Հինգշաբթի, Հոկտեմբեր 19, 2017

 16:42

ԼՐԱՀՈՍ

ԵՏՄ. մարտահրավերներ և հնարավորություններ. Հրաչ Բերբերյան

Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ 

Լինելով, թե չլինելով ԵՏՄ անդամ, ՌԴ-ն մնում է մեր գյուղմթերքի եւ վերամշակվող արտադրանքի իրացման շուկան՝ կլինի դա խմիչքի տեսքով, պահածոների տեսքով: ՌԴ-ի շուկան այդ առումով մեզ համար ընդունելի շուկա է, քանի որ գնորդը ծանոթ է մեր արտադրանքին: Դա շատ կարեւոր է: Խոսքը հայկական ծիրանի մասին է, հայկական գինու ու կոնյակի մասին, պահածոների մասին, մսամթերքի վերամշակված տեսակների՝ բաստուրմայի, սուջուխի մասին:

Շատերը սկսում են ոգևորվել, որ ԵՏՄ-ն մեզ համար նոր ճանապարհ է եւ նոր դռներ է բացելու: Բայց ԵՏՄ շուկան միակողմանի ճանապարհ չէ: Շատերը սխալվում են, եթե մտածում են, որ հիմա Հայաստանն ինչ ունի-չունի, կլցնի այդ շուկաները եւ կհարստանա: Ոչ, դա ձեռք է տալիս եւ ՌԴ-ի, եւ Ղազախստանի ու Բելառուսի արտադրողներին: Նրանք շահագրգռված են լինելու այստեղ շուկաներ գրավել: Բելառուսական տեխնիկան կմտնի Հայաստան, ՌԴ-ից կբերվեն թունաքիմիկատներ, պարարտանյութ եւ այլն: Այսինքն, սա երկկողմանի շուկա է: Չթվա, թե Հայաստանին շուկա են նվեր տվել, պետք է ոգեւորվենք: Ոչ, ահռելի հետեւողական աշխատանք է պետք: Մենք պետք է հասկանանք, թե ոնց կարող ենք մեր տեղը այդ շուկաներում ունենալ եւ ընդլայնվել: Մենք այսօր գործընկեր ունենք, որ մինչեւ 150 հազար տոննա կարտոֆիլի պահանջ ունեն, օրինակ, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում: Մենք մի օր ժամանակ կորցնելու իրավունք չունենք: Հապաղեցինք՝ կորցնելու ենք շուկաներ: ԵՏՄ անդամ երկրների գյուղատնտեսական ապրանքները կարող են մտնել մեր շուկա եւ գրավել մեր տեղը: Ռուսական պանիրը կարող է մտնել: Օրինակ, եթե մենք ձմերուկ չարտադրենք, աստրախանյան ձմերուկն այստեղ կհայտնվի:

Պաղպաղակի շուկան նույնպես վտանգի տակ կարող է հայտնվել: Վերջին օրերին արդեն տաղավարներում կան «ստավրոպոլյան պաղպաղակներ»: Հարց է առաջանալու, մենք այստեղ մրցունա՞կ ենք կաթնամթերքի շուկայում, ռուս կաթնամթերք արտադրողների հետ կարո՞ղ ենք մրցել, թե՞ ոչ: Այստեղ շատ զգույշ պետք է լինենք, հակառակ դեպքում փաստերի առաջ ենք կանգնելու եւ ոչինչ չենք կարողանալու շահել: Պետք աշխատենք օրնիբուն, որ այն ուղղությունները, որոնք ունենք արդեն, այդ ուղղությունները զարգացնենք:

Ասում են՝ ծիրան կարտահանենք: Բայց ո՞վ կարող է երաշխիք տալ, որ մենք կայուն բերք կունենանք: Ծիրանը մեկ տարի կա, երկու տարի չկա: Հույսներս դնենք մեկ կուլտուրայի վրա՝ սխալ է, մի քանի ուղղություն պետք է աչքներիս տակ պահենք:

Օրինակ, մենք կարող ենք տոմատի մածուկի արտադրությունը վերականգնել: Կներեք, այսօր ամոթ է, բայց մենք Չինաստանից տոմատի մածուկ ենք ներկրում: Սա այն դեպքում, երբ Հայաստանը 150-200 հազար տոննա պոմիդոր էր վերամշակում՝ արտադրելով մինչեւ 40 հազար տոննա տոմատի մածուկ: Մենք այդ հզորություններն ունենք, բայց արդյո՞ք կկարողանանք ճիշտ օգտագործել: Հարց է՝ արդյո՞ք մեր գործարանատերերը հայրենասերներ են եւ հասկանալով երկրի շահը՝ տոմատի արտադրության համար լուրջ գումարներ կներդնեն: Հույսներս պետք չի թողնել գյուղացու վրա՝ գյուղացին լոլիկ կունենա, թե չէ, կհանձնի, թե չէ: Այստեղ պետական ռազմավարություն է պետք: Ներմուծող երկիր մենք մեր խելքից ենք դարձել: Ամոթ մեզ, որ տոմատի մածուկի մշտական արտահանում ունենալով, այսօր մենք տոմատի մածուկ ներկրող երկիր ենք դարձել: Ամոթ մեզ, որ անցյալ տարվա համեմատ 1600 տոննա ավելի կաթի փոշի է ներկրվել ՀՀ: Այսօր, հաշվի առնելով կաթի գները Հայաստանում, նաեւ այն, որ որոշ գործարարներ ձեռքերն են տաքացնում բիզնեսի վրա, գյուղացու վրա, 130 դրամ են սարքել 1 լիտր կաթի գինը, մի քանի կազմակերպություն ձայն ձայնի են տալիս, փոխհամաձայնության են գալիս եւ գներն իջեցնում են՝ չհասկանալով, որ  վաղը հարվածի տակ են դնելու  մեր անասնապահությանը:

ԵՏՄ մտնելով՝ դեռ ոչինչ չի փոխվել: Այսինքն, առայժմ մենք լուրջ գումարներ ենք կորցրել՝ ռուսական ռուբլու արժեզրկման, ՌԴ-ում ճգնաժամի արդյունքում: Մեր արտադրանքները ռուսական շուկային էին հանձնվել ռուբլով եւ կես արժեքով գումարները հետ ստացան՝ այդ արժեզրկման արդյունքում: Մեր գործարաններն արդեն լուրջ տուժեցին, իսկ վնասը վերականգնելու համար դեռ ժամանակ է պետք: Բանկային համակարգը լուրջ վնասեց: Նախ, դոլարային վարկերը առաջինը ստիպեցին փակել, հետո գյուղացիները հերթ են կանգնել՝ վարկ ստանալու համար, բայց 10-ից մեկն է ստանալու: 

ԵՏՄ-ի շուկան լավ է, որ կա, բայց այնտեղ են ձգտելու ե՛ւ Եվրոպան, ե՛ւ Չինաստանը: Շուկան սառը պատերազմ է, պետք է հաղթենք: Ամեն դեպքում, ես պոտենցիալ տեսնում եմ: Մենք լուրջ տեղ կարող ենք ունենալ այդ շուկաներում, մինչեւ 200-300 հազար տոննա կարտոֆիլ կարող ենք արտահանել: Պետք է ոչ թե միմոսություն անել եւ ինքնագովազդով զբաղվել, այլ աշխատել: Աշխատանքն է արդյունք տալու: Եթե 1 տարի կորցրեցինք շուկա, 5 տարի աշխատենք՝ հետ չենք բերելու: Այսօր Ադրբեջանը կոչ է անում, որ Վրաստանից ներկրված կարտոֆիլը չուտեն, որովհետւ դա հայկական է: Հարեւաններն ամեն ինչ կանեն, որ մենք չշահենք, շուկա կորցնենք: Պետք է պատրաստ լինենք դիմակայելու:

 

«Երևակ» ամսագիր

 


ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ