Հինգշաբթի, Հոկտեմբեր 19, 2017

 16:40

ԼՐԱՀՈՍ

Հայ կրթական հիմնարկություն . կրթության հովանավոր ՝ 65 տարի

Հայ Կրթական Հիմնարկությունը (ՀԿՀ) հիմնադրվել է 1950 թվականին Լոս Անջելեսում` աջակցելու հայ ուսանողներին և կրթական հաստատություններին: Վաղ տարիներին ՀԿՀ-ն դպրոցներ է հիմնել Մերձավոր Արևելքում, այդ թվում՝  Լիբանանում, Հունաստանում և Սիրիայում: 1960-1970 թթ. ՀԿՀ-ն ԱՄՆ-ում ֆինանսավորում  էր հայկական ամենօրյա դպրոցներին: 1986թ. UCLA-ի համալսարանում հիմնադրվեց Ռիչարդ Հովհաննիսյանի անվան Հայոց նորագույն պատմության ամբիոնը, որի համար Հայ Կրթական Հիմնարկությունը նվիրաբերեց 500,000 դոլար:

1988թ.  ավերիչ երկրաշարժից հետո Հայ Կրթական Հիմնարկության ուշադրությունն ամբողջովին ուղղվեց դեպի Հայաստան, և 1991թ. անկախացումից հետո հիմնարկությունն իր գրասենյակը հիմնեց Երևանում:

Այս տարիների ընթացքում Հայ կրթական հիմնարկությունն ավելի քան 4 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանի, Արցախի և Ջավախքի 185-ից ավելի դպրոցների կառուցման և վերանորոգման համար:

 «65 տարի առաջ, երբ Հայ Կրթական Հիմնարկությունն առաջին քայլերն էր անում, նրա տարեկան անդամավճարը 500 դոլար էր:  Խորհրդանշական այդ գումարի չափը նույնն է մնացել մինչ օրս: Տարիներ առաջ, երբ երեխաներս աշխատանքի անցան, ամուսինս ասաց, որ իրենց առաջին աշխատած գումարի կեսը պետք է ուղղեն Հայ Կրթական Հիմնարկությանը: Հիշում եմ, որ տղաս առարկեց, թե՝ առաջին ստացած դրամս է: Իսկ ամուսինս ասաց , որ պետք է սովորել առաջին ստացած գումարը նվիրել բարի գործին: Այդ օրվանից 4 դպրոց են նորոգել եւ շարունակում են այս գործը»,-պատմում է Հայ Կրթական Հիմնարկության անդամ Ալիս Պետրոսյանը:

 Հայ Կրթական Հիմնարկությունն արդեն 65 տարի է, ինչ իրականություն է դարձնում ոչ միայն իր անդամների,այլեւ շատ ու շատ հայ երիտասարդների ու դպրոցականների երազանքները: 

  Իր գործունեության ընթացքում Հայ Կրթական Հիմնարկությունը հնարավորություն է ընձեռել բազմաթիվ ուսանողներին կրթությունը շարունակել Հայաստանի եւ Արցախի բուհերում` տրամադրելով նրանց կրթաթոշակ` ուսման վճարի տեսքով: 2007 թվականին, երբ ծրագիրը դեռ նոր էր մեկնարկել, ՀԿՀ-ն հովանավորում էր ընդամենը 12 ուսանողի: Այսօր նրանց թիվը հասնում է 130-ի, որից 17-ը սովորում են Արցախում: 

Մեծ թվով ուսանողներին աջակցելը հնարավոր է դարձել հիմնարկության շուրջ համախմբված հովանավորների շնորհիվ միայն: Հովանավորության են արժանանում բարձր առաջադիմությամբ, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողները: Մասնավորապես առավելություն է տրվում սահամամերձ գյուղերի ուսանողներին, արցախյան ազատամարտի մասնակից ընտանիքների զավակներին և այլն:  

Հայ Կրթական Հիմնարկությունը մեկ ընդհանուր ու հիմնական երազանք ունի. հայրենիքում ունենալ կրթված ու բանիմաց սերունդ:

Կրթաթոշակառու ուսանողներից Գևորգ Լոռեցյանը, կիսելով իր և բոլոր ուսանողների կարծիքները, ասում է.  «Կրթաթոշակն անչափ մեծ օգնություն է ոչ միայն ինձ, այլև մյուս ուսանողների համար, որովհետեւ ուսման վարձ վճարելն այսօր մեծ խնդիր է, հատկապես այն ուսանողների համար, ովքեր գալիս են մարզերից, ու խնդիր ունեն0 ոչ միայն ուսման վարձը վճարելու,այլեւ բնակության հարց լուծելու»:

Ուսանողների պարտքն է արդարացնել իրենց բարերարների սպասելիքները, ստանալ որակյալ կրթություն, կատարել կամավորական աշխատանք, այսինքն՝ եթե քեզ օգնում են, դու էլ պիտի կարողանաս օգտակար լինել դիմացինին: 

Այսօր Հայ Կրթական Հիմնարկության անդամների շարքերում են նաեւ նրանք, ում ժամանակին հիմնարկությունը հովանավորել է: Պատասխանատվության նույն բարձր զգացողությունն է, որը պակաս կարևոր արժեք չէ, քան կրթությունը: 

ԱՄՆ-ում Ռիչարդ Հովհաննիսյանի անվան կրթաթոշակ ստացած նախկին շրջանավարտ, այսօր արդեն հիմնարկության անդամ Մադլեն Մինասյանը վստահ է.  «Եթե այդ պատասխանատվությունը զգան նաև այսօրվա երիտասարդները, հնարավոր կլինի ստեղծել այն երկիրը, որն արժանի է ունենալ յուրաքանչյուր հայ»: 

Հենց բարոյական այս մթնոլորտում է, որ ՀԿՀ-ի հովանավորները հայրենիքին օգնելը իրենց գլխավոր պարտականությունն են համարում ու վստահեցնում են` ամեն ինչ անելու են հայրենիքի զարգացման գործում իրենց լուման ունենալու համար: 

ՀԿՀ  անդամ Մեդեա Քալագնամուսն էլ ավելացնում է. «Մենք պետք է օգնենք մեր հայրենիքին, որովհետեւ մենք հայրենիք ունենք շնորհիվ ձեր ծնողների, տատիկների, պապիկների, իսկ հիմա մեր հերթն է օգնել նրան զարգանալու համար»;

Բարձրագույն կրթության հովանավորությունը չի կարող ունենալ անհրաժեշտ արդյունքները, եթե հիմքը ամուր գցված չլինի: Հենց այդ հիմքի ամրացման համար ևս նույնքան լուրջ նյութական ու մարդկային միջոցներ են ներդրվում: 

Դպրոցաշինություն ռազմավարական ծրագիրը, որը երկար տարիներ է՝ իրականացնում է ՀԿՀ-ն, իր ուշադրության կենտրոնում է պահել հատկապես սահմանամերձ գյուղերի դպրոցները:

 ՀԿՀ տնօրենների խորհրդի անդամ Նշան Փիրումյանը պատմում է. «2000 թվականին Հայ Կրթական Հիմնարկությունն իր հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ որոշել էր վերանորոգել սահմանամերձ համայնքների 50 դպրոց»: Այսօր Լոռու մարզի Դարպաս գյուղի միջնակարգ դպրոցը 182-րդ վերանորոգված դպրոցն է: Դարպասի միջնակարգ դպրոցը ավելի քան հարյուր տարվա պատմություն ունի: Հիմնադրվել է 1912 թվականին: Առաջին անգամ նորոգվել է 1963-ին, իսկ հիմնական նորոգման ենթարկվել 1988 թ. երկրաշարժից հետո: Դպրոցն այսօր 203 աշակերտ ունի: Նրանք արդեն մեկ տարի է, ինչ սովորում են հիմնանորոգված դպրոցում՝ գեղեցիկ կահավորված ու ժամանակակից կրթության համար անհրաժեշտ պարագաներով դասասենյակներում, ֆիզկուլտուրայի դասերն անցկացնում ֆիզիկական դաստիարակության բոլոր պահանջներին համապատասխան` մարզական գույքով հագեցած մարզադահլիճում: 

Այս վերջին տվյալները հանգիստ կարող են իրենց վերագրել նաև մինչ այսօր վերանորոգված բոլոր185 դպրոցները. 60-ը՝ Արցախում, 10-ը՝ Ջավախքում, 115-ն էլ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում: 

Հայ կրթական հիմնարկության անդամները 65 տարի է, ինչ շարունակում են հիմնադիրների գործը` այն օրինակ դարձնելով ապագա սերունդների համար:

 

«Երևակ» ամսագիր

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ