Երկուշաբթի, Դեկտեմբեր 11, 2017

 13:35

ԼՐԱՀՈՍ

Հայ զարդարվեստի փորձի փոխանցում

Հայկական ժողովրդական ասացվածքն ասում է՝ արհեստավորը մինչև կեսօր է սոված: Հավանաբար այս ասացվածքի հեղինակները հենց ոսկերիչ-արծաթագործները, քարի և փայտի գեղարվեստական փորագրողները, խեցեգործները, մանրանկարիչները, գորգագործները, ասեղնագործները, գոբելենագործները կամ դերձակներն են եղել, քանի որ հենց այս վարպետներով է հարուստ եղել հայկական աշխարհը, և հենց այս վարպետներն են պահպանել ու մինչև մեր օրերը հասցրել զուտ հայկական արվեստը, զարդանախշերը և մշակույթը: Հենց այս մասնագիտությունների ստեղծած արտադրանքով են հայերը հայտնի դարձել ամբողջ աշխարհում: Այսօր այս արհեստների վարպետներն իրենց  գիտելիքներն ու արհեստի նրբությունները փոխանցում են երիտասարդ սերնդին:

 

 Գիտության և կրթության նախարարության Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանում  սովորեցնում են ոսկերիչ-արծաթագործի, քարի և փայտի գեղարվեստական իրերի փորագրության, խեցեգործության, մանրանկարչության, գորգագործության, ասեղնագործության, գոբելենագործության, դերձակության և կտորի վրա նկարչության կամ, ինչպես անվանում են, բատիկի գաղտնիքներն ու ստեղծագործական հմտությունները: Սրանք արհեստներ են, որոնց տիրապետողները ստեղծում են արվեստի մնայուն գործեր: 

 Ուսումնական այս հաստատությունը ստեղծվել է 1966 թվականին: Ժամանակին այն միակ ուսումնական հաստատությունն էր տարածաշրջանում, որ  պատրաստում էր զարդակիրառական արվեստի վարպետներ: Կեսդարյա պատմություն ունեցող ուսումնարանի շրջանավարտների շարքում հայտնի մարդիկ շատ են՝ քաղաքական գործչից մինչև Ոսկերիչների միության նախագահ:  

Այսօր ուսումնարանում սովորում են 110 ուսանողներ: Բոլոր մասնագիտական խմբերում էլ սովորողներ կան, սակայն պահանջվածներից են մնում ոսկերիչ-արծաթագործի, դերձակ-մոդելավորողի մասնագիտությունները: 

Եթե ոսկերչության, արծաթագործության ոլորտում շուկայում պահանջարկ ու աշխատատեղեր կան, ապա մյուս բնագավառներում պատկերը մի քիչ այլ է: Այս ամենով հանդերձ հենց ուսումնարանի առօրյայից կարող ես կռահել, որ բոլոր խմբերն էլ ուսանողներ ունեն: 

Ինչպես նշում է ուսումարանի տնօրեն Անդրանիկ Հովհաննիսյանը, գոբելենն ու գորգագործությունը զուտ հայկական արհեստի  ուղղություններ են, և պետք է զարկ տալ այդ ոլորտների զարգացմանը: Նա հույս ունի, որ հետաքրքրությունն այս մասնագիտությունների նկատմամբ կմեծանա, քանի որ մարդիկ  կգիտակցեն՝ գալով այստեղ՝ ձեռք են բերում հստակ մասնագիտություն, արհեստ:  

Իսկ դրա համար ուսումնարանում արվում է հնարավոր ամեն ինչ: Այժմ աշխատանքներ են կատարվում ուսումնարանում տեխնիկական վերազինման ուղղությամբ: Արդեն նոր կարի մեքենաներով են հագեցած դերձակության բաժնի լսարանները: Ուսումնարանը համագործակցում է մի քանի ըներությունների հետ ուսանողների արտադրական պրակտիկան այդ ընկերություններում անցկացնելու համար:

«Բոլոր ընկերություններում էլ մեզ հայտնել են, որ լավ ուսանողներին կվերցնեն աշխատանքի: Ուրախ ենք, որ մեր ուսանողները կընդգրկվեն այդ հաստատություններում: Մենք ոսկու ազատ տնտեսական շուկայում աշխատողներ ներգրավելու համար մեր նախկին շրջանավարտների մոտ  50 հոգանոց ցուցակ ենք ներկայացրել,-նշում է տնօրենը:

Այստեղ մի ամբողջ հավաքածու է արդեն ստեղծվել այն աշխատանքներից, որոնք տարիների ընթացքում ուսումնարանին են նվիրել նրա շնորհալի ուսանողները: Նույնիսկ հասունացել է ուսումնարանում դրանց հիման վրա թանգարան ստեղծելու գաղափարը: Մտադրություն ունեն նաև կազմակերպելու շրջիկ ցուցահանդեսներ, որպեսզի շատերը հնարավորություն ունենան տեսնելու, անգամ զարմանալու, թե ինչ ինքնատիպ ու հետաքրքիր գործեր կարող են ստեղծել Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական ուսումնարանի սաները:

Ի դեպ, ուսուցումն այստեղ անվճար է հիմնական կրթությամբ դիմորդների համար: Նրանց տրվում է նաև կրթաթոշակ: Ընդունելությունը կատարվում է 9-ամյա կրթության հենքի վրա: Սակայն կարող են սովորել նաև 12 ամյա կրթությամբ դիմորդները: Ուսման տևողությունը երեք  տարի է: Ուսումնարանում արհեստագործական ուսուցմանը զուգահեռ դասավանդում են նաև դպրոցական առարկաներ: Ուսումնարանում գործում է ներառական կրթության համակարգ: Մասնագետների անմիջական մասնակցությամբ իրականացվում է սահմանափակ հնարավորություններ ունեցող ուսանողների հարմարեցում նոր սոցիալական միջավայրին, ուսուցման պայմաններին և մասնագիտությանը:

Ուսումնարանի շրջանավարտներին տրվում է պետական նմուշի դիպլոմ՝ մասնագիտական որակավորմամբ, միջնակարգ ընդհանուր կրթության վկայական, իսկ ուսումնարանն ավարտած երիտասարդները կարող են իրենց կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում: Լավագույն ուսանողները կարող են իրենց արտադրական պրակտիկան անցկացնել Երևանի ոսկերչական գործարանում, Փայտարվեստի թանգարանում և Մատենադարանում: Երևանի զարդակիրառական արվեստի ուսումնարանում միշտ էլ գիտեն՝ ինչպես պատրաստել պահանջված կադրեր, որովհետև ուսումնարանն ունի նպատակ` «Մենք պատրաստում ենք որակյալ մասնագետներ» գլխավոր կարգախոսով:

 

«Երևակ» ամսագիր

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ