Երեքշաբթի, Ապրիլ 25, 2017

 14:23

ԼՐԱՀՈՍ

Աշխատաշուկա. Որակյալ մասնագետի դեֆիցիտ ամեն տեղ

Մեզ չեն սովորեցնում ոչ մտածել, ոչ նախաձեռնել
Չեն սովորեցնում, բայց պահանջում են…
Գործազրկության բարձր թվեր արձանագրած երկրները տառապում են բոլոր այն ախտանշաններով, որոնք հատուկ են մեկ առանձին գործազուրկին. վախեր, ինքնավստահության անկում, ուժերի փոշիացում, արժեհամակարգերի կորուստ: Վերջերս պաշտոնական Բրյուսելը ԵՄ-ին ներկայացրեց նոր փաթեթ, որը անդամ երկրների կառավարություններին պարտավորեցնում է մինչև 25 տարեկան բոլոր երիտասարդներին ապահովել երաշխավորված աշխատանքով: Եվրոպան հաշվել գիտի. առանց երիտասարդական հզոր էներգիայի տեխնոլոգիական մեծ հեղափոխությունը դատապարտված է: Երիտասարդներին թողնել դրսում կնշանակի փողոց նետել ամենամեծ կապիտալը, ծանր հրետանին, որը վաղը իր թաքստոցներից կրակելու է պետության վրա թմրադեղերից մթագնած ուղեղով, իր չծնած երեխաներով, գործած հանցագործություններով, քայքայված առողջությամբ, դժգոհության բարձր ինդեքսով: Իսկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալով՝ Հայաստանում երիտասարդների գործազրկության մակարդակը 43% է.  Համաշխարհային բանկն ավելին է արձանագրել՝ 58%: Միջինացված ցուցանիշով՝ երկուսից մեկն անգործ է, իսկ աշխատող երիտասարդների միայն 25% -ն է գործ գտել իր մասնագիտությամբ: Եվ սա այն դեպքում, երբ պետությունն իր սուղ միջոցներից ամեն տարի մոտ 5 միլիարդ դրամի պետպատվեր է իջեցնում ԲՈՒՀ-ական ուսանողության համար: Կրթական համակարգն իր բարձր աշտարակից թքած ունի աշխատաշուկայի բոլոր միտումների վրա և գործազուրկների նորանոր խմբաքանակ է նետում շուկա: ԲՈՒՀ-երը նոր տեխնոլոգիաներ ներդնելու շահագրգռություն կարծես չունեն էլ. բարոյապես ու ֆիզիկապես մաշված կազմերն անփոխարինելի էժան աշխատուժ են, որոնց հնարավոր է բանեցնել սովետից մնացած կրթական բրենդերի  շնորհիվ՝ պարազիտանալով նաև կրթության մասին ունեցած ավանդական կարծրատիպերի վրա: ԲՈՒՀ-ում իր կրթության համար ներդրումներ կատարած երիտասարդը հայտնվում է մի տեսակ խաբված ավանդատուի կարգավիճակում. չի կարողանում աշխատաշուկային վաճառել իր գիտելիքը և... բարև, քաոս:


Կրթական ռեկետ կամ բարեվ քաոս
Ամեն տարի ԲՈՒՀ-երը մոտ 4 հազար տնտեսագետ են արտադրում այն դեպքում, երբ ներքին շուկան տարեկան 250-300 տնտեսագետի պահանջարկ է ներկայացնում ընդամենը: Հումանիտար և հասարակական գիտություններ  ընտրած շրջանավարտներն  ամենամեծ տեսակարար կշիռն ունեն, սակայն նրանց ընդամենը 30%-ն է աշխատանք գտնում, այն էլ շուկայում այդ աշխատանքի գինը չի գերազանցում 70-80 հազար դրամը: Ինժեներներն ավելի հակված են գործազրկության, ուղղակի նրանց մասնագիտությունը ինքնազբաղվածության հնարավորություններ է տալիս, և բարձրագույն մաթեմատիկա սերտած ուսանողն առավելագույնը թաղային էլեկտրիկ է դառնում կամ էլեկտրատեխնիկայի խանութի վաճառող: Աշխատաշուկան գուժում է բազում ծերացող կամ այդ շուկային թույլ հասանելի մասնագիտությունների մասին, և այստեղ հարկ է գործի դնել պետական կարգավորիչը, մանավանդ որ կրթության պատվիրատուն հենց պետությունն է: Այսօր գերակա ուղղություն հռչակված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սփռվածությունը ԲՈՒՀ-երում 8 անգամ պակաս է  հասարակական գիտություններից: ՏՏ մասնագետների շուրջ 30%-ն էլ հոսում է երկրից այն դեպքում, երբ մասնագետ արտահանելու փոխարեն անհրաժեշտ է պատվեր ներգրավել և մասնագիտական արտադրանք արտահանել: Կրթական քաղաքականությունը մատնում է, թե ուր է գնում երկիրը: Անկախության առաջին տարիներից մենք հետևողականորեն փոշիացրինք հայկական մասնագիտական ներուժը և հիմա էլ առանձնապես չենք մտահոգվում, որ ուղեղների արտահոսքն ավելի ու ավելի ահռելի չափեր է ընդունում: Այսօր եթե զբաղվածության շուկայից անջատենք սեզոնային  աշխատանքով գումար վաստակողներին, ապա մեր երկրի երկարաժամկետ գործազրկության ցուցանիշը կհասնի 73%-ի: Այս թիվը պիտի ստիպի մեզ Հայաստանում օր առաջ ներդնել մարդկային ռեսուրսների համակարգ, մասնագիտական հաշվարկված բանկեր՝ ըստ պետական առաջնայնությունների: Չմոռանանք, որ, օրինակ, Եգիպտոսում, 20% գործազրկությունը երկիրը կանգնեցրեց հեղափոխության առջև: Չպլանավորված աշխատուժը քանդում է ոչ միայն երկրի տնտեսական ու քաղաքական համակարգերը, այլև ջարդում նրա բարոյական ողնաշարը: Չէ՞ որ, աշխատանքը ոչ միայն գոյապահպանման և զարգացման միջոց է, այլ քաղաքացու հիմնարար իրավունք, նրա արժանապատվության երաշխիք: Այսօր կրթական համակարգն անուղղակի «ռեկետով» է զբաղված, խուսափում է կրթության համար ներդրված գումարը ծախսել ուսանողի գործնական պարապմունքների վրա, իսկ գործատուներն էլ հակված չեն դառնալ կրթության պատվիրատու: Երբ այդ երկու համակարգերը խոսում են տարբեր լեզուներով և անհաղորդ են միմյանց, հասարակական իդեալները դատապարտված են, և երկիրն ակամայից խժռում է իր ամենագլխավոր ռեսուրսը՝ մարդկային ներուժը:



Չարաբաստիկ 113 հոդված
Հայաստանյան աշխատաշուկան ոչ միայն չի կարողանում կլանել իրեն առաջարկվող աշխատուժը, այլև բարձր ռիսկայնություն ունի և աչքի է ընկնում բավականին անկանխատեսելի վարքով: Աշխատանք գտած քաղաքացիները պակաս անպաշտպան չեն գործազուրկներից: Նրանց հետ կնքված պայմանագրերում շատ հաճախ խախտվում է կողմերի իրավահավասարության սկզբունքը: Գործատուները գերադասում են կնքել կարճաժամկետ պայմանագրեր, որը խոցելի է դարձնում աշխատողին, հարուցում ամեն պահ փողոցում հայտնվելու վախեր  և ստիպում տանել ու ներել գործատուի բոլոր քմահաճույքները սեփական արժանապատվության հաշվին:
Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածը տեղով մեկ սպառնալիք է ցանկացած մասնագետի համար, որովհետև այն ամեն պահի հնարավորություն է տալիս  օրինական կարգով դադարեցնել իր հետ կնքված պայմանագիրը: Հոդվածը գործատուին արտոնում է արտադրական ծավալների փոփոխման պատճառաբանությամբ ազատվել ցանկացածից, իսկ դատական կարգով բողոքարկելու դեպքում աշխատողը ոչ մի կերպ չի կարող պաշտպանվել գործատուի կամայականությունից: Որպես կանոն՝ այս հոդվածի տակ է ընկնում պրոֆեսիոնալ աշխատուժը, ով ունի մասնագիտական խիղճ և ոչ մի գնով այն չի վաճառի: Աշխատանքային օրենսդրությունն արգելում է գործատուին շաբաթական 40 ժամից ավելի աշխատեցնել մասնագետին: Սակայն գաղտնիք չէ, որ Հայաստանում եզակի գործատուներ են կարողանում «մարսել» այդ սահմանափակումը և պահպանել 8-ժամյա պարտադիր գրաֆիկը: Ու քանի որ տեղերում աշխատողները զլանում են ստեղծել արհմիություններ, ուստի չեն էլ կարողանում սանձահարել օրենքը ոտնահարող շեֆին:
Աշխատանքի շուկայում եղանակ ստեղծողները հիմնականում համատեղում են տնտեսական և քաղաքական լծակները, և չնայած Հայաստանում ներդրված պետական ծառայողի ինստիտուտին՝ աշխատատեղերի մեծ մասը թիրախավորված է քաղաքական կողմնորոշումների վրա: Իշխող կուսակցության բոսսերը չեն էլ թաքցնում, որ աշխատատեղերի կենտրոնացված բաշխման հիմքում ընկած է կուսակցական պատկանելությունը: Համոզվելու համար բավական է դիտարկել, ասենք, ՏԻՄ աշխատատեղերի բաշխվածութունը:
Այսօր Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ աշխատանքային միգրանտների 98%-ը կազմում են վերարտադրող տղամարդիկ: Այս ցուցանիշը Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերն առաջիկայում շտկելու լավատեսություն չի թողնում: Շատերին այլևս անհավանական է թվում, որ Հայաստանը կարող է ուղեղների ներհոսք կազմակերպել, ասենք, Թայվանի օրինակով, երբ 2 տարվա ընթացքում այդ երկիրը կարողացավ ավելի քան 50.000 մասնագետների վերադարձնել, որոնք իրենց հերթին լծվեցին նոր աշխատատեղերի վերարտադրմանը՝ մեռյալ տեղից  բարձրացնելով իրենց  երկիրը:
Իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանը կորցրել է նոր աշխատատեղեր արտադրելու և դրսում ապաստանած աշխատուժն իրեն վերադարձնելու հնարավորությունը: Ուղղակի պետք է կամք ունենալ. ազատվել ստվերային տնտեսությունից ու նրա օլիգոպոլ դրսևորումներից, հայկական ստեղծագործ միտքն ու գաղափարները շփել արդիականացվող աշխարհի հետ, Սփյուռքից ոչ թե «կարճ» փողեր խնդրել, այլ՝ մասնագիտական նոր գիտելիք ու փոխշահավետ գործակցություն:  Ի վերջո, ժամանակն է ստեղծել  համահայկական ուղեղի շտեմարան, որով հնարավոր կլինի ավելի արդյունավետ մտածել և գործել: Մենք ունենք ահռելի ստեղծագործական էներգիա, և հարկ է այն  արագ մոտիվացնել: Որքան հնարավոր է շուտ: Հիմա:

Ավետիս Սիմոնյան

Երևակ ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ