Երեքշաբթի, Ապրիլ 25, 2017

 14:26

ԼՐԱՀՈՍ

Անլուրջ մոտեցում գիտաարդյունաբերական ներուժին

Գազը համարվում է 21-րդ դարի ավտոմեքենայի վառելիք: Գազաբալոնների արտադրությունն այսպիսի պայմաններում պետք է լուրջ ուշադրության արժանանա, սակայն Հայաստանում իրականությունը մի փոքր այլ է, քան մյուս երկրներում: Ոլորտում առկա խնդիրների շուրջ զրուցեցինք տարածաշրջանում և ԱՊՀ երկրների տարածքում գազաբալոնների արտադրությամբ զբաղվող միակ գիտաարտադրական ընկերության` «Գոլդեն ֆիլդ» ՍՊԸ տնօրեն Մեխակ Գաբրիելյանի հետ:

-Հայաստանի տնտեսության մեջ ի՞նչ նշանակություն ունի գազաբալոնների արտադրությունը:

-Ամբողջ աշխարհում նման արտադրություն ունեն մոտ 20 երկրներ, և դրանցից մեկն էլ Հայաստանն է: Նշված բոլոր 20 երկրներում ստեղծված են անհրաժեշտ պայմաններ, որպեսզի արտադրող ընկերությունները նախ և առաջ կարողանան իրացնել իրենց գազաբալոնները տեղական շուկայում և հետո միայն` միջազգային: Հայաստանում ոչ միայն չկան այդ նպաստող հանգամանքները, այլև ընդհակառակը` կան որոշումներ, օրենքներ, որոնք խանգարում են մեզ ավելի լայն աշխատանքներ իրականացնել ներքին սպառման շուկայում: Մեր կառավարությունը սեփական արտադրողին չի պաշտպանում: Հայաստան ներմուծվող գազաբալոնների համար զրոյական մաքսատուրք է նշանակված: Աշխարհում չկա որևէ երկիր, որն ունենա սեփական արտադրություն և ներմուծվող նմանատիպ ապրանքը բերի առանց մաքսատուրքի:

-Այս դեպքում ներմուծվող գազաբալոնները կարո՞ղ են ավելի մատչելի լինել:

-Այո, որովհետև անորակ բալոններով է լցված մեր շուկան, և որևէ մեկին չի հետաքրքրում մեր սպառողի ճակատագիրը: Ներկրում են հիմնականում Չինաստանից, իսկ Չինաստանի վարած տնտեսական քաղաքականության արդյունքում դրանք շատ մատչելի են: Սա է պատճառը, որ նրանց արտադրանքը ներքին շուկայում ավելի մեծ ծավալներով է վաճառվում, քան մերը: Այնինչ դրանց որակը խիստ կասկածելի է: Վնասվելու կամ պայթելու դեպքում այդ բալոնները կարող են վնասել ոչ միայն մեքենան, այլև մարդկանց:

-Գազաբալոնի գինը որքանո՞վ կապ ունի որակի հետ: Կարելի՞ է ասել, որ որքան թանկ է, այնքան որակն էլ բարձր է:

-Չէի ասի. մեկ-երկու գործոններ կան, որ ազդում են գնի վրա: Հիմնական կիրառության 4 տեսակ բալոններ կան. առաջինը ամենածանր տեսակն է` հոծ մետաղական բալոնները, մյուսները մետաղապլաստե բալոններն են, որոնք հիմնականում ներմուծվում են Չինաստանից: Քանի որ սպառողներին առաջին հերթին հետաքրքրում է ծանրությունը, նրանք ընտրում են երկրորդ և երրորդ տեսակը, բայց բնական է, որ սա շատ սխալ մոտեցում է: Առաջնայինն անվտանգությունն է, պետք է կարևորել ամրությունը: Օրինակ՝ մենք ունենք բալոններ, որոնք մետաղապլաստից ծանր են ընդամենը 5-7 կգ-ով. սա ընդհանուր քաշի նույնիսկ տասը տոկոս չի կազմում, բայց ամրության պաշարով զգալիորեն գերազանցում են մյուսներին: Այս դեպքում մետաղականներն ավելի մատչելի են, բայց ավելի որակով: Գինը կարևոր չէ: Շատ երկրներ կան, որոնք մետաղապլաստից պատրաստված բալոնների օգտագործումն անգամ օրենքով են արգելել. դրանք շատ վտանգավոր են:

-Իսկ ո՞ր մարմնի իրավասությունն է վերահսկել ներմուծվող գազաբալոնների համապատասխանությունն ընդունված ստանդարտներին:

-Պետք է լինի կառավարությանն առընթեր համապատասխան մարմին, և կա, բայց քանի որ մեր օրենքն այդ առումով սահմանափակումներ չունի, դրա համար էլ որևէ մեկը չի հետաքրքրվում դրանով: 

-Սպառողն ու՞մ խորհրդատվության վրա կարող է հույս դնել, ինչպե՞ս հասկանալ՝ որ բալոնը գնել և որը` ոչ:

-Մենք խորհրդատվություն անպայման տրամադրում ենք, բայց նրանք երբեմն մեզ չեն դիմում` բավարարվելով միայն վաճառականի խորհուրդներով: Իսկ ո՞վ է վաճառականը, մի մարդ, ում գլխավոր նպատակը մեծ շահույթ ունենալն է, և արդյոք կարելի՞ է հուսալ, որ նա կառաջարկի գազաբալոն, որը վաճառելիս իր եկամուտը կլինի փոքր, բայց դա կբխի սպառողի շահերից: Կարելի է ասել` ոչ: Նա կձգտի վաճառել այն ապրանքը, որն ավելի մատչելի է, և որն ավելի թանկ կարող է վաճառել որակյալ ապրանքի քողի տակ: Հետևապես, եթե մեր դերը սահմանափակվում է մեզ չդիմելու խնդրով, վաճառողի բարեհաճության վրա հույս դնելն էլ գրեթե նպատակ չունի, ուստի միակ օղակը, որ կարող է էական ազդեցություն ունենալ, մնում է կառավարությունը: Այս դեպքում էլ գործ ունենք չաշխատող օղակի հետ:

-Գնորդը կարո՞ղ է տեղում անզեն աչքով նայելիս ինչ-որ կերպ տարբերակել որակյալ գազաբալոնն անորակից:

-Ոչ: Սովորական մարդը որևէ բանից չի կարող կռահել, թե ինչ է գնում, որովհետև դա անհնար է պարզել: Այստեղ միակ խնդիրը ամրությունն է: Պարզապես պետք է հետաքրքրվեն ընկերության պատմությունով, փորձեն հասկանալ՝ ինչպիսի ընկերություն է, ինչ ձեռքբերումներ է ունեցել, մինչ այդ եղել են արդյոք խնդիրներ այդ ընկերության արտադրած գազաբալոնների հետ: Իսկ վերահսկողը պետք է լինի համապատասխան մասնագետների խումբ, որի հիմնական խնդիրն է քաղաքացուն պաշտպանել անորակ արտադրանքից:

Ձեր ընկերությունը զբաղվում է ոչ միայն արտադրական, այլև գիտական գործունեությամբ։ Ինչքանո՞վ եք կարևորում գիտաարտադրական գործունեությունը։

Մեր ընկերությունը որդեգրեց ոչ միայն արտադրել, այլև մշակել նոր տեխնոլոգիաներ և ներդնել արտադրության մեջ։ Դրա վառ ապացույցն է ընկերության մասնգետների մշակած և արտադրությունում ներդրած գլոցման մեքենան, որի համար ընկերությունն ստացել է հեղինակային իրավունք, և որը գրանցված է հեղինակային իրավունքի միջազգային բյուրոյի կայքէջում։ 

Ընկերությունը համագործակցում է նաև Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ։

-Շատ ոլորտներում ասում են, թե ամենաորակյալ արտադրանքը տեղականն է: Ձեր կարծիքով` սա մո՞տ է իրականությանը:

-Եթե խոսենք հենց մեր և ինձ հայտնի բազմաթիվ այլ կազմակերպությունների օրինակներով, ապա շատ դեպքերում վստահաբար կարելի է ասել` այո: Մենք լուրջ ձեռքբերումներ շատ ենք ունեցել, առհասարակ Հայաստանն առանց գիտաարդյունաբերության չի կարելի պատկերացնել: Մեր ազգը Սովետական Միության ժամանակաշրջանում արդյունաբերության ոլորտում իրեն դրսևորեց շատ բանիմաց և դարձավ աշխարհի առաջատար ազգերից մեկը: Այսօր նրան գրեթե զրկում են զբաղվել մի բանով, որտեղ նա ունեցել է գերազանց հաջողություններ: Խնդրանքս է կառավարությանը` շատ արագ ստեղծել պայմաններ արդյունաբերության զարգացման  համար: Հակառակ դեպքում՝ մեր պետությունը տասնամյակներ շարունակ կարող է մնալ աղքատ երկիր, ինչը հարիր չէ մեր ազգին։ Արդյունաբերությունն, իմ պատկերացմամբ, պետք է լինի տնտեսության հիմքը։ Դա տնտեսության այն ճյուղն է, որը ապահովում է առավելագույն աշխատատեղեր և բացահայտում է ինժեներական, գիտական միտքն ու նպաստում պետության արագընթաց զարգացմանը։ 

Երևակ ամսագիր


ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ