Երկուշաբթի, Դեկտեմբեր 11, 2017

 13:46

ԼՐԱՀՈՍ

Ինչ ջուր ենք խմում

Թե տարվա ընթացքում խմելու ջրի որակի հետ կապված քանի անգամ են կասկածներ ու նույնիսկ դժգոհություններ առաջանում Երևանի առանձին վարչական շրջաններում (Շենգավիթ, Էրեբունի և այլն) որևէ մեկին հայտնի չէ, քանի որ նման դեպքերում ոչ բոլորն են դիմում «Երևան ջուր›› ընկերությանը, «Սպառողների ասոցիացիա››  հկ-ին կամ համապատասխան մյուս կազմակերպություններին։ 

Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառավարումը 2006թ. հունիսի 1-ից իրականացնում է «Երևան ջուր›› ընկերությունը, որը Հայաստանում ներկայացնում է իր միակ բաժնետիրոջը` «Veolia Water›› ընկերությանը: Մայրաքաղաքի ջրմուղի համակարգի կառավարումն օտարերկրացիներին հանձնելուց և համակարգում, ըստ փաստաթղթերի, հսկայական ներդրումներից հետո երևանցիներս իրավունք ունեինք ակնկալելու ոչ միայն խմելու ջրի մատակարարման շարունակականության, այլև որակի բարելավում, առնվազն` մատակարարված ջրի որակի վերահսկում և հուսալիության ապահովում, ինչն ուղղակի ՀՀ կառավարության հետ կնքված 10-ամյա պայմանագրի շրջանակներում ընկերության ստանձնած երեք պարտավորություններից մեկն է: Իսկ ինչպիսի՞ն է իրական պատկերը, ընկերությունն արդյոք կատարե՞լ է իր վերոնշյալ պայմանագրային պարտավորությունը:

Երևանի Կարապետ ՈՒլնեցու փողոցի (Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջան) 1-ին փակուղու 2-րդ, 4-րդ, 6-րդ, ինչպես նաև հարակից շենքերը գոյություն ունեն դեռ 60-ական թվականներից: Նշված շենքերի բնակիչները տասնամյակներ շարունակ ոչ միայն շուրջօրյա ջրամատակարարում, այլև որակյալ ջուր են ունեցել: Ասում էին՝ Գառնիի ջուրն էր: Այդպես էր մինչև Երևանի ջրմուղի համակարգն օտարերկրացիներին հանձնելը: Նրանց կողմից բնակիչների հանդեպ, իհարկե, որևէ դիտավորություն չկա, պարզապես ջուրն այլևս նախկին համը չունի, նախկինի պես համեղ չէ: Շրջակայքում (և ոչ միայն) նոր շենքեր են կառուցվել, նոր սպառողներ հայտնվել, մի քանի անգամ գետինը քանդվել է և ջրագծերի հետ կապված լուրջ աշխատանքներ են կատարվել: Բնակիչներից ոմանց ենթադրությամբ՝ իրենց մատակարարվող ջուրը փոխվել է կամ ամբողջությամբ, կամ էլ նախկին ջրին խառնվում է այլ ջրաղբյուրի ջուր: Նկատի ունենանք, որ համը ջրի որակական ցուցանիշներից մեկն է, և տվյալ վայրում այդ առումով փաստորեն առկա է հետընթաց: 

Սա դեռ մի կողմ թողնենք, քանի որ մատակարարվող ջրի համը ուղղակի նախկինի պես լավը չէ, բայց վատն էլ չէ, այն Երևանի որոշ վայրեր մատակարարվող ջրի նման տհաճ համ չունի, եթե, իհարկե, չհաշվենք տարվա առանձին օրերին ու պահերին զգացվողը: Միջինը մոտ 3 ամիսը մեկ անգամ ջրից քլորի համ ու հոտ է գալիս այն աստիճանի, որ զգացվում է նույնիսկ թեյի մեջ: Նրանք, ովքեր օգտագործված շաքարավազը չեն ափսոսում, այդպիսի դեպքերում թեյը թափում են: Հասկանալի է, որ ինչ-ինչ պատճառներով (իր աշխատանքից համապատասխան սարքի շեղվելու կամ այլ) տեղի է ունենում ջրի կարճատև գերքլորացում, որը բնակչության անվտանգության համար դժվար թե անվտանգ լինի: Ապացուցել այս ամենը գրեթե անհնար կամ անհնար է: Նախ այն պատճառով, որ ծորակից հիմնականում ընդամենը մի քանի րոպե հետո արդեն գերքլորացված ջուր չի գալիս, այսինքն` հնարավոր չէ «Երևան ջուր›› ընկերության աշխատակիցներին այդ ընթացքում հրավիրել բնակարան և ապացուցել, պարզապես չես հասցնի: 

Ջրամատակարարման ոլորտում մատակարարի պարտավորություններին քաջատեղյակ լինելն էլ այս դեպքում ոչինչ չի տալիս: Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնների համաձայն` ջրամատակարարը պարտավոր է բաժանորդի պահանջի դեպքում 5-օրյա ժամկետում ներկայացնել խմելու ջրի որակը հավաստող փաստաթուղթ: Կասկած չկա, որ պահանջի դեպքում կներկայացնեն փաստաթուղթ առ այն, որ ձեզ մատակարարված ջուրը համապատասխանում է որակին ներկայացվող պահանջներին:

Ապացուցել չես կարողանա նաև, եթե ջրից նմուշառում կատարես, լցնես ինչ-որ տարայի մեջ ու, թեկուզ սեփական գրպանիցդ վճարելով, փորձաքննության համար տանես հանձնես համապատասխան լաբորատորիայի: Ասենք թե փորձաքննության եզրակացությունը հաստատեց, որ ջրում քլորի պարունակությունը գերազանցում է սահմանված նորմային: Հետո ի՞նչ… «Երևան ջուր›› ընկերությունը հեշտությամբ կարող է ասել, որ դա ընդհանրապես իր մատակարարած ջուրը չէ, կամ էլ եթե նույնիսկ իր մատակարարածն է, հետագայում ինչ-որ մեկի կողմից քլորային միացություն է խառնվել: Նշենք, որ քլորային համապատասխան միացությունը ջրին խառնվում է որոշակի մանրէներից բնակչության վարակումը կանխելու նպատակով, իսկ այդ վտանգը Երևանում մեծ է, քանի որ ջրմուղի ցանցը հիմնականում հին է, շատ վայրերում նույնիսկ` քայքայված:

«Խմելու ջրի գերքլորացման առնչութամբ մենք շատ տրտունջներ ենք լսել, բայց որպես բողոք հիշում եմ վերջին դեպքերից մեկը, որը 2-2,5 տարի առաջ էր,- մեզ հետ զրույցի ընթացքում ասաց «Սպառողների ասոցիացիա›› հկ նախագահ Արմեն Պողոսյանը:- Խմելու ջրի նմուշն ինքս տվեցի հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արաբկիրի լաբորատորիա: Լաբորատոր հետազոտության արդյունքում պարզվեց, որ ջրում մնացորդային քլորի պարունակությունը թույլատրելի սահմանից ավելին էր, իսկ դա առողջության վրա բացասաբար ազդող է: Կարծում եմ, որ իրենց ապահովագրելու համար մտածում են ջրում քլորը մի քիչ շատ լցնել, որպեսզի ավելի լավ ազդի, և վարակման դեպքերը կանխվեն: Պետք է ասեմ, որ քլորով ջուրն ախտահանելը քարեդարյան մեթոդ է, այժմյան տեխնոլոգիաների դարում ջուրն ախտահանվում է ուլտրամանուշակագույն ճառագայթման միջոցով, այսինքն` համապատասխան լամպեր են տեղադրված հոսող ջրի վրա: Իհարկե, էլեկտրաէներգիայի հավելյալ ծախս է կատարվում, բայց չի ծախսվում քլոր, որի համար նույնպես ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, և ամենակարևորը` նոր մեթոդն արդյունքի և բնակչության առողջությունը չվտանգելու առումով անհամեմատ առավել է, որովհետև ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ ջուրն ախտահանելու դեպքում ոչ մի բացասական հետևանք չի մնում ջրում, իսկ քլորի նորման գերազանցելու դեպքում այն ազդում է մարդկանց առողջության վրա: Նույնիսկ Աֆրիկայում վայրեր կան, որտեղ ջուրն արդեն ախտահանվում է նոր տեխնոլոգիաներով: Ամոթ է, որ մեզ մոտ դեռ քլորով են ախտահանում››:

Եթե վերոնշյալ հասցեում գերքլորացման հետևանքով ջրի որակի վատացումը մշտական չէ, խիստ կարճատև բնույթ ունի, ապա, օրինակ, Արշակունյաց 5 հասցեի շենքի վերին հարկի ծորակներից հոսող ջուրը մոտ կես ժամ բաժակում պահելուց հետո քիմիական լուծույթ հիշեցնող տհաճ համի պատճառով այլևս խմել չի լինում: Այս շենքում աշխատողների մի մասը միայն չափազանց ծարավ լինելու դեպքում է օգտվում այդ ջրից, հիմնականում ջուրը գնում են խանութներից կամ տանից են իրենց հետ բերում տարբեր տարաներով: 

Ավելորդ չենք համարում հիշեցնել դեռ 2006թ. հունիսի 27-ին «Սպառողների ասոցիացիա›› հկ-ի կողմից կազմակերպված կլոր սեղանի ընթացքում (հրավիրված էին նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ջրային տնտեսության պետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ) «Երևան ջուր›› ընկերության գլխավոր տնօրեն Ս. Պոպոֆֆի ասածը: Անդրադառնալով ջրի որակի խնդրին՝ գլխավոր տնօրենն ասաց, որ խմելու ջուրը սննդանյութ է, և այս առումով անհրաժեշտ են հետևողականություն և վերահսկողություն, որը պետք է ծայրահեղորեն ուժեղ լինի։ Նշելով, որ իրենք հաջողակ են, քանզի Երևանում կա լավորակ ջուր, պարոն Պոպոֆֆն ասաց նաև` «Մնում է ամեն ինչ անել, որ այդ ջրի որակը ցանցերում չվատանա։ Ներդրումների հարցում առաջնահերթություն հանդիսացող ծրագրերում առաջնայինը լինելու են հենց ջրի որակի բարելավմանն ուղղված ներդրումները, ինչպես նաև անվտանգությունը՝ քլորացման հետ կապված››,- հավաստեց նա։

Սրանք ղեկավարի խոսքերն էին, իսկ իրականությո՞ւնը… Մայրաքաղաքի որոշ վայրերում ջրի վատ համը, սակայն, խնդրի սոսկ մի կողմն է, որոշ դեպքերում մարդկանց առողջությունն ու կյանքն ուղղակի վտանգի տակ են հայտնվել:

2008թ. սեպտեմբերի 23-ին՝ օրվա երկրորդ կեսին իրականացված ստուգման շնորհիվ պարզվել էր, որ Աջափնյակի Լուկաշին և Սիլիկյան թաղամասերին մատակարարվող ջրի որակը չի համապատասխանում ներկայացվող չափանիշներին: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ «Երևան ջուր›› ընկերությունն այն ժամանակ խնդրեց Աջափնյակի Լուկաշին և Սիլիկյան թաղամասերի բնակիչներին ձեռնպահ մնալ մատակարարվող ջուրը խմելու նպատակով օգտագործելուց: Սակայն երեք տարի անց նշված ընկերությունը ժամանակին չզգուշացրեց բնակչությանը, ինչի հետևանքով Երևանի Նուբարաշենի 11-րդ փողոցի բազմաթիվ բնակիչներ և նրանց հյուրերը, ովքեր օգտվել էին խմելու ջրից, 2011թ. հունիսի 1-3-ի ընթացքում զանգվածաբար վարակվեցին: Զանգվածային վարակման փաստի առթիվ 2011թ. հունիսի 4-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել էր քրեական գործ: Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 16 շենքի հարակից տարածքում հայտնաբերվել է դեպի 9-րդ փողոցի տները ստորգետնյա ջրատարից ջրի արտահոսք: Կատարված զննությամբ ստորգետնյա ջրատար խողովակի վրա հայտնաբերվել է մետաղի կոռոզիայի հետևանքով առաջացած 4 միջանցիկ վնասվածք: Նույն տեղանքի լրացուցիչ զննությամբ վնասված խողովակից 4,5 մետր հեռու հայտնաբերվել է բնահողի հունով իրար մոտեցված, ստորգետնյա 3 կոյուղատար խողովակների միացման բաց հանգույց: Ստացված եզրակացության համաձայն` Նուբարաշենի բնակիչների զանգվածային վարակման, հիվանդացման պատճառը եղել է խմելու ջրի միջոցով կոյուղաջրերում պարունակվող վարակների հարուցիչների ներթափանցումը մարդկանց օրգանիզմ:

Ընդգծենք, որ ՀՀ գլխավոր դատախազության տարածած տեղեկատվության համաձայն` բոլոր տուժողները և բազմաթիվ վկաներ իրենց ցուցմունքներում նշել են, որ Նուբարաշենի թիվ 11 փողոցի տարածքում գտնվող շենքերի բնակարաններում ջրամատակարարումը դադարեցվել է, մի մասում էլ ջրի ճնշումը նվազել է 2011թ. հունիսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում։ Իսկ կոյուղաջրերի կամ վարակի թափանցումը անցք կամ անցքեր ունեցող ջրմուղի համակարգ (առաջացող վակուումի կամ կեղտաջրերի ներթափանցում թույլ չտվող բարձր ճնշման վերացման պատճառով), ինչպես հայտնի է, սովորաբար նման դեպքերում է լինում։ Այնուհանդերձ, ոստիկանությունն անհիմն կերպով, արհեստական, հորինովի պատճառաբանություններով կարճեց վերոնշյալ քրեական գործը: Հիշյալ վարակումից մոտ 10 օր անց` 2011թ. հունիսի 9-ից մինչև 14-ն ընկած ժամանակահատվածում, դարձյալ խմելու ջրից բնակչության զանգվածային վարակման դեպք եղավ երևանամերձ Նոր Խարբերդ գյուղում: 

Չնայած վերոնշյալ կարևոր խոստովանությանը կամ արձանագրմանը՝ դեպքից մեկ տարի հետո` 2012 թ. հունիսի 25-ին, ոստիկանությունից հայտնել են. «Արարատի մարզի Նոր Խարբերդ և Այնթապ գյուղերում չպարզված հանգամանքներում խախտվել են սանիտարահակահամաճարակային կանոնները, ինչի հետևանքով առաջացել է մարդկանց զանգվածային հիվանդացում»: Ոստիկանությունում Նոր Խարբերդ և Այնթապ գյուղերում գրանցված «մարդկանց զանգվածային հիվանդացման դեպքերով» 14.09.2011թ. հարուցված քրեական գործի վարույթը որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու պատճառաբանությամբ կասեցվել է: Եվ սա այն դեպքում, երբ 2011թ. ամռանը հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության պետ Արտավազդ Վանյանը այդ դեպքի առնչությամբ ասաց. «Խարբերդի դեպքը նույնպես լոկալ բնույթ ուներ, իհարկե, մինչև հիմա էլ ուսումնասիրությունները շարունակվում են, բայց, մեր կարծիքով, համաճարակաբանական հետազոտությունները լիարժեք ցույց են տալիս, որ դա ջրային բնույթի էր: Միանշանակ` աղբյուրը ջուրն էր»:

«Երևան ջուր» ընկերության տեղեկացմամբ՝ 2012թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին «Երևան ջուր» ՓԲԸ-ում գրանցվել է ջրի որակի վերաբերյալ 1647 դիմում, որոնք ներառում են ինչպես ահազանգեր, այնպես էլ տեղեկանքի տրամադրման, իրազեկման և նմանօրինակ այլ պահանջներ: Խնդրի առնչությամբ մեր հարցման կապակցությամբ հիշյալ ՓԲԸ-ից ստացված պատասխանում նշված է.

«Վարձակալության պայմանագրի 6-րդ տարվա (2011թ. հունիսի 1 - 2012թ. մայիսի 31) տեխնիկական, շահագործման, սպասարկման և կառավարման աուդիտի վերջնական հաշվետվության մեջ, որն իրականացրել են «Վոթեր Սեփլայ Սերվիսիզ Քոնսալթինգ» (Դանիա) և «ԱՎԱԳ Սոլյուշնս» (Հայաստան) ընկերությունները, նշված է, որ ընկերության կողմից սպասարկվող բնակավայրերի (Երևան և 36 գյուղեր) ջրամատակարարման ցանցերում ջրի որակի շեղումները գտնվում են թույլատրելի սահմաններում: Վարձակալության պայմանագրի ամբողջ ընթացքում, այդ թվում նաև հաշվետու 6-րդ տարում, վարձակալը ունակ է եղել պահպանել ջրի լավ մանրէաբանական որակը Երևան քաղաքում: Վարձակալության պայմանագրի շրջանակներում սպասարկվող գյուղերն ևս ստացել են լավորակ ջուր»: 

Ըստ «Երևան ջուր» ՓԲԸ-ի՝ հաշվի առնելով տեխնիկապես մաշված ջրամատակարարման ցանցը, ընկերությունն իրականացնում է ջրի որակի ուժեղացված վերահսկողություն. «Երևան ջուր» ՓԲԸ-ի ջրի որակի լաբորատորիան աշխատում է ամեն օր երկու հերթափոխով, քանի որ ավելացել է կատարվող անալիզների քանակը: Վերցված նմուշների թիվը պլանավորված 294-ի փոխարեն ամսական կազմում է 420-430: Պայմանագրային նախորդ տարվա համեմատ՝ ցանցի նմուշառման կետերի թիվն այս տարի ավելացել է 8-ով և այժմ կազմում է 106: Նույն պատասխանում նշված է նաև. «Ներկայումս ջրի որակը համակարգում ստուգվում է հետևյալ պարբերականությամբ: Տարին մեկ անգամ կատարվում են ջրի աղբյուրների ճառագայթաբանական հետազոտություններ, եռամսյակը մեկ` մանրէաբանական և լրիվ քիմիական անալիզ, ինչպես նաև քլորապահանջի որոշում աղբյուրներում, ամիսը մեկ՝ անալիզներ գյուղերում, ջրամբարներում և ջրատարներում, ամեն օր` մայրաքաղաքի բաշխիչ ցանցի 10-12 նմուշառման կետերում և ջրատարներում: Իսկ օրվա կարգավորիչ ջրամբարներում, մինչև ջուրը մայրաքաղաքի բաշխիչ ցանցն ուղղելը, երկու ժամը մեկ ստուգվում է ջրում մնացորդային քլորի քանակը: Ներկայումս ընթացքի մեջ են զարգացած երկրներում այդ նպատակով կիրառվող ժամանակակից սարքերի տեղադրման աշխատանքները, որը հնարավորություն կտա ավտոմատացնել նշված ստուգումների գործընթացը և այդ միջոցով էլ ավելի բարձրացնել որակի հսկողությունը: Ընդ որում, հարկ է նշել, որ բաշխիչ ցանցի նմուշառման կետերի քանակը, վայրերը ու պարբերականությունը հաստատվում է ԱՆ հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կողմից, որը և իրականացնում է վերահսկողություն ընկերության համակարգում որակի ապահովմանն ուղղված բոլոր գործընթացների նկատմամբ: Այս ամենը թույլ է տալիս ապահովել սպառողներին մատակարարվող ջրի որակի արդյունավետ կառավարում և վերահսկում: Մյուս կողմից համակարգում իրականացվող ներդրումային ծրագրերի միջոցով վերանորոգվում են տեխնիկապես անբավարար վիճակում գտնվող ջրագծերը, այլ կառույցներ՝ տարատեսակ ռիսկերը նվազագույնի հասցնելու համար»: Ինչպես տեղեկացանք ՀՀ առողջապահության նախարարությունից, «ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից 2012թ. ընթացքում (մինչև նոյեմբերի 1-ը) կատարվել են «Երևան ջուր» ՓԲ ընկերության մատակարարած խմելու ջրի մանրէաբանական ցուցանիշներով հետազոտություներ, արձանագրվել է 0,4% շեղում, ընդ որում, համաձայն ՀՀ սանիտարական օրենսդրության, մանրէաբանական ցուցանիշներով տարվա ընթացքում նորմատիվներից մինչև 5% շեղումները թույլատրելի են»:

Սանիտարաքիմիական ցուցանիշներով ջրի հետազոտությամբ արձանագրվել է 0,75% շեղում: ՀՀ սանիտարական օրենսդրությամբ ամրագրված նորմերից շեղումներ հայտնաբերվելու դեպքում, առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հավաստմամբ, սահմանված կարգով իրականացվում են կրկնակի նմուշառումներ և հետազոտություններ, միաժամանակ անհրաժեշտության դեպքում տեղեկացվում է «Երևան ջուր» ընկերությանը` համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մուշեղ Կոշեցյանի տեղեկացմամբ՝ հանձնաժողովի գործառույթների մեջ չի մտնում ջրի որակական ցուցանիշների նկատմամբ վերահսկողությունը, դրանով զբաղվում է ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը: Ի պատասխան մեր հարցին, թե «Երևան ջուր» ՓԲԸ-ն կատարո՞ւմ է ՀՀ կառավարության հետ կնքված պայմանագրի շրջանակներում իր ստանձնած` մատակարարված ջրի որակի վերահսկման և հուսալիության ապահովման պարտավորությունը, պարոն Կոշեցյանն ասաց. «Պայմանագրային ցուցանիշների կատարման վերաբերյալ միջազգային աուդիտորի կողմից ամեն տարի կատարվում են վերլուծություններ, ուսումնասիրություններ, որոնց արդյունքները ֆիքսվում են պայմանագրի մյուս կողմի լիազոր անձի մոտ, որն այսօր Երևանի քաղաքապետարանն է: Աուդիտորի եզրակացության վերջնական տեքստից հետո մեզ ընդամենը տեղեկացվում է, մենք ընդունում ենք ի գիտություն` ինչպիսի ցուցանիշներ ինչով են ապահովել: Դրա մեջ կա նաև ջրի որակի հետ կապված ցուցանիշների վերահսկողությունը, մինչև այժմ մենք ընդամենը որպես ի գիտություն ենք ընդունել: Վերահսկելու առնչությամբ մեր կողմից սահմանված սպասարկման որակի նվազագույն պայմաններում կա կետ, որտեղ նշվում է, որ ջրի որակը պետք է համապատասխանի ստանդարտին, որը սահմանվում է պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից: Պայմանագրային պարտավորությունների չկատարման համար գործում է տույժ, մինչև այժմ մենք ջրի որակի հետ կապված տույժի կիրառում չենք տեսել: Եթե հիմք ընդունենք աուդիտորի եզրակացությունը, ապա ընկերությունը ջրի որակի մասով պայմանագրային պարտավորությունը կատարել է: Պարզ է, որ աուդիտորի եզրակացությունը և տվյալ հարցում Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումն արժանի են լրագրողական հետաքննության:

<Երևակ> ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ