Ուրբաթ, Նոյեմբեր 24, 2017

 19:10

ԼՐԱՀՈՍ

ՏՏ.իրական հնարավորություններ տնտեսության համար.Հովիկ Մուսայելյան

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն 

ՏՏ-ն մեր տնտեսության ամենամեծ հավակնություններ ունեցող ոլորտներից է, որն ապահովում է մեծ քանակությամբ բարձր վարձատրվող աշխատատեղեր: Սակայն սրան զուգահեռ ոլորտի ամենալուրջ խնդիրը, կարծում եմ, կապիտալի շուկան է, աշխատուժի շուկան, որտեղ բարձր որակավորում ունեցող մասնագետների խնդիր կա:

Մենք մեր  հայաստանյան գործունեության տասը տարիների ընթացքում ունեցել ենք   աշխատակազմի 30% աճ և հիմնականում այդ կադրային բազան համալրել ենք  այն համալսարանների ուսանողների շնորհիվ, որոնք մեր գործընկերներն են, և այս համալսարանների հետ մեր համագործակցությունը նպատակային է՝ նախապատրաստել մասնագետներ ոլորտի համար: Սակայն ՏՏ, առավել ևս միկրոսխեմաների նախագծման ոլորտում բարձրորակ մասնագետի խնդիր միշտ էլ առկա է:   Ցավոք, մեր բուհերի կրթական  ծրագրերով չես կարող բարձր որակավորում ունեցող մասնագետներ ունենալ, որոնք պահանջված կլինեն անմիջապես ավարտելուց հետո: Նրանց միայն 7-8%-ն է ավարտելուց հետո աշխատանքի անցնում:  Երկար փնտրտուքից և  տարիների նպատակասլաց աշխատանքի շնորհիվ միայն դառնում են այն որակյալ մասնագետները, որոնց պահանջարկը միշտ կա: ՏՏ ոլորտում միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական կադրերի մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման առկա դժվարությունները կապված են մեծ ֆինանսական խնդիրների հետ. այսօր բուհերն  ի զորու չեն ամբիոններ, լաբորատորիաներ ստեղծել, դրանք մասնավոր ընկերություններն են ապահովում:  Պետք է մասնավոր հատվածի և բուհերի միջև ստեղծել սերտ համագործակցություն, հակառակ դեպքում պետության համար միշտ խնդիր է լինելու կրթական մրցունակ միջավայր ստեղծելը: Ունենալ  նման գենոֆոնդ, ինչպիսին մենք այսօր ունենք,  և չօգտագործել դա, ուղղակի հանցագործություն է, պարզապես պետք է ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որ մեր երիտասարդների տաղանդները մաքսիմալ բացահայտվեն տնտեսության և քաղաքականության բոլոր ասպարեզներում, այդ ժամանակ մենք կարող ենք պարծենալ, որ մենք ազգ ենք, որը ոչ միայն գոյատևելու, այլ հստակ արարելու ճանապարհ ունի անցնելու, պետք է մշակել մեխանիզմներ, համազգային և միահամուռ տրվել նպատակին: Այսօր բոլոր ազգերն ունեն ապագայի իրենց տեսլականը, իսկ թե որն է մեր ազգի տեսլականը, չգիտեմ, իսկ եթե ես չգիտեմ, նոր սերունդն ի՞նչ իմանա: Համատեղ  պետք է ստեղծել այդ տեսլականը, իսկ  գործիքները  կստեղծվեն տաղանդների շնորհիվ: Բազում երկրներ ունեն  տեսլական, գործիքներ, բայց չունեն տաղանդներ,  մեր  շնորհալիները շատ են, տեսլական չունենք, գործիքներն էլ հիմնականում անհասկանալի են: 

Հաջորդ հիմնական խնդիրը տեղական ընկերությունների արտադրանքի ու ծառայությունների արտահանման ու համաշխարհային շուկաներում կայուն դիրքավորման բարդություններն են, որովհետև այնպիսի տպավորություն է, թե  նիշաները լրիվ զբաղված են, դժվար է գործընկերներ գտնել: Պարզապես պետք է ինքնահաստատման փուլն անցնել, հետո  պետք է վստահեն, հավատան, որ դու ի զորու ես լուծումներ տալ բոլոր ինժեներական խնդիրներին,  որոնք քո առջև կդրվեն: Արտաքին  շուկաներ գրավելու հարցում մեծ է նաև  կառավարության ֆունկցիան: Վերջինս  պետք է ոչ միայն պայմաններ ստեղծի, պետք է լոկոմոտիվի դեր ստանձնի նաև տրանսնացիոնալ կորպորացիաներին Հայաստան բերելու: Անշուշտ, կառավարությունը անմասն չէ, ստեղծել է պայմաններ, բայց տրանսնացիոնալ կորպորացիաները մեզ նման երկրների համար առաջնային են: Ցայտուն է Իսրայելի օրինակը. վերջինիս կառավարությունը լրջագույն խնդիրներ է լուծել՝ այդ խոշոր ընկերություններին բերելով իր երկիր և տվալով երաշխիքներ, նրանք էլ եկել են՝ իրենց հետ բերելով ֆինանսներ, նոր մշակույթ, նոր բիզնես մտածելակերպ: Մեր կառավարությունը չի խանգարում, ստեղծում է որոշ ենթակառուցվածքներ, բայց  սրանով ավարտվում է նրա դերակատարումը: Եթե ասում ենք, որ ՏՏ-ն մեր երկրի տնտեսության առաջնահերթությունն է, ուրեմն պետք է լուրջ քայլեր արվեն և տրվեն երաշխիքներ, սա զարկ կտա տնտեսության բոլոր ճյուղերի զարգացմանը, քանի որ IT-ն՝ որպես գործիք, այն շարժիչ ուժն է, որը պետք է օգտագործել տնտեսության բոլոր ճյուղերում, որպեսզի մոդեռնիզացվի, բարձրացվի արտադրողականությունը, ինչը  հնարավորություն կընձեռի  լուծել արտաքին շուկաների հարցը: Կարծում եմ՝ շուկայի, աշխատաշուկայի, իրացման շուկայի և կրթական տարբեր մոդելների  խոչընդոտներն այն հիմնական դժվարություններն են, որ այսօր առկա են ոլորտում: Մնացյալը՝ մաքսային, հարկային, կառավարության հետ հարաբերակցության խնդիրները, փոքր խոչընդոտներ են. եթե շուկայի և կադրային խնդիրները լուծվեն, մնացածը  ինքնաբուխ կլուծվի: 

Երևակ ամսագիր


ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ