Շաբաթ, Դեկտեմբեր 16, 2017

 22:47

ԼՐԱՀՈՍ

Արդյունավետ համագործակցություն՝ կադրային լուրջ բազա

«Եթե Հայաստանը սկսի ներկրել ավելի մեծ քանակով ադամանդ, ինչպես անում էր ժամանակին, ապա կկանգնենք լրջագույն խնդրի՝ ադամանդագործների դեֆիցիտի առաջ»,-ասում է Երևանի Զարդակիրառական արվեստների արհեստագործական պետական ուսումնարանի կառավարման խորհդրի նախագահ Սերյոժա Աբրահամյանը: Եվ ուսումնարանի տնօրեն Անդրանիկ Հովհաննիսյանի հետ միասին նա նախատեսում է ստեղծել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մշակման բաժին, որը կօգնի լուծել կադրային խնդիրը, միևնույն ժամանակ կնպաստի Հայաստանում թեթև արդյունաբերության զարգացմանը:

Պարոն Աբրահամյան, կպատմե՞ք, թե ինչպես սկսեցիք համագործակցել Երևանի Զարդակիրառական արվեստների արհեստագործական պետական ուսումնարանի հետ:

-Մինչ ուսումնարանի կառավարման խորհրդի նախագահ դառնալը մեր ընկերությունները (խոսքը «Դի Փի Էյ» ՍՊԸ-ի և «Ավա Պլյուս» ՓԲԸ-ի մասին է, որոնց կազմում գործող ադամանդագործական արտադրամասերը ժամանակին զբաղվում էին Հայաստան ներկրվող ադամանդի մշակմամբ), մշտապես եղել են ուսումնարանի կողքին՝ օգտակար լինելով կթօջախի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու հարցում: Այժմ էլ «Սոգլասիե-Արմենիա» ընկերությունը, որը ես եմ ղեկավարում, զբաղվում է մի շարք միջոցառումների, այդ թվում՝ ուսումնարանի 50-ամյակին նվիրված ցուցահանդեսի կազմակերպմամբ: Փորձում ենք նյութատեխնիկական միջոցներով հարստացնել կրթական հաստատությունը: Ճիշտ է` այս ուսումնարանը չեմ ավարտել, բայց բարձր եմ գնահատում նրա առաքելությունը: Զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանը մեր երկրի առաջատար կրթօջախներից է, որը սաներին ուսուցանում է արհեստի գաղտնիքներն ու հմտությունները՝ոսկերչություն, արծաթագործություն, քարի և փայտի գեղարվեստական փորագրություն, խեցեգործութուն, գորգագործություն, ասեղնագործություն, գոբելենագործություն, բատիկա, դերձակություն, մանրանկարչություն: 50 տարիների գործունեության ընթացքում կրթօջախը մեր երկրին տվել է հմուտ վարպետ-արհեստավորներ: Լավագույն շրջանավարտներն աշխատել են նաև մեր ընկերությունում:

Համագործակցությունը սկսվեց այն ժամանակ, երբ ուսումնարանի տնօրեն դարձավ Անդրանիկ Հովհաննիսյանը: Մենք ընդհանուր եզրեր գտանք, որոշեցինք մյուս բաժինների կողքին բացել և զարգացնել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մշակման բաժինը: Այժմ Հայաստանում գործում են ընդամենը մեկ-երկու ադամանդագործական հաստատություններ, որոնք աշխատում են շատ փոքր ծավալներով: Բայց եթե Հայաստանը ներկրի ավելի մեծ քանակով ադամանդ, ինչպես անում էր ժամանակին, ապա կկանգնենք լրջագույն խնդրի՝ կադրերի դեֆիցիտի առաջ. լավագույն ադամանդագործներից շատերն արտագաղթել են երկրից: Իսկ այս ուսումնարանը կօգնի լուծել կադրային խնդիրը: Միևնույն ժամանակ կնպաստի թեթև արդյունաբերության զարգացմանը:

Այսինքն՝ ծրագրում եք ստեղծել ադամանդագործության բաժին՝ ոչ միայն մասնագիտական գիտելիքներ տալով սաներին, այլև նրանց ապահովելով աշխատատեղերով:

- Եթե մեզ հաջողվի ծրագիրն իրականացնել, ուսումնարանում կանցկացվեն վճարովի դասընթացներ: Ինչպես գիտեք, այստեղ ուսման տևողությունը հիմնական ընդհանուր կրթությամբ (9-ամյա) 3 տարի անվճար ուսուցմամբ է, տրվում է նաև կրթաթոշակ, իսկ միջնակարգ ընդհանուր կրթությամբ (12-ամյա)՝ 1 տարի վճարովի ուսուցմամբ է: Այդպիսով, կրթական հաստատությունը կունենա որոշակի շահույթ, որը կուղղվի ուսումնական գործընթացի բարելավմանը, ինչի շնորհիվ կարող ենք, օրինակ, ջեռուցման համակարգ տեղադրել:

Ուսումնարանի տնօրենի հետ միասին բանակցություններ ենք վարում տարբեր կազմակերպությունների և ձեռնարկությունների հետ, որպեսզի շրջանավարտներն անգործ չմնան: Իսկ եթե Հայաստանը կրկին զբաղվի ադամանդի լայնածավալ ներկրմամբ, այդժամ կվերագործարկվեն նաև «Դի Փի Էյ» ՍՊԸ-ի և «Ավա Պլյուս» ՓԲԸ-ի ադամանդագործական արտադրամասերը: Նախ մենք կկրթենք սաներին, իսկ լավագույններին կվերցնենք աշխատանքի:

Իսկ ի՞նչ քայլեր եք ձեռնարկում ծրագիրը կյանքի կոչելու ուղղությամբ:

- Ծրագիրն իրականացնելու համար ֆինանսական լուրջ ներդրումներ են հարկավոր: Տեխնիկական վերազինման խնդիր կա. հարկավոր են հաստոցներ, մանրադիտակներ և այլն: Հույս ունենք, որ այդ խոչընդոտը կկարողանանք հաղթահարել: Թեպետ, եթե պահը հասունացավ, պատրաստ ենք որոշ ժամանակահատվածով մեր ադամանդագործական արտադրամասերի մի հատվածը տրամադրել ուսումնարանին:

Կարևոր է նաև պետական մոտեցումը: Նախորդ տարիներին պետությունն աջակցեց բարեկարգելու ուսումնարանի տանիքը, բայց առ այսօր մի շարք խնդիրներ մնում են չլուծված: Ուսումնարանը գտնվում է Երևանի ամենաբարձրադիր վայրերից մեկում և չունի ջեռուցման համակարգ: Իսկ երեխաներն այստեղ սովորում են արհեստ` ոսկերչություն, փայտի փորագրում, բրուտագործություն… Ուսումնարանը կոչվում է զարդակիրառական, իսկ զարդեր պատրաստվում են ձեռքերով, երեխայի ձեռքերը պետք է տաք լինեն, որպեսզի կարողանա ազատ գործել:

Կրթօջախը գործում է Կրթության և գիտության նախարարության ենթակայության ներքո: Տնօրենը բազմիցս խնդիրը ներկայացրել է իրենց: Անդրանիկ Հովհաննիսյանի հետ փնտրում ենք արդյունավետ տարբերակներ՝ հաղթահարելու մի շարք դժվարություններ: Սակայն մեծամասշտաբ խնդիրների լուծումը լուրջ ծախսերի և ներդրումների հետ է կապված: Ըստ իս, պետական աջակցությունն այդ դեպքում պարտադիր է, եթե, իհարկե, ցանկանում ենք, որ մեր երեխաներն ինչ-որ բան սովորեն, որ իրենց օրվա հացը վաստակեն:

Խոսեցիք ապագա պլաններից, որոնք կնպաստեն ուսման որակի բարձրացմանը, իսկ ներկայում ո՞ր ուղղություններով եք համագործակցում:

- Փորձում ենք զարգացնել հայկական ավանդական մշակույթի այն ոլորտները, որոնք կարծես թե հետընթաց են ապրել: Օրինակ՝ գորգագործությունը, ապակու գունազարդումը, ոսկորի վրա աշխատանքը, դրվագումը՝ հայտնի չիգանկան, երևի թե բոլորիս տներում ժամանակին եղել է: Փորձում ենք նաև համագործակցության եզրեր գտնել մի շարք կազմակերպությունների հետ, որոնք մեր սաների համար հետագայում կհանդիսանան գործատուներ: Այսինքն ՝ մենք օգնում ենք պատանիներին մասնագիտական կողմնորոշման հարցում՝ ստեղծելով ապագայի հեռանկարներ:


 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ