Երեքշաբթի, Մայիս 30, 2017

 07:32

ԼՐԱՀՈՍ

Հեռանկարային քայլեր մանկապատանեկան սպորտում

Մանկապատանեկան սպորտի զարգացումն ամբողջ աշխարհում վաղուց նորություն չէ: Մինչդեռ Հայաստանում ակնհայտ դրական փոփոխություններ նոր-նոր են նկատվում: Մանրամասները՝ Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի նախագահ Արա Մեհրաբյանի հետ հարցազրույցում:

 -Այսօր Հայաստանում ինչպե՞ս է զարգանում մանկապատանեկան սպորտը, ֆիզդաստիարակության ի՞նչ մշակույթ ունենք մենք:

2004 թվականին ՀՀ Ազգային ժողովը ընդունեց Մանկապատանեկան սպորտի մասին ՀՀ օրենքը (ես այդ օրենքի մշակմանը անմիջական մասնակցություն եմ ունեցել), որն իմ կարծիքով նպաստեց մանկապատանեկան սպորտի զարգացմանը: Սակայն օրենքի ընդունումից հետո չմշակվեցին համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվային փաստաթղթեր, որոնք ուժ կտային օրենքի կիրառման գործընթացին:

Այսօր հանրապետությունում հիմնականում զարգանում են մենապայքարային մարզաձևերը, ֆուտբոլը և շախմատը: Ընդ որում, պետք է նշել, որ բյուջետային հիմնական միջոցներն ուղղված են այդ մարզաձևերի զարգացման գործին: Արդյունքում այն մարզաձևերը, որոնք ամրագրված են «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ծրագրում: Ձմեռային մարզաձևերը, ատլետիկան, գիմնաստիկան, սեղանի թենիսը, լողը, գեղարվեստական մարմնամարզությունը, բասկետբոլը, վոլեյբոլը, հանդբոլը գրեթե չեն ֆինանսավորվում: Այս մարզաձևերի ֆեդերացիաները չունեն ինքնակառավարման բավարար հզորություններ՝ չունենալով պետական կառավարման մարմինների հովանավորությունը և աջակցությունը:

Պետությունը պետք է համաչափ մոտեցում ցուցաբերի երեխաների կրթության հնարավորություններին և նախասիրություններին ու, հաշվի առնելով նրանց ազատ ժամանցի արդյունավետ կազմակերպումը, ապահովի մասնագիտական լիարժեք ինքնուրույնությունը:

Այստեղ կարևորում եմ մանկավարժների դերը, որովհետև այդ ուղղությամբ երեխաների դաստիարակությունը սկսվում է հենց առաջին դասարանից, և մանկավարժը ապագա մարզիկներ կրթելու գործում իր կարևոր տեղն ունի: Իսկ հետագայում արդեն մարզաձևերի ազգային ֆեդերացիաներն են ստանձնում այդ դերը. նրանք առանձին մշակված ծրագրերով, միջոցառումներով, մրցաշարերով բարձրացնում են սպորտով զբաղվելու անհրաժեշտության գիտակցությունը:

-Այդ առումով Ձեր՝ Դպրոցականների հանրապետական  մարզական ֆեդերացիան ի՞նչ խնդիրներ և նպատակներ ունի:

-Մեր ֆեդերացիան «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության մասն է կազմում և գործում է 2006 թ-ից: Ֆեդերացիան իր հիմնական ու կոնկրետ նպատակն ունի՝ դպրոցներում զարգացնել առողջ ապրելակերպ դպրոցականների ֆիզդաստիարակության միջոցով: Մենք աշակերտներին ուղղորդում ենք դեպի ֆիզկուլտուրան, սպորտը իրենց առօրյա ժամանցի մի մասը դարձնելուն: Ֆեդերացիան նաև նպաստում է, որ հանրակրթական դպրոցներում զարգանա մանկապատանեկան սպորտը: Այսօր ամբողջ աշխարհում այդ ոլորտում մեծ շարժ կա, և մենք փորձում ենք հասնել միջազգային ստանդարտներին: Օգնում ենք հանրակրթական դպրոցներին ձևավորել տարբեր մարզաձևերի՝ ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի հավաքական թիմեր, այսինքն՝ թիմային հաղթանակը ևս կարևորում ենք: Հաջորդ կարևոր խնդիրը մարզական բոլոր տիպի միջոցառումների կազմակերպումն է Հայաստանում, ինչպես նաև դպրոցականների մասնակցությունը այլ երկրներում անցկացվող առաջնություններին:

-Եվ ի՞նչ մասնակցություններ ու նվաճումներ են եղել:

2007 թ. հունիսի 6-ին Գվատեմալայում կայացած ՄՕԿ-ի 119-րդ համաժողովում որոշվեց, որ պետք է անցկացվեն ամառային և ձմեռային պատանեկան օլիմպիական խաղեր: 2010 թ. Սինգապուրում կայացան առաջին օլիմպիական խաղերը, իսկ 2014 թ. Նանկինում կայացան 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերը, որին մասնակցելու համար Հայաստանը ձեռք բերեց 14 ուղեգիր: Հայաստանի Հանրապետությունը պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերի ոչ պաշտոնական թիմային հաշվարկով գրավեց 29-րդ տեղը և վաստակեց 2-ական ոսկե, 2-ական արծաթե և 3-ական բրոնզե մեդալներ:

Ուրախությամբ պետք է նշեմ, որ 2011թ. Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիան դարձավ Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի լիիրավ անդամ: Այդտեղից ամեն տարի ստանում ենք  ծրագրեր, թե ինչ միջոցառումներ են նախատեսվում, և մենք արդեն նախապես պատրաստվում ենք դրանց:

2013 թ. հայ մարզիկներն առաջին անգամ դպրոցականների համաշխարհային գիմնազիադային մասնակցելու իրավունք ձեռք բերեցին: Դրա շրջանակներում Բրազիլիայում անցկացվող մրցաշարերում պատանի շախմատիստ Մանուել Պետրոսյանը արժանացավ ոսկե մեդալի, լողորդ Վահան Մխիթարյանը, ինչպես նաև ձյուդոիստներ Սամվել Խաչատրյանը և Գևորգ Խիթարյանը արժանացան բրոնզե մեդալների, ինչը զգալի ձեռքբերում է: 2014թ. ֆեդերացիայի սաները մասնակցել են սեղանի թենիսի, վոլեյբոլի, հանդբոլի և ֆուտ-զալի աշխարհի առաջնություններին:

Այս տարի հայ բասկետբոլիստները մասնակցեցին Ֆրանսիայում անցկացվող դպրոցականների աշխարհի առաջնությանը: 2016թ. սպասվում են ֆուտբոլի, բադմինտոնի, սեղանի թենիսի, վոլեյբոլի և գիմնազիադայի մրցաշարեր: Այս բոլոր միջոցառումները նույն նպատակին են ուղղված՝ զարգացնել մանկապատանեկան սպորտը:

-Ի՞նչ արժեհամակարգ է ձևավորվում դպրոցականների մեջ ֆիզդաստիարակության միջոցով, որովհետև դուք աշխատում եք մատաղ սերնդի հետ, ովքեր անհատապես ձևավորված չեն:

-Գիտե՞ք, մեր գործը պատասխանատու և փոքր-ինչ բարդ գործ է, որովհետև ընտանիքներում երեխաները տարբեր դաստիարակություն են ստանում, և քիչ ընտանիքներ կան, որ զբաղվում են երեխաների ֆիզդաստիարակությամբ կամ երեխայի մեջ զարգացնում են սպորտով զբաղվելու անհրաժեշտության գաղափարը: Առաջին կարևոր խնդիրը նրանց մեջ ինքնավստահություն, մարզաձևերի հանդեպ հետաքրքրություն և իհարկե հայրենասիրություն ձևավորելն է: Նրանք պիտի քաջ գիտակցեն, որ եթե մասնակցում են միջազգային մրցաշարերին, ուրեմն իրենց առջև մեծ հնարավորություններ են բացվում: Իսկ մեր խնդիրը այդ ճանապարհը բացելն է նրանց համար: Պատասխանատվության գիտակցում են ձեռք բերում, որ իրենց դպրոցը ներկայացնելուց բացի մի ամբողջ հանրապետություն են ներկայացնում: Բացի այդ չմոռանանք, որ միջազգային մրցաշարերը կարևորվում են ոչ միայն մասնագիտական տեսանկյունից: Մրցաշարերն անցկացվում են գրագետ ռազմավարությամբ, որովհետև ժամանցը կազմակերպելու գործոնը նույնպես կարևորվում է: Մարզիկները հնարավորություն են ստանում շփվելու, ընկերանալու միմյանց հետ, կազմակերպվում են պարի, երգի երեկոներ, մասնակիցները ներկայացնում են իրենց ազգային մշակույթը, այսինքն տեղի է ունենում մշակույթների փոխանակում: Այս ամենն իր հերթին ունի ճանաչողական և ուսուցողական նշանակություն:

 

«Երևակ» ամսագիր

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ