Հինգշաբթի, Մայիս 25, 2017

 07:05

ԼՐԱՀՈՍ

Ինչպես երիտասարդ գործարարին պահել երկրում

Ինչպե՞ս խթանել բիզնեսը և երիտասարդ գործարարին պահել երկրում. Առաջնային կարևորության հարցեր, որոնց պատասխանները կարող ենք գտնել «Հայաստանի երիտասարդ գործատուների միություն» կազմակերպության համահիմնադիր և խորհրդի նախագահ, «Ավետիսյան Քոնսթրաքշն» ընկերության սեփականատեր, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ասիստենտ Մուշեղ Ավետիսյանի հետ զրույցում:

     -Որքանո՞վ էր անհրաժեշտ նման միություն ստեղծելը, ի՞նչ կարևոր գործ կարող է այն անել:

     -Յուրաքանչյուր երկիր, իր տնտեսական, քաղաքական և ցանկացած այլ ոլորտի զարգացման ապագայի ռազմավարությունը մշակում է հիմնվելով իր երիտասարդների ներուժի և հնարավորությունների վրա, զուգահեռաբար կատարելագործելով և զարգացնելով դրանք:

     Երիտասարդ գործատուները, հանդիսանալով երկրի տնտեսության ապագան և շարժիչ ուժը, աջակցության և ինքնավստահության մեծացման կարիք ունեն: Եվ 2012 թ. հիմնադրվեց      «Հայաստանի երիտասարդ գործատուների միությունը»: Այն  շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որի գլխավոր նպատակներն են՝

նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը,

զարգացնել բիզնես միջավայրը,

երիտասարդության շրջանում ձևավորել բիզնես մտածողություն,

խորացնել Հայաստան-սփյուռք գործարար կապերը,

ստեղծել համագործակցություն Հայաստանի և այլ երկրների երիտասարդ գործատուների միջև,

մասնակից դարձնել հայ երիտասարդ գործատուներին միջազգային գործարար համաժողովներին, կոնֆերանսներին, ցուցահանդեսներին և այլ միջոցառումների,

աջակցել հայրենական արտադրողին արտահանման ծավալների մեծացման և միջազգային նոր շուկաներ գրավելու համար:

     -Այս ամբողջը ենթադրում է տարբեր կառույցների և օղակների հետ աշխատանք: Ի՞նչ կապեր եք կարողացել ստեղծել, և որքանո՞վ են դրանք նպաստում ձեր գործին:

    -Նախ՝ 2014 թ. ապրիլին միության  ջանքներով հիմնվել է  «Արցախի երիտասարդ գործատուների միությունը», որի նպատակն է ավելի ամրապնդել Հայաստան-Արցախ գործարար տնտեսական կապերը, և Արցախը, որպես Հայաստանի անքակտելի մաս, նույնպես մասնակից դարձնել միջազգային գործարար ֆորումներին, կոնֆերնասներին և այլ միջոցառումների: 

     Բարձր գնահատելով Հայաստանի մասնակցությունը համաշխարհային տնտեսական զարգացումներին՝ միությունը համագործակցում է միջազգային մի շարք կառույցների և կազմակերպությունների, համանման միությունների հետ, որոնք մեծ նշանակություն ունեն փորձի փոխանակման, հայ և արտասահմանյան երիտասարդ գործարարների միջև համագործակցության ստեղծման և զարգացման, արտահանման խթանման և մեր երկրում  ներդրումների մեծացման համար:  2014 թ.-ից միությունը անդամակցում է «Եվրոպայի երիտասարդ ձեռներեցների կոնֆեդերացիային», որը երիտասարդ ձեռներեցության ամենամեծ կառույցն է եվրոպայում: Ընդգրկում է եվրոպական բոլոր երկրների երիտասարդ ձեռներեցներին և լայն հնարավորություններ է ընձեռում միջազգային գործարար կապերի ստեղծման և զարգացման համար: Կոնֆեդերացիայի կողմից պարբերաբար կազմակերպվում են գործարար ֆորումներ, կոնֆերանսներ: Միության ջանքերով հաջորդ տարի նախատեսվում է հերթական գործարար ֆորումներից մեկն անցկացնել Հայաստանում, որի ժամանակ մեր երկիր կհյուրընկալվեն եվրոպական մի շարք երկրներից երիտասարդ գործարարներ, բիզնես պատվիրակություններ: Համոզված ենք, որ այս հանդիպումները մեծ նշանակություն են ունենալու մեր տնտեսության զարգացման և երիտասարդ գործարարության աջակցության համար:

   Միությունը կայուն և բազմաբևեռ համագործակցություն ունի ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության  անդամ երկրների երիտասարդ գործարարության բոլոր կառույցների և կազմակերպությունների հետ: Նպատակն է, օգտվելով  ԵՏՄ ընձեռած արտոնություններից և հնարավորություններից, զարգացնել փոխադարձ գործարար կապերն ու համագործակցությունը: Միությունը ակտիվ կերպով համագործակցում է փոքր և միջին ձեռնարկատիրության «ОПОРА РОССИИ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության հետ: 

Նախորդ տարվա հոկտեմբերին միությունը հանդիպում կազմակերպեց մեքսիկայի դեսպան Ռուբեն Բելտրանի հետ, որով սկիզբ դրվեց նաև հայ- մեքսիկական գործարար կապերի ստեղծմանը : Օրակարգում է հայ-մեքսիկական գործարար ֆորումը, ինչը հնարավորություն կստեղծի գործարար կապերի զարգացման ու համատեղ գործունեության  իրականացման համար: 

   -Ո՞րն է ճանապարհը նպատակներն իրագործելու, ի՞նչ ռազմավարություն եք մշակել:

   -2015 թ. միությունը որդեգրեց գործունեության իրականացման 3 ուղղություն՝ 

«Ուզում եմ դառնալ գործարար»,  «Սկսնակ ձեռներեցություն»  և «Ես գործարար եմ»: 

 «Ուզում եմ դառնալ գործարարե ուղղության շրջանակներում իրականացվում են ծրագրեր, որոնք աջակցում են այն երիտասարդներին, ովքեր ցանկություն ունեն զբաղվել ձեռներեցությամբ: Միությունն իրականացնում է «Ուսանողը ապագա բիզնեսմեն» խորագրով սեմինար-հանդիպումներ Հայաստանի տարբեր բուհերում:

     Սկսնակ ձեռներեցության աջակցության համար կազմակերպվում են ամենամսյա հանդիպումներ «Բիզնես հանդիպում թեյի շուրջե ձևաչափով, որին հյուրընկալվում են փորձառու և հաջողակ բիզնեսմեններ, ովքեր իրենց անձնական օրինակով, խորհուրդներով և  հաջողության գաղտնիքներով կիսվում են երիտասարդների և սկսնակ ձեռներեցների հետ:  

   Հաջորդ տարի բազում ծրագրերի կողքին միությունը նախատեսում է  իրականացնել ևս մեկ մեծամասշտաբ միջոցառում՝ «Երիտասարդ գործատուների համահայկական առաջին ֆորումը», որի ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան կժամանեն մեր հայրենակից երիտասարդ գործատուները: Նպատակն է մինյանց հետ հանդիպեցնել հայ երիտասարդ ձեռներեցներին՝ համագործակցության ստեղծման և զարգացման համար:

  Նախատեսվում է նաև ստեղծել իր ձևաչափով աննախադեպ բիզնես դպրոց, որտեղ մասնակիցները ձեռք են բերելու այնպիսի գիտելիքներ, որը նրանց չէին դասավանդի ոչ մի դպրոցում, քոլեջում կամ բուհում: Ինչպես սկսել բիզնես, ինչպես արդյունավետ կառավարել բիզնեսը, բիզնեսմենի  հատկանիշներ, հաջողության հասնելու գաղտնիքներ և այլն: Դասընթացները կրելու են ինտերակտիվ բնույթ: Մասնակիցները սովորելու և կազմելու են իրենց բիզնես պլանները, որոնք հատուկ մասնագիտական հանձնաժողովի կողմից ստանալու են խորհրդատվական աջակցություն, նախատեսում ենք նաև, որ համապատասխան կառույցների հետ համագործակցությամբ լավագույն բիզնես պրոյեկտները ստանալու են նաև մեկնարկային ֆինանսական աջակցություն:

 

 «Երևակ» ամսագիր

 

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ