Ուրբաթ, Հուլիս 28, 2017

 19:03

ԼՐԱՀՈՍ

ՏՏ.իրական հնարավորություններ տնտեսության համար.Բագրատ Ենգիբարյան

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն 

Այսօր   IT-ն այն ոլորտն է, որը զարգանում է կայծակնային արագությամբ, շուտով կդառնա Հայաստանի  առաջին ոլորտը աշխատակիցների քանակով. ավելի քան 10 000 աշխատող:  Այս զարգացումներից ելնելով՝ առաջին լուրջ խնդիրը համարում եմ  կադրերի խնդիրը, և ես երեք տեսանկյունից կդիտեի այն: Առաջինը՝ մուտք դեպի ոլորտ, որտեղ կրթական համակարգում  մեծ բարեփոխումներ պետք է իրականացվեն, որպեսզի կազմակերպությունները չզբաղվեն մասնագետների որակավորմամբ, շատ կազմակերպություններ Հայաստանում իրենց պարտավորված չեն զգում «Սինոփսիսի» նման կադրեր պատրաստել և օգտագործել: Հաջորդ հիմնական ենթախնդիրը որակական փոփոխություններն են, այսինքն՝ արհեստավորներից դարձնել արվեստագետներ, որոնք նոր լուծումներ կառաջարկեն, ստեղծագործ մտքեր առաջ կբերեն: Միայն կադրերի առկայությունը բավարար չէ. դաշտում անհրաժեշտություն կա որակյալ նոր մարտահրավերների, ստեղծագործ, մտածող մասնագետների ձևավորման: Դա բավականին լուրջ մոտեցում է, ինչը նշանակում է փոփոխություններ կրթական համակարգում՝ սկսած դպրոցից, որովհետև իրական ստեղծագործ մտածելակերպը ձևավորվում է դպրոցում: Շատերը  բուհն ավարտելուց հետո  ստիպված ընտրում են  երկրորդ մասնագիտություն,  որովհետև երկրի իրական մոդան և իրական պահանջարկը իրար չեն համապատասխանում:  Բուհում անհրաժեշտ է ստեղծագործ միջավայր ձևավորել, որպեսզի մարդն աշխատանքի անցնելիս պատրաստ լինի ստեղծագործելու՝ առավել ևս տեխնիկական ոլորտում: Երրորդ խոչընդոտը կադրերի հետ կապված ձեռներեցությունն է. ունենք մեծաքանակ մասնագետներ, որոնք որակյալ աշխատանք են կատարում, բայց չունենք ձեռներեցներ, որոնք պատրաստ են իրենց սեփական բիզնեսը սկսելու, թիմ ղեկավարելու, գլոբալ մտածելու, որոշակի մոբայլ լուծումներ գտնելու: Իրականում շատ բարդ և կոմպլեքս դժվարություններ են  սրանք, որոնք առնչություն ունեն  ոչ միայն կրթության հետ, այլ նաև միջավայրի հետ, որովհետև մեծ դեր ունի ծնողների ազդեցությունը երեխաներին  ուղղորդելու հարցում: Ստեղծագործող, լավ գաղափարներով երեխան կարող է իր կազմակերպությունը չստեղծել ծնողների մի պարզ նախադասությունից՝ քո ինչ խելքի բանն է, ավելի լուրջ գործերով զբաղվիր:

ՏՏ ոլորտի համար խնդրահարույց է նաև Հայաստանի իմիջի ձևավորումն աշխարհում, խոշոր արտասահմանյան ընկերությունների մուտքը և ներդրումների հոսքը Հայաստան ապահովելը: Դիրքավորման խնդիրն ամենաբարդն է, ամենակարևորներից մեկը, հետագա զարգացումը պահանջելու է՝ աշխարհը հասկանա, որ մեր երկիրը միայն էժան աշխատուժի վայր չէ, այստեղ  կան որակյալ մասնագետներ, Հայաստանը միջավայր է, հանգույց, հաբ է աշխարհի ՏՏ ոլորտի զարգացման համար: Մենք կարողանում ենք ճիշտ դիրքավորվել՝ օգտագործելով մի կողմից ամենամեծ սահմանափակումները՝ մարդկային ռեսուրսները, մյուս կողմից՝ ամենամեծ առավելությունը, որովհետև աշխարհում շատ քիչ միջավայրեր կան, որտեղ մի փոքր երկրում տարբեր ոլորտի մասնագետներ կենտրոնացած են մեկ վայրում: Դա մեր ամենամեծ համեմատական առավելությունն է, նշանակում է մենք շեշտադրումը պետք է դնենք դրա վրա, իսկ այդ հարցում մենք պետք է ապավինենք մասնավոր հանգույցներին, պետության և դեսպանատների օժանդակությանը: Պետք է ակտիվացնել կառավարության դերակատարումը, օգտագործել ամբողջ ռեսուրսները, մշակել ռազմավարություն, ձև, տրվի մեկ մոտեցում և դիրքավորել Հայաստանը այնպես, որ արտաքին շուկան ինքը հետաքրքրվի մեր երկրով, սփյուռքին կոնսուլտացնել այդ գաղափարի շուրջ, քանի որ վերջինս մեծ ռեսուրս է, որ դրսում ունենք, և նրանք լինեն IT-ի մեր դեսպանները: 

Մեծագույն խնդիրներից է նաև  նորաստեղծ կազմակերպությունների ձեռներեցության խթանումը: Դա պահանջում է մշակութային լուրջ փոփոխություններ. մշակել այնպիսի ծրագրեր, որ մեր երիտասարդները ներգրավվեն այս ոլորտ, զբաղվեն ձեռներեցությամբ, և հայկական նորաստեղծ կազմակերպությունները լինեն մրցունակ արտաքին շուկայում: Այս հարցը մեր երկարատև ռազմավարության հիմնական կետերից մեկն է, որովհետև միայն մեծ կազմակերպություններ հիմնելով չես կարող իրականում խթանել ոլորտը,  քանի որ գործունեության ծավալման և ՏՏ գործիքների կիրառման համար բարենպաստ և մրցունակ գործարար միջավայրի անբավարարություն կա: Նաև մեր երիտասարդները, ովքեր ցանկություն և հետաքրքիր գաղափարներ ունեն կազմակերպություններ հիմնելու, չպետք է վախենան ոչ հարկային դաշտից, ոչ ռիսկային ֆոնից, ինչ-որ սահմաններում պետք է թույլ տալ նրանց անել  ամեն ինչ, իրենց փորձել այս ոլորտում, արմատավորել վերջիններիս ինքնավստահությունը, հակառակ դեպքում նախ` կսահմանափակենք նրանց հնարավորությունները, հետո, ամենամեծ խնդիրը, այդ երիտասարդները իրենց հնավորությունները կփորձեն դրսում, որտեղ ազատ միջավայրի խնդիր  չկա: 

Ոլորտի խթանման միջոցներից է նաև  ֆինանսավորման մեխանիզմների բարելավումը:  Այժմ Հայաստանում կան կազմակերպություններ, որոնք դրամաշնորհներ են տրամադրում տարբեր կազմակերպությունների ձևավորման համար, սակայն պետք է ընդլայնել այդ մեխանիզմները դրամաշնորհների, մրցույթների և այլ ֆինանսավորման ծրագրերի միջոցով: Այժմ  շատ երկրներ ունեն համաֆինանսավորման ծրագրեր, նման մեխանիզմներ պետք է կիրառել նաև մեզ մոտ, որպեսզի այդ ահռելի ռեսուրսները ուղղորդվեն մեր երկիր: Անհրաժեշտ է ձեռք բերել նաև լրացուցիչ գործընկերներ, բացի բուհից, մասնավոր հատվածից ու կառավարությունից ունենալ գործընկերներ, որոնք  ունեն համաշխարհային ճանաչում, աներևակայելի ռեսուրս՝ կրթական, տեխնոլոգիական, որոնք շատ արագ կօգնեն մեզ այդ ամենը բերել մեր կրթական մշակույթ, որովհետև շատ փոփոխություններ մենք պարզապես ի զորու չենք անել: Նաև  լուրջ օրենսդրական խոչընդոտ ունենք հարթելու այս դաշտում, չի կարելի հարկ պահանջել կրթական հաստատություններում ներդրումների համար: Աշխարհում նման բան չկա, մեծ կազմակերպությունները նվիրաբերում են լաբորատորիաներ, գիտելիքն անվճար տրամադրում են, և իրենցից քսան տոկոս հարկ պահելը անհասկանալի է շատերի համար: Այդ իսկ պատճառով շատ բուհեր այդ նվիրաբերումները չեն ընդունում, միայն բերելը չէ, մարսել է պետք:

Երևակ ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ