Հինգշաբթի, Ապրիլ 27, 2017

 23:37

ԼՐԱՀՈՍ

ԵՏՄ. մարտահրավերներ և հնարավորություններ. Արծվիկ Մինասյան

ՀՅԴ պատգամավոր 

ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության անհրաժեշտությունը բխում էր ոչ այնքան տնտեսական նպատակահարմարությունից, որքան անվտանգության: Սա չի նշանակում, որ մենք պետք է անտեսենք տնտեսական այն հնարավորություններն ու ռիսկերը, որոնք այս միության անդամակցության շրջանակներում ունենք: Այն, որ ԵՏՄ-ին անդամակցությունը հանգեցրեց մի շարք ուղղություններով՝ եվրոպական եւ արեւմտյան ներդրողների որոշումների կասեցմանը, փաստ է: Դրա հիմքում ավելի շատ դրված են քաղաքական եւ աշխարհաքաղաքական ռիսկային գործոնները: Բայց միաժամանակ սա հնարավորություն է բացում ՀՀ տնտեսության համար՝ օգտվելու այն առավելություններից, որ տալիս է ԵՏՄ-ն: Դրանցից առաջինն այն է, որ ՀՀ-ն կարող է կամուրջ հանդիսանալ ԵՏՄ անդամ չհամարվող, ՌԴ-ի, Բելառուսի կամ Ղազախստանի հետ առանձին միջպետական համաձայնագիր չունեցող երկրների համար, որոնք կարող են Հայաստանի աշխարհագրական դիրքը, ինչպես նաեւ իրավական համակարգն օգտագործելով՝ մտնել Եվրասիական տնտեսական շուկա: Երկրորդը՝ ՀՀ տնտեսության մեջ որոշակի ուղղությունով դիվերսիֆիկացիա իրականացնելու հնարավորությունն է: ՌԴ-ի նկատմամբ ձեռնարկված գործողությունները, նաեւ միջազգային հիմնական արժույթների տատանումները հանգեցրել են ռուսական հանքահումքային ապրանքների էժան գների ձեւավորմանը: Սա կարող է հիմք հանդիսանալ դրանք ՀՀ ներմուծելու եւ ՀՀ-ում նոր արտադրատեսակներ կազմակերպելու ուղղությամբ, ինչպիսին, օրինակ, փայտավերամշակումն է:

Օգտվելով նույն տնտեսական ռեժիմներից, ըստ էության, ՀՀ գազամատակարարումը նույնն է, թե ՌԴ-ի ցանկացած տարածքում գազամատակարարումը: Կարելի է բանակցությունների միջոցով հասնել դրան, որ գազի եւ էներգակիրների դիմաց վճարումը իրականացվի ռուսական ռուբլով: Սա անհրաժեշտ է նախ Հայաստանի վճարային հաշվեկշռի տեսակետից: Հետո, հայկական դրամի կայունության առումով է անհրաժեշտ: Երրորդ՝ արժույթից կախվածությունը թուլանում է: Սա հնարավորություն կտա պահպանել տրանսֆերտների հաշվին ապրող մեր հայրենակիցների գնողունակությունը: Նաեւ Հայաստանին հնարավորություն կտա վարել այնպիսի քաղաքականություն, որը կախված կլինի միայն ՌԴ-ի ներսում ստեղծված իրավիճակից, այլ ոչ թե պարտադրված կլինի հաշվի առնել բազմաթիվ այլ գործոններ:

ՀՀ-ի համար կարեւոր ուղղություն է նաեւ ԵՏՄ-ի պոտենցիալն իրացնելը: Բազմաթիվ թե՛ արեւմտյան տնտեսական գործակալներ, թե՛ նոր ներդրողներ կուզենային ԵՏՄ տարածքում գործարքներ կառուցել այն հիմքի վրա, որ լիներ, օրինակ, անաչառ դատական համակարգ: Հայաստանը, միանալով  միջազգային արբիտրաժային համաձայնագրին, կարող է ստեղծել վճարովի ծառայություն մատուցող միջնորդ դատական համակարգ՝ անգլիական դատավորների ներգրավմամբ, որոնք կկարողանային ամբողջ ԵՏՄ տարածքում վեճեր լուծել: Սա հնարավորություն կտա ռեսուրսներով ոչ հարուստ ՀՀ-ին բարձրակարգ այս ծառայությունը մատուցել:

Կարող ենք զարկ տալ նաեւ կրթական ծառայությունների մատուցմանը, առողջապահական ոլորտին եւ քիմիական արդյունաբերությանը: Սրանք ոլորտներ են, որոնք կարող են ԵՏՄ-ի տարածքում դիտվել որպես գերազանցության կենտրոններ: Դրա համար անհրաժեշտ է ոչ միայն ենթակառուցվածքների ուղղությամբ կատարել խոշորածավալ ներդրումներ, մասնագետներ պատրաստել կամ հրավիրել դրսից մեր հայազգի մասնագետներին: Այսօր ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը, երբ խոսում է, օրինակ, ուռուցքային հիվանդությունների բուժման մասին, Եվրոպային կամ արեւմտյան հատվածն է ընդունում՝ ասելով ՀՀ-ում նման ծառայության մասին մտածելն անիմաստ է: Դա այդպես չէ, մենք ունենք անհրաժեշտ գիտական ներուժ եւ կառուցվածք, որ եթե պատշաճ ներդրումներ արվեն եւ օտարերկրյա նորարար տեխնոլոգիաները ներմուծվեն, ՀՀ-ն այսօր կարող է տարածաշրջանում դառնալ ուռուցքաբանության գիտական, հետազոտական, բուժման եւ վերականգնողական ուղղությամբ լուրջ ծրագրեր իրականացնող կենտրոն:

Մենք պետք է ունենանք այս հնարավորություններից օգտվելու ամբողջական եւ համալիրր ծրագիր, կոնկրետ ժամանակացույց եւ գործողությունների պլան: Չսպասենք, որ ինչ-որ մեկը պետք է գա եւ դա իրացնի: Ոչ մեկն էլ չի գալու: Նախ, ՀՀ-ն պետք է ԵՏՄ բարձրագույն խորհրդին ներկայացնի իր ծրագրերը, արժանանա հավանության: Նման հնարավորություն իրացրել է Բելառուսը, Ղազախստանը, բայց ՀՀ-ն պասիվ վիճակում է, չի ներկայացրել այդպիսի խոշորածավալ ծրագիր, որը ֆինանսավորում կապահովի նաեւ ԵՏՄ զարգացման ֆոնդից: Մենք այսօր հնարավորություն ունենք նաեւ թեթեւ արդյունաբերության մեջ որոշակի զարգացում ապահովելու: Նույն տրիկոտաժի արտադրության ոլորտում գերազանցապես ՀՀ ներմուծվում են թուրքական կամ այլ երկրների արտադրանքը, որոնք անորակ են եւ չեն կարող մրցակցել անգամ հայկական թեկուզ նվազ կարողություններով տրիկոտաժի արտադրության հետ: Եթե մենք լուրջ ներդրումներ կատարենք եւ նպատակ ունենանք մեր տրիկոտաժի արտադրությունը նաեւ արտահանել ԵՏՄ տարածք, պետք է նախ սահմանափակել երրորդ երկրներից Հայաստան տրիկոտաժի մուտքը եւ պետական բյուջեի սուբսիդավորման միջոցներով էժանացնել տրիկոտաժի ինքնարժեքը ՀՀ սպառողների համար, խրախուսել դրա արտահանման մեխանիզմները: 

Ոչ ոք մինչ օրս չի գնահատել, թե ԵՄ Ասոցիացման համաձայնագրի շրջանակներում մենք ինչ հնարավորություններ կունենայինք: Այն, ինչի մասին խոսվում է, շատ տեսական մակարդակում է: Հաճախ նաեւ հեքիաթային պայմաններ են առաջարկում: Դա ես չեմ համարում լուրջ փորձագիտական գնահատական: Այն երկրները, որոնք ստորագրել են Ասոցիացման համաձայնագրերը, այդ ի՞նչ մեծ հնարավորություն է իրենց համար բացվել եվրոպական շուկայում, որ Հայաստանի համար այսօր բացված չէ: Երկու կարեւոր պարամետր է պետք եվրոպական շուկան գրավելու համար՝ որակ եւ ինքնարժեք, որի մեջ են տրանսպորտային ծախսերը: Եթե մենք այս երկու խնդիրները չենք լուծում, անկախ համաձայնագրից, մենք նույն վիճակում ենք: Մենք ԵՏՄ-ի շրջանակներում էլ նույն վիճակում ենք: Եթե պատժամիջոցներ են կիրառվում ՌԴ-ի հանդեպ, եւ ՌԴ տնտեսությունը բացասական է տրանսֆերտների նվազեցման ուղղությամբ նաեւ, ՀՀ-ն դրանից վնաս է կրում: Սա հիմնական ռիսկերից մեկն է: ՀՀ տնտեսական ռիսկի մեծ մասն այս պահին արտաքին ծագում ունի, ոչ այդքան ներքին: Ներքին խնդիրները վերաբերում են ներդրումների պաշտպանության ոչ լիարժեք դաշտին եւ անկախ դատական իշխանության ձեւավորմանը քաղաքացիական եւ առեւտրային գործերում: Մենք առաջարկում ենք, որ ստեղծվի Ներդրողների պաշտպանության կոմիտե՝ բյուրոկրատական քաշքշուկների խնդիրը լուծելու համար:

Ասում են, որ ԵՏՄ-ն բերելու է ինքնիշխանության կորստի: Բայց այսօր չկա մի երկիր, որը բացարձակ ինքնիշխանության չափանիշներին բավարարում է: Սակայն այնպիսի տարրեր, ինչպիսին է ֆինանսական կամ տնտեսական անկախ քաղաքականությունը, անշուշտ, որոշակի ձեւով փոխանցվում է վերպետական միավորների, ինչպիսին է ԵՏՄ-ն: Այս պահին չենք կարող գնահատել, որ մեր ինքնիշխանությունը նվազել է: Այսօր որեւէ մեկը չի կարող պնդել, որ եվրոգոտուն միացած երկրները կորցրել են իրենց ինքնիշխանությունը:

Եթե մենք ոչ մի քայլ չձեռնարկենք, հնարավորություն կկորցնենք: Շատ կարեւոր է այլընտրանքը էներգետիկայի բնագավառում: Եթե մենք կախված ենք մնում ՌԴ-ից, որի համար ակնհայտորեն ձեռնտու չէ այլընտրանքային այնպիսի էներգիայի արտադրությունը, որն իր տիրապետությունից դուրս է եւ կարող է բերել ավանդական էներգակիրների սպառման ծավալների նվազմանը մեր երկրում, ակնհայտ է, որ դա ռուսական կողմին ձեռնտու չի լինի: Դրա համար անհրաժեշտ է, որ մենք կարողանանք այնպիսի ուղղություններ շեշտադրել, որ արդյունք ստանանք՝ չկենտրոնանալով միայն ամերիկյան հատվածի վրա: Մենք ունենք լուրջ ռեսուրս եւ եթե խնդիրը ճիշտ ձեւավորենք, էներգետիկ անվտանգության բալանսում կկարողանանք առավելություն ստանալ՝ առանց այս կամ այն կողմի մասնակցությունը մերժելու:

Ռուբլու գոտու մասին առայժմ շատ վաղ է խոսել: Անգամ համաձայնագրերում դրա մասին խոսք կարող է լինել  2020 թվականից հետո: Դրա համար նախ պետք է երկրներն ունենան տնտեսական զարգացման միեւնույն մակարդակը, հետո՝ ֆինանսական հոսքերի կարգավորման նույն միջավայրը: Եթե չկա դա, չի կարող միասնական արժույթի գաղափարն իրականացվել: Եթե լինի, նշանակում է այդ միությունը զարգացման այնպիսի մակարդակի է հասել, որ կարող է իրեն դա թույլ տալ: Եթե մեզ վաղը միասնական արժույթի մոտեցում առաջարկվի, մենք պետք է տեսնենք՝ մեր տնտեսության այս կամ այն ճյուղի համար դա որքանով է նպաստավոր լինելու: Չպետք է կուրորեն գնանք դրան: Չեն կարող մեզ պարտադրել, եթե փաստարկված հիմնավորումներ դնենք իրենց սեղանին:

 

«Երևակ» ամսագիր

 


ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ