Ուրբաթ, Նոյեմբեր 24, 2017

 19:08

ԼՐԱՀՈՍ

Հաջողակ բիզնես ավտոմատացման շնորհիվ

Գրպանում ունենալով ընդամենը 46 հազար դրամ և հույս, որ ամեն ինչ լավ է լինելու՝ երիտասարդ տնտեսագետ Գրիգոր Մակիչյանը մեկ տարի առաջ հիմնում է իր բիզնեսը՝ «Մակիչյան Քընսալթինգ» ընկերությունը, որը զբաղվում է բիզնես պրոցեսների ավտոմատացմամբ՝ օգտագործելով Հայկական Ծրագրերի կողմից մշակված ՀԾ-Առևտուր և ՀԾ-Հաշվապահ համակարգերը: Երիտասարդ բիզնեսմենը չի մոռանում նաև իր գրասենյակի պատին փակցնել գործարար Ռուբեն Վարդանյանի նկարը, ով հանդիսանում է նրա բիզնեսմենի իդեալը, և որին նա ցանկանում է գերազանցել։ Գրիգոր Մակիչյանը համոզված է՝ նպատակին հասնելու հարցում իրեն օգնում են համառությունն ու ձգտումը:

-Ի՞նչու որոշեցիք Ձեր կողմից մատուցվող ծառայությունների մեջ օգտագործել հենց Հայկական ծրագրերի լուծումները:

-Մինչև կազմակերպության հիմնումը շուրջ 5 տարի աշխատել եմ Հայկական ծրագրերում և բնականաբար շատ ավելի լավ տիրապետում եմ Հայկական Ծրագրերի կողմից մշակվող մի շարք լուծումներին: Հայաստանում կան ընկերություններ, որոնք առաջարկում են ավտոմատացման համակարգեր, որոնք իրենց ֆունկցիոնալությամբ չեն զիջում և երբեմն նաև գերազանցում են ՀԾ-Համակարգերին, բայց մեզ համար դա երկրորդական է: Ավտոմատացման համակարգ ընտրելիս առաջինը պետք է ուշադրություն դարձնել սպասարկման ձևին և որակին, գին/ֆունկցիոնալություն և օգտագործման հարմարավետություն չափորոշիչներին։ Իսկ այդ առումով Հայկական Ծրագրերը արդեն շատ երկար տարիներ է, ինչ շուկայի առաջատարն է։  

-Մեկ տարվա ընթացքում արդեն հասցրել եք  համագործակցել շուրջ 100 կազմակերպության հետ: Պատկերացնենք՝ ես հագուստ վաճառող ընկերության ներկայացուցիչ եմ, կոնկրետ օրինակով կբացատրե՞ք, թե ավտոմատացման համակարգը ոնց է աշխատում, դուք ի՞նչ եք անում որպես ընկերություն: 

-Հագուստի խանութի ավտոմատացումը ունի որոշակի յուրահատկություն, առաջին հերթին մենք սկսում ենք ապրանքները մուտքագրել ըստ հավաքածուների, բրենդների, գույների, չափսերի, մոդելների, խմբերի և այլն։ Որը հետագայում հնարավորություն է տալիս շատ խորը վերլուծություններ կատարել, օրինակ՝ եռամսյակի կամ տարվա կտրվածքով տեսնել ամենաշատը որ գույնի կամ որ չափսի հագուստն է վաճառվել, որ խմբին պատկանող ապրանքն է ավելի շատ վաճառվում կամ հակառակը՝ որ ապրանքներն են առավել շահութաբեր, որ ապրանքի առկայությունն է նպաստում մեկ այլ ապրանքի վաճառքին և այլն։ Այս վերլուծությունների հետևանքով մեր պատվիրատուները կարողանում են ավելի օպտիմալ կերպով իրենց պատվերները ձևավորել, կարողանում են ավելի լավ տնoրինել իրենց ֆինանսական միջոցները և ավելի լավ ֆինանսական պլանավորում կատարել։ Ապրանքների հաշվառման մեխանիզմը ներդնելուց հետո ներդրվում է գնորդների հաշվառման, զեղչային և կուտակային մեխանիզմներ։ Վերջին փուլով ներդրվում է կառավարչական ծախսերի հաշվառման մեխանիզմը, և ձևավորվում է ֆինանսական արդյունքի մասին հաշվետվություն։ 

-Հայաստանյան շուկայում ավտոմատացման համակարգի ներդրումն ի՞նչ փոխեց:

-Հայաստանում երբևիցե մրցակցությունն այսքան ուժեղ չի եղել, քանի որ տնտեսությունը լավ վիճակում չէ, կազմակերպությունները փորձում են ամեն հնարքներով հաճախորդ գրավել ու իրենց ծախսերը կրճատել: Չունենալով ավտոմատացման համակարգ և չտիրապետելով թվերին շատ արագ՝ հնարավոր չէ և՛ ծախսերը գրագետ նվազեցնել, և՛ կարողանալ հաճախորդ ներգրավել: Բիզնեսի գոյատևումը և զարգացումը ուղղակիորեն կախված են բիզնեսի ավտոմատացումից:

-Ստացվում է՝ Ձեր կազմակերպությունը լուծում է ձեր հաճախորդի՝ շուկայում մրցունակություն ապահովելու խնդի՞րը:

-Ճիշտ է, մեր գործունեության տեսակը բիզնես պրոցեսների ավտոմատացումն է, բայց ես կարծում եմ, որ մեր գործունեությունը նպաստում է բիզնեսի զարգացմանը և նրա մրցունակության աճին։ Ինձ թվում է՝ հագուստի խանութի ավտոմատացման օրինակով ես ցույց տվեցի, թե դա ինչպես է տեղի ունենում։ «Զարգանում է այն բիզնեսը, որը տիրապետում է համակարգված տեղեկատվության». սրանով ամեն ինչ ասված է։

-Ես քաղաքացի եմ, ով ուզում է հաշվապահական դասընթացների մասնակցել. ինչու՞ ընտրել ձեր և ոչ ուրիշ կազմակեպության դասընթացները:

-Մեզ մոտ դասընթացի մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ նվազագույն հաշվապահական գիտելիքներ, մենք ոչ թե սովորեցնում ենք տարրական հաշվապահություն, այլ պատրաստում ենք կադր, որ դասընթացն ավարտելուց հետո անմիջապես կարող է անցնել աշխատանքի: Մեր կողմից սպասարկվող կազմակերպությունները հաճախ աշխատակցի կարիք էին ունենում և շատ էին մեզ դիմում այդ հարցով, և մտածեցինք կադրեր վերապատրաստել ու տեղավորել աշխատանքի  այդ նույն կազմակերպություններում։ Այս դասընթացները որոշակի եկամուտ ու բիզնես շահ չեն հետապնդում, դրանով փորձում ենք մի քանի խնդիր լուծել. նախ որ կազմակերպություններն ավելի սերտորեն համագործակցեն մեզ հետ, և երկրորդ՝ տվյալ կազմակերպության  սպասարկումը դառնում է ավելի դյուրին մեր վերապատրաստած աշխատակցի միջոցով: Մյուս առավելությունը անհատական մոտեցումն է. այստեղ առավելագույնը երկու հոգի են մասնակցում դասապրոցեսին:

-Նախատեսու՞մ եք արտերկրում գործող ընկերությունների հետ համագործակցություն:

-Մտածում եմ՝ կարելի է Վրաստանի շուկայում սովորել, թեկուզ այնտեղ ձախողվել, հասկանալ խնդիրները, հետո փորձել Ռուսաստանում: 

-Բայց չէ՞ որ այդ երկրների տնտեսությունները տարբեր են:

-Տնտեսությունները տարբեր կարող են լինել, բայց բիզնես մոտեցումները նույնն են, ընդհանուր բիզնեսի մոդելը նույնն  է: Մեր կարևոր հատկություններից մեկն այն է, որ ուզում ենք նոր մոտեցում, նոր մեթոդաբանություն կիրառել, անել այն, ինչ չեն անում նույնիսկ եվրոպական երկրներում: Այս հարցում, իհարկե, երկրի մենթալիտետը նաև կապ ունի: Երազանքի նման բան է, որ ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում  փորձենք շուկա մտնել: Ինչու՞ չէ, երկարաժամկետ ու հեռանկարային բարդ գործ է, բայց ոչ անիրագործելի: Իսկ         բարդություն հաղթահարելը կյանքի ամենամեծ հաճույքն է:


«Երևակ» ամսագիր




ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ