Շաբաթ, Դեկտեմբեր 16, 2017

 22:43

ԼՐԱՀՈՍ

Կես դար սպորտում. Արա Մեհրաբյան

 ՍՊՈՐՏ՝ առողջություն, կայունություն, հավասարակշռություն… ոմանց համար՝ առավոտյան վազք ու լիցքային մարմնամարզություն, մյուսների համար՝ կյանք, կռիվ, պայքար, հավատ, հաղթանակ, ձեռքբերում, մասնագիտություն…

 

Այսօր խոսում եմ մի կառույցի մասին, ով կարողացել է մեկ քայլով ավելի առաջ տանել նորանկախ պետությունը մանկապատանեկան սպորտի բնագավառում։ ՀՀ վաստակավոր մանկավարժ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր մարզիչ, դոցենտ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Արա Մեհրաբյանն իր կյանքը նվիրել է հայաստանյան սպորտի զարգացման ու միջազգայնացման գործին։
Սովորաբար նրա անունն ասոցացվում է սպորտի աշխարհում երկու կարևոր կառույցների հետ՝ «Աշխատանքային ռեզերվներ» և «Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիա», որոնք միմյանց տրամաբանական շարունակությունն են ու լրացումը։

«Աշխատանքային ռեզերվներ»-ը 1943 թվականին ստեղծված հայկական ամենահին մարզական կազմակերպություններից է։ Ի սկզբանե՝ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կազմակերպության  նպատակը  եղել է հայ պատանիներին ու երիտասարդներին լավագույն մարմնական կրթություն տալը ։ Տարիների ընթացքում կատարած մարզական գործունեության արդյունքում  «Աշխատանքային ռեզերվներ»-ը դարձավ հայաստանյան  կարևոր մարզական կազմակերպություն, որը նոր հիմք ու հարթակ եղավ այժմյան շոշափելի բազում մարզական հաջողությունների համար։  Կազմակերպությունը տվեց այնպիսի անուններ, ինչպիսիք են օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը,  աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը, նոր սերնդի մարզիկներից՝ օլիմպիական, Եվրոպայի և աշխարհի չեմպիոններ, մրցանակակիրներ Դավիթ Թորոսյանը, Մեխակ Ղազարյանը, Արթուր Հակոբյանը, Օլեգ Կլևցովը, Մխիթար Մանուկյանը, Ռաֆայել Մանուկյանը, Դավիթ Սաֆարյանը, Գառնիկ Պապիկյանը… Անուններ, որոնք հնչել են ազգային հիմնի և պետական դրոշի ներքո՝ հայտնի լինելու համար համայն աշխարհին։

Օլիմպիական մի շարք մարզաձևեր՝ բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, բադմինթոն, ըմբշամարտ, բռնցքամարտ, հանդբոլ, ատլետիկա, ավելի քան  հիսուն տարի Հայաստանում  փնտրում և գտնում են սպորտային բացառիկ ունակությունների տեր մարզիկների, որոնց նպատակն է  նվաճել աշխարհն ու համաշխարհային հարթակում ճանաչված դարձնելու ՀԱՅ անունը։

 

«Աշխատանքային ռեզերվներ»-ը տարիներ շարունակ այն հիմնական կառույցն էր, որը համաշխարհային դատին էր ներկայացնում մեր սպորտային ուժն ու կարողությունները, սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այն բախվեց որոշակի բարդությունների։ Պահպանելով իր գոյությունն ու շարունակելով հաջող գործունեություն  ծավալել հայաստանյան սպորտհարթակում՝այն դադարեց իրավասու լինել միջազգայնացման գործում։ Իրավաբանորեն կազմակերպությունը իրավունք չուներ հատկապես անչափահաս՝ դպրոցահասակ մարզիկներին տալու ավելի մեծ հնարավորություն, քան համահայաստանյան մրցաշարերում զբաղեցրած դիրքերն էին: «Մենք կանգնեցինք փաստի առաջ. անհրաժեշտություն առաջացավ ընդգրկվելու մի այնպիսի կառույցի մեջ, որը թույլ կտար համաշխարհային մրցույթների մեր հավակնորդներին  ազատ ելումուտ ունենալ  միջազգային սպորտային հարթակներ և դրսևորվել հավուր պատշաճի։ Ստեղծեցինք «Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիա»-ն, որը հնարավորություն տվեց անարգել գործելու ու ոգեշնչելու մեր պատանի մարզիկներին»,- ասում է ֆեդերացիայի նախագահ Արա Մեհրաբյանը։ Վերջին փոփոխությունները լայն դռներ բացեցին մեր հանրապետությունում հաղթող դիրքեր զբաղեցրած մարզիկների առաջ: Նախկինում դպրոցահասակների համար կազմակերպվող մրցաշարերը սահմանափակվում էին հանրապետության առաջնություններով՝ սրանով իսկ ավարտելով իրենց մարզումների փուլը։ Այժմ   դրական արդյունքի դեպքում յուրաքանչյուրը հնարավորություն է ունենում  շարունակելու իր մրցարշավը միջազգային հարթակներում։

Կազմակերպություն, մարդ, մարդիկ, ովքեր իրենց նպատակն են դարձրել ֆեդերացիայի կազմում հավաքված պատանիներին տալ այն լավագույնը, որը հնարավոր է նման կառույցի շրջանակներում…
Ըստ պրն Մեհրաբյանի՝ նոր կառույցում կարևորագույն սկզբունքն է երեխային տալ այնպիսի կրթություն և դաստիարակություն, որը կլինի հանրակրթական դպրոցում ստացածի տրամաբանական շարունակությունը։ Այստեղ գլխավոր դեր են զբաղեցնում ծնող-մարզիչ, աշակերտ և աշակերտ, դպրոց-մարզիչ սերտ փոխհարաբերությունները, փոխադարձ տեղեկացվածությունն, աջակցությունն ու հարգանքը։  

«Մեր մարզիչները մասնագիտությամբ մանկավարժ են։ Սա օրենքով է ամրագրված։ Մեր սպորտային խմբակները դառնում են հանրակրթական դպրոցի նման մի բան՝ պարտադիր առարկա։ Մարզիչն իր վրա է վերցնում այն բոլոր պարտականությունները, որն ունեն ուսուցիչները դպրոցում։  Մենք շատ լուրջ համագործակցում ենք դպրոցների հետ. մարզիչները հաճախում են հանրակրթական դպրոցներ,  ամենայն մանրամասնությամբ ներկայացնում իրենց ծրագրերը, հետևում իրենց աշակերտների առաջադիմությանը, պայմանավորվում ու ջերմ հարաբերություններ պահպանում առաջնային կրթական օջախի հետ։ Այստեղ երեխան ստանում է նույն դաստիարակությունը, որը ստանում է դպրոցում։ Սա դառնում է հանրակրթական դպրոցի ուսումնակարգի լրացում։  Ջանում ենք մեր կենտրոնից աշակերտին ճանապարհել որպես կիրթ, հավասարակշռված մարդ  ու հասարակությանը պիտանի անդամ»։
 

Տարեկան ավելի քան 1500 աշակերտ  ոտք է դնում այս կառույց։ Սկզբում երեխան, հետո արդեն պատանին մարմնական որակյալ կրթություն է ստանում Երևանի և մարզերի՝ իրեն մոտ գտնվող մարզական կրթական հաստատություններում, մասնակցում տեղական մրցաշարերին և ստուգատեսներին, այնուհետ ցուցաբերած լավագույն արդյունքի դեպքում, հրավեր ստանում մասնակցելու միջդպրոցական, միջմարզային, քաղաքային մրցաշարերին։ Լավագույնս իրենց դրսևորած մարզիկները իրավունք են ձեռք բերում մասնակցելու միջազգային կարևորագույն մրցաշարերի և այդպիսով նոր ճանապարհներ հարթում իրենց համար։


Տարեկան ավելի քան 1500 աշակերտ մարմնական կրթությունից բացի ստանում է հնարավորություն ճանաչելու իր հայրենիքի գողտրիկ անկյունները, շփվելու մարզերի, քաղաքների իր հասակակիցների հետ, ծանոթանալու ու ճանաչելու իր պատմությունը։
«Արդեն հիսուն տարի է, ինչ սպորտով եմ ապրում։ Առաջին հերթին սպորտն առողջություն է, իսկ առողջությունն ու երջանկությունը մարդու գոյության կենսական անհրաժեշտ հանգամանենքր են։ Դժվար է մարդուն երջանիկ պատկերացնել, եթե նա հիվանդ է »,- մի փոքր թեմայից մեզ կտրելով աասում է պրն Մեհրաբյանը։ Կառույցն իհարկե ունի նպատակ ունենալու հարուստ ռեզերվներ, սակայն այն գործում է յուրաքանչյուրի համար՝ ըստ իր նախասիրության, տրամադրվածության ու նպատակների։ Մեկն ուզում է աշխարհը գրավել, մյուսը՝ ուղղակի լավ ֆուտբոլ խաղալ կարողանալ, ուժեղ լինել կամ արագ վազել։  
«Երեխան վատը չի լինում, ուղղակի պիտի կարողանաս ի սկզբանե տալ նրան այն, ինչը դրական ազդեցություն կունենա նրա զարգացման, մարդկային արժեքների ու սկզբունքների ձևավորման մեջ։ Մենք աշխատում ենք երեխաների հետ բոլոր տեսանկյուններից լինելով ուշադիր ու լրացնելով բոլոր հնարավոր բացերը։ Սպորտը թույլ է տալիս, որ մարդը դառնա դրական, չլինի ագրեսիվ, անկանխատեսելի։ Դրան զուգահեռ մեր հոգատարությունը, անպատճառ, ունենում է իր դրական ազդեցությունը ոչ միայն ուժեղ մարմնի, այլև ամուր հոգու կայացման գործում»,- Արա Մեհրաբյան՝ ԿԵՍ ԴԱՐ ՍՊՈՐՏՈՒՄ ։

 

ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ