Ուրբաթ, Հուլիս 28, 2017

 18:59

ԼՐԱՀՈՍ

Երաշխավորված կրթություն աշխատաշուկայի համար

Դառնալ պահանջված մասնագետ և ունենալ աշխատանք, ինչու՞ չէ՝ կարիերա ստեղծել արտերկրում կամ միջազգային կազմակերպություններում. այս ամենն անհնար է պատկերացնել առանց որակյալ կրթության: Բայց ո՞րն է որակյալ կրթությունը, որքանո՞վ է այն մատչելի, որտե՞ղ այն ստանալ, և արդյո՞ք մեր բուհերը համապատասխանում են որակյալ կրթության ժամանակակից պահանջներին: «Երևակի» զրուցակիցը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն է:

-Գիտակրթական ոլորտում ի՞նչը առավել պետք է կարևորվի: Ի՞նչ մարտահրավերներ են կանգնած ժամանակակից կրթության առաջ:

-Բոլոր ժամանակներում կարևորվել ու կարևորվում է կրթության որակը, որը պետք է համապատասխանի ժամանակակից պահանջներին: Իսկ մարտահրավերները շատ են: Նախ` մեծ է մրցակցությունը, որն ինքնին բուհերին պարտադրում է բարձրացնել կրթության որակը, ուսանողին տալ այնպիսի գիտելիքներ, ինչպիսին տալիս են զարգացած համալսարանները, hետո` դիմորդների թվաքանակի կրճատումը, որը լուրջ խնդիր է: Այսօր ուսանողը ցանկացած մասնագիտության գծով ընտրության լայն հնարավորություններ ունի ինչպես Հայաստանում, որտեղ գործում են արտասահմանյան շատ բուհեր և դեռ ավելանում են, այնպես էլ արտերկրում, որտեղ հայ ուսանողը կարող է ազատ սովորել: Իսկ կրթության որակը միայն մեկ գործոնով չէ պայմանավորված: Դա գործոնների շարք է, որը սկսվում է  այն բանից, թե ովքեր են ընդունվում տվյալ բարձրագույն ուսումնական հաստատություն, ինչ դասախոսական կազմ ունի այն, ինչպիսի ծրագրեր, դասավանդման մեթոդներ, գրականություն, գրադարանային ֆոնդ, ինչ կապեր ունի աշխատաշուկայի և գործատուների հետ և վերջապես՝ ինչ ներքին միջավայր: Այնպես որ, բոլոր բուհերն ուղղակի դատապարտված են բարձրացնել կրթության որակը, այլապես ապագայում կրթության շուկայում տեղ չեն ունենա:

 - Պետական բուհերում կրթությունն ավելի թանկ է, քան մասնավոր: Միգուցե կարի՞ք կա պետական ֆինանսավորման ավելացման:

-Պետությունը տրամադրում է  այնքան, որքան հնարավոր է: Միգուցե որոշ մասնագիտությունների համար, որոնք կարևոր են, անհրաժեշտ, բայց քիչ է դիմելիությունը, հատուկ ներդրումներ արվեն: Օրինակ՝ ես կողմ չեմ, որ մեր բուհում պետբյուջեից ֆինանսավորումը շատ լինի: Մենք երբեք, անգամ այս տարիներին, դիմորդի պակաս չենք ունեցել: Այնինչ կան բուհեր և մասնագիտություններ, որոնք առանց պետական աջակցության դատապարտված կլինեն փակման: Չեմ կարծում, որ կրթությունը Հայաստանի պետական բուհերում թանկ է, այլ երկրների համեմատ այն շատ ավելի մատչելի է, խնդիրն այն է, որ ժողովրդի վճարունակությունն է ցածր: Բայց մյուս կողմից էլ պետական բուհը համադրելի չէ հայկական մասնավոր բուհերի հետ: Ես չգիտեմ՝ որ մասնավոր  բուհը կարող է ունենալ նման պրոֆեսորադասախոսական կազմ: Սովորող ուսանողների համար կրթությունը մատչելի դարձնելու տարբեր լծակներ ունեն բուհերը: Օրինակ՝ մենք այս տարիների ընթացքում մի քանի սոցիալական ծրագրեր ենք իրականացրել. լավ սովորողներին լրացուցիչ զեղչեր ենք տրամադրում, ստեղծել ենք Ուսանողի տուն, որտեղ մարզերից եկած ուսանողները շատ մատչելի պայմաններով են ապրում, մեր ճաշարանային համակարգը շուկայականից էժան գներով է աշխատում, մինչև 100 ուսանողներ անվճար են հանգստանում «Տնտեսագետ» մարզաառողջարանային ճամբարում: Պայմանավորվածություններ ենք ձեռք բերում տարբեր ֆինանսական կառույցների, անհատների հետ, պատահում է՝ ինքներս ենք հավաքում: Երբեք, մանավանդ լավ սովորող երեխան երբեք դուրս չի մնա բուհից ուսման վարձի պատճառով:

-Կրթական ոլորտը բաժանվել է Բոլոնյան և խորհրդային կրթական մոդելների կողմնակիցների բանակների: Ինչպե՞ս եք գնահատում այս համակարգերը, ո՞րն է արդյունավետ:

- Դրանք ուղղակի համադրելի ու համեմատելի չեն: Ես խորհրդային կրթություն եմ ստացել. ասել` դա վատ էր իր ժամանակում, իհակե չի կարելի: Այն ժամանակ ուրիշ էր նաև դիպլոմի ճանաչելիությունը, չէ՞ որ Խորհրդային Միությունը աշխարհի 1/6-րդ մասն էր կազմում: Իսկ հիմա` մեր օրերում, մենք կարո՞ղ ենք չինտեգրվել եվրոպական կրթական չափանիշներին: Եթե մեր  դիպլոմը ճանաչելի եղավ միայն Հայաստանում, կկորցնի իր արժեքը: Այսօր կրթական շուկան բաց է,  կրթությունը միայն Հայաստանով չի սահմանափակվում, մեր շրջանավարտները իրենց դրսևորում են նաև եվրասիական և եվրոպական տարածքներում: Ուսանողն ուզում է բակալավրիատը ավարտել այստեղ, մագիստրատուրան` Եվրոպայում: Այստեղ լավի կամ վատի խնդիր չէ, այլ նորի ու հնի: Ու եթե նոր է, դժվար է ընդունվում, մի քիչ անհասկանալի է, չի նշանակում, թե վատ է: Խորհրդային համակարգը ավելի հասկանալի է, ծանոթ, նոստալգիայով են հիշում և այլն: Բայց դա էլ թերություններ ուներ, որոնք դեռ մինչև վերջ չեն հաղթահարվել: Օրինակ` պետք է փոխել քննական համակարգը. ուսանողն անընդհատ քննական պրոցեսի մեջ է: Եվրոպական բուհերում ուսանողն այդքան չի մտահոգվում թվանշան ստանալու մասին, կամ սուբյեկտիվ թվանշան ստանալու հասկացողություն չկա: Այսինքն՝ ուսանողը գնում է կրթություն ստանալու: Այստեղ ուսանողների մի մասը գնում է դիպլոմ ստանալու: Դրանք տարբեր բաներ են:  Չմոռանանք նաև, որ կրթության որակի վրա, թող վերացական չթվա, մեծ ազդեցություն ունի նաև հասարակությունը, որը պիտի պահանջատեր լինի, նույն ծնողը, բարեկամը: Ոչ թե միջնորդություններ անեն, որ իրենց ուսանողը թվանշան ստանա, այլ բուհից պահանջեն իրենց վճարի դիմաց համապատասխան որակի կրթության ապահովում: Այդ միջնորդությունները խանգարում են ուսանողներին, որոնք ավելի շատ մտածում են ոչ թե սովորելու, այլ թվանշան ստանալու մասին: Բուհերը պետք է ձգտեն միջազգայնացման, ընդլայնեն իրենց արտաքին կապերը: ՀՊՏՀ-ում հիմնել ենք միջազգային ծրագրերի կենտրոն, որն արդեն 7 միջազգային ծրագիր է շահել: Մեր և կառավարության ջանքերով բուհում գործում է նաև Բրիտանական դպրոցը, որը տեղում մագիստրոսի եվրոպական դիպլոմ ստանալու հրաշալի հնարավորություն է ընձեռում հայ ուսանողին: Այս ամենը կրթության որակը շարունակաբար բարձրացնելու գործոնների համալիր է, որը պիտի զարգացնենք ու կատարելագործենք: Հին համակարգից ժառանգել ենք մեկ այլ թերություն էլ. այն տալիս էր ընդհանուր գիտելիքներ՝ առանց պրակտիկ փորձի: Պետք է այս թերությունն էլ շտկել, խորացնել կապերը գործատուների հետ: Կրթության որակի առաջին գնահատողը գործատուն է, գիտելիքը, փորձն ու հմտությունը պետք է բավարարի աշխատաշուկայի պահանջներին:

-Իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում աշխատաշուկայի պահանջները բավարարելու համար

-Տնտեսագետների պահանջը մեծ է: Մասնագիտացված մեծ կառույցներ կան` Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, այլ նախարարություններ, Կենտրոնական բանկ, Հայաստանի առևտրային բանկեր, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, ապահովագրական ընկերություններ, մասնավոր ոլորտի կազմակերպություններ: ՀՊՏՀ-ը այս կառույցների մեծ մասի հետ ունի համաձայնագրեր ու կրթական շարունակական ծրագրեր է իրականացնում: Մենք ունենք փոխադարձ շահ. բուհը ուզում է տալ որակյալ կրթություն` պրակտիկ փորձի հիման վրա, իրենք էլ ուզում են ունենալ կրթված, որոշակի փորձով ու հմտություններով  աշխատակից: Ոչ մի լավ սովորող անգործ չի մնում, կարևորը սա է: Բուհը պարտավոր է երաշխավորել, որ լավ սովորողը աշխատաշուկայում տեղ կունենա, իսկ այս համագործակցությունների արդյունքում դա արդեն հնարավոր է: Բացի այդ ես ինքս էլ եմ գործատու: Վերջին 4 տարում 50 գերազանցիկների մեր համալսարանում տեղավորել եմ աշխատանքի` լուծելով նաև սերնդափոխության խնդիրը: Մեր «Ամբերդ» գիտահետազոտական կենտրոնում հետազոտությամբ են զբաղվում և աշխատավարձ են ստանում ոչ միայն դասախոսները, այլև բարձր կուրսերի, մագիստրատուրայի ուսանողները: Ասեմ ավելին, երբեմն ուսանողներն իրենք են թեմաներ առաջարկում, որոնք կիրառական նշանակություն ունեն:

-Իսկ հաջողվու՞մ է կրթության նույն որակն ապահովել բուհի մասնաճյուղերում` Եղեգնաձորում և Գյումրիում:

-Ոչ այնքան: Իհարկե փորձում ենք, դասախոսներ ենք ուղարկում, բայց դժվար է բարձր որակ ապահովելը: Օրինակ Եղեգնաձորի մասնաճյուղը. չկա պրոֆեսորադասախոսական կազմ, չկա գրադարանային արդիական ֆոնդ և այլն:

- Այս տարին ՀՊՏՀ-ի համար հոբելյանական է: Ի՞նչ է ժառանգել բուհը նախկին հասարակական համակարգից և ի՞նչ է ստեղծում այսօր:

-Այո, 2015-ը հոբելյանական տարի է. նշում ենք բուհի հիմնադրման 85 և համալսարանից առանձնալու, Ժողովրդական տնտեսության ինստիտուտ դառնալու 40 ամյակները: Ժառանգել ենք համալսարանի շինությունները, իսկ մնացածը` ծրագրեր, դասագրքեր, գրադարանային ֆոնդ, ստեղծել ենք գրեթե զրոյից: Հետխորհրդային շրջանում մասնագիտությունների մեջ ամենադժվար կայացողը հենց տնտեսագիտությունն էր, որովհետև մյուս  մասնագիտություները հասարակարգի հետ այնքան մեծ կապ չունեն, ինչպես տնտեսագիտությունը: ԽՄ փլուզումից և պլանային տնտեսության վերացումից հետո մեր բուհի և՛ մասնագիտությունները, և՛ առարկաները, և՛ դասագրքերը 100 տոկոսով դուրս եկան կիրառությունից: Շուկայական հարաբերությունների հաստատումը հրատապ դարձրեց մասնագիտությունների արդիականացումը, նոր դասագրերի ստեղծումը, նոր ծրագրերի ու դասընթացների կազմումը: Այսօր բուհը այդ շարունակական պրոցեսի մեջ է, որ կարողանանք պատրաստել շուկայական տնտեսավարման կառուցակարգերի զարգացմանը համահունչ բարձրորակ մասնագետներ:

 

«Երևակ» ամսագիր

 

 

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ