Ուրբաթ, Սեպտեմբեր 22, 2017

 14:09

ԼՐԱՀՈՍ

Ինչպես է գործարարը զգում իրեն Հայաստանում. Արման Փափազյան


«Կոնսել» ընկերության տնօրեն
Վարչարարության տեսակետից փոփոխություններ կան դեպի լավը՝ չհաշված հարկերի բարձրացումը, որ բացասաբար է ազդելու գործարար միջավայրի վրա:  Բայց կան մանր և միջին բիզնեսի ֆիքսված հարկերին վերաբերող օրենսդրական փոփոխություններ, որոնք, բնականաբար, դրական են ազդելու: Մեկ այլ դրական փոփոխություն է հանդիսանում, օրինակ, այն, որ եթե նախկինում հարկային ստուգումները կրում էին անկանխատեսելի բնույթ տնտեսվարող սուբյեկտի համար, ապա հիմա գոյություն ունի պարբերական ստուգումների հստակ ժամանակացույց:
Բիզնեսի տեսանկյունից վիճակը կարող եմ անկումային գնահատել: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ եթե նախորդ տարիների ընթացքում փաստացի աճ էր գրանցվում, ապա այժմ ներկրման և սպառման ծավալները զգալի անկում են ապրում: Այս երևույթը ունի մի շարք պատճառներ, ի թիվս որոնց առաջնայիններից է արտագաղթը, և որքան էլ տարօրինակ է, արտագաղթում է նաև վճարունակ խավը: Մյուս ոչ կարևոր պատճառներից է բիզնեսի ընդհանուր գլոբալիզացիան. օրինակ՝ մեծ սուպերմարկետների կողքին չեն կարող դիմանալ փոքր խանութները և վաճառակետերը, որոնք մասնակիորեն ձևավորում էին փոքր և միջին բիզնեսը:
Այսօր բոլորը բերում են Վրաստանի օրինակը: Իրոք այդ երկիրը ոչ միայն մեզ համար է էտալոնային փոփոխության սիմվոլ, այլ ամբողջ հետխորհրդային տարածքի: Մենք մենթալիտետով մնացել ենք այնպես, որ ամեն ինչ կարելի է լուծել փողով, կարող ես խախտում անել և չպատժվել: Բայց, ի ուրախություն շատերիս, կա գործարար մի մեծ խավ, որը վաղուց որդեգրել է օրենքի շրջանակում աշխատելու սկզբունքը:
Էական փոփոխությունների շարքին կարելի դասել բանկային ոլորտում տեղ գտած առաջընթացը: Դեռևս 5 տարի առաջ մեր բանկային համակարգը այնպես զարգացած չէր, ինչպես հիմա: Եվ սա մրցակցության դրական հետևանքի վառ ապացույցն է: Պարզապես մի թերություն եմ նկատում այս ոլորտում. դա անհատներին և տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվող հարկերի բարձր տոկոսադրույքներն են, որոնց նվազեցումը մեծ խթան կհանդիսանա տնտեսության զարգացման և երկրում կենսամակարդակի բարձրացման: Կարծում եմ՝ այս երևույթի պատճառներից մեկն այն է, որ մեր երկիրն իր աշխարհագրական դիրքով այնքան էլ հետաքրքրություն չի առաջացնում մեծ ֆինանսական կառույցների համար:
Մեր պետությունն այսօր լավ մենեջերների կարիք ունի: 2000-ականներին գործարարները համախմբվել էին, կարծում էին, թե կկարողանան բարելավել իրավիճակը: Այդ ժամանակ ավելի մեծ ակտիվություն կար, քան վերջին տարիներին: Երբ ջանքերն արդյունք չեն տալիս, ոգևորությունը մարում է:  
Որպես վերջաբան կարող եմ ասել հետևյալը. պետության միջամտությունը տնտեսական դաշտի կարգավորման ուղղությամբ, պետական լծակների օգտագործումը առողջ տնտեսական  մրցակցության ապահովման համար և գործարարների համախմբվածությունը կհանգեցնեն երկրում իրավիճակի բարելավմանը, տնտեսության կայունացմանը և զարգացմանը: Իսկ դա մարդկանց մեջ կամրապնդի աշխատելու ցանկությունը և վաղվա օրվա նկատմամբ հավատը:

Մխիթար Նազարյան




ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ