Հինգշաբթի, Մայիս 25, 2017

 07:04

ԼՐԱՀՈՍ

Ուր է գնում հայկական կապիտալը

Փողի հետ կատակ չեն անում, առանց փողի՝ առավել ևս: Ուստի ամենևին էլ կատակ չհամարեք, եթե ասենք, որ մեր երկրում նույնպես հնարավոր է կազմակերպել ազատ, արդար և անգամ թափանցիկ ընտրություններ, ավելին՝ ձեր ակտիվ մասնակցությամբ դրանք վաղուց արդեն իրողություն են: Փողը քվե է, և մենք ամեն պահի մեր այդ քվեով մասնակցում ենք ընտրություններին: Գնելով  որևէ ապրանք կամ ծառայություն՝ մենք քվեարկում ենք դրանց օգտին՝ սահմանելով ոչ միայն դրանց ամենժամյա վարկանիշը, այլև՝ մեր առաջնայնություններն ու արժեհամակարգերը: Իսկ այն, ինչ սպառողական, փոքր փողերի մակարդակում շուկա է, ավելի մեծ կապիտալի  դեպքում՝ քաղաքականություն: Ցանկացած երկրի բյուջեի ծախսային մասը մատնում է, թե ինչ բանականություն և ոգի ունի տվյալ երկիրը և թե ինչի վրա է վատնում իր հասարակության էներգիան: Օրինակ՝ կարիք չկա Հայաստան ժամանած մեկին անպայման ուղեկցել Գառնի-Գեղարդ կամ Մատենադարան՝ համոզելու համար, որ մենք մշակութասեր ու քաղաքակրթված երկիր ենք. խելոք զբոսաշրջիկը կարող է ձեռքն առնել պետության տնտեսական անձնագիրը՝ բյուջեն, և միանգամից կռահել, թե ինքն ուր է ընկել: Այնպես որ, փողը քվե է ոչ միայն քաղաքացիների, այլև պետության ձեռքում, և բավական է դիտել, թե այդ պետությունը՝ որպես խոշոր բիզնեսմեն, ինչպես է վարվում իր փողերի հետ,  միանգամից պարզ կդառնա, թե ուր է գնում նա:
Փողը հաշվել է սիրում, և դժվար է անգամ երևակայելը, որ առանց պետության իրական վարկանիշն ու ռիսկայնությունը հաշվելու՝ ներդրումները  կգան ու կլցվեն այդ երկիր: Այսօր մեզ չափում են հարյուրավոր ենթավարկանիշներով՝ ներդրողների պաշտպանվածությունից, հարկային վարչարարության մակարդակից մինչև բիզնեսի մատչելիության և շուկայական ինդեքսների ցուցիչներով: Եվ ցանկացած լուրջ ներդրող  առաջնորդվում է հենց այդ զեկույցներով, որ հանկարծ իր գառը գայլին պահ չտա: Վերջին զեկույցներով Հայաստանը բարելավել է դիրքերը  բիզնեսի գրանցման ու փաստաթղթերի շրջապտույտին էլեկտրոնային պատշաճ ձև հաղորդելու հարցերում, սակայն, համաձայն այդ աղյուսակների, Հայաստանի հարկային ոլորտը մնում է աշխարհի ամենահետին դիրքերում, և դրա բարեփոխման համար մեկ տարի չէ, որ կպահանջվի։ Երկրորդ ամենախնդրահարույց ոլորտը մնում է արտաքին առևտուրը. ապրանքների արտահանման և ներմուծման համար ծավալուն ու հոգեմաշ թղթաբանական աշխատանք է պահանջվում, որն իր հերթին առաջացնում է կոռուպցիոն ռիսկեր։ Էլ չենք խոսում տեղական մրցակցության ցածր մակարդակի մասին, որի պատճառով Հայաստանը նետվել է 130-րդ տխրահռչակ հորիզոնականը, մաքսային բեռով ու բիզնես կրթությամբ ընդամենը 127-րդ տեղում է, իսկ արտասահմանյան շուկաների ինդեքսով 122-րդն է աշխարհում: Մեծ հաշվով՝ փողը չունի հայրենիք, ծնող, նույնիսկ չի ճանաչում ընկեր-բարեկամ. այս քմահաճ գոյությունը գնում է այնտեղ, ուր իրեն պաշտպանված ու անխոցելի է զգում: Եվ եթե մեր ֆինանսներն արդեն ռոմանսներ են երգում, ապա փողին ուղղված ճոխ  ռեվերանսները հաստատ մեզ չեն փրկի: Այնպես որ, մնում է ճիշտ հաշվել սովորել:
Վերջին 20-ամյակում միանգամից երկու պետություն ստեղծած ժողովուրդը պետք է իր մեջ ուժ գտնի պատասխանելու վերջին 200-ամյակի, թերևս, ամենագլխավոր հարցերից մեկին. որտե՞ղ է գնում համահայկական կապիտալը և ի՞նչ արդյունավետությամբ է շփվում համահայկական գաղափարների և իդեալների հետ: Չէ՞ որ, արդիական, գրավիչ պետությունն է այն ամենաարժեքավորը, որ կարող է տալ որևէ  հասարակություն ժամանակակից քաղաքակրթությանը:
Մենք՝ հայերս, սիրում ենք հաշվել հայազգի միլիարդատերերի փողերը և հպարտությամբ ենք խոսում, թե քանի հայազգի մեծահարուստ կա «Ֆորբսի» ցուցակում: Համարյա անգիր գիտենք, որ այնտեղ են հայտնվել Սարգիսով եղբայրները, «Տաշիր գրուպ կոնցեռնի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, «Ռոսգոսստրախի» սեփականատեր Դանիիլ Խաչատուրովը և, իհարկե, ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանը: Իհարկե, մենք զլանում ենք ծանոթանալ նրանց կենսագրության մանրամասներին և իմանալ, որ, օրինակ, Քըրք Քրքորյանը ժամանակին ընդամենը թերթ է վաճառել և զբաղվել մեքենաների լվացմամբ: Հակառակ դեպքում մի քիչ սրտացավությամբ կմսխեինք Հայաստանին նվիրաբերած նրա 200 մլն դոլարը և այն ոչ թե գետնի տակ կլցնեինք ու դրանով  կասֆալտապատեինք փողոցները, այլ այդ պատկառելի գումարը կներդնեինք վերարտադրողական գաղափարների և նախագծերի մեջ:
Անշուշտ, բացի ռուսական մամուլից, այլ շրջանակներում էլ գիտեն ու խոսում են Հայաստանի օլիգարխների փողերի լվացման և կապիտալը երկրից հանելու մասին՝ չթաքցնելով  հայկական կապիտալի հարմար տեղակայման երկրները՝ Շվեյցարիա, Կիպրոս, Լիբանան, Լիխտենշտեյն, Մեծ Բրիտանիա և այլն:
Դրսի մամուլը քանիցս անդրադարձել է նաև իշխանական քվոտաներով կառավարվող եկամտաբեր ոլորտներին՝ մատնանշելով նախկին և ներկա իշխանությունների շարժական և անշարժ ակտիվները:
Միայն էքս նախագահ Ռոբերտ Քոչարյանին են վերագրվում  այնպիսի եկամտաբեր ոլորտներ, ինչպիսիք են թանկարժեք մետաղների և օգտակար հանածոների արդյունահանումն ու մշակումը, գազամատակարարումը, հեռուստակոմունիկացիան և այլն: Խոսվում է, որ նա գրավել է անգամ փոստը, հեռագրատունն ու քաղաքացիական ավիացիան: Խոսվում է և միայն...
Իսկ սփյուռքահայ հարյուրավոր ներդրողներ արդեն հասցրել են մամուլի ասուլիսներ հրավիրել և հայտարարել, որ Հայաստանում առկա մենաշնորհային տնտեսությունը և կոռուպցիան իրենց հնարավորություն չեն տալիս արդարացված ներդրումներ կատարել Հայաստանում: Ավելին, տասնյակ ներդրողներ արդեն «քցվել» են Հայաստանում և գլխի ընկել, որ ազատ մրցակցային շուկայի գաղափարը Հայաստանում ընդամենը բլեֆ է:
Սփյուռքի հետ հարաբերություններն  առաջիկայում դժվար թե դուրս գան հանգանակության գերակայությունից և վերաճեն զարգացման, ներդրումային ծրագրերի, եթե Հայաստանն առաջիկայում էլ կամք հանդես չբերի և չհրաժարվի երկիրը ջլատող օլիգարխահեն տնտեսությունից, որի նկատմամբ է հենց ակնկալվում, այսպես կոչված, «զրո հանդուրժողականությունը»:  Բարոյական արժեհամակարգը ոտնատակ տված երկիրը չունի զարգացման ճանապարհ: Եթե պետական պայուսակում փող չկա, երկիրը ծախսում է իր նյարդերը, ինչի հետևանքով ժամ-ժամ կորցնում է դիմադրողականությունը: Կապիտալը, թերևս, միակն է, որի կողքին 0-ները արժեք են ստեղծում՝ սպասարկելով առաջանցիկ միտքը:
Երկարաժամկետ կայուն զարգացում և բարեկեցություն ապահովելու համար պետք է ունենալ կայուն բարոյական արժեքներ և լավ կրթություն: Խելոքները հուշում են, որ փողը խելքով ծախսելու համար նախ պետք է այն ծախսել խելքի վրա: Իսկ երբ կայուն ու մրցունակ կրթական ավանդույթներ ունեցող Հայաստանը, ըստ Համաշխարհային մրցունակության զեկույցի, կրթական որակի ցուցանիշներով հայտնվել է արդեն 94-րդ տեղում, կնշանակի՝ մեր խելքն առայժմ չի բավականացնում  մեր փողերը նպատակային ծախսելու համար:
Հայաստանի նորարարության և տեխնոլոգիական պատրաստվածության ցածր մակարդակը, բարոյապես ու ֆիզիկապես մաշված կազմերը կարելի է «ռեստարտ» անել՝ ներդրումներ կատարելով ստեղծագործ մտքի վրա: Զարգացման արևմտյան մոդելները ցույց են տալիս, որ նոր սերնդի միտքն ավելի թանկ է, քան այն արտադրական տեխնոլոգիաները, որոնք ոչ վաղ անցյալում գերազանցիկ տնտեսություններ էին սպասարկում: Իսկ երբ երկիրը թաղում ես կոռուպցիայի մեջ, ոչ միայն չես ստանալու այդ միտքն ու ներդրումները, այլև երկրից դուրս ես հրավիրելու ցանկացած խելոք մարդու՝ իր կապիտալով հանդերձ: Սա արդեն նման է իրականությունը չտեսնելու համար քո իսկ ձեռքով սեփական աչքդ հանելուն: Որովհետև Հայաստանի պես երկիրը չի կարող իրեն թույլ տալ այդպիսի շռայլություն:
Եվ պետք չէ զարմանալ, որ հայկական կապիտալը այդպես բարեհաջող ներդրվում է դրսում, իսկ հայաստանյան սուբլիմացիան ոչ մի կերպ չի հաջողացնում ապահով թուխս նստել սեփական բնում:
Երկիրը, որը ցույց չի տալիս իր արտադրողական միտքը, վաղ թե ուշ կորցնում է իր բաժին առողջ հասարակությանը: Որովհետև առողջ միտքը ծնում է գաղափարներ, որոնք ծառայում են հասարակական շահին: Համահայկական միտքը սփռված է ողջ աշխարհով, և եթե այն կենտրոնաձիգ լինի և ուղղվի Հայաստան պետության կողմը, մենք կարող ենք արդյունավետ գաղափարներ առաջարկել աշխարհին: Մեծ փողերն ընդամենը թղթի թափոններ են, եթե պաշտպանված չեն գաղափարներով: Դրա համար էլ կապիտալն արթուն շան պես հսկում և հետապնդում է այն տարածքներն, ուր միտք ու գաղափար է արտադրվում: Համահայկական կապիտալն այսօր շատ թափթփված տեսք ունի և մեծ հաշվով՝ չի ներդրվում ազգային շահ կոչված հսկիչ ծրարում: Եվ ոչ ամենևին այն պատճառով, որ այդ կապիտալը կրողները չունեն ինքնության հստակ գիտակցում, այլ որ ազգային շահ ասվածն ուղղակի սահմանված ու ձևակերպված չէ նոր աշխարհակարգի համատեքստում, և անհնար է խաղադրույք կատարել մի  ձիու վրա, որին դեռևս հրապարակ չեն բերել և ցույց չեն տվել նրա վարգը:Համահայկական կապիտալը կարող է սպասարկել միայն մրցունակ գաղափարներով սնված ազգային միտքն ու երազանքները և ոչ ամենևին՝ հայկական աշխարհ կոչված այն երազախաբությանը, որը պարբերաբար այցելում է երկրի վարչապետին:
Այդ դեպքում Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը, թերևս, ավելի նրբանկատ գտնվեր և մեր մասին չասեր այն, ինչն արդեն ասել է. «Որևէ պատճառ չեմ տեսնում, որ հայերը Հայաստանում հավասարապես հաջողակ չլինեն: Բայց հարկ է ձևավորել պայմաններ լավ ներդրումային ու գործարար միջավայրի համար: Չեք կարող ներգրավել տնտեսվարողներին, եթե նրանք կարծում են, որ իրենց աշխատանքը կուլ կգնա կոռուպցիային կամ իրենց պայմանագրերը պաշտպանված չեն լինի: Ուստի ոգեշնչվեք նրանով, ինչ արել են սփյուռքահայերն աշխարհի տարբեր երկրներում… ու սկսենք մտածել, թե ինչպես կարող ենք այդ նույն պայմաններն ապահովել այստեղ` Հայաստանի Հանրապետությունում»:
Ով-ով, բայց լեդին լավ գիտե, որ յուրաքանչյուրն արժե ճիշտ այնքան, որքան արժևորում է իր կարողությունն ու ջանքը:
Ամենաթանկ կապիտալն, ի վերջո, ժամանակն է, որի բյուջեն բոլոր մարդկանց ու երկրների համար հավասար է՝ օրը 24 ժամ:

Ավետիս Սիմոնյան





ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ