Հինգշաբթի, Հոկտեմբեր 19, 2017

 11:20

ԼՐԱՀՈՍ

Կրթության արդի հիմնախնդիրները աշխարհում, Հայաստանում. Սերոբ Խաչատրյան

ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ

-Խնդրում եմ ձևակերպեք կրթության նպատակը 21-րդ դարի մարտահրավերների համատեքստում՝ ա)աշխար-հում, բ) Հայաստանում:

Հայաստանում և ոչ միայն Հայաստանում կրթության առաջնային նպատակը տնտեսության պահպանումն է, որովհետև աշխարհաքաղաքական սցենարներից մեկն այն է, որ ապագայում հնարավոր է աշխարհում լինեն մի քանի երկրներ միայն, որոնք էլ կապահովեն բարեկեցություն: Այն, որ հիմա մարդիկ այդքան գնում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ, Կանադա, Գերմանիա և այլն, բնավ պատահական զարգացումներ չեն: Մի բնազ-դային բան կա, որ մարդիկ զգում են, թե կան երկրներ, որտեղ այևս անհնար է ապրել: Հիմա այս համատեքս-տում, մենք պե՞տք է ունենանաք ազգային կրթական համակարգով տնտեսությամբ մի երկիր, ահա, այս է բուն հարցը:

- Խոսենք Հայաստանում մատուցվող կրթության որակի և դրա աշխարհում ընդունված կրթական չափորոշիչ-ների համապատասխանության մասին: Այստեղ խոսենք նաև ազգային կրթության մասին: Օրինակ` մի բան է, որ մենք Բոլոնյան կրթական համակարգի մաս ենք կազմում, մի այլ բան է, թե որքանով ենք մենք կարողացել կամ կարողանում ազգայնացնել այն:

Իմ կարծիքով ցանկացած կրթական համակարգ ինքը ազգային համակարգ է: Լավագույն կրթական հա-մակարգն այն է, որը կարողանում է այն համապատասխանեցնել իր ազգային առանձնահատկություններին: -Կանադան, Ֆինլանդիան, Սինգապուրը, Հարավային Կորեան, Չինաստանը զարգացած, աշխարհի առաջատար երկրներ են: Բայց, ի՞նչն է հետաքրքիր. երբ մանրամասն վերլուծում ենք նշված երկրից յուրաքանչյուրի կրթա-կան համակարգը, պարզվում է, որ շատ տարբեր են իրարից: Այսիքն` այն ինչ անում է օրինակ Ֆինլանդիան, -Չինաստանն անում է դրա հակառակը, Սինգապուրը լրիվ մի այլ բան է անում: Այստեղից մասնագետները բխեցնում են, որ ամեն ազգ, ամեն պետություն պետք է գտնի իր ճանապարհը: Եվ դա ճիշտ է, որովհետև Հայաս-տանը չի կարող Ֆինլանդիայի ճնապարհով գնալ, որովհետև Ֆինլանդիան ուրիշ հարևաններ ունի, ուրիշ պատմություն, աշխարհագրական լրիվ ուրիշ դիրք: Ֆին ժողովրդի խառնվածքն էլ ուրիշ է: Սրանք շատ կարևոր բաներ են: Հետևաբար, կրթությունը լինում է միայն ազգային: Հիմա Հայաստանի սխալը որն է, որ այս տարինե-րի ընթացքում մենք տարբեր տեղերից ինչ-որ բաներ ներմուծեցինք, այս բառը հատուկ եմ ասում, որովհետև մեր սխալներից մեկն այն է, որ կրթությունը համարում ենք ապրանք, որ կարելի է դրսից ներմուծել ու տեղում իրացնել: Այնինչ, կրթությունը չեն ներմուծում, այլ ստեղծում ու ձևավորում են, այսինքն` պետք է հաշվի առ-նես, թե տվյալ դեպքում հայ ժողովուրդն ինչ առանձնահատկություններ ունի: Չեմ ասում չհետևենք ուրիշ երկրների փորձին, բայց հետևանեք այնքանով, որքանով այն մեզ պետք է: Նույն բոլոնյան համակարգը մենք կի-սատ-պռատ ենք բերել, թեև, եթե ամբողջական էլ բերեինք, էլի լավ չէր լինելու: Բոլոնիայից մենք բերում ենք այն, ինչը մեր պետության համար շատ բեռ չէ, բայց այն մասը, որ պահանջում է ֆինանսական ներդրումներ` չենք բերում, էկլեկտիկ բան ենք անում: Պատկերավոր ասած՝ նույնն է, թե մերսեդեսի շարժիչը զապորոժեցի վրա տեղադրես: Հիմա մենք էլ շատ լավ շարժիչներ ենք ներմուծել դրսից, բայց քանի մեքենան սա է, չի աշխա-տելու: Մենք դեռ չունենք սենյակային տարրական պայմաններ, սրան գումարած դասախոսների ծանրաբեռն-վածությունը: Մեր իրականության մեջ կան դասախոսներ, որ երկու-երեք բուհում աշխատում են` շաբաթական 30 ժամ: Այսպիսի զբաղվածություն ունեցող դասախոսը դառնում է ընդամենը դասատու, և այլևս նա չի կարո-ղանա անհատական աշխատանք տանել ուսանողների հետ, գիրք կարդալ, հոդվածներ, գրքեր գրել, հետազո-տություն անել:

- Ստացվում է, որ մենք արդեն քառորդ դար է կրթկան ոլորտում անընդհատ փորձարարություններ ենք անում, փորձում ենք որոշակի բաներ տրանսֆորմացնել, սակայն ստացվում է դեֆորմացիա: Այս ընթացքը ազգային կրթության տեսակետից ի՞նչ աստիճանի վնաս է հասցնում, գուցե որոշ դեպքերում անդառնալի կամ անվերա-կանգնելի:

-Ընդհանրապես, կրթական համակարգում փորձարարությունն ինքնին վատ բան չէ: Աշխարհում նույնիսկ ա-մենալավ երկրներում պարբերաբար փոփոխություններ կատարվում են կրթական ոլորտում: Սակայն մեր խնդիրն այն է, որ մենք լավ չենք պատրաստվում ռեֆորմներին և, ամենակարևորը, համակարգը չենք պատ-րաստում: Լինկոլնը մի լավ խոսք ունի, ասում է, եթե ինձ տան կացին և 6 ժամ` փայտ կոտրատելու համար, ես 4 ժամը միայն կծախսեմ կացինը սրելու վրա: Այսինքն` մենք մարդկանց չենք համոզում, չենք բացատրում բարե-փոխության անհրաժեշտությունը և բախվում ենք նախևառաջ ներքին դիմադրության: 2005 թվականից բոլոն-յան համակարգի մեջ ենք. դասախոսներից քանի՞ տոկոսն է համաձայն այս համակարգին, մի տասը տոկոսը հազիվ լինի: Հիմա տեսեք, եթե ռեֆորմների առաջամարտիկը չպետք է լինի ուսուցիչը, տնօրենը, դասախոսը, ռեկտորը, ապա ո՞վ պետք այդ ռեֆորմն իրականացնի: Սրա համար էլ ոչ մի բարեփոխում չի մտնում ո՛չ լսա-րան, ո՛չ դասարան: Ես միշտ մեր կրթական համակարգը համեմատում եմ ծովի հետ, որի վրա անընդհատ ա-լիքներ են, ինչ որ փոփոխություններ են, սակայն խորության վրա կատարյալ հանդարտ է: Ճիշտ եք, իհարկե, երբ ասում եք, որ ինչ որ բաներ կարող են անդառնալի լինել, որովհետև կրթության համակարգի սպեցիֆիկան այն է, որ այն շատ աննկատ է քանդվում… Օրինակ՝ խորհրդային կրթական համակարգը շատ թերություններ ուներ, բայց անգրագետ ուսուցիչներ, ըստ էության, չուներ: Բոլորն իրենց առարկային տիրապետում էին, բայց հիմա ունենք նոր սերնդի ուսուցիչներ, որոնք իրենց իսկ առարկան լավ չգիտեն, որովհետև, ասենք` 7 միավո-րով են ընդունվել բուհ: Հիմա, երբ դու քո առարկայի բովանդակությունը չգիտես, ինչպե՞ս պետք է ոգևորես ա-շակերտին: Եվ ցավոք սրտի, այսօրինակ ուսուցիչները մնում են կրթական համակարգում մինչև թոշակի տա-րիքը: Այստեղ արդեն կորուստն անդառնալի է, որովհետև 30-40 տարի պետք է սերունդն հանդուրժի այս տե-սակ ուսուցիչներին, քանի որ նախ մի որոշ ժամանակ հետո ուսուցիչների մեծ մասն այլևս ոչինչ անել չի կարո-ղանում`բացի դասավանդելուց, ապա` նման ուսուցիչներին ազատելու մեխանիզմներ չկան:

- Հայաստանյան կրթական ցենզը ո՞րքանով է ապահովում աշխատաշուկայի պահանջարկը:

Շատ վատ: Առաջին փաստն այն է, որ մեր իրականության մեջ մեծ մասն իր մասնագիտությամբ չի աշ-խատում: Հետո, մեզանում ընդունելությունը լինեում է ըստ մոդայի, օրինակ` միջազգային հարաբերություն-ներ. լավ է հնչում: Բայց եկեք տեսնենք, թե տարեկան քանի հոգի է պետք միջազգային հարաբերությունների մասնագետ, երբ ունենք ընդամենը մեկ համապատասխան նախարարություն, որն ընդունենք առավելագույնը 200 աշխատող ունի: Նույնը պատկերն է նաև մնացած այլ, այսպես կոչված, պահանջված մասնագիտություննե-րի դեպքում: Սրան հակառակ, կան իսկապես պահանջված մասնագիտություններ, որոնց անվանումները գու-ցե մի քիչ գրավիչ չեն, սակայն տեղերը թափուր են: Ստացվում է պարադոքսալ մի վիճակ՝ այնտեղ, որտեղ աշ-խատանք կա, գնացող չկա, որտեղ չկա` դիմորդները շատ են: Հետո մի շատ կարևոր փաստ էլ. մեր դասախոս-ների հիմնական մասը տեսաբան է: Ստացվում է, որ մենք էլ ուսանողներին պատրաստում ենք դասխոսական կարիերայի: Իսկ քանի հոգի է դառնում դասախոս` ամեն կուրսից երևի մեկ-երկուսը: Ուրեմն՝ մեզ պետք է դա-սախոսական այնպիսի կազմ, որը նաև գործնական հմտություններ ունի: Եթե մի մարդ գոնե հինգ հոգանց կո-լեկտիվ չի ղեկավարել երբևէ, ինչպես է մենեջմենթ դասավանդում: Ես կուզեի, որ դասախոսները ոչ թե լրիվ, այլ կես դրույքով դավանադեին՝ մնացած մասը հատկացնելով պրակտիկ գործունեությանը: Որովհետև հաճախ մի ամբողջ օր լսարանի պատերից ներս անցկացնող դասախոսը լավ չի պատկերացնում, թե ինչ է կատարվում իր մասնագիտության պրակտիկ ոլորտում:

Պետք է մատնանշեմ մեկ այլ խնդիր ևս, որ հայաստանյան բուհերի կառավարման պրոցեսը բավականին քա-ղաքականացված է, այնինչ, ըստ իս, բուհերի կառավարման խորհուրդները պետք է ղեկավարեն բիզնեսմեննե-րը, խոշոր գործատուները, որոնք քաջատեղյակ կերպով կձևավորեն առաջարկ-պահանջարկի սխեման: Սրա-նով բուհերը գործնական լայն բազաներ կունենան, պրակտիկաները ձևական չի արվի: Թեև մի քանի դրական օրինակներ կան, ինչպես Սինոփսիսը, որը մի քանի բուհերում ստեղծել է մասնագիտություններ և հենց բուհից ինքն իր համար կադրեր է պատրաստում: Հաջորդ ցավոտ խնդիրը հենց փողն է. բուհ պահելու համար շատ փող է պետք, մանավանդ, որ պետությունն այս բեռը կրում է 20-25 տոկոսով: Այս պարագայում կամ բուհերը պետք է գնան խոշորացման, որ պետությունն ունենա քիչ բուհ, բայց որակյալ կրթություն, կամ մնա այնպիսին, ինչպիսին կա: Իհարկե, հասկանալի է, որ կառավարությունը ոչ մի բուհի չի ուզում կպնել, որովհետև կսկսվի սոցիալական բունտ:

- Խնդրում եմ նշեք հայաստանյան կրթական համակարգի 3-ական ձեռքբերում և թերացում հետանկա-խության շրջանում:

Սկսենք լավից: Առաջինը, որ անկախ պետություն լինելու շնորհիվ մեզ համար բացվեց աշխարհը, և -հիմա մենք հնարավորություն ունենք տեսնելու, շփվելու և յուրացնելու միջազգային փորձը: Նախկինում մեր դասախոսները Մոսկվայից կամ Լոմոնոսովի համալսարանից այն կողմ չէին կարողանում անցնել: Երկրորդը՝ դասագրքերի վարձակալության համակարգն է, որի բացակայության դեպքում 3 աշակերտ ունեցող մեկ ընտա-նիքը մինչև 100 հազար դրամ կարող էր վճարել դասագրքերի ձեռքերման համար, իսկ հիմա միայն 20-25 տո-կոսն է վճարում` վարձակալելով դասագրքերը: Երրորդն էլ այն է, որ ազատ մտածող ուսուցիչներին, դասա-խոսներին հնարավորություն է տրվում ավելի կատարելագործվելու, ավելի ստեղծագործաբար մոտենալու ի-րենց գործին:

Բացասական երևույթներից առաջինն այն է, որ մենք հիմա ունենք բևեռացված կրթական համակարգ, այսինքն` ուզում ես լավ կրթություն, գնա թանկ դպրոց կամ թանկ համալսարան, որից էլ հատկապես տուժում են ոչ ունևոր, բայց տաղանդավոր երեխաները: Իսկ Խորհրդային կրթական համակարգը կարողացել էր քիչ, թե շատ համաչափ զարգանալ. գյուղերում էլ, փոքր քաղաքներում էլ, Երևանում էլ կրթության որակը նույնն էր: Այժմ, նույնիսկ Երևանում է ոչ համաչափ զարգանում կրթությունը: Հաջորդը շատ վատ կադրային քաղաքակա-նությունն է: Եթե ժամանակին Հայաստանի դպրոցները ճանաչում էինք իրենց տնօրեններով, որոնք ճանա-պարհ անցած մարդիկ էին, հիմա ժառանգականության սկզբունքով, ասում են էս ինչի աղջիկը, կինը կամ հարսն է էս ինչ դպրոցի տնօրենը: Նույնն է նաև ուսուցչական կազմի դեպքում: Այսինքն` ուսուցիչների և տնօ-րենների ընտրությունը շատ կոռումպացված է: Սա շատ վատ է, որովհետև ուսուցիչի աշխատանքն ունի մուլ-տիպլիկատիվ էֆեկտ. մեկ վատ ուսուցիչը հարյուրավոր, հազարավոր մարդկանց է վնաս տալիս, հետո այդ վնասը գնում և պրոյեկտվում է հասարակության մեջ: Երրորդ հետընթացը հատկապես դպրոցական դասագր-քերի բովանդակությունն է: Հետանկախության շրջանում մեկ էլ պարզվեց, որ բացի հայոց լեզվի ու գրականութ-յան և հայոց պատմության դասագրքերից, դասագիրք գրողներ, կազմողներ չունենք, որովհետև նախկինում մնացած բոլոր առարկաների դասագրքերը գրվում և կազմվում էին Մոսկվայում: Եվ զավեշտալին այն է, որ այս ընթացքում ոչ մի դրամ չի ծախսվել Հայաստանում դասագիրք գրելու մշակույթը ձևավորելու և զարգացնելու ուղղությամբ:

Իբրև վերջաբան մեջբերեմ Արիստոտելի հետևյալ խոսքը` կրթության արմատները դառն են, իսկ պտուղները՝ քաղցր:


 


 


 


 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ