Երեքշաբթի, Ապրիլ 25, 2017

 14:33

ԼՐԱՀՈՍ

Ինչպես է գործարարը զգում իրեն Հայաստանում. Էդուարդ Մեսրոպյան


«Ջինջ» ինժեներախորհրդատվական ընկերության տնօրեն
Բիզնես-միջավայրի դրական գնահատման համար նախ հարկավոր է պարզել գնահատման չափանիշները: Եթե բիզնեսը հիմնված է մրցույթի վրա, ապա պետք է կարևորվի, թե ինչ պայմաններով է այն անցկացվում: Այն պայմանները, որոնք այսօր կան պետպատվերի գնումների դեպքում, խորհրդատվական, ստեղծագործական (նախագծման) աշխատանքների համար, անընդունելի պետք է համարել: Այսօր պետբյուջեով իրականացվող մրցույթի գործող պայմանները, որոնք հիմնված են միայն ցածր գնի վրա, չեն ստուգվում, չեն վերլուծվում, հաշվի չեն առնվում մրցող կողմի պոտենցիալ հնարավորությունները, մարդկային ռեսուրսները, տեխնիկական հագեցվածությունը, մասնագիտական տեխնիկայով սարքավորումները: Դա հանգեցնում է նրան, որ գրեթե միշտ հաղթում են անորակ, ցածրորակ կամ նորաստեղծ և անփորձ կազմակերպությունները, իսկ բարձրորակ կազմակերպությունները չեն կարողանում նման պայմաններով մրցույթին մասնակցել: Սա հիմնական թերությունն ու ծանր բեռն է, որը դրված է մեր բնագավառի (նախագծային, շինարարական, տեխնիկական հսկողության, ջրային ոլորտի աշխատանքներ) բիզնեսի վրա: Մյուս մեծ խոչընդոտը պրոֆեսիոնալ կադրերի բացակայությունն է կամ սակավությունը: Մենք ունենք համալսարաններ, բայց չունենք բարձրակարգ կադրեր: Ամենալավ սովորած շրջանավարտը գալիս է, գիտելիքները ստուգում ես և տեսնում, որ այն չի բավարարում: Հաճախ մասնավոր կազմակերպությունն ինքն է ստիպված լինում վերապատրաստել մասնագետին: Եթե վերլուծենք նախագծային թերությունները շինարարության մեջ, ապա կտեսնենք, որ հիմնական պատճառներից մեկը պրոֆեսիոնալիզմի պակասն է: Արդյունքում շահում է միջակ գիտելիքների տեր մարդը: Պրոֆեսիոնալիզմի պակասը լրացնելուհամար շատ կարևոր են ոչ միայն բուհերի կողմից բարձրակարգ կադրերի պատրաստումը, այլ նաև մասնագիտական խորհուրդների (ՄԽ) առկայությունն ու ակտիվ աշխատանքը: Գոնե մեծ ծրագրերի դեպքում ՄԽ-ի կիրառումն անհրաժեշտ է: Գաղտնիք չէ, որ 30-40 տարի առաջ մեր մասնագետները բավականին մեծ համբավ ունեին նախագծային, շինարարական կազմակերպությունների ասպարեզում. ցավոք, այսօր ահագին բան կորցրել ենք, բայց լրիվ հիմնովին ու անդարձ կորած չէ, ունենք հնարավորություն վերականգնելու մեր երբեմնի համբավը:


Պետությունը պետք է աջակցի: Ես, իհարկե, կարող եմ ասել` օրենք է պետք ընդունել, բայց օրենք ընդունելով չէ միայն. օրենքը պահպանելով և կիրառելով են բարելավում դրությունը: Մենք երկու դեպքում էլ խնդիր ունենք: Քաղաքաշինության որոշ հարցերում ունենք խիստ օրենքներ, բայց տեսնում ես, որ օրենք պաշտպանողն անգամ չգիտի այդ մասին: Վերջիվերջո գալիս կանգնում ենք մարդու գործոնի վրա, որովհետև օրենք գրողը, ընդունողը, կիրառողը, հսկողը մարդն է. եթե նա պատրաստ եղավ և մասնագիտական բարձր արժանիքներ ունեցավ, ուրեմն՝ նրա համար օրենքը կլինի աջակից, իսկ եթե անտեղյակ եղավ ու չկիրառեց, ինչքան էլ լավ օրենք լինի, անիմաստ է: Լավ օրենքի չկիրառելն ավելի վնասաբեր է, քան վատ օրենքի լավ կիրառելը: Մենք պետք է մեր մեջ դաստիարակենք հարգանք դեպի օրենքը և կիրառենք օրենքը` անկախ մեր զբաղեցրած դիրքից: Հարկային օրենսդրության առջև բոլորս պիտի հավասար լինենք:
Վերջին օրենքը, որով մի քանի հարկատեսակներ միացրեցին, մեր վաղեմի ցանկություններից մեկն էր: Պետք է հասկանալ մի բան. պետության համար շատ կարևոր է քաղաքացիների մասնակցությունը պետության կայացման գործում: Այսինքն՝ եթե մարդ աշխատում է և մի մասը տալիս է բյուջեին, դա հենց նրա մասնակցություն է: Ուղղակի հարցն այն է, թե ինչ ձևով ու ինչ չափով է տալիս:
Հակամենաշնորհային հանձնաժողովի գործունեությունը առնվազն տարակուսանք է հարուցում: Տեսեք` մի ամբողջ տարի որևէ խոշոր ընկերություն մեծ սխալներ գործելու արդյունքում պետությանը զգալի վնաս է հասցնում, հանձնաժողովը բացահայտում ու պատժում է: Բայց արի ու տես, որ ընկերության՝ ապօրինի ճանապարհով ստացած եկամուտն ավելի մեծ է, քան սահմանված տուգանքի չափը: Սա արդեն ողջամիտ չէ: Ու երբ փոքր բիզնեսն է սխալ գործում, դարձյալ տուգանվում է նույն չափով: Ցանկալի կլինի, որ մեր տնտեսագետները, ֆինանսիստները և իրավագետները վերլուծեն առկա օրենսդրական չափորոշիչները և վերանայեն դրանք: Շատից թող շատ պահանջեն, քչից` քչից: Պետք է փոխվի տուգանքի համեմատական մեծությունը, այլ ոչ թե բացարձակ մեծությունը:
Որոշակի գերատեսչություններ, պետական մարմիններ շատ դեպքում հանդես են գալիս որպես պատժող օրգաններ, մինչդեռ պետք է հանդես գային որպես խորհրդատու և կարգավորիչ օրգաններ: Վերցնենք ամենատարրական օրինակը, ավտոտեսուչը կարող մարդուն միանգամից պատժել խիստ, երբ նա առաջին անգամ և թեթև խախտում է կատարել: Բայց իրականում ճիշտ կլիներ առաջին անգամ զգուշացնել, երկրորդ անգամ 50%-ով տուգանել ու աստիճանաբար խստացնել: Դիֆերենցված մոտեցում է պետք, մանավանդ որ տեխնիկան այնպես է զարգացած, որ համակարգչով շատ արագ կարելի է պարզել, թե վերջին անգամ երբ է խախտում կատարել տվյալ անձը: Ես մի օրինակ բերեցի, բայց մենք կարիք ունենք բարյացակամ ու կարգավորիչ մոտեցման պետական բոլոր գերատեսչություններում:


Մխիթար Նազարյան




ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ