Հինգշաբթի, Հոկտեմբեր 19, 2017

 16:42

ԼՐԱՀՈՍ

Ճարտարագիտական միտքը ՝ արտադրական ներուժ

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է սեյսմաակտիվ գոտում, և շենքերի ու շինությունների սեյսմակայունության և հուսալիության բարձր մակարդակի ապահովումը դասվում է գերակա խնդիրների շարքին: Քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ընկերությունն այսօր ՀՀ շինարարության բնագավառի միակ կազմակերպությունն է, որն իր գործունեությամբ կոչված է ապահովել հանրապետության շինարարական ոլորտի տեխնիկական առաջընթացը: Կենտրոնի գործունեության մանրամասները «Երևակի» հետ զրույցում ներկայացրել է ընկերության գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի (ՀՃԱ) նախագահ, Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի փոխնախագահ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ճյուղային էկոնոմիկայի և կառավարման ամբիոնի վարիչ, Ռուսաստանի վաստակավոր ճարտարագետ, Ն.Բայբակովի անվ. միջազգային մրցանակի դափնեկիր Սերգեյ  Մինասյանը:

«Մեր առաքելությունն է աջակցել Հայաստանում սեյսմակայուն շինարարության համակարգի կայացմանը` համապատասխանեցնելով այն միջազգային չափորոշիչներին: Ապահովել սեյսմակայուն շինարարության բոլոր փուլերի (նախագծում, կառուցում, շահագործում) կատարման արդյունավետության բարձրացումն ու զարգացումը, շենքերի և շինությունների հուսալիությունըե,- նշում է գլխավոր տնօրենը: Նախագծային փուլում կենտրոնը զբաղվում է նորմատիվա-հրահանգչական փաստաթղթերի (շինարարական նորմեր, ստանդարտներ, ձեռնարկներ, հանձնարարականներ և այլն) մշակմամբ և փորձաքննությամբ: Կառուցման ընթացքում «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոնը»` հիմքերի և հիմնատակերի նոր կոնստրուկտիվ լուծումներին, բնահողերի ամրության և կայունության որոշման փորձարարական մեթոդներին, շինհրապարակների սեյսմիկության նվազեցման մեթոդների մշակմանը զուգահեռ իրականացնում է լաբորատոր փորձարկումների մի ամբողջ համալիր, որը ներառում է ՀՀ-ում արտադրվող և ներմուծվող շինանյութերի, կոնստրուկցիաների սերտիֆիկացման, որակի հսկման և փորձարկման աշխատանքներ: Այդ աշխատանքները վերաբերում են ցեմենտի, կվարցային ավազի, բազալտային խճի որակի ֆիզիկա-մաթեմատիկական և ֆիզիկա-քիմիական փորձարկումներին, ջրի և հավելումների քիմիական վերլուծությանը, բետոնների պահանջվող դասերի բաղադրությունների սահմանմանը, ամրանների փորձարկմանը: Այս աշխատանքներն իրականացվում են կենտրոնի համապատասխան 5 լաբորատորիաներում: Այստեղ շինարարական օբյեկտներն ու դրանց հարակից տարածքները սողանքներից, սելավներից, ջրակալումներից և ջրածածկումներից պահպանելու նպատակով իրականացնում են նաև ինժեներա-երկրաբանական հետազոտություններ:  

«Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոնի» գործունեության կարևոր ուղղություններից մեկը շահագործման մեջ գտնվող շենքերի, ինժեներական կառույցների, կենսաապահովման և ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների (ԱԷԿ, քիմիական և մետալուրգիական գործարաններ, կամուրջներ, ամբարտակներ, օդանավակայաններ և այլն) տեխնիկական վիճակի պարբերական հետազննությունն է, դրանց անվտանգ և անխափան շահագործումն ապահովող միջոցառումներին վերաբերող հանձնարարականների մշակումը: Կենտրոնը շարունակում է հանրապետության ատոմային ոլորտի սպասարկմանն ուղղված համալիր աշխատանքները: Ներկայումս մեր մասնագետները ակտիվ աշխատանք են կատարում ատոմային էլեկտրակայանի բանեցրած չոր վառելիքի պահեստարանի շինարարության և ընդլայնման շրջանակներում:  Մասնավորապես, լաբորատոր և դաշտային պայմաններում իրականացվում է բետոնների բաղադրիչների զուգադրությունը, որոշվում է դրանց որակն ու պիտանիությունը »,-մասնավորեցնում է  Սերգեյ Մինասյանը: 

 Սակայն «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոնի» առջև կան մի շարք խնդիրներ, որոնք խանգարում են նրա գործունեության ավելի արդյունավետ իրականացմանը. «Վերջին 20 տարիների ընթացքում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հնարավորություն չի եղել հիմնանորոգելու և ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու կենտրոնի շենքային պայմանները, վերազինելու ընկերության կազմում գործող լաբորատոր սարքավորումների բազան: Տարիների ընթացքում չեն իրականացվել կադրերի վերապատրաստման, ինչպես նաև նոր երիտասարդ կադրերով համալրման աշխատանքներ»: Վերոնշյալ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ակտիվացնել փորձագիտական կենտրոնի գործունեությունը. «Չէ՞ որ կենտրոնի գործունեությունն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում սեյսմակայուն շինարարության համակարգի կայացմանը»,-եզրափակում է Սերգեյ  Մինասյանը:

«Երևակը» հետաքրքրվեց, թե որքանով է Հայաստանի ճարտարագիտական ակադեմիային հաջողվում միավորել Հայաստանի ճարտարագիտական հանրույթի ուժերը` հօգուտ հայրենական գիտության և արտադրության: 

Հայաստանի ճարտարագիտական ակադեմիան բնական, տեխնիկական և տնտեսական գիտությունների բնագավառների գիտնականների, գիտաշխատողների, արտադրության ղեկավարների և դիպլոմավորված մասնագետների գիտատեխնիկական միություն է, որը հետաքրքրությունների ընդհանրության հիմքով կոչված է ծառայելու հանրապետության գիտատեխնիկական առաջընթացին, օգտագործելու նրա նվաճումները արտադրությունում և միավորելու Հայաստանի ու Սփյուռքի հայ գիտատեխնիկական և ճարտարագիտական հանրույթը:

Ներկայումս Հայաստանի ճարտարագիտական ակադեմիան միավորում է տարբեր տեխնիկական ուղղությունների ավելի քան 300 առաջատար ճարտարագետների և մի քանի տասնյակ կազմակերպությունների, որոնք համարվում են ակադեմիայի կոլեկտիվ անդամ: ՀՃԱ բազմաթիվ անդամներ կրում են ՀՀ և ՌԴ վաստակավոր ճարտարագետի, շինարարի կամ ճարտարապետի պատվավոր կոչումներ, հանդիսանում են ԽՍՀՄ բազմաթիվ մրցանակների կրողներ: Հայ գիտատեխնիկական և ճարտարագիտական հանրույթի միավորման գործում մեծ դեր է խաղում նաև 2004թ. հրատարակվող գիտատեխնիկական միջազգային ամսագիրը՝ «Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի լրաբերը»: Այն լայն ճանաչում ունի ոչ միայն հանրապետությունում, այլ նաև նրա սահմաններից դուրս: «Լրաբերում» տպագրվում են միջազգային ճանաչում ունեցող հռչակավոր գիտնականներ երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Ի դեպ, ակադեմիան ամսագիրը լույս է ընծայում Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի հետ  համատեղ ջանքերով, որին անդամակցում է 1992 թվականից՝ որպես հիմնադիր և կոլեկտիվ անդամ: Ամսագիրն ընդգրկված է  ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում: Նշենք նաև, որ «Լրաբերի» խմբագրական խորհրդի կազմում են գիտնականներ շուրջ 11 երկրներից:

Հայաստանի արդյունաբերության ավանդական դարձած մի քանի ճյուղերում (էլեկտրամեքենաշինություն, սարքաշինություն, լեռնային գործ, սննդի և թեթև արդյունաբերություն, քիմիա և կենսատեխնոլոգիաներ) նկատվող զարգացումը, դրական տեղաշարժերը էներգետիկայում, շինարարության և ինֆորմատիկայի բնագավառներում կիրառական գիտության հետազոտական ուղղությունների զարգացման անհրաժեշտություն են ստեղծում: Իսկ այդ զարգացումն ապահովելու մեջ մեծ ավանդ ունեն Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի անդամները: Նրանց գիտական ներուժը դրսևորվում է միջազգային պահանջներին համապատասխան էլեկտրատեխնիկական և սարքաշինական նոր արտադրատեսակների ստեղծման մեջ, ՀՀ բնակավայրերի գազաֆիկացման, նոր էլեկտրագծերի և հոսանքի արտահանման համակարգերի կառուցման գործում, ընդերքի հարստությունների բացահայտման և հետագա շահագործման մեջ, պղնձի, ալյումինի, մոլիբդենի և մի շարք կիսահաղորդչային նյութերի արտադրությունում: Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահ Սերգեյ Մինասյանը զարգացման մեծ պոտենցիալ է տեսնում Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի էներգետիկայի բնագավառում, որտեղ նախանշվում է էլեկտրաէներգիա արտադրող օբյեկտների արտադրողականության աճ, վերակառուցվում են հանրապետության երկու ՋԷԿ-եր, գոյություն ունեն բոլոր նախադրյալները նոր ԱԷԿ-ի կառուցման համար: «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հովանավորությամբ և ֆինանսական աջակցությամբ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ստեղծվել է Հայկական ատոմակայանի բնապահպանական և անվտանգ շահագործման կենտրոն, որը կահավորված է ժամանակակից սարքավորումներով: Զուգահեռ՝ Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայում մշակվել է պղնձի բարձր պարունակությամբ ֆեռոմոլիբդենի և մոլիբդենի օքսիդի ստացման ժամանակ առաջացած արտադրական թափոններից ամոնիումի մոլիբդատի ստացման տեխնոլոգիա: Այժմ աշխատում ենք այս տեխնոլոգիայի, ինչպես նաև այդ տեխնոլոգիայի կիրառման ժամանակ ծծմբային գազի (SO2) արտանետմամբ մթնոլորտի աղտոտումը բացառող տեխնոլոգիայի մշակված տեխնիկական պայմանների հիման վրա պետական համապատասխան ստանդարտացման գործընթաց իրականացնելու ուղղությամբ»,-տեղեկացնում է Ս. Մինասյանը: Ակադեմիայի նախագահը առանձնացնում է նաև քաղաքաշինության աննախադեպ աճը և սեյսմիկ առանձնահատկության հաշվառումը, որը հատուկ կարևորություն ունի սեսյմիկ ակտիվ գոտում գտնվող մեր երկրի համար:

ՀՃԱ կողմից մշակվել և  արտադրանքի մակարդակի են հասցվել բազմաթիվ նախագծեր, որոնցից կարելի է առանձնացնել հետևյալները:

Հաճախային կարգավորող էլեկտրահաղորդակը (սարք, որի ծախսերի վերադարձման ժամկետը 6-7 ամիս է):

Գերբարձր հաճախության ուժեղացուցիչը` կառուցված ժամանակակից կիսահաղորդչային տարրերի վրա, որում օգտագործված են մի շարք նորագույն լուծումներ:

Միջազգային հեղինակային իրավունքով ամրագրված մեթոդ և սարք` նյութերի խտության որոշման համար:

Արևային էլեկտրակայան ջրհան մղիչի շահագործման համար, որի առանձին հանգույցների և ամբողջ համակարգի մշակումները առևտրային հետաքրքրություն են ներկայացնում:

Հակակարկտային համակարգ, որի դերը և նշանակությունը շատ մեծ են հանրապետության գյուղատնտեսության համար:

Նման կիրառական բնույթի խնդիրները լուծելու նպատակով ստեղծվել և ՀՃԱ կազմում են ընդգրկվել մի շարք գիտատեխնիկական ստորաբաժանումներ: Դրանցից են, օրինակ, Էներգետիկայի բնապահպանական խնդիրների ԳՀԻ-ն, «Տեխնոլոգ գրուպ» ՍՊԸ-ն և այլն: Նմանատիպ նախագծեր կյանքի են կոչվում նաև ակադեմիայի կոլեկտիվ անդամների անմիջական օգնությամբ: Բավական է նշել «Բարվա» ընկերությունը, որի հետ համատեղ ջանքերով իրագործվել են մի շարք նախագծեր այլընտրանքային էներգետիկայի ոլորտում:

Վերջին երկու տարում հրատարակվել են ավելի քան 15 գիտական մենագրություններ, 800-ի հասնող գիտական հոդվածներ ինչպես hանրապետության գիտական ամսագրերում, այնպես էլ արտասահմանյան: Հարկ է նշել ասպիրանտների, դոկտորանտների և հայցորդների թվաքանակի աճը: Մեծ է հետաքրքրությունը տնտեսագիտության (32%), ինֆորմատիկայի (26%) և էլեկտրոնիկայի (20%) նկատմամբ: Միայն թե ակադեմիայի նախագահը ստիպված է ցավով նշել, որ Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի անդամները չեն կարողացել մասնակցել մոտ 10-ից ավելի միջազգային գիտաժողովների` ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Ժամանակակից գիտության նորույթները Հայաստանի արդյունաբերության մեջ ներդնելու համար ճարտարագիտական ակադեմիան համագործակցում է տարբեր հաստատությունների հետ: Ակադեմիայի համար թերևս կարևոր է գիտական ներդրումների խնդիրը: Այսօր առավել, քան երբևէ արժևորվում է կիրառական գիտությունների դերը, որոնց արդյունքների ներդրումը արտադրությունում կնպաստի հանրապետության տնտեսության զարգացմանը



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ