Շաբաթ, Մայիս 27, 2017

 21:40

ԼՐԱՀՈՍ

Հարկային բարեփոխումներ ` հօգուտ ում.Արամ Աշուղյան

Այնպիսի տպավորություն ունեմ, թե օրենքի հեղինակները չեն հիշում կամ չեն ուսումնասիրել, թե «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքն ինչ արեց մեր տնտեսվարողի և տնտեսության հետ: Ինչպես նաև կասկածից վեր է, որ նրանք տարեվերջին թվերով կապացուցեն, որ այս հարկատեսակի ներդրումը և, ընդհանրապես, հարկային այս «բարեփոխումները» շատ լավ են անդրադարձել տնտեսության վրա:    Ցավոք, փորձը ցույց է տալիս, որ հարկային հեղափոխական փոփոխություններն արվում են թակարդներ դնելու և պետական բյուջեի եկամտային մասը դիրեկտիվ մեթոդներով կատարելու, ավելին` կառավարելու նպատակով: Որպես կանոն հարկային օրենքների սկզբնական տարբերակները միշտ ընդունվում են «բարի» տեսքով, հիմնականում թեթև կամ լավ քողարկված թակարդներով: Այնուհետև դրանցում պարբերաբար կատարվում են փոփոխություններ և լրացումներ, որոնք ունենում են հիմնականում այսպիսի տեսք՝ օրենքի «զ» կետից հանել երկրորդ ենթակետը, կամ «բ» կետում ավելացնել «միայն» բառը, և այլն: Նմանատիպ փոփոխություններով ու լրացումներով խեղաթյուրվում է օրենքի սկզբնական տեսքը, դրանով իսկ` նպատակը: Արդյունքում` կատարված փոփոխություններով ներդրված թակարդներում են հայտնվում տնտեսվարողները, որոնց ստուգումների ժամանակ օրենսդրորեն «ապացուցում են» (երբեմն դա արվում է նաև անհիմն` անհարկի շփոթություն առաջացնելով), որ տնտեսվարողը չպիտի աշխատեր ընդհանուր հարկման դաշտում, այլ պիտի աշխատեր պարզեցված, իսկ այժմ արդեն շրջանառության հարկի դաշտում, և քանի որ դա չի արել,  պիտի տույժ-տուգանք վճարի, իսկ այս մյուս տնտեսվարողը չպիտի աշխատեր պարզեցված (շրջանառության) հարկի դաշտում, այլ պիտի աշխատեր ընդհանուր հարկման դաշտում... և նորից հսկայական տույժեր և տուգանքներ («հսկայական» ասելով՝ նկատի ունեմ տվյալ տնտեսվարողի համար կործանարար չափերի հասնող): Մենք հանդիպել ենք մի դեպքի, երբ բավականին հանրաճանաչ մի ընկերության տույժ-տուգանքը ավելին է եղել, քան ստուգվող ժամանակահատվածի համախառն հասույթը: Այն ժամանակվա գանգատարկման հանձնաժողովի նախագահը նույնիսկ զարմացավ ստուգող տեսուչի՝ հաշվարկներ անելու «բարձրակարգ ունակությունների» վրա, սակայն, իհարկե, ակտը թողեց ուժի մեջ:
Այսօր ունենք այն, ինչ ունենք. առանց լայն մասնագիտական քննարկումների և հապճեպ ընդունված հարկային «բարեփոխված» օրենքներ, որոնք, իմ կարծիքով, երկրի տնտեսության համար կունենան բացասական հետևանքներ: Մասնավորապես «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի ամենախոցելի կողմն այն է, որ տնտեսվարողն իր ծախսերը հիմնավորելու շահ չունի: Եթե օրենքով հարկի հաշվարկման հիմքում դրվում է միայն հասույթը, ապա տնտեսվարող ընկերությունը իր ծախսերը այլևս չի հիմնավորի: Եթե մի տնտեսվարող չի հիմնավորում իր ծախսերը, ուրեմն՝ մի այլ տեղ չի գրանցվում իրացում: Պետք է ընդունել, որ վիճակախաղին մասնակցելու համար չէ, որ ՀԴՄ կտրոն են պահանջում կամ վախից դրդված չեն ՀԴՄ կտրոն տրամադրում: ՀԴՄ կտրոն տրամադրում են, որովհետև իրենց գումար տվողը այն պահանջում է: Մենք մեր բնակչության թվաքանակով միջինից փոքր չինական գյուղ ենք, բոլորս իրար գրեթե արդեն դեմքով գիտենք. ոչ մի հացի կրպակ, ոչ մի փոքր խանութ, փոքր արտադրական ընկերություն պարտավորված չեն լինելու ՀԴՄ կտրոն տրամադրել: Դրանց ճնշող մեծամասնությունն ունեն հաճախորդների կայուն կազմ. երբեմն-երբեմն, օտար մարդ տեսնելով և վախենալով հսկիչ գնումներից՝ կտրոն կտրամադրեն: Արդյունքում` գրանցելու են շատ փոքր իրացման շրջանառություն, որպեսզի այդ շրջանառությունից բխող հարկը քիչ վճարեն: Դա նշանակում է, որ իրենց հաշվետվության մեջ առևտրի ծավալը փոքր են ցույց տալու: Նույնն էլ՝ արտադրության և սպասարկման ոլորտում: Եվ քանի որ նրանք բոլորն էլ վիճակագրական հաշվետվություններ են հանձնում, որոնցով և հաշվարկվում են երկրի մակրոտնտեսական ցուցանիշները, ուստի և երկրի ՀՆԱ-ն փոքր է լինելու: Հարկային տեսչություններում, բնականաբար, վերլուծելու են իրացման թվերը և այդ փոքր խանութներին թելադրեն, թե որքան իրացում պետք է անպայման ցույց տան կամ գան իրենց պետի մոտ «զրույցի»: Իսկ «զրույցներ» լինելու են, քանի որ այդ շրջանառության հարկի առք ու վաճառքի կամ արտադրության համար հաշվարկվող 3.5%-ը բավականին բարձր է: Կարելի է վերցնել մի առևտրի կետ և նրա թվերով համոզվել դրանում: Բոլորն էլ հասկանում են, որ պարզապես պետք է ավելի քիչ իրացում ցույց տալ, քանի որ գների տվյալ մակարդակում, որը ձևավորվել է առաջարկի և վճարունակ պահանջարկի մակարդակի հարաբերակցությամբ, հնարավոր է ունենալ այս նվազագույն շահութաբերությունը, որից էլ հնարավոր է վճարել այսքան հարկ: Արդյունքում` մի կողմից իջնելու է երկրի ՀՆԱ-ն, մյուս կողմից ավելանալու է կամ բացարձակ արժեքով նույնն է մնալու վճարված հարկերի ցուցանիշը (համոզված եմ, որ հարկ «կհավաքվի» այնքան, որքան պետական բյուջեով սահմանված է): Ստացվելու է, որ «բարելավվելու է» հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը: Իհարկե, եվրոտնտեսագետները անմիջապես կարձանագրեն, որ նախորդ տարիներին այս հարաբերակցությունը շատ ցածր էր, իսկ 2013-ին բարելավված է: Բայց արդյունքում կունենանք պարարտ հող կոռուպցիոն դրսևորումների համար և կրկին հիասթափված ու նյարդային գործարար:
Իսկ նախկինում, երբ տնտեսվարողը հարկը հաշվարկելու նպատակով ծախսերը հասույթից պակասեցնում էր, նա շահագրգռված էր, որ իր առաքիչից փաստաթուղթ պահանջի մատակարարված ապրանքի համար: Իհարկե, շատ խոշոր մատակարարներից փաստաթուղթ պահանջելն էլ երբեմն անօգուտ էր (անօգուտ է), բայց սա նաև սակարկելու առիթ էր: Խնդիրն այն է, որ հիմա այդ փաստաթուղթը շրջանառության հարկով աշխատող տնտեսվարողին ընդհանրապես պետք չէ, ուստի՝ այս հանգամանքը ստվերը մեծացնող գործոն է: Հասույթից` ՀԴՄ-ի ցուցանիշից և տրված հաշիվներից, հանելով իր ծախսերը` կոմունալ վճարումները, աշխատավարձերը, վարձակալական վճարը, տեխնիկայի մաշվածքը և այլն, տնտեսվարողը ստանում էր շահույթ, որի 20%-ն էր շահութահարկ վճարում: Սա կազմում էր ամբողջ շրջանառության 1-2%-ը: Նոր հարկատեսակի պարագայում առևտրով և արտադրությամբ զբաղված տնտեսվարողը տալիս է միանգամից 3.5% ամբողջ շրջանառությունից (ծառայությունների մատուցումից` 5%, նոտարական գործունեությունից` 12%, վարձակալական եկամուտներից տոկոսներ, ռոյալթիներ, ակտիվների վաճառքից եկամուտներից` 10%): Բայց այն 1-2% հարկի հաշվարկման բանաձևը հասույթ ձևավորելու խթան էր տնտեսվարողի այն գործընկերների համար, որոնցից ինքն ապրանք և ծառայություն էր գնում, մասնավորապես մատակարարի, վարձակալի, տեխնիկա վաճառողի, վերանորոգողի համար և այլն: Ինչպե՞ս կարելի է սա անտեսել:
Եթե օրենքի հեղինակները շրջանառության հարկով աշխատող ամեն մի տնտեսվարողի կողքին կանգնեցնելու են մի հարկային տեսուչի և հաճախակի ստուգումներ են իրականացնելու, ապա սա կխորացնի հարկային տեռորը, արդյունքում մարդկանց հիասթափությունը կմեծանա, որը շատ ավելի կործանարար է, քան  ինչ-որ հարկ ավելի կամ պակաս հաշվարկելը: Անընդհատ ինչ-որ միջամտություններ քո գործին, անընդհատ պախարակող պաստառներ` «Այստեղ ՀԴՄ կտրոն չեն տրամադրում»...դրանք շատ վայրենի մեթոդներ են: Իսկ վայրենության դրսևորումը անգրագետի ձեռքը տրված վարչական լծակի արդյունք է: Շատ ավելի ցանկալի կլիներ, որ հարկը թեկուզ մեծանար, բայց ստուգող տեսուչը գար և փորձեր հասկանալ իրավիճակը, փաստաթղթային ստուգում իրականացներ: Թող 3 տարին մեկ ստուգում չանցկացվի, թող 5-7 տարին մեկ լինի, բայց գան, որ անաչառ ստուգում իրականացնեն, փաստաթղթաշրջանառություն վերլուծեն, համեմատեն այլ նմանատիպ ընկերությունների հետ, այսինքն՝ մի քիչ լուրջ գործ անեն, որ երբ նույնիսկ տուգանք առաջադրեն, տուգանվողը հասկանա, թե ինքն ինչի համար տուգանվեց:
Մյուս կարևոր խնդիրը. մենք չենք կարողանում տնտեսությունն առանձնացնել քաղաքականությունից: Խոսքս քաղաքական գործիչների տնտեսական տանիքների մասին չէ, ինչն իհարկե մեծ խնդիր է, այլ այն մասին, որ հարկային այս վերջին «բարեփոխումների» քաղաքական ենթատեքստը ուղղակի ճչացող է: Այն, ինչ ներկայացնում են որպես գործատուների համար հրաշք, իրականում չարիք է տնտեսության համար: Գործարարը տնտեսական միջավայրում է գործում: Եթե հրաշք է, ապա ինչու են բոլորը դժգոհ: Լավ, ասենք, նորություն է, և շատերը չեն հասկանում (մասնագետներն իհարկե հասկանում են), ապա թող բանավեճեր կազմակերպեն և ոչ թե մեկ պետական ծառայողի հրավիրեն, ով հիացմունքով կներկայացնի «բարեփոխումները»: Գործարարն էլ կհասկանա, թե որոնք են այս փոփոխությունների դրական և բացասական կողմերը: Քանի դեռ հաշվապահները գերզբաղված էին տարեկան արդյունքներն ամփոփելով, հարկային բարեփոխումների փաթեթը խորհրդարանով առանց քննարկումների, լույսի արագությամբ անցկացրին և մատուցեցին որպես Նոր տարվա անակնկալ (ընդհանրապես, հարկային ամանորյա անակնկալները դառնում են գործելաոճ): Եվ լայնորեն գովազդվեց, թե գործարարի համար արվել են դրական փոփոխություններ: Իսկ փոփոխությունների բացասական արդյունքները մենք կարձանագրենք տարին ամփոփելիս, երբ քաղաքական գովազդը իր դերը վաղուց արդեն կատարած կլինի:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ