Հինգշաբթի, Հոկտեմբեր 19, 2017

 11:06

ԼՐԱՀՈՍ

Որակյալ մասնագետներ բուժհաստատություններին

Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում կրթադաստիարակչական գործունեությունը զուգակցվում է ազգային հայրենասիրական գաղափարներով, մարզական առողջ ոգով և արվեստի բարձր արժեքներով : Ավելի քան 90 տարի շարունակ այս ուսումնական հաստատությունը ոչ միայն պարզապես կադրեր է պատրաստել առողջապահության համակարգի միջին մասնագիտական սեկտորի համար, այլ նաև կյանք ուղարկել հայրենիքի համար իր աշխատանքի կարևորությունը գիտակցող, ազգային արժեքները գնահատող, առողջ ապրող ու դատող երիտասարդներ:

Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջը` Հայաստանում միջին մասնագիտական բժշկական կրթությամբ կադրերի պատրաստման առաջին ուսումնական հաստատությունն է: Այն հիմնվել է 1921թ. մանկաբարձ-գինեկոլոգ Գրիգոր Արեշյանի կողմից: Տարիների ընթացքում ուսումնական հաստատությունը կազմավորվեց ու կայացավ որպես Երևանի բազային բժշկական ուսումնարան: Հետագայում ուսումնարանի բազայի հիման վրա ստեղծվեցին բժշկական ուսումնարաններ և մասնաճյուղեր տարբեր շրջաններում` Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Արմավիրում, Արարատում, Դիլիջանում, Գավառում, Հրազդանում, Մարտունիում, նաև  Երևանում, որոնք հետագայում  վերակազմավորվել են առանձին ուսումնական հաստատությունների, բայց մեթոդական և ծրագրային ուղեցույցները ստանում են Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջից:

1992թ-ից մինչ օրս քոլեջի տնօրեն է բ.գ.թ. Մկրտիչ (Սերժ) Էմիլի Մկրտչյանը, որը ղեկավարում է ՀՀ պետական բժշկական քոլեջների տնօրենների խորհուրդը:

Քոլեջի համար ծանր մարտահրավեր եղան 1990-ականներըª կապված երկրի համակարգային փոփոխությունների հետ: Փլուզվեց ԽՄ-ը, խզվեց ուսումնամեթոդական գրականության մատակարար կենտրոնիª Մոսկվայի հետ կապը: Բացի այդ, չկար հայերեն լեզվով մասնագիտական գրականութուն:

Հիմք ընդունելով միջազգային փորձը, Առողջապահության միջազգային կազմակերպության, Վիեննայի, Ալմա-Աթայի, Գալիցինոյի կոնֆերանսների դեկլարացիաները, ինչպես նաև 1993 թ. Մոսկվայում կազմակերպված ՙՆոր քույրեր նոր Ռուսաստանի համար՚ միջազգային գիտապրակտիկ երկամսյա կոնֆերանսը, որին մասնակցել էր տնօրեն Մ. Մկրտչյանը և բերել էր այնտեղից նյութեր, ժամանակի հրամայական պահանջը դարձավ միջնակարգ մասնագիտական կրթական բարեփոխումների իրականացումը մեր հանրապետությունում: Սակայն այս բարեփոխումները ունեին դժվարություններ: Անհրաժեշտ էր հարստացնել նյութատեխնիկական բազան, կրթել կրթողներին, ստեղծել մասնագիտական գրականություն հայերեն լեզվով:

Ժամանակակից համաշխարհային չափանիշներին համապատասխան որակյալ կրթություն ապահովելու համար քոլեջը 1996թ. իրականացրեց ծրագրային փոփոխություններ, բուժքույրերի և մանկաբարձների բազային կրթությունն սկսվեց իրականացվել եռամյա կրթական պլաններով, ուսումնական ծրագրերը փոխվեցինª ելնելով առողջապահական համաշխարհային կազմակերպության կողմից ներկայացվող պահանջներից :  Արդյունքում   Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի դիպլոմը ճանաչվում է ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք երկրներում.  դա նշանակում է, որ քոլեջի շրջանավարտները առանց խոչընդոտի կարող են միջին բուժաշխատողի կարիերա սկսել նաև արտերկրում:

Տարիների ընթացքում բարելավվեցին քոլեջի շենքային պայմանները, քանի որ այն անբարեկարգ  պայմաններում էր գտնվում, տարիներ շարունակ չէր վերանորոգվել:

Քոլեջի տնօրենª Մ.Մկրտչյանի ջանքերով այն հիմնովին վերանորոգվեց, համապատասխանեցվեց ժամանակի պահանջներին: Քոլեջում ուսանողների համար ստեղծվեցին լավագույն պայմաններ: Բոլոր առարկաների համար գործում են դիտողական պարագաներով, տեսա-լսողական սարքերով կահավորված կաբինետներ և լաբորատորիաներ, դասերը անց են կացվում տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած լսարաններում, որոնք համապատասխանում են կրթական չափորոշիչների պահանջներին ըստ մասնագիտությունների: Լսարանների և լաբորատորիաների հագեցվածությունը շատ կարևոր է, քանի որ ուսումնական գործընթացի գործնական մասը քոլեջում կազմում է ծրագրերի մոտ 65 տոկոսը: Ինչ վերաբերվում է բժշկական հաստատություններում անցկացվող ուսումնա-արտադրական պրակտիկաներին, քոլեջը համագործակցում է Երևանի և մարզերի գրեթե բոլոր խոշոր կլինիկաների, պոլիկլինիկաների, ծննդատների և  գիտահետազոտական կենտրոնների, դեղատնային ցանցերի հետ: Բոլոր այս կենտրոնները ունեն համապատասխան պայմանագրեր ուսումնական և արտադրական պրակտիկաները կազմակերպելու համար, իսկ որոշ հաստատություններում քոլեջը ունի նաև վարձակալած տարածքներ:

Ամբիոնների դասախոսների կողմից, մեթոդական կաբինետի երաշխավորությամբ և հանրապետության անվանի մասնագետների գրախոսականներով մշակվել և տպագրվել են շուրջ 58 անուն ուսումնամեթոդական ձեռնարկներ և դասագրքեր` հայերեն լեզվով, նախատեսված միջին մասնագիտական կրթությամբ բուժաշխատողների համար և այդ բոլորը տրամադրվել է նաև հանրապետության մյուս մասնագիտական պետական բժշկական ուսումնական հաստատություններին: Գրադարանը այս քոլեջի հպարտությունն  էª  ունի մոտ 70.000 գիրք:

2013թ-ից ՀՀ ԿԳ նախարարության կողմից փորձնական նպատակով քոլեջում իրականացվում է մոդուլային ուսուցում հետևյալ մասնագիտություններով`  ՙԴեղագործություն՚, ՙՄանկաբարձական գործ՚, ՙԲուժ. կոսմետոլոգիա՚:  Կատարվել են ծրագրային փոփոխություններ,  ամբիոնների կողմից մշակվել են օրինակելի ուսումնական պլաններ և մոդուլյային ծրագրեր, ստեղծվել են մեթոդական մշակումներ, ուսումնական ձեռնարկներ, բաժանողական նյութեր:

2014թ. ՙՀամազգային վստահության խորհուրդ՚ մրցանակաբաշխության ժամանակ ՙՄիջին մասնագիտական կրթությամբ առողջապահական ոլորտի տարվա որակյալ մասնագետներ պատրաստող՚ անվանակարգում հաղթող  ճանաչվեց  ԵՊՀԲՔ:

 Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջը իրականացնում է նաև հանրակրթական 9-ամյա կրթություն ունեցող դիմորդների ընդունելություն: Այս ուսանողները մեկ տարի անցնում են ավագ դպրոցի խտացված ծրագիրը, իսկ հետո սկսում մասնագիտական ուսուցումը: ՙՔույրական գործ՚ և ՙՄանկաբարձական գործ՚ բաժիններում ուսման տևողությունը կազմում է միջնակարգ կրթությամբ դիմորդների համար 3 տարի, իսկ հիմնական կրթություն ունեցողների համար 4 տարի: ՙԴեղագործություն՚, ՙԱտամնատեխնիկական գործ՚, ՙԲուժական կոսմետոլոգիա՚ բաժիններում միջնակարգ կրթությամբ ուսման տևողությունը 2 տարի է, իսկ հիմնական կրթությամբ` 3 տարի: Գերազանց և բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները  կարող են շարունակել ուսումը ՀՀ պետական բուհերի 2-րդ կուրսերում հեռակա ուսուցմամբ` քոլեջի և մի շարք բուհերի միջև կնքված պայմանագրերի համաձայն :

Կրթական գործընթացը թերի կլինի, եթե չունենա գաղափարական խթաններ և հոգևոր արժեքային հիմք : Կարելի է ասելª Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջը դարձել է Նժդեհյան գաղափարախոսության ինքնատիպ կրողներից մեկը: Այստեղ մեծ ուշադրություն է դարձվում ազգային հայրենասիրական դաստիարակությանը: Քոլեջում ստեղծվել է Փառքի սրահ, որտեղ ներկայացված են հայ ազգային հին ու նոր հերոսներիª Նժդեհի, Անդրանիկի, Սպարապետի և հայ մյուս հերոսների նկարներն ու կենսագրականները : Նրանց շարքում է ընդգրկվել նաև Արցախի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակի անկյունը. Ռ. Աբաջյանը եղել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի շրջանավարտ, նրա անունով է կոչվել նաև քոլեջի լաբորատորիաներից մեկը: Այդ քառօրյա պատերազմի օրերին շուրջ 120 ուսանողներ ցանկություն հայտնեցին մեկնել Արցախ: Քոլեջի կողմից կազմվեցին ջոկատներ, կազմակերպվեց կարճատև վերապատրաստման ծրագիր տեղային պատերազմի ժամանակ վիրավորներին անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու և տեղահանելու մասին :Իրենց ձեռքբերած հմտությունները ուսանողները նաև ցուցադրեցին քոլեջի մարզահրապարակում, ստանալով համապատասխան վկայականներ: Հայրենասիրական այս ոգին ուսանողների մեջ սերմանվում է ուսանելու առաջին տարվանից: Քոլեջի բարձրագույն պարգևատրումը ՙԳարեգին Նժդեհ՚  անվանական ներքոլեջային կրթաթոշակն է, որը բաղկացած է վկայականից, կրծքանշանից և ամենամսյա կրթաթոշակից, որը տրվում է լավագույնս դրսևորած ուսանողներին:

Ի դեպ նժդեհյան գաղափարների կրողն ու ջատագովներից  է քոլեջի տնօրեն, երկար տարիներ ԵԿՄ վարչության անդամ Մկրտիչ (Սերժ) Մկրտչյանը, որը ակտիվ մասնակցություն է ունեցել Կապանի ինքնապաշտպանության, կամավորականների ջոկատների կազմավորման հարցերում, հետագայում նրա հովանավորությամբ տպագրվել են նժդեհյան գաղափարախոսությանը, Նժդեհի կենսագրությանը  վերաբերող բազմաթիվ գրքեր: 2002թ. նրա նախաձեռնությամբ և հովանավորությամբ Կապանում կառուցվել է Նժդեհին նվիրված հուշահամալիր:

Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում բարձր մակարդակով իրականացվում է ոչ միայն մասնագիտական ուսուցումը: Այստեղ մեծ ուշադրություն է դարձվում ուսանողական կյանքն ավելի հագեցած ու հետաքրքիր դարձնելուն ուղղված միջոցառումներին: Բարձր մակարդակի վրա է դրված ֆիզկուլտուրայի և սպորտի հարցը : Այստեղ սովորում են անհատական մարզաձևերով զբաղվող մարզիկներ, ովքեր պարբերաբար գրանցում են նորանոր հաջողություններ: Բայց քոլեջի հպարտությունը վոլեյբոլի աղջիկների ՙՆժդեհ՚ թիմն է: Այն երեք անգամ դարձել է համահայկական խաղերի չեմպիոն, ՀՀ բազմակի չեմպիոն է, 15-ակի գավաթակիր: Երևան քաղաքի 16-ակի չեմպիոն, միջազգային տարբեր մրցաշարերի հաղթող: Այս հաղթանակներում, իհարկե, իր անգնահատելի ներդրումն ունի քոլեջի ֆիզղեկ, պրոֆեսիոնալ վոլեյբոլիստ Խաչիկ Ասմարյանը: Սակայն քոլեջի ուսանողական կյանքը միայն մարզական հաջողություններով չէ առանձնանում : Քոլեջի երգչախումբը ՙՍայաթ Նովա՚ երգչախմբային երաժշտության մրցանակաբաշխությունում գրավել է երկրորդ տեղը, Օդեսայում կայացած միջազգային երգչախմբայինՙՅուժնայա Պալմիրա՚ փառատոնումª նվաճել է պատվավոր 1-ին տեղը:

Երբ ուսանողական կյանքը հագեցած է տարատեսակ միջոցառումներով ու մրցույթներով, ավելանում են սովորելու, մասնագիտանալու, զարգանալու խթանները, մեծանում է սերը ուսումնական հաստատության հանդեպ, և արդյունքներն էլ ավելի դրական են լինում : Ի դեպ քոլեջում բավական ակտիվ է գործում նաև ուսանողական խորհուրդը, որն ինքն է շատ հաճախ ներկայանում տարբեր առաջարկներով: Դա ապահովում է դասախոս-ուսանող-ղեկավարություն անմիջական կապը,  օգնում հասնել ցանկալի արդյունքների:

Փոխադարձ այցելությունների միջոցով քոլեջը համագործակցություններ է հաստատել Ռուսաստանի Ֆեդերացիայի առողջապահության նախարարության ուսումնագիտամեթոդական կենտրոնի, Բելգիայի Տուրնաուտ քաղաքի Հիվսենտ բժշկական քոլեջի, Էստոնիայի Տարտու քաղաքի համալսարանի, Վիլնյուսի բժշկական քոլեջի հետ: Մեթոդական օգնություն է ստացվ ել Նորվեգիայից, Շոտլանդիայից ժամանած մասնագետների կողմից:

Քոլեջը ներգրավվել է Հայաստանում գործող մի շարք միջազգային ծրագրերի,  Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ՙԸնտանեկան բուժքույերի՚ հետդիպլոմային վերապատրաստման ծրագրին, այսինքն իրականացվել է նաև լրացուցիչ կրթական ծրագիր: Դոնոր կազմակերպությունների աջակցությամբ 2006-2010թ.,  համագորձակցելով առողջապահության ազգային ինստիտուտի ընտանեկան բժշկության ամբիոնի հետ, իրականացվել է թվով 465 գյուղական բուժական մանկաբարձական կետերի և 35 բուժամբուլատորիաների բուժքույրերի 6-ամսյա վերապատրաստում բուժքույրության ծրագրով:

      Քոլեջը մշտապես սերտ կապի մեջ է պրակտիկ առողջապահության ոլորտի` քույրերի միավորման հետ: Համագործակցելու նպատակն է`  համախմբել բուժքույրերի ջանքերն ու հնարավորությունները զարգացնելու քույրական գործը Հայաստանում, նպաստել բուժքույրերի մասնագիտական գիտելիքների և փորձի խորացմանն ու ընդլայնմանը, նրանց սոցիալական խնդիրների լուծմանը, համագործակցել օտարերկրյա քույրական կազմակերպությունների հետ:

ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ