Երեքշաբթի, Օգոստոս 22, 2017

 22:47

ԼՐԱՀՈՍ

Ֆինանսական շուկա.ցածր տեղեկացվածություն, խոշոր վնասներ

Հայաստանում ներդրումային գործունեությունն ու ֆոնդային շուկայի զարգացումը կարծես թե լուրջ մտահոգության առիթ չեն հասարակության ոչ մի օղակի համար: Սակայն մասնագետները հավաստում են, որ տնտեսության մեջ այս ճյուղի զարգացումը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև բազմաթիվ այլ ոլորտներում: «Ֆինանսական տեխնոլոգիաների լաբորատորիա» ՓԲԸ տնօրեն Արտակ Նահապետյանի կարծիքով մարդիկ հետաքրքրված չեն, քանի որ հստակ պատկերացում չունեն ներդրումային գործունեության մասին:

-Պարոն Նահապետյան,  ֆինանսական շուկան Հայաստանում ինչպիսի՞ տեմպերով է զարգանում:

-Իրականում ֆինանսական, հատկապես կապիտալի շուկան զարգանում է շատ դանդաղ տեմպերով: ՀՀ-ում թողարկված արժեթղթերում մեծ կշիռ են կազմում պետական պարտատոմսերը, որոնք թեև համարվում են բարձր իրացվելի ակտիվներ, այնուամենայնիվ այստեղ առկա է իրացվածության ռիսկը: Ինչ վերաբերում է բաժնետոմսերին, կորպորատիվ պարտատոմսերին և ֆոնդային շուկայի այլ գործիքներին, ապա որոշակի աշխուժություն նկատվում է կորպորատիվ պարտատոմսերի շուկայում, ինչը թերևս բավարար համարել չի կարելի զարգացած ֆինանսական շուկա ունենալու համար:

-Ինչո՞վ է պայմանավորված ֆինանսական շուկայի զարգացման ցածր տեմպը Հայաստանում:

-Սա նախ և առաջ մտածելակերպի խնդիր է. մարդիկ չեն ցանկանում իրենց բիզնեսը կիսել այլ անձանց հետ, հաճախ գերադասում են  ոչ թափանցիկ գործելաոճը: Երկրորդ գլխավոր պատճառը ֆինանսական գրագիտության ցածր մակարդակն է: Ի վերջո, ընկերությունները պետք է գիտակցեն, որ բիզնեսի ֆինանսավորումը  արժեթղթավորման միջոցով ավելի մատչելի և հարմար տարբերակ է: 

-Եթե Հայաստանում այս շուկան զարգացած չէ, ապա որտե՞ղ են հայերը ներդնում իրենց գումարները:

-ՀՀ-ում ֆիզիկական անձիք նախընտրում են ներդրումներ կատարել հիմնականում բանկային ավանդի տեսքով, ինչը պայմանավորված է և՛ ֆինանսական գրագիտության ցածր մակարդակով, և՛ ֆինանսական շուկայի թերզարգացվածությամբ: Այս էր պատճառը, որ մեր ընկերությունը ձեռնամուխ է եղել մասնակցելուն ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված աշխատանքներին՝ կազմակերպելով դասընթացներ և ֆորումներ «Արժեթղթերի շուկա», «Տեխնիկական և ֆունդամենտալ վերլուծություններ» և այլ թեմաներով: Ստացված գիտելիքները կօգնեն մեր հաճախորդներին ճիշտ որոշում կայացնել ֆինանսական գործիքների ընտրության հարցում և կատարել ներդրումներ ինչպես հայաստանյան սակավաթիվ ֆինանսական գործիքներում, այնպես էլ ընկերության կողմից տրամադրվող հարթակի միջոցով  աշխարհի ավելի քան 40 շուկաներում:

-Որքանո՞վ եք կարևորում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, և արդյոք դա նշանակալի դեր ունենու՞մ է այս ոլորտում առաջընթացի համար:

-Համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ, իհարկե, շատ է կարևորվում թե՛ գիտելիքների ձեռքբերման, թե՛ փորձի փոխանակման և թե՛ նոր մոտեցումների նեդրման առումով: Պորտուգալական «Difbroker» ընկերության հետ 1.5 տարվա համագործակցության արդյունքում մեր հաճախորդները գործարքներ են կատարում գրեթե ողջ աշխարհում՝ գնելով և վաճառելով տարբեր ֆինանսական գործիքներ, օրինակ՝ Google-ի, Facebook-ի, BMW-ի և այլ բաժնետոմսեր, ոսկու, ցորենի, նավթի ֆյուչերսներ և այլն: Այժմ սկսել ենք համագործակցել նաև շվեյցարական «Dukascopy» բանկի հետ, որն առավելապես հայտնի է Forex շուկայում տրամադրվող ծառայությունների բարձր որակով և ցածր սակագներով:  

-Իրատեսակա՞ն է Հայաստանի` տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալը:

-Այստեղ անելիքներ շատ կան: Գլխավորը ոլորտի զարգացումն է, որը երկարատև գործընթաց է, և չի կարելի հուսալ, թե կարճ ժամանակահատվածում կարելի է հասնել էական փոփոխությունների: Հայաստանում ֆինանսական ներդրումային ոլորտում տեղի են ունենում լուրջ գործընթացներ. խոսքը կենսաթոշակային բարեփոխումների մասին է, որը որոշակի թափ կարող է հաղորդել Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացմանը և տարիների ընթացքում նպաստել մարդկանց՝ ֆինանսների ոլորտին  առնչվող գիտելիքների ձևավորմանը: Անտեղյակության բարձր մակարդակն է, որ այսօր լուրջ խնդիրների պատճառ է դառնում:

-Ձեր ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում հատկապես բրոքերային ծառայությանը: Ի՞նչ եք կարծում, Հայաստանում ֆիզիկական անձինք պատրա՞ստ են դիմել ձեզ ֆինանսական ներդրումներ կատարելու հարցում աջակցություն ստանալու համար:

-Նման միտում արդեն իսկ կա: Ուզում եմ ավելացնել նաև, որ բրոքերային ծառայություներին զուգահեռ, մենք մեր հաճախորդներին պատրաստ ենք աջակցել ֆինանսների ոլորտին առնչվող ցանկացած հարցում՝ սկսած խորհրդատվությունից մինչև ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հայթայթում:

Երևակ ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ