորցնում ենք հայրենիք սիրող հայ քաղաքացուն, որը 17 տարեկանում համակարգչով՝ տենդերով գնում է Հարվարդ, ու նրան մեղադրելու էլ չէ, որովհետև ինքն այդպես էլ չհասկացավ՝ ինչ է հայրենիքը, ինչպես են սիրում հայրենիքը, հայրենիքին ինչպես են տրվում, ինչու է պետք հայրենիքը գերադասել հոլանդական բիսեքսուալությունից: Այսինքն՝ հարցեր կան, որոնց պատասխանները երեխան չի էլ ստացել: Եվ այդ կիսատ էգոյով երիտասարդը զազրանք չի էլ զգում, որ լքում է իր հայրենիքը: Եվ մեղադրելու է մեզ՝ այն մարդկանց, ովքեր զբաղվել են այդ սերնդի կրթությամբ ու այդ սերնդի մշակութային, արվեստի, հոգևոր դաշտ ստեղծելով: Տունը՝ մերը, սխալները՝ մերը: Հարցնում եք՝ իսկ ինչպե՞ս լինել: Գոնե լոկալ, ամեն մարդ իր տեղում, իր գիտակցածի չափով պիտի օգնի այս պրոցեսին: Մշակութային, հոգևոր մթնոլորտով է պայմանավորված ազգի դեմքը, ազատականությունը, նկարագիրը, այնինչ՝ մեր մասս մեդիան, մեր արվեստը, ընդհանրապես՝ մեր մշակութային դաշտը շատ սուբյեկտիվ են, հիվանդագին: Մենք պետք է հասկանանք, որ արաբական Լիբիան, Ադրբեջանը, մենք և Վրաստանը տարբեր տնտեսաքաղաքական պատմություններ ենք, նրանց ծագումը, լոբբինգը, մեջքը և ուժը ուրիշ են, մեր ծագումը, պատճառը, հետևանքը, քանակը՝ ուրիշ: Բայց մենք միայն խոսքով ենք կարևորում, հոգևոր մթնոլորտի պոզիտիվացման համար հիմնարար ոչինչ չենք անում: Ավելին՝ անհեռատես քայլերով նպաստում ենք հայաթափմանը: Մշակույթի, կրթության նախարարությունների ծրագրերը կարճաժամկետ են, իրավիճակային, փոփոխական: Մշակույթի նախարարությունը կարծես թե լուծել է սոցիալական հարցը: Միգուցե արդեն ձեռնամու՞խ լինենք լուրջ, ֆունդամենտալ արվեստի ստեղծմանը նպաստող դաշտ ձևավորելուն, դադարենք կարծրանալ պաշտոնների, կոչումների, մեդալների կարևորման մեջ: Արժեքային համակարգում, բարոյաէթիկական համակարգում  խեղաթյուրում կա: Խեղաթյուրում կա մեր՝ արտիստներիս մեջ, վարժապետներիս մեջ: Ինչու՞ ենք խաղում, ո՞րն է մոտիվացիան, որպես դասախոս ես ի՞նչ եմ տալիս, ի՞նչ են վերցնում... այստեղից սկսած՝ անավարտ ճշմարտություններ կան, ներքին ազնվության, ներքին ինքնագիտակցության խնդիր կա, համակերպման խնդիր կա:  Հենց այդ ամենից ելնելով՝ սարսափելի կարևոր է իմ գործը որպես ռեկտոր, ահավոր վախենում են այն լրջությունից ու պատասխանատվությունից, որ ստանձնել եմ: Փնովելը հեշտ է. թատրոնը մահացել է, հեռուստացույցը «գրդոն» է, կինոն լավը չէ, և հասկանում ես, որ այդ ոլորտներում որակի փոփոխության հիմքը այստեղ է՝ այս ինստիտուտում: Այստեղ փոխեցիր բարոյաէթիկական, կրթական չափորոշիչները, այստեղ կրթեցիր քաղաքացուն, ապագա արտիստին ու օպերատորին տվեցիր պրոֆեսիոնալ գործիքներ, քաղաքացու ինքնագիտակցություն, ուրեմն՝ փոխեցիր նաև նրանց ապագա գործունեության դաշտը: Ինչ վերաբում է մեր ինստիտուտում գործող էթիկական կարգերին ու չափորոշիչներին, ապա ես այդ հարցում պահպանողական եմ: Բարձրագույն կրթական համակարգը ակադեմիական համակարգ է՝ գիտելիք, կարգուկանոն: Դրված է չափորոշիչը, որին պիտի համապատասխանել: Այնինչ, այսօր ընդունվել է, վաղը դերասան է, օպերատոր ու ռեժիսոր է. բա էլ ինչու՞ է ընդունվել: Մեր խնդիրը մասնագետ պատրաստելն է, իսկ մասնագետ պատրաստելը որոշակի մեթոդիկա է, պրոցես, ռիթմ, փորձ, պրակտիկա: Իսկ ինչպիսի՞ն է այսօրվա երիտասարդը, և ի՞նչ է պետք նրան տալ: Առաջինը՝ պետք է նրա մեջ սերմանել  գեղեցիկի զգացումը, որովհետև գալիս են՝ աչքերի մեջ «մեսիջներ»՝ «Սերը սուտ ա», «Տո, լավ է, ինչ հայրենիք», «Չէ մի, արդարությունը կհաղթի»..., խիստ պրագմատիկ, ցինիկ, նրանց հետ հոգևոր կապ գտնելը շատ դժվար է: Այստեղ շատ է կարևորվում վարժապետի տեսակը, նրա մարդկային տեսակը, նրա հոգեբան լինելու տեսակը, նրա օրինակ ծառայելու տեսակը: Այս ինտելեկտուալ, 14 տարեկանից «ֆեյսբուք ու 3D» հասկացած սերունդին, որն արդեն ծնվում է այդ «չիփերը» ընկալած, պրագմատիկ, բանիմաց երեխային համոզել, որ սխալ ես,  գեղեցիկն է փրկելու աշխարհը, որ ամենաթանկ արժեքը հայրենիքն է, ամենակարևոր զենքը սիրելու կարողությունն է՝ դժվար է:


Կրկնում եմ  այսօր ամենակարևորը ընտանիքի ինստիտուտն է: Ինչպես հիմքը դնեն, այնպես էլ կգնա: Երկրորդ տեղում դպրոցն է, երրորդում՝ բուհը, որը պիտի ձևավորի վաղվա հասարակական, ազգային, քաղաքացի, մասնագետ:
Առայժմ մեր ինստիտուտը զբաղված է նյութատեխնիկական ժամանակակից անհրաժեշտ բազա ստեղծելով: Դասախոսական կազմում սերնդափոխություն է տեղի ունենում: Այս տարի հեռուստառեժիսուրայի կուրս է հավաքել Հրանտ Մովսիսյանը, դերասանական կուրս՝ Ռաֆայել Քոթանջյան, կինոյի՝ Վիգեն Չալդրանյանը, մնջախաղի փոխարեն հավաքեցինք էքսպերիմենտալ պլաստիկ դրամայի դերասանական խումբ: Կարծում եմ՝ այլ մոտեցում է պետք մշակել: Ոչ թե, ասենք, դասավանդել կերպարվեստի պատմություն հին տրամաբանությամբ, թե Լեոնարդոն որ թվին ինչ նկարեց, այլ սովորեցնել գույնի ճիշտ զգացողություն, որ օպերատորը կամ ռեժիսորը հետո կադրում, կոմպոզիցիայում գունային կուլտուրա ունենան: Եթե դու նրան դա չես տվել, էլ ինչու՞ ես մեղադրում, որ նրա հերոսուհիները շպարված են ու հագնված բոշայի նման: Վերջին տարիներին գոհ եմ ինստիտուտի ինտեգրացիոն պրոցեսներից, արտերկրում մասնակցում ենք միջազգային փառատոնների, մաստեր կլասների, արտերկրից մասնագետներ են գալիս Երևան, ուսանողների հետ վարպետության դասեր անցկացնում: Կապ ունենք արտասահմանյան հայտնի բուհերի հետ: Հույս ունեմ, որ մի քանի տարի անց մենք կկոչվենք Արվեստի ակադեմիա, և մեր շրջանավարտները կկոչվեն արվեստի ակադեմիայի արտիստներ, անկախ նրանից ռեժիսոր են, թե դերասան: Անելիքներ շատ ունենք, հատկապես  այդ ապագայի  քաղաքացուն, այդ քաղաքացիների հանրագումարը ստեղծելու գործում: Եվ այս խնդիրն առաջին հերթին հենց արվեստի բուհերի առջև է դրված:
Մեզնում արժեքային գլոբալ պրոբլեմ է առաջացել. մամոնան, Մայա աստվածը, նյութը ենթագիտակցորեն դարձել են ամենակարևորը:  Ցավոք, արտիստները իջեցրին իրենց վարկանիշը իրենց նյութապաշտությամբ: Մտավորականն ինքն է պետության ու ժողովրդի առաջ գցել իր գինը: Ժամանակն է հետ բերել նախկին հարգը, ընդ որում՝ բռունցքը սեղանին խփելով: Ինտելեկտը, գիտելիքը, արտիստը բոլոր ժամանակներում, բոլոր ազգերում ամենաթանկն են առ այսօր, բայց մենք միայն ասում ենք: Արտահոսք կա, հայ ինտելեկտի ու տաղանդի արտահոսք: Ազգին առաջնորդում է ինտելեկտուալ էլիտան, ոչ թե օլիգարխիական, քաղաքական էլիտան: Սա դեռ լիարժեք գիտակցված չէ: Մենք տեսնում ենք հատուկ վերաբերմունք դեպի երգիչները, դեպի արտիստները, ակադեմիկոսները, բայց դա արտաքին խոնարհման ու շնորհակալության ձև է: Այդ ինստիտուտների հիմքում պիտի դրվեն լուրջ կապիտալներ ու ծրագրեր: Կա իրատես սերունդ, կա իրատես անելիք, և անելու իմաստ կա:

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ