Շաբաթ, Մայիս 27, 2017

 21:46

ԼՐԱՀՈՍ

ԵՏՄ. մարտահրավերներ և հնարավորություններ. Տիգրան Ջրբաշյան

 

ՀՀ-ում Ամերիկայի առեւտրի պալատի խորհրդի նախագահ

ԵՏՄ-ի մասին խոսելիս՝ մենք ակամայից այն համեմատում ենք ԵՄ-ի հետ եւ սկսում ենք հասկանալ թերություններն ու առավելությունները: Հիմնական տարբերությունն այն է, որ ԵՄ-ի հիմքում ընկած է եղել տնտեսական ինտեգրումը, հետո կամաց-կամաց քաղաքական գործոնն է ի հայտ եկել` ստեղծելով մի շարք խնդիրներ: Իսկ ԵՏՄ-ն ի սկզբանե ստեղծվել է որպես քաղաքական մարմին, ինչն էլ հիմք է հանդիսացել ԵՏՄ-ի ներկայիս խնդիրների առաջ գալուն: Ընդ որում, պետք է հաշվի առնենք, որ Հայաստանը ԵՏՄ-ին ավելի ուշ է միացել, քան այդ միության մյուս անդամները: Այստեղից էլ գալիս են հիմնական տակտիկական խնդիրները, փաստացի կառույցն ինքնին դեռ ձեւավորման փուլում է: ԵՏՄ-ն մեկ առավելություն ունի ԵՄ-ի նկատմամբ. Այն հնարավորություն ունի կիրառելու այն փորձը, որը եղել է ԵՄ-ի դեպքում: Ընդ որում, ԵՏՄ հանձնաժողովի անդամներն էլ չեն հերքում, որԵՏՄ-ի կառուցվածքը, ստորաբաժանումները, կառավարման համակարգը, նախարարների պաշտոնները կրկնօրինակված են այդ մոդելից: Նրանք չեն թաքցնում, որ սովորում են այդ փորձի վրա:

Այսօր Եվրասիական հանձնաժողովի մեծ ապարատ է աշխատում՝ բարձր վարձատրվող ավելի քան 1000 մասնագետ: Նրանք զբաղված են կարգավորման դաշտի ձեւավորման գործընթացով: Հիմնական խնդիրը, որն այսօր ես տեսնում եմ, այն է, որ Հայաստանը չի կարող դեռ այն դերակատարումն ունենալ, ինչ ունեն ԵՏՄ անդամ մյուս պետությունները: Բելառուսը, Ղազախստանն ունեն ինտեգրման պատմություն, Մաքսային միությանն անդամակցելու տարիներին հասցրել են իրենց երկրի ներսում ձեւավորել ինստիտուտներ, և իրենց կառավարման համակարգն արդեն հարմարվել է ինտեգրման պրոցեսներին: Իսկ մեզ մոտ իրավիճակը բավականին ծանր է: ԵՏՄ-ում  ստեղծվում են տարբեր տիպի փաստաթղթեր՝ սկսած վերլուծական, իրավական փաստաթղթերից, տեխնիկական կանոնակարգերից, վերջացրած օրենսգրքերով, միջազգային պայմանագրային դաշտով: Իմ կարծիքվ այդ փաստաթղթերի ծավալը մեր համակարգն ի վիճակի չէ մարսել: Եվ ոչ միայն պետական համակարգը, մասնավոր բիզնեսն էլ դրան պատրաստ չէ, վերջիններս հաճախ չեն էլ հասցնում այդ ֆայլերը բացել: Մեր կառավարությունը, պատասխանատու բիզնես միություններն օրական ստանում են շուրջ 300 էջ նյութ, որոնք որպես նախագիծ, ուղարկվում են քննարկման նպատակով: Իսկ մենք չենք կարողանում հետեւել բոլոր փաստաթղթերին, նույնիսկ չենք էլ հասցնում կարդալ: Մինչդեռ այդ ընթացքում գործընթաց է գնում, եւ մենք զգալիորեն հետ ենք մնում այդ գործընթացից: Պետք է նաև հաշվի առնել, որ ի տարբերություն ԵՄ-ի, ԵՏՄ-ում կա դոմինանտ երկիր`հանձինս Ռուսաստանի, անհամեմատ մեծ հնարավորություններով և ռեսուրսներով, որը բավականին նվազեցնում է իրենց տնտեսական շահերը պաշտպանելու ԵՏՄ-ի այլ անդամ երկրների հնարավորությունները: Սակայն այդ փոքր հնարավորությունը,  որ մենք ունենք, անգամ պատրաստ չենք դրանից օգտվելու: Հուսով եմ՝ դա տակտիկական խնդիր է, ժամանակավոր բնույթ է կրում:

Մյուս խնդիրը, որը տեսնում եմ, այն է, որ ԵՏՄ-ի հանձնաժողովի անդամ հանդիսացող մեր նախարարներն, ի տարբերություն մյուս երկրների ներկայացուցիչների, մինչեւ նոր ընտրությունները, որոնք կկայանան այս տարի, և նոր հանձնաժողովն իր աշխատանքները կսկսի 2016թ. հունվարի 1-ից, չունեն պատասխանատվության ոլորտներ: Փաստորեն,նախարար են՝ առանց պորտֆելի, բայց ունեն ձայնի իրավունք: Դա եւս որոշակի իմաստով նվազեցնում է մեր մասնակցությունը ԵՏՄ-ի՝ խաղի կանոները սահմանելու հարցում: Այսօր Հայաստանը, ցավոք, հայտնվել է մի իրավիճակում, որ ավելի շատ ռեակտիվ գործողություններ է ծավալում: Երբ այս կամ այն որոշումը հայկական այս կամ այն բիզնեսի շահին է դիպչում, բիզնեսը միայն այդ ժամանակ է ձայն բարձրացնում, պետությունը եւ մեր նախարարները սկսում են բավականին ակտիվ լոբբինգ անել, բանակցել: Հուսով եմ, դա նույնպես ժամանակավոր բնույթ է կրում, բայց միանշանակ, մեր կառավարման համակարգը պետք է ադապտացվի նոր իրավիճակին, ԵՏՄ-ի մեր նախարարները և կառավարությունը պետք է ձևավորեն այդ համակարգը:

Իսկ տնտեսական առումով, իհարկե, ի սկզբանե պարզ էր, որ ԵՏՄ-ի ստեղծման դեպքում  Հայաստանը չի կարող դուրս մնալ այդ պրոցեսից: Մենք, լինելով ներսում, պետք է կարողանանք առավելագույնս օգտվել  պոտենցիալ հնարավորություններից:

Անհրաժեշտ է նաև նշել, որ Ռուսաստանի կրիտիկական իրավիճակը չէր կարող չանդրադառնալ ԵՏՄ-ին ինտեգրվող երկրների վրա: Դրա տնտեսական ազդեցությունը եւ հետեւանքները գոյություն ունեն նաև մեր երկրում: Եվ այս պահին գնահատել ԵՏՄ-ին անդամակցելու հետևանքները`դեռ վաղ է: Մի քիչ երկարաժամկետ կտրվածքով՝ գուցե իմաստ ունի գլոբալ ռազմավարական ուղղություների մասին խոսել: Իսկ տակտիկական ուղղությունները ժամանակի հետ են կապված: Սակայն  մեր երկրում ԵՏՄ-ին առնչվող տակտիկական որոշումներն իմ կարծիքով ի վիճակի չեն ընդունել ժամանակին՝ արձագանքելով շուկայի այս կամ այն իրավիճակին, մյուս կողմից էլ չեն լուծվում նաև ռազմավարական խնդիրները: Այսօր մենք ոչ լավ վարժված հրշեջի նման ենք: Վարժվածը կարողանում է կրակը արագ ու լավ հանգցնել, մենք դա էլ չենք կարողանում:

Թե ինչ հնարավորություններ  կտա մեզ ԵՏՄ-ին անդամակցելը՝ միանշանակ դժվար է գնահատական տալ: Դրա համար պետք է օբյեկտիվ գնահատել մեր մրցակցային առավելությունները՝ առաջին հերթին ԵՏՄ-ի ներսում, հետո՝ դրանից դուրս: Պարզ է, որ մենք չենք կարող մրցակցել այն հիմնական ինդուստրիալ շուկաներում, որոնք գրավել են ՌԴ-ն, Բելառուսը: Չենք կարող որպես  մրցակից հանդես գալ, մասնավորապես,  հանքահումքային ոլորտում, որովհետեւ ունենք  լուրջ մրցակիցներ ի դեմս Ռուսաստանի և Ղազախստանի: Միանշանակ պարզ է, որ մենք գյուղմթերքի շուկայում ենք առավել մրցակցային,  պետք է օգտարգործենք  այդ հնարավորությունը, և օգտվելով մեր բարենպաստ կլիմայական պայմաններից, մասնավորապես,  «հայկականե արևի առավելությունից, բնությունից մեզ տրված շնորհներից`ջրի որակ,  ծովի մակարդակից տեղանքի բարձրություն և այլն, կարողանանք լավ դիրք գրավել որոշակի շուկաներում` ներդրումներ կատարելով արդյունաբերական գյուղատնտեսության ոլորտում, ինչը հնարավորություն կընձեռի ապահովել այնպիսի արտադրողականություն, որը բնորոշ է համաշխարհային շուկաների առաջատարներին: Այս նույն սկզբունքով մենք հնարավորություն ունենք զարգացնել նաև ձկնաբուծությունը, այգեգործությունը, ծաղկաբուծությունը, ինչպես նաև զարգացնել ջերմոցային տնտեսությունները:

Ինչ վերաբերվում է սննդի արդյունաբերության ոլորտում հնարավոր դիրքավորմանը, տա Աստված, որ մենք կարողանանք շուկա գրավել, քանի որ այստեղ շատ մեծ խնդիրներ կան՝ կապված ՌԴ-ի վարած քաղաքականության հետ: ՌԴ-ում սննդի արդյունաբերության շուկաները հայտնվել են տրանսնացիոնալ ընկերությունների ձեռքում: Մենք պետք է ռեալ հասկանանք, որ մենք մրցակցելու ենք ոչ թե ռուսական ընկերությունների հետ, այլ գործ ենք ունենալու ամերիկյան, եվրոպական խոշորագույն տրանսնացիոնալ ընկերությունների, գործարանների հետ, որոնք տեղակայված են ՌԴ-ում: Եվ մենք մեր ցածր արտադրողականությամբ մրցունակ չենք, բացառությամբ որոշ ոլորտների, այդ թվում`խմիչքի արտադրության: Շատ ավելի լավ կլինի, որ մենք վաճառենք ծիրանի հյութ, այլ ոչ թե ծիրան, ինչն առավել շահեկան կլինի մեզ համար: Բայց մյուս կոմից էլ զուտ հյութերի շուկայում ես չեմ պատկերացնում, որ մենք կկարողանանք մրցել, ասենք  J7-ի, Պեպսիի հյութերի հետ: Մենք պետք է կարողանանք նիշային արտադրանք տալ, ասենք՝ ընկույզի ջեմ, կամ պրեմիում դասի պրոդուկտներ, օրինակ, օրգանական ծիրան: Պետք է փորձենք մխրճվել մրցակցության մեջ: Մեր ծիրանը մրցունակ է, լավագույն արտադրանքն է, բայց հյութի արտադրության դեպքում խնդիրներ կան, որոնք պետք է փորձել լուծել ոչ ստանդարտ մոտեցմամբ, օրինակ, անունը գուցե պետք է դնել պրեմիում ծիրանի հյութ կամ նման մի բան: Ամեն դեպքում, մենք այստեղ զարգացման հնարավորություններ ունենք: Իսկ ահա տոմատի մածուկ, իմ կարծիքով, Հայաստանը, ցավոքսրտի, չի կարող արտահանել, որովհետեւ այդ շուկայում կա այնպիսի մեծ արտադրող, ինչպիսին Չինաստանն է:

Հայաստանի մրցակցային առավելությունն է նաեւ այն, որ ի տարբերություն ԵՏՄ այլ անդամ երկրների, մենք բարեփոխումներն ավելի լավ ենք իրականացրել, ինչի մասին վկայում են  միջազգային տարբեր հեղինակավոր կառույցների կողմից տրված գնահատականներն ու ինդեքսները: Եթե մենք չկարողանանք այդ փաստը կապիտալացնել այսօր, վաղը կարող ենք կորցնել, որովհետեւ  հուսալ, որ Բելառուսը մնալու է նույն տեղում, կամ ՌԴ-ն չի փոխվելու՝ դժվար է: Բայց այսօր մենք կարող ենք բիզնեսիլավ ներքին օֆշոր դառնալ ԵՏՄ-ի երկրների համար,օֆշոր` ոչ այնքան ֆինանսական, այլ՝ բիզնեսի կազմակերպման: ԵՏՄ անդամ երկրներում գրանցված ձեռնարկությունները հավասար իրավունքներ են ստանում՝ անկախ իրենց գրանցման վայրից: Եվ Հայաստանը մի քանի քայլ անելով այդ ուղղութամբ՝ կարող է համեմատաբար ավելի լավ կապիտալացնել բիզնես միջավայրը: Սա հնարավոր տարբերակներից է, որը կարող ենք օգտագործել: Մյուս հնարավորությունները կապված են ԵՏՄ-ի արտաքին աշխարհի հետ: Դիտարկելով  Ղազախստանի եւ Բելառուսի փորձը, տեսնում ենք, որ այդ երկրները փորձել են առավելագույնս օգտագործել մեկը` եվրոպական շուկաներին, մյուսը՝ Չինաստանինմոտ լինելու փաստը: Դա նշանակում է, որ մենք  պետք է լոբբինգ անենք ԵՏՄ-ի ներսում՝ Իրանի հետ որոշակի հարաբերություններ ձեւավորելու համար: Հայաստանը գտնվում է շատ հետաքրքիր իրավիճակում: Իրանի պատժամիջոցները հանելու հանգամանքն էլ հաշվի առնելով՝ մենք անենք լոբբինգ, թե չանենք, ԵՏՄ-ն ձեռնամուխ է լինելու արագացված տեմպերով զարգացնելու  Իրանի հետ բարենպաստ ռեժիմ ունենալու գործընթացը: Մենք պետք է կարողանանք արագ ներառվել այդ գործընթացում` մեր շահերին համապատասխան գործելու համար: Միաժամանակ Իրանում բիզնես միջավայրը բարենպաստ չէ, մեծ է պետության դերակատարումը, իսլամական բանկային համակարգը գործումէ  իսլամական պետությունների որոշակի օրենքներով և Շարիաթի հիման վրա գործող դատական համակարգով: Այնպես որ, չեմ կարծում, որ արեւմտյան բիզնեսը կուզենա մեծ սիրով այնտեղ տեղակայվել, գրանցվել եւ աշխատել:  Հայաստանն  այս դեպքում ևս կարող է շահել: Հայաստան-Վրաստան հարաբերությունները նույնպես մեզ հնարավորություն են տալիս շուկաներ կապիտալիզացնել:

Հայաստանը բավականին մեծ առավելություններ ունի ԵՏՄ-ում, նախ`կարողացել է պահպանել առևտրային ռեժիմը Վրաստանի հետ, և այդ մոտեցումը պետք է շարունակվի: Կարևոր է նաև այն, որ մենք ունենք արտոնյալ ժամանակահատված` մինչև ԵՏՄ-ում գործող մաքսային դրույքաչափերին հասնելը, կարողացել ենք նաև GSP պլյուսհամակարգը պահպանել Եվրամիության հետ: Փաստացի մեր առջեւ 10 տարի կա, որը Հայաստանի համար վճռորոշ ժամանակաշրջան է լինելու: Դրանից հետո մեր հնարավորությունները համեմատաբար սահմանափակ կլինեն: Սակայն դա չի նշանակում, որ մեզ պետք է օգտագործեն, մենք պետք է ստեղծենք համապատասխան ինստիտուտներ, փորձագիտական խմբեր, որոնք պետք է արդյունավետ աշխատեն եւ երկրի համար շահեկան քայլեր անեն:

Եթե կարողանանք ճիշտ ձեւակերպել մեր խնդիրները, ճիշտ օգտագործել մեր ունիկալ հնարավորությունները, գլոբալ առումով ԵՏՄ-ն բավականին նպաստավոր կարող է լինել Հայաստանի համար:

 

«Երևակ» ամսագիր

 

 

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ