Հինգշաբթի, Հունիս 29, 2017

 07:38

ԼՐԱՀՈՍ

Նոր լուծումներ գազի սպասարկման ոլորտում

Այսօր բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ է կառավարման այնպիսի համակարգ, որն ընդգրկի մի քանի ոլորտ: 2007 թվականից  գազասպառման կենցաղային համակարգերի սպասարկումն ապահովող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղվում է ոչ միայն իր հիմնական գործունեությամբ, այլև բիզնեսի նոր ուղղությունների որոնմամբ և իրականացմամբ: Ո՞րն է հաջող բիզնեսի գաղտնիքը. պարզում ենք «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ տնօրեն Արսեն Հարությունյանից:

Բիզնեսի կարևոր սկզբունքներ 

Առաջինն ինձ համար արդար գործընկեր լինելն է, երկրորդը՝ ընկերության իմիջը բարձր պահելը, երրորդը «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերության մասին հնարավորինս շատ ինֆորմացիա տարածելն է, որպեսզի մեզ լավ ճանաչեն: Այս հարցում մենք բավական հաջողությունների հասել ենք այս տարիների ընթացքում: Նախկին «գազի մարդ» որակավորումը վաղուց արդեն փոխարինվել է «Էյ-Ի-Ջի Սերվիս»-ի աշխատակից անվանմամբ: Այդ ուղղությամբ իհարկե մշտական աշխատանք է կատարվում: Մեր ուսումնական կենտրոնում բոլոր աշխատակիցները դասընթացների են մասնակցում, քննություն են հանձնում և ատեստավորում անցնում: Փականագործը կամ վարպետը, բացի գիտելիքներ ունենալուց, նաև պիտի կարողանա ճիշտ մոտեցում ցուցաբերել բաժանորդների հանդեպ: 


Թիմային աշխատանքը բիզնեսի ուժն է

Շատ կարևոր է լավ մասնագետների առկայությունը: Մենք ունենք շատ լավ մասնագետներ: Նրանց տեղում պահելու ամենալավ մոտիվացումն աշխատավարձն է, բացի այդ՝ աշխատակիցների հետ հավասարը հավասարի պես շփվելը: Հարկավոր է այնպես անել, որ նրանք առավոտյան աշխատանքի գան ժպիտով: Մեր ընկերությունում լավ թիմ է ձևավորվել, մեկ ընտանիքի պես աշխատում ենք, կոլեկտիվ չեմ ցանկանում ասել, այլ՝ թիմ: Սակայն պահ է գալիս, երբ մարդիկ ճարահատյալ գնում են, ստիպված են հեռանալ, որովհետև գումարը չի բավականացնում: «Էյ-Ի-Ջի Սերվիս»-ի հիմնադիրները ընկերության շահույթի հաշվին բավականին լուրջ գումար հատկացրին, որ կադրերի արտահոսքը զսպեն: 


Ժամանակին համընթաց

Ես աշխատանքին նայում եմ որպես բիզնեսի: Եվ այսօր ես գնում եմ բիզնեսի դիվերսիֆիկացման: Եթե կարողանամ ընկերությունը հասցնել այն մակարդակին, որ գազի ներտնային սպասարկման ծառայությունը լինի նրա ուղղություններից մեկը, ապա կհամարեմ, որ հաջողակ բիզնեսմեն եմ: Մենք զբաղվում ենք ջրային ընկերությունների կառավարմամբ: Տարբեր մրցույթների ենք մասնակցում, հանդիսանում ենք մատակարար «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի համար, ապահովագրության ոլորտում ենք աշխատում: Մենք ուժեղ լծակ ունենք, դա մեր աշխատանքային թիմն է, որը մոտ 640 հազար բնակարան է մտնում: Դա գովազդի ու ինֆորմացիայի տրամադրման, տարածման լավագույն աղբյուրն է: Այսօր ամբողջ աշխարհում շատ տարածված է ինտերնետ-մարկետինգը: Խոշոր ընկերությունների ու ներկրողների հետ արդեն սկսել ենք բանակցությունների փուլը: Ունենալու ենք ինտերնետ-շոփինգ, ինչի շնորհիվ Հայաստանում ապրող յուրաքանչյուր ոք կարող է պատվիրել ցանկացած ապրանք, որը պատվիրատուին հասնելու է ժամերի, իսկ հեռավոր գյուղերում՝ օրերի ընթացքում: «Էյ-Ի-Ջի Սերվիս»-ի աշխատակիցներն էլ հավելյալ եկամուտ կունենան: 

Այսօր «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունն արտադրում է նաև գազի լիցքավորման բաշխիչ աշտարակներ. այստեղ ես բիզնես եմ տեսնում, ոչ թե պարզապես վաճառքից ստացված շահույթ: Արտադրում ենք նաև գազաորոնիչ սարքեր, որոնք բավականին մրցունակ են թե՛ գնով, թե՛ որակով, չեն զիջում եվրոպական արտադրության սարքերին, լուրջ աշխատանք ենք կատարում, որպեսզի կարողանանք միջազգային շուկա հանել, բանակցություններ ենք սկսել Հունաստանում, Պարսկաստանում, փորձում ենք նաև Ռուսաստանում, կարծում եմ՝ կստացվի: 


Անվտանգության կանոնների պահպանումը՝ մշտական խնդիր

Այս ամբողջի հետ մեկտեղ մենք ունենք հիմնական և մշտական խնդիր՝ գազի օգտագործման անվտանգության պահպանումը: Դա բավականին դժվար աշխատանք է: Մենք մեր ողջ թիմով անընդհատ հորդորում ենք բաժանորդներին զգույշ լինել: Երբ ներտնային սպասարկումը կատարվում է, բնակիչը կարծում է, թե խնդիրները լուծվել են, բայց դա այնքան էլ այդպես չէ: Պետք է միշտ հետևողական լինել: Անզգուշությունը գալիս է նաև սոցիալական ծայրահեղ ծանր վիճակից: Բերեմ մի քանի տիպիկ օրինակներ: Մարդիկ, որպեսզի տան տաքությունը փոքր-ինչ ավելի լինի, տանից դուրս եկող ծխնելույզը վերևից փակում են, բայց պարզ է, որ գազերը մնում են տան մեջ, ինչը մահացու վտանգավոր է, նաև՝ խողովակներով արհեստական կետեր են միացնում, բայց չէ՞ որ ամեն ինչ հաշվարկած է: Թունավորման դեպքերի 100-ից 99-ը բնակիչների սխալի հետևանքով է, որովհետև չեն պահպանում գազի օգտագործման կանոնները: Ուզում եմ նշել ազդանշանային սարքերի մասին, երբ դրանք անջատում են էլեկտրաէներգիայի խնայողության համար: Բայց տարեկան ընդամենը 200 դրամն այն գումարը չէ, որի համար կարելի է ամբողջ ընտանիքին նման ռիսկի ենթարկել: Մեր հազար աշխատակիցների միջոցով տարեկան երկու անգամ ամեն տուն մտնելիս մենք նորից տեղեկացնում ենք, հորդորում, զգուշացնում ու անգամ վախեցնում, թե ինչի կարող է հանգեցնել այդ ամենը: Եթե նայենք, արդյունքը դրական է. թունավորման դեպքերը կտրուկ նվազել են այն դեպքում, երբ Սովետական Միության տարիների համեմատ բնակարաններում գազասարքերի քանակը կրկնապատկվել, եռապատկվել է, ուստի ռիսկը՝ նույնպես:

<Երևակ> ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ