Երեքշաբթի, Մայիս 30, 2017

 07:30

ԼՐԱՀՈՍ

Ինչպես է գործարարը զգում իրեն Հայաստանում.Արմեն Մինասյան


«RRR Հանքային ջրերի գործարանի» գլխավոր տնօրեն
Հայաստանում բիզնես-գործունեության հնարավորութուններն ընդհանուր առմամբ նորմալ եմ գնահատում, բայց և կասեի, որ բիզնես միջավայր կերտողները դեռևս անելիքներ շատ ունեն: Խնդիրներ կան մասնավորապես հարկային-մաքսային վարչարարության, բիզնես-կուլտուրայի, մրցակցային պայմանների և այլ հարցերում:  Բայց օրինակ՝ հարկային վարչարարության և ֆիսկալ քաղաքականութան հետ կապված առաջընթացն ուղղակի ակնհայտ է: Այստեղ նկատելի է պետության հոգատարությունը մասնավոր սեկտորի առաջխաղացման, զարգացման և միջազգային ինտեգրացման հարցում: Պիտի ասեմ, որ դա դեռևս բավարար չէ և այն մակարդակը չէ, որը հնարավորություն կտա ապահովել բիզնեսի թռիչքային աճ: Ճանապարհ պիտի անցնենք, ինքնակրթվենք, զարգանանք: Նորանկախ երիտասարդ պետությունում, բնականաբար, բոլոր հարցերը միանգամից չեն լուծվի: Կան էվոլուցիոն զարգացման փուլեր, որոնք բնորոշ են փոքր և անցումային տնտեսության պետություններին:  Մեզանում այդ անցումային պահն առավել արդյունավետ կլինի բիզնեսի համար, եթե շատ ակտիվ ու աչալուրջ կերպով ուսումնասիրենք նման փորձ ունեցող երկրների անցած ուղին, բացթողումները, լուծումները, այլ կերպ ասած՝ միջազգային փորձը:
Բայց մեր կառավարության փոքր և միջին բիզնեսի վերաբերյալ վերջին առաջարկներն իսկապես ողջունելի են: Դրանք նախատեսում են հարկատեսակների քանակի նվազեցում, հարկային վարչարարության, փաստաթղթաշրջանառության նվազեցում, հարկատու-հարկային մարմնի շփման քչացում:  Բայց կարևոր է նաև ընդհանուր բիզնես-միջավայրի ակտիվացումը: Միայն պայմանները փոխելով` դժվար կլինի փոքր և միջին բիզնեսին առավելություններ տալ և խթանել զարգացումը, որովհետև դրա համար նաև անհրաժեշտ են վարկային ռեսուրսներ, մատչելի, երկարաժամկետ գումարներ, բանկային համակարգ և այլն: Ինչ վերաբերում է պետություն-բիզնես հարաբերություններին, ապա պետությունը հնարավորինս գնում է զարգացման և կատարելագործման ճանապարհով: Կոռուպցիոն և այլ ռիսկերը նվազեցնելը կարևոր գործոն է, բայց ոչ ամբողջապես բավարար: Բիզնեսի այլ մասնակիցները ևս պետք է կարողանան առաջարկել համապատասխան պայմաններ և ծառայություններ:
Ողջունելին այն է, որ տեսանելի որոշակի պայքար կա բիզնես-միջավայրի բարելավման ուղղությամբ: Որոշակի գործառույթներ, այնուամենայնիվ, իրականացվում են մասնավորապես մենաշնորհի հետ կապված հարցերում: Մենաշնորհային դաշտի առկայությունը մի քանի գործոններով է պայմանավորված: Ըստ իս` ամենակարևոր գործոնը մեր շուկայի փոքր ծավալն է: Մյուս գործոններն են ազգային առանձնահատկությունը, անցումային շրջանը և այլն: Բայց, օրինակ, մեր՝ հանքային ջրերի ոլորտում ճիշտ հակառակն է. չկա մենաշնորհ, մեզ մոտ առկա է մեծ մրցակցություն, բազմաթիվ խաղացողներ կան, նույնիսկ ավելի շատ, քան հարկավոր է մեր փոքրիկ հանրապետությունում: Համենայնդեպս, միանշանակ կարելի է ասել, որ մրցակցությունը սպառողի շահերից է բխում, նրան ընտրություն կատարելու հնարավորություն է տալիս և նպաստում առավել որակյալ արտադրանքի ստեղծմանը: Մենաշնորհի վերացման համար պետության միջամտությունն է հարկավոր հաշվեկշռված քաղաքականության միջոցով: Օրինակ, ենթադրենք, մի ոլորտում կա մենաշնորհ, որն առաջարկում է լավագույն ապրանքատեսակը, բայց հանգամանքների բերումով կամ նպատակաուղղված գործունեության արդյունքում ստացել է  մենաշնորհային կարգավիճակ: Բոլորովին պարտադիր չէ, որ արհեստական մրցակցության արդյունքում շուկայում հայտնվի ավելի ցածրորակ ապրանք՝ մենաշնորհը վերացնելու համար: Չնայած շուկան ինքն է կարգավորում այդ հարցերը, և հենց նույն մրցակցության արդյունքում սպառողն ընտրելու է նրան, ումից ստանալու է լավագույն գին-որակ հարաբերակցությունը:
Կադրային քաղաքականության հարցում կադրերի առկայության և պատրաստման հետ կապված խնդիրներ ունենք: Հայաստանում ելնելով բիզնեսի, շուկայի, ընկերությունների եկամտաբերության առանձնահատկություններից՝ որոշակի որակավորման մասնագետների համար առաջարկվող վարձատրության չափը զիջում է արտերկրում առկա չափին: Դա հանգեցրել է այն բանին, որ տարիների ընթացքում տեղի է ունեցել մասնագետների արտահոսք: Ու ցավոք, հակառակ գործընթացը հնարավոր չի եղել ապահովել: Հակառակ գործըթնաց ասելով նկատի ունեմ նոր կադրերի պատրաստում, համապատասխան պայմանների ստեղծում: Բայց նոր սերունդն այդ առումով ինձ ուրախացնում է, քանի որ ձգտում ունի ուսման նկատմամբ, և գնահատվում է նաև բիզնես-միջավայրի կողմից: 

Մխիթար Նազարյան




ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ