Շաբաթ, Նոյեմբեր 18, 2017

 03:09

ԼՐԱՀՈՍ

Ինչպես է գործարարը զգում իրեն Հայաստանում. Ավետիք Եսայան


«Շիրակ տեխնոլոգիաներ» ընկերության հիմնադիր
Հայաստանում բիզնես-միջավայրը խորհրդային կարգերի փլուզումից հետո մեծ տրանսֆորմացիաների ենթարկվեց: Այն բիզնեսները, որոնք այսօր բավական մեծ ծավալներ ունեն կամ վաճառքի մասշտաբները էապես մեծացրել են, հիմնականում դեռ աշխատում են կառավարման ավանդական մեթոդներով: Նրանցից շատերին հասանելի չեն կառավարման արդի տեխնոլոգիաները, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսի կառավարման գործառույթներում ունեն սահմանափակ դեր: Նման ընկերությունների մեծամասնության մոտ արդեն կան տեղադրված կետային ծրագրային լուծումներ՝ թիրախավորված կոնկրետ մասնավոր խնդիրների լուծմանը, որոնք կուտակվել են տարիների ընթացքում, դրանք ինտեգրված չեն մեկ միասնական տվյալների շտեմարանում, չեն գործում որպես ամբողջական համակարգ: Այսպիսի ՏՏ լուծումները սահմանափակում են ընկերության կարողությունները՝ տեսնել բիզնեսի ընդհանուր պատկերը, ունենալ վերլուծական միասնական բնութագիր ռեալ ժամանակում, ինչը նրանց կօգնի արագ և խորաթափանց որոշումներ կայացնել: Աշխարհում կա կուտակված ահռելի փորձ այս ասպարեզում: Հայաստանի համար այս տեխնոլոգիաները, ցավոք, դեռ նոր են, կիրառվում են մի քանի ընկերությունների կողմից, որոնք օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղեր են:
Եթե այդ տեխնոլոգիաները լայնորեն կիրառվեն մեզանում, ապա ընկերությունների շահութաբերությունը կլավանա, մասշտաբայնությունը կմեծանա, վերահսկելիությունը և կառավարման բարդությունները կթեթևանան: Բազմաթիվ երկրներում դրանք կիրառվում են հենց պետական սեկտորում: ԱՊՀ երկրներում բավական լուրջ քայլեր են կատարվում այդ ուղղությամբ: Մեզանում դանդաղ են տեմպերը: Իհարկե, նկատվում են փոփոխություններ, միտումներ, սակայն առայժմ՝ միայն  մասնավոր սեկտորի մոտ:
Բիզնես-միջավայրի բարելավման գործում մեծ դեր ունի հարկային, մաքսային և այլ քաղաքականությունների բարելավումը երկրում: Ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, թե հարկային քաղաքականության խոչընդոտների պատճառով մենք՝ որպես ընկերություն, չենք կարողացել մուտք գործել մեր ցանկացած հետազոտական ասպարեզներ: Մեր ունեցած մաքսային քաղաքականությունը թույլ չի տալիս, որ մենք կարողանանք լինել նույնչափ մրցունակ, որքան մեր հարևան թուրքը կամ ադրբեջանցին: Մեր հարևանների հետ արդեն մրցակից չենք, չնայած Վրաստանում տեղեկատվական տեխնոլոգիաները հռչակված չեն գերակա ճյուղ, բայց նույն վրացին ավելի մրցունակ պայմաններում է գործում հետազոտական աշխատանքների մեջ, քան ես ու մեր ընկերությունը: Օրինակ` ենթադրենք ես ներմուծում եմ ռադիոդետալներ՝ գնելով աշխարհահռչակ հզոր աուկցիոն կայքերից: Բայց արի ու տես, որ մեր մաքսային մարմնի համար ընդունելի չեն այդ շուկայի գները, և քեզ պարտադրում են առաջնորդվել այն գնով, որը կա Ռուսաստանի նման մեկուսացված շուկայում կամ մեր շուկայում: Այդ դեպքում արդեն գինը կրկնակի, եռակի թանկ է դառնում: Հարկային տեսչությունում հատուկ բաժին կա` սակագնային, որտեղ ասում են՝ չնայած դուք ապրանքը ձեռք եք բերել 1000 դոլարով, բայց շուկայական գինը 5000 է, պետք է հարկվի 5000-ից: Դա ընդհանրապես աբսուրդ է: Ինչպե՞ս կարելի է զբաղվել բարձրագույն տեխնոլոգիաներով, եթե անընդհատ նոր ապրանք չբերես: Ապրանքների ներմուծումը 20%-ով հարկվում է  միանգամից սահմանին ՝ առանց պարզելու, թե այդ ապրանքը սեփական նպատակների համար է բերվել, թե վաճառելու:
Մենաշնորհային վիճակը ահավոր մեծ խոչընդոտ է ընդհանուր բիզնեսի զարգացմանը: Մենք 2001-ից ենք աշխատում IT ոլորտում ու տարիներ ենք կորցրել նույն այդ մենաշնորհի առկայության պատճառով:
Մենք տեսնում ենք  փոփոխությունների միտում և լավատես ենք: Եթե, օրինակ, Էստոնիայի պես փոքր երկիրը այս ոլորտում կարող է դառնալ առաջատար, ուրեմն ինչու՞ Հայաստանը, որն ունի բարձրակարգ ՏՏ ներուժ, չի կարողանա այս ասպարեզում ասել իր ծանրակշիռ խոսքը: Բիզնես պրոցեսների կառավարման և վերլուծաբանական արդի լուծումները բերելով Հայաստան՝ «Շիրակ Տեխնոլոգիաներ» ընկերությունը իր նպաստն է բերում Հայաստանում բիզնեսների հզորացման, ընդհանուր բիզնես միջավայրի և տնտեսության զարգացման, ինչպես և արդի կառավարման համակարգի ամրապնդման գործում:

Մխիթար Նազարյան




ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ