Հինգշաբթի, Մայիս 25, 2017

 07:13

ԼՐԱՀՈՍ

Սննդամթերքի անվտանգության երաշխիքներ

Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքը պետք է համապատասխանի մեր երկրում գործող որակի և անվտանգության պահանջներին, որոնք ամրագրված են ոլորտի օրենսդրությամբ, առաջնահերթ` «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքով, սննդամթերքի տարբեր խմբերի համար ընդունված տեխնիկական կանոնակարգերով և դրանցում ներառված նորմատիվ փաստաթղթերով:

Սննդամթերքի համապատասխանության գնահատման խնդրում անփոխարինելի ապացույցներ են լաբորատոր փորձարկումները, որոնց նկատմամբ վստահության թիվ 1 պահանջն է տվյալ ոլորտում փորձարկման լաբորատորիայի իրավասու` այսինքն հավատարմագրված լինելը:

«Ստանդարտ դիալոգ» ընկերության փորձարկման լաբորատորիան ՀՀ-ում ճանաչում և բարի համբավ ունեցող հավատարմագրված լաբորատորիա է: Ի դեպ, այս լաբորատորիան առաջինը և միակն է Հայաստանում, որը 2013թ.-ին արժանացել է «Տարվա լավագույն հանրային ծառայող» մրցանակին:

Սննդամթերքի անվտանգության խնդրի և դրա ապահովման ոլորտում գործող «Ստանդարտ դիալոգ»-ի մասին «Երևակ» ամսագիրը զրուցեց ընկերության խորհրդատու, կենսաբանական գիտությունների դոկտոր, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս Հայկուշ Բատիկյանի հետ:

-Ո՞րն է «Ստանդարտ դիալոգ» ընկերության գործունեության հիմնական ուղղվածությունը:

-Ժամանակի թելադրանքն է` սպառողներին ապահովել սննդամթերքով, որը չպետք է ներկայացնի վտանգ, ռիսկ նրանց կյանքի և առողջության համար: Այդպիսի ռիսկերը բազմաթիվ են՝   սննդամթերքի բաղադրիչներ, սննդային հավելանյութեր, պահման պայմաններ, փաթեթավորման նյութեր, արտադրական գործընթացներ և այլն: Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգության ցուցանիշներ են  թունավոր տարրերը, հակաբիոտիկները, պեստիցիդները, միկոտոքսինները,  մանրէաբանական և այլ ցուցանիշները, որոնք լիմիտավորվում, նորմավորվում և հսկվում են սահմանված կարգով: Հայաստանում սննդամթերքի ապահովման հույժ կարևոր խնդրում իր մասնակցությունը բերելու համոզմունքով` 2009թ. Երևանում հիմնադրվեց «Ստանդարտ դիալոգ» ընկերությունը, որը սկզբում գործունեության հիմնական ոլորտ ընտրեց ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների փորձարկումները:

Կարճ ժամանակահատվածում ընկերությունն ընդլայնեց հետազոտությունների շրջանակը՝ ներառելով պարենային հումքի և սննդամթերքի գրեթե բոլոր խմբերում ֆիզիկաքիմիական, քիմիական, մանրէաբանական ցուցանիշների որոշման լայն սպեկտոր, ինչպես նաև նույնականացման միջոցով սննդամթերքի կեղծիքների հայտնաբերումներ: 2010թ.-ից «Ստանդարտ դիալոգ»-ը իր փորձարկման լաբորատորիայի միջոցով իրականացնում է սննդամթերքում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) և գենետիկորեն ձևափոխված միկրոօրգանիզմների (ԳՁՄ) ու դրանց անալոգների որոշման փորձարկումներ` համահունչ միջազգային պահանջներին: Կուզենայի շեշտել, որ այս փորձարկումների առումով մեր լաբորատորիան ՀՀ-ում առաջինը և միակն է: 

«Ստանդարտ դիալոգ»-ի փորձարկման լաբորատորիան հավատարմագրված է Հավատարմագրման ազգային մարմնի կողմից` ՀՀ-ում գնահատման մարմիններին ներկայացվող օրենսդրական նոր պահանջներով, ինչպես նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից ճանաչված է որպես նշանակված լաբորատորիա, այսինքն` իր գործունեությունը մի շարք տեխնիկական կանոնակարգերի պահանջներով ծավալող համապատասխանության գնահատման մարմին:

-Ձեր ներկայացրածը վստահեցնում է, որ «Ստանդարտ դիալոգ»-ը կոչված է զարգացնելու իր կարողությունները, ընդլայնելու գործունեության շրջանակը և մակարդակը:

-Դուք ճիշտ եք: «Ստանդարտ դիալոգ» ընկերության փորձարկման լաբորատորիան Գերմանիայի Չափագիտության ինստիտուտի կողմից (PTB) ճանաչվել է ՀՀ լավագույն փորձարկման լաբորատորիաներից մեկը և ներկայումս եվրոպական գնահատման մարմիններում հավատարմագրման գործընթացում է:

Փորձարկման լաբորատորիան սերտիֆիկացվել է GSA-ի կողմից և արժանացել է ISO 17025:2005 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատի: Նույն կազմակերպությունը սերտիֆիկացրել է փորձարկման լաբորատորիայի որակի կառավարման համակարգը և շնորհել ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ: Փորձարկման լաբորատորիան որպես լավագույն կառավարման ապացույց իրականացնում է տարածքի և շրջակա միջավայրի, աշխատանքի անվտանգության, աշխատատեղերի հիգիենիկ պայմանների ու անձնակազմի առողջության պահպանմանն ուղղված գործունեություն: Ընկերությունում ներդրված որակի կառավարման համակարգը նպաստում է ծրագրերի ժամանակին ու պատշաճ մակարդակով իրականացմանը, միջազգային կառույցների հետ համագործակցությանը, փորձարարական բազայի արդիականացմանը, փորձարկող մասնագետների կոմպետենտության բարձրացմանը:

-Ո՞րն է «Ստանդարտ դիալոգ»-ի հաջողությունների գրավականը:

-«Ստանդարտ դիալոգ» ընկերության հաջողությունների առաջին բաղադրիչը և գրավականը լուրջ փորձ, ձեռքբերումներ, գիտական աստիճաններ ունեցող և բազմաթիվ վերապատրաստումներ անցած անձնակազմն է: Այսպես, 15 աշխատակիցներից 6-ը ունեն գիտությունների դոկտորի և թեկնածուի գիտական աստիճաններ, մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում: Կարծում եմ՝ տեղին է նշել նաև այն փաստը, որ փորձարկումները հիմնականում իրականացվում են միջազգային ստանդարտներով սահմանված մեթոդներով, որոնք կազմում են կիրառվող մեթոդների 70 %-ից ավելին: Այս գործելակերպը նպաստում է փորձարկման լաբորատորիայի մասնակցությանը միջլաբորատոր համեմատությունների և որակավորման ստուգման ծրագրերի (PT)` գրանցելով գերազանց արդյունքներ: 

-Ի՞նչն եք գնահատում ընկերության  գործունեության  մեջ:

-Առանձնահատուկ արժևորում եմ «Ստանդարտ դիալոգ»-ի և Չափագիտության ազգային ինստիտուտի համագործակցությունը: Վերջինս լաբորատորիայի գործունեության շարունակական բարելավումներին միտված պրոֆեսիոնալ փոխգործակցություն է: Պարզաբանեմ: Չափագիտական ապահովվածությունը փորձարկման լաբորատորիայի գործունեության հիմնարար պահանջն է և ճշգրիտ արդյունքներ ստանալու երաշխիքը: Այս գերխնդիրն իրացվում է շնորհիվ Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից կատարվող չափիչ սարքերի չափագիտական բնութագրերի ստուգման, չափման միջոցների պարբերական ստուգաչափումների, տրամաչափարկումների, փորձարկումների ներդրվող մեթոդների գնահատումների, ատեստավորումների և գրանցումների: Գնահատում և գոհունակությամբ փաստում եմ «Ստանդարտ դիալոգ»-ի ակտիվ մասնակցությունը մեր երկրում մրցունակ կադրերի ձևավորման անհետաձգելի և պատասխանատու գործին: ՀՀ բուհերի հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս լաբորատորիայում կազմակերպելու ուսանողների արտադրական և նախադիպլոմային պրակտիկաներ: Գնահատում եմ նաև «Ստանդարտ դիալոգ»-ի համագործակցությունը գիտահետազոտական կառույցների հետ. Հայաստանի մանրէաբանների ասոցիացիայի հետ` կիրառական մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի բնագավառում, Լիտվայի համալսարանի, ՀՀ առողջապահության նախարարության կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ու Մոսկվայի Գամալեյի անվան մանրէաբանության և վիրուսաբանության ինստիտուտների հետ: Գնահատում եմ ուսումնախորհրդատվական ծառայությունների մատուցումը «Ստանդարտ դիալոգ»-ի կողմից սննդարտադրողներին` ռիսկերի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի HACCP համակարգի պահանջների ուսուցումը և օժանդակությունը համակարգի ներդրման գործընթացում, որը կնպաստի պատրաստի արտադրանքի ռիսկերի էական նվազեցմանը և արտահանումների ծավալների մեծացմանը:

-«Ստանդարտ դիալոգ»-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է նվաճել սպառողների բոլոր շերտերի, այդ թվում` արտադրողների վստահությունը: Ինչո՞վ է պայմանավորված դա:

-Կարծում եմ՝ սպառողներին հուսախաբ չանելու համոզմունքով, սպառողների առողջությամբ մտահոգ լինելով, մշտապես անաչառ, անկողմնակալ, թափանցիկ գործունեությամբ: 

«Ստանդարտ դիալոգ»-ի գերխնդիրն է` ճանաչվել լավագույն փորձարկման լաբորատորիա ոչ միայն մեր երկրում, այլև  դրա սահմաններից դուրս:  

Երևակ ամսագիր


ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ