Երկուշաբթի, Դեկտեմբեր 11, 2017

 13:33

ԼՐԱՀՈՍ

Կրթության արդի հիմնախնդիրները աշխարհում, Հայաստանում. Արամ Մեհրաբյան

«ԱՅԲ» կրթական համակարգում գործող Դիլիջանի կենտրոնական դպրոցի տնօրեն
 

-Խնդրում եմ ձևակերպեք կրթության նպատակը 21-րդ դարի մարտահրավերների համատեքստում:

-Մարտահրավերը, որ արդեն մոտենում է վտանգավոր սահմանին՝ մարդը սպառողով փոխարինելն է: Եվ այս համատեքստում կրթության նպատակը պետք է լինի մարդուն հավատարիմ պահել իր կոչմանը, կարողանալ դիմադրել հետարդյունաբերական այս ամբողջ դրամային, որի ականատեսն ենք: Հիշենք հայտնի ճշմարտութ-յունը, որ ամենամեծ կապիտալը մարդն է և մարդկային ստեղծագործությունը: Ուստի, նախ մարդը պետք է հասկանա՝ ո՞րն է իր կոչումը, ի՞նչ արժեքներ է անվերապահորեն դավանում, որպեսզի կարողանա այս սպա-ռողական հորձանուտը, որի մեջ բոլորս կամա, թե ակամա հայտնվել ենք, որոշակի մեղմել, որովհետև իսպառ վերացնել հնարավոր չէ:

- Խոսենք Հայաստանում մատուցվող կրթության որակի և աշխարհում ընդունված կրթական չափորոշիչների համապատասխանության մասին: Այստեղ խոսենք նաև ազգային կրթության մասին. ըստ Ձեզ՝ ո՞րն է ազգային կրթության սահմանումն ու էությունը:

-Նախ պետք է նկատենք, որ որակը կախված է բավարարության զգացումից: Հետո պետք է հասկանալ` ում կող-մից է պահանջված այդ որակը և ով է որակի շահառուն: Այլապես, ընդհանուր, վերացարկված որակ գոյություն չունի: Անպայման պետք է լինի մի կողմ, որը բավարարված է այդ որակից: Որպեսզի ունենք կրթության որակի մասին որոշակի պատկերացում, անհրաժեշտ է առնվազն երկու սուբյեկտ` աշխատաշուկան, որը կգնահատի կրթության որակը` իրեն անհրաժեշտ մասնագետների պատրաստվածությամբ, և նախկին ուսանողը, որը կհամադրի իր պատկերացումներն ու սպասելիքները ստացած կրթության արդյունքի հետ` ինչ տվեց իրեն կրթությունը և որքանով օգնեց իր անձի կայացմանը: Այստեղ անհրաժեշտաբար պետք է խոսել մեր իրակա-նության մեջ համառաբար պահպանվող ուղղագիծ կրթության մասին` մանկապարտեզ, դպրոց, բուհ: Իսկ մի-ջին մասնագիտական` արհեստների, կրթությունը լրիվ օտարվել է մեր կրթական համակարգից: Տեսեք, պե-տությունը երբեմն այս կամ այն ոլորտը հռչակում է գերակա, այստեղ արդեն համամասնությունը խախտվում է, և այդ դոմինանտությունն ուղղակի անդրադառնում է կրթության ու աշխատաշուկայի վրա: Վերջին հաշվով, պետություն կոչվածը միայն շուկայական հարաբերությունները չեն: Եթե պետությանը նայենք որպես հումա-նիտար հասկացություն՝ մարդու կողմից ստեղծված համակեցության ձև, ուրեմն, հումանիտար գիտություննե-րը պետք է զարգացած լինեն: Այլապես, ուժեղ պետություն չես կարող ունենալ. սա է իմ համոզմունքը: Եվ այս համատեքստում ինձ անհանգստացնում է հումանիտար կրթության ոլորտը, որը դրսևորվում է մայրենի լեզվի միջոցով ու մայրենի լեզվի մեջ: Եվ հումանիտար գիտությունների գիտական ու միջգիտական երկխոսության մեջ է հենց ձևավորվում ազգային կրթությունը: Պայմանական ասած`բնագիտական առարկաներն «անհայրե-նիք» են, ֆիզիկան` ֆիզիկա է, քիմիան` քիմիա, և սրանք առանձնապես կապված չեն քո լեզվի հետ: Լեզու ասե-լով` նկատի ունեմ նաև ազգային մշակույթն ու արվեստը: Եվ եթե դու քո կրթական համակարգում ներառում ես սրանք, ուրեմն մատուցում ես ազգային կրթություն: Այլապես, ազգային կրթությունն, ըստ իս, այլ սահմանում չունի. այն մեր մշակութային կեցությունն է, ապրելակերպն առհասարակ: Եթե պատմական այս հատվածում հայն այսպիսինն է, ուրեմն`այդպիսինն է նաև ազգային կրթությունը: Վաղը գուցե փոխվենք` հետևելով մեր իղ-ձերին, երազանքներին, երևակայություններին, դառնանք մեկ այլ որակի: Ստացվում է, որ ինքնության հարցը պերմանենտ կամ անընդհատ պրոցես է, որը ոչ մի սահմանման կամ դոգմաների մեջ չի տեղավորվում:

-Ըստ Ձեզ՝ հայաստանյան կրթական ցենզը ո՞րքանով է ապահովում աշխատաշուկայի պահանջարկը:

- Բազմանիստ հարց է, և մի գործիքով հնարավոր չէ սպառիչ պատասխան տալ: Գիտեմ, որ գործատուների կող-մից փորձ արվում է՝ կոնկրետ ոլորտներում մասնակցություն ունենալ կրթական պրոցեսին, և որոշակի պա-հանջարկ ձևավորել: Ենթադրում եմ, որ հարցը ավելի շատ վերաբերում է պետական կրթական ծրագրով գոր-ծող բուհերի պատրաստած կադրերին: Այստեղ նախ պետք է հասկանալ պետության պատկերացումները կրթության մասին: Սակայն, անկեղծ ասած, չգիտեմ՝ պետությունն ինչ նպատակներ է դրել կրթության առաջ և ինչ նպատակներ է հետապնդում կրթության միջոցով: Գոնե ինձ համար դրանք անհասկանալի են: Եթե դու համալսարանի դասախոսին 40-50 հազար դրամ ես վճարում, փոխարենը՝ դատական համակարգի կամ պատ-գամավորի աշխատավարձը տասն անգամ գերազանցում է դասախոսի աշխատավարձին, ուրեմն, մեղմ ասած, այս ոլորտն այնքան էլ չես կարևորում: Այլապես, եթե մի բան ինձ համար կարևոր է, դրա համար ես պետք է վճարեմ: Իմ պատկերացմամբ՝ մեր երկրի նման երկրում, ուսուցիչը, կրթությունն առհասարակ, ամենաբարձր վարձատրվող ոլորտը պետք է լիներ: Որքան ես գիտեմ, ԱՄՆ-ում քոլեջի դասախոսը վճարվում է մինչև ութ հա-զար դոլար ամսական, իսկ բուհերի դասախոսներ աշխատավարձերը հասնում է մինչև 30-35 հազարի: Համադ-րելի՞ են արդյոք այս թվերը մեր պարագայում: Դրա համար էլ ուղեղների արտահոսք է լինում, որոնք պահանջ-ված են արտերկրների աշխատաշուկաներում, որի համար չես կարող մեղադրել նրանցից ոչ մեկին:

-Խնդրում եմ՝ նշեք հայաստանյան կրթական համակարգի կարևոր ձեռքբերումներն ու թերացումները հետան-կախության շրջանում, եթե, իհարկե, ուսումնասիրել եք և հայտնի են Ձեզ:

-Ամբողջ հարցն այն է, որ որոշ ոլորտներ դեռ չեն ճաշակել անկախության իմաստը, այս թվում՝ և կրթությունը, որը դեռևս խորհրդային համակարգի շարունակությունն է, որն ունի մի պարզ պատճառ՝ տեղի չի ունեցել հա-մապատասխան սերնդափոխություն: Այ, երբ կլինի այս սերնդափոխությունը, որը կլինի նաև բովանդակային, այդ ժամանակ կարող ենք խոսել իրական փոփոխությունների մասին:

- Առանձնացրեք, խնդրում եմ, «ԱՅԲ» կրթական համակարգի կողմից մատուցվող կրթության այն առանձնա-հատկությունները, որոնք մրցունակ են դարձնում այս համակարգում գործող դպրոցներին:

-Պետք է նշեմ, որ «ԱՅԲ» դպրոցը մեկուսացված էլիտարիզմի հարց չի դրել, դրել է այլընտրանքի հարց: Երբ մենք խոսում են կրթական որևէ համակարգի մասին, նախ պետք է հասկանանք, թե գաղափարը որտեղից է ծա-գել: Տվյալ դեպքում՝«ԱՅԲ» կրթական համակարգը ծնվել է մի ավելի մեծ՝ պետականաստեղծման գաղափարից, որն անմիջապես կապվում է սերնդափոխության հետ: Այսինքն՝ մենք՝ որպես նորանկախ պետություն, ի՞նչ ենք փոխանցելու հաջորդ սերունդներին: Մեր խորին համոզմամբ՝ մշակութային իրական տրանսֆորմացիան կամ կերպափոխությունը տեղի է ունենում հենց կրթությունից: Սրան էր միտված «ԱՅԲ»-ի ստեղծումը՝ ամբողջ ջանքերի ներդրումը, որ վաղն ունենանք լրիվ այլ որակի մարդ ու քաղաքացի, ով ի վիճակի կլինի ճաշակել ինքնաարարման բերկրանքը: «ԱՅԲ»-ը՝ որպես կրթության փորձարարական այլընտրանք, նախ խթանում է ստեղծագործականությանը, և կրթական պրոցեսն ամբողջովին, հաշվի առնելով նաև միջավայրը, ստեղծված պայմանները, տեխնիկական արհեստների լոբորատորիաները, նպաստում են, որպեսզի այդ տարիքային սահ-մանին գտնվող մարդը չկաշկանդվի ոչ մի բանից՝ ինքնաարարման ընթացքի մեջ: «ԱՅԲ»-ի կրթական փիլիսո-փայությունը միտված է նաև ամբողջական, ընդհանրական մարդու ձևավորմանը, որը չի լինի կարծրացած իր մտածողության, ապրելու սկզբունքների մեջ: Գոնե մեր սերունդը լավ գիտի, թե ինչ մեծ ջանք ու եռանդ է պա-հանջվել և պահանջվում կարծրատիպերից ազատվելու հարցում: Հենց սրա համար մենք զարգացնում ենք մարդկային մի կարևոր որակ, որը երևակայությունն է և որը պայմանավորում է մարդու ազատության չափը: Մեզնից ավելի շատ ջանք է պահանջվում՝ զարգացնել երևակայության ստեղծագործ ուժը: Թերևս, միակ հաղ-թաթուղթը սա է, որը մեր պետությանը, առաջիկա 50-100 տարվա կտրվածքով, կդարձնի մրցունակ համաշ-խարհային առումով: Եվ «ԱՅԲ»-ի ամբողջ համայնքը՝ ուսուցիչներ, ծնողներ, հովանավորներ, մասնակիցներ, հենց ուժեղ պետություն ունենալու ջատագովն է: Սա է բոլորիս իղձն ու նպատակը:


 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ