Հինգշաբթի, Հոկտեմբեր 19, 2017

 11:02

ԼՐԱՀՈՍ

Հարկային բարեփոխումներ ` հօգուտ ում, Արծվիկ Մինասյան


ՀՅԴ խմբակցության պատգամավոր
Եթե դիտարկելու լինենք հարկային  օրենսդրության փոփոխություները, հատկապես նրանք, որոնք առաջարկում է կառավարությունը, մի պատկեր է ձևավորվում, որ չկա հստակ հայեցակարգ, և այդ ոչ հստակության պայմաններում ում մտքով ինչ անցնում է, բերում, արագ  փոփոխության է ենթարկում: Արդյունքում՝ մենք անընդհատ տեսնում ենք լարվածություն, հարկային մարմինների կողմից նոր օրենսդրական փոփոխությունների հիման վրա վարչական նոր պահանջների առաջադրում: Իսկ  սա խաթարում է այն միջավայրը, որտեղ թե՛ բիզնեսը պետք է զարգանա, թե՛ սեփականատերերը, շահառուները,   կարողանան կանխատեսելի վարքագիծ սպասել:
Եթե անդրադառնանք «Շրջանառության հարկի մասին» օրենքին և այդ օրենքից բխող մի շարք օրենքների փոփոխությանը, ապա իմ՝ իբրև պատգամավորի և իբրև իրավաբանի արձագանքը բացասական է: Եթե դիտարկում ենք  օրենքի ընդունումն ու գործողության մեջ դնելու ժամկետները, ապա տեսնում ենք, որ խախտված է «Հարկերի մասին» օրենքի պահանջը: Մասնավորապես՝ այս օրենքն ընդունվել է 2012-ի դեկտեմբերի 19-ին, հրապարակվել է դեկտեմբերի 28-ին, հետևաբար չէր կարող 2013-ի հունվարի 1-ից գործողության մեջ դրվել: Սա պատահական նորմ չէ: Այն ընդունվել է, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները որոշակի ժամանակ ունենան և կանխատեսելի վարքագծին համապատասխան գործողություններ ձեռնարկեն: Մինչդեռ նման պահվածքով անակնկալ է մատուցվել բիզնես միջավայրին, և դժգոհություն, ակնհայտ է, կլինի:
Երկրորդ խնդիրն  այն է, որ խորհրդարանում այդպես էլ չներկայացվեց, թե ինչ հաշվարկների հիման վրա է կատարվել այդ հարկատեսակի առաջարկը: Եթե բազմաթիվ փոքր ու միջին խանութների կամ կրպակների տերերը պնդում են, որ իրենք աշխատում են 8-10% շահութաբերությամբ, ապա նման պայմաններում առաջադրել օրինագիծ, որով բարձրացվում է հարկատեսակը շրջանառության նկատմամբ 3.5%-ի, նշանակում է այս սուբյեկտները պետք է կա՛մ դադարեցնեն  իրենց գործունեությունը, կա՛մ կլանվեն խոշոր խանութների կողմից: Այլ կերպ ասած՝ երկու դեպքում էլ վնաս է ՓՄՁ ներկայացուցիչներին:
Մտահոգության 3-րդ հարթությունն այն է, որ կարծես թե կառավարությունն անհաղորդ է դարձել տնտեսության մեջ առկա մարտահրավերներին: Այսպիսի փոփոխություններով փաստացի արդյունք է ստացվում, որ կրճատվում են աշխատատեղերը, և տնտեսությունն ավելի շատ մենաշնորհացվում է, այսինքն՝ գնում է դեպի մոնոպոլիզացիայի բարձր աստիճան:
Ընդհանրապես «Շրջանառության հարկի մասին» օրենքի նախագիծն իր փիլիսոփայության մեջ ունի հակասություն: Շրջանառության հարկը անուղղակի հարկ է, և այս հարկի տարատեսակներից մեկն էլ ԱԱՀ-ն է: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ շրջանառության հարկը որպես կանոն կիրառվում է այն դեպքերում, երբ ինքնարժեքը չափազանց ցածր է, շահույթը՝ ավելի մեծ: Բայց Հայաստանի պայմաններում պատկերացրեք, որ, օրինակ, ոսկեգործությունը, ադամանդագործությունը և փայտագործությունը նույն հարկատեսակով են հարկվում: Արդյունքում՝ եթե ոսկերչությունն ու ադամանդագործությունն ունեն բարձր ինքնարժեք և ցածր շահութաբերություն, ապա փայտամշակումն ունի ցածր ինքնարժեք և բարձր շահութաբերություն: Ակնհայտ է, որ այստեղ անարդար մոտեցում է կիրառում պետությունը: Ստացվում է, որ նա, ով աշխատատար պրոցեսի մեջ է, վճարում է ավելի մեծ հարկ, քան այն սուբյեկտը, որն ավելի քիչ աշխատատար պրոցեսի մեջ է, բայց ստանում է ավելի մեծ շահույթ: Այլ կերպ ասած՝ այս հարկատեսակը դեռևս ունի ճշգրտման կարիք, թե ո՞ր ոլորտների վրա պետք է այն կիրառվի, ի՞նչ չափով, տնտեսության ո՞ր հատվածները հատկապես պետք է սա կիրառեն: Դա պահանջում է շատ լուրջ ուսումնասիրություն, վերլուծություն, որոնք կառավարությունը պետք է իրականացներ և նոր դրան համարժեք առաջարկեր: Պիտի որոշեր՝ ՀՀ տնտեսությունն ինչպիսի կառուցվածք պետք է ունենա, և դրան համարժեք կիրառեր համապատասխան հարկատեսակ: Այս ամենն արված չէ, և օրենսդիր մարմնին ու քաղաքացիներին մատուցվում է մի պատկեր, որտեղ հիմնական նպատակ է համարվում բյուջե համալրելը:
Բազմիցս ասել եմ՝ չի կարելի բյուջեն դիտել որպես նպատակ: Եթե իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ բյուջեն փոքր ու միջին բիզնեսի վրա չի հենվում, այդ դեպքում անտրամաբանական է նման առաջարկությամբ հանդես գալը. ի՞նչ հարց է այն լուծում: Փոքր ու միջին բիզնեսին նրանք կարող էին աջակցել, եթե չվերացնեին պարզեցված հարկը: Բայց եթե վերացնում են պարզեցված հարկը և հիմա էլ փորձում են ներկայացնել, թե սա ընդամենը պարզեցված հարկի վերականգնումն է, այդ դեպքում պետք է ազնվություն ունենան ընդունելու, որ սխալ է եղել այն որոշումը, որով վերացրել են պարզեցված հարկը: Իսկ եթե դա չեն անում, ընդամենը քողարկում են այս փոփոխությունների ներքո  իբր ՓՄՁ-ին աջակցություն, ապա դա առնվազն տարօրինակ է:
Կառավարության հիմնավորումը, որ շրջանառության հարկի մուտքով մենք հաշվապահների ծառայությունից օգտվելու անհրաժեշտութունն ենք բացառում փոքր սուբյեկտների մոտ, պարզապես ծիծաղելի է: Նման բան հնարավոր չէ 2 պատճառով: Նախ առաջինը՝ այսպիսի սուբյեկտների մոտ հաշվապահները այնպիսի վարձատրություն չեն ստանում, որ էական ազդեցություն թողնեն նրանց հասույթի վրա, և երկրորդ՝ միևնույնն է, այդ սուբյեկտները այսպես թե այնպես պետք է օգտվեն հաշվապահների ծառայությունից: Իսկ եթե այնուամենայնիվ որոշում են հաշվապահների աշխատանքային ճակատը փակել, ապա սա նշանակում է, որ ստեղծվում է գործազուրկների մի նոր բանակ: Աբսուրդ է  նման հիմնավորումներով փորձել փոփոխություններ իրականացնել: Եթե  սրան ավելացնենք այն, որ ընդհանրապես 2012-ի դեկտեմբերին կատարվել են մի շարք հարկային փոփոխություններ, ապա դրա արդյունքն այն է, որ  զանգվածաբար խախտելով Սահմանադրության նորմերը, գործող օրենսդրության պահանջները՝ կառավարությունն անցել է հարկային ճնշումների քաղաքականության: Սա շատ վատ հետևանք է ունենում թե՛ տնտեսության, թե՛ երկրի հեղինակության, թե՛ օրենսդիր մարմնի աշխատանքի և թե՛ կառավարության համբավի վրա:
Ամփոփելով՝ պետք է նշեմ, որ 2012-ին կատարված հարկային գրեթե բոլոր փոփոխությունները, բացառությամբ մեկ-երկուսի, չեն բխում Հայաստանի տնտեսության զարգացման անհրաժեշտությունից: Հակառակը՝ դրանք ևս մեկ անգամ հաստատում են այն մտայնությունը, որ  Հայաստանի տնտեսությունն անընդհատ մխրճվում է մենաշնորհացման բարձր աստիճանի մեջ, երբ մեկ կամ մի խումբ անձինք փորձում են տիրապետել ողջ տնտեսությանը:
Այս վերջին՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի ազդեցությունն իսկապես մենք շուտ ենք զգալու, բայց այն, ցավոք, ընդհանուր տնտեսության մակարդակում լինելու է բացասական: Կար  ԱԱՀ-ի մասին օրենքով տրված արտոնություն: Փաստորեն, վերացվում է այդ արտոնությունը «Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրառմամբ: Արդյունքում այն սուբյեկտները, ովքեր ԱԱՀ-ի՝ օրենքով նախատեսված արտոնությունից օգտվելու հնարավորություն ունեին, հայտնվում են «Շրջանառության հարկի մասին» օրենքի տիրույթում: Այս փոփոխությունները սուբյեկտները պատրաստ չեն ընկալել, և դա բերելու է զանգվածային մի իրավիճակի, որտեղ բոլորը փորձելու են հրաժարվել այս հարկատեսակի կիրառումից, կամ, եթե կիրառեցին անգամ, բերելու է հավելյալ ծախսերի ավելացմանը: Այն լավատեսությունը, որ կա իմ որոշ գործընկերների մեջ, ես, անկեղծ ասած, չեմ կարողանում խորքային հասկանալ: Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները փորձում են ամեն գնով պաշտպանել կառավարության գործողությունները՝ առանց խորամուխ լինելու այդ փոփոխությունների հնարավոր հետևանքների մեջ: Արդյունքում փաստի առաջ ենք կանգնում բոլորս:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ