Շաբաթ, Սեպտեմբեր 23, 2017

 11:19

ԼՐԱՀՈՍ

Մասնագիտական գնահատական հարկային համակարգին

Երվանդ Ֆրանգուլյան, հաշվապահական ծառայություններ և հարկային խորհրդատվություն տրամադրող «ՏԴ Կոնսալտինգ» ընկերության հիմնադիր-տնօրեն

- ՀՀ-ում հարկային քաղաքականությունը ի՞նչ հիմքերի վրա էր դրվել ու ինչպե՞ս շարունակվեց:

- Հայաստանում հարկային քաղաքականությունն իր նախնական փուլում, իր կուսական տեսքով փոխառնված էր ռուսական ու եվրոպական հիմունքներից: Հետո փոփոխություններ եղան: Ընդհանուր առմամբ հարաբերությունները կարգավորող նորմալ օրենսդրական դաշտ ապահովվեց: Բայց դե հայերը սուր մտքի տեր են, անմիջապես սկսեցին բացեր փնտրել այդ օրենքներում և դրանցից օգտվել զանազան կերպ: Կառավարությունն էլ ամեն գնով որոշեց փակել բոլոր այդ սողանցքները: Աշխարհի ոչ մի երկրում չկան հարկային օրենքներ, որոնք չունենան սողանցքներ, ի վերջո, դրանք մարդն է գրել ու մարդն էլ կարող է շրջանցելու հնար գտնել: Ստացվեց այնպես, որ կառավարության կողմից ամեն սողանցք փակելուց հետո խնդիրներ էին առաջանում մյուս օրենքներում, որովհետև համալիր ձևով ընդունված օրենքներից եթե մեկի մեջ փոփոխություն ես կատարում, ապա դա արդեն պահանջում է համապատասխանեցում մնացյալ օրենքներին:  Ու ինչքան «ձեռք տվեցին» այդ օրենքներին, այնքան հակասությունները շատացան: 

- Հիմա ի՞նչ իրավիճակ է օրենսդրական դաշտում:

- Համեմատության կարգով ասեմ, որ արտասահմանում մի օրենք փոխելը, այդ փոփոխությունն անցկացնելը տարիներ է տևում: Հազար տեղից քննարկում են, հետո նոր հարկատեսակ մտցնում կամ հանում: Մեր երկրում 2 ամսվա ընթացքում են հարկատեսակ մտցնում: Սոցիալական վճարը 3 անգամ ԱԺ մտավ տարբեր օրենքների ձևով, մինչև սկսեցին փող հավաքել ինչ-որ կիսատ-պռատ մեխանիզմներով: Շրջանառության հարկի դրույքաչափը ո՞վ է տեսել, որ 1 տարվա մեջ 3 անգամ փոխվի, այն էլ՝ ֆինանսական տարվա կեսից: Տարվա մեջ 3 անգամ նույն օրենքը կարող են փոփոխել: Ուժի մեջ չմտած փոփոխության մեջ անգամ կատարում են փոփոխություն: Այսինքն՝ մեր երկրում իրավիճակային ռեակցիա է տրվում ընթացիկ հարկային քաղաքականությանը, չունենք մտածված, ծրագրված, հեռահար, թեկուզ 3 տարվա ծրագրով քաղաքականություն: Դե, պատգամավորներն էլ դակիչներ են, խնդիր չկա, ամեն ինչ անցնում է: Ընդ որում, ընդդիմությանն էլ եմ ես համարում դակիչ, որովհետև չի աշխատում այդ փոփոխությունների շուրջ: Գոնե ցույց տային այն հակասությունները, որոնք ստեղծվում էին ուրիշ օրենքների հետ և ուղղել տային: Չեմ կարծում, թե կառավարությունը սկզբունքորեն կասի՝ ոչ, չեմ ուղղի: Կտեսնի, եթե կա փոփոխության պատճառով առաջացած հակասություն, ապա կուղղի: Ընդդիմությունը տարրական օրինաստեղծ աշխատանք չի կատարում, միգուցե թանկ հաճույք է. պիտի իրավաբաններ, տնտեսագետներ ունենա: Մի խոսքով, մեր խորհրդարանը չի զբաղվում օրինաստեղծ աշխատանքով: Մեր միակ օրինաստեղծ մարմինը կառավարությունն է, նա էլ բերում 131 հոգու առաջ դնում է օրենքը, քննարկում չի լինում, ու արդյունքում ունենում ենք ահավոր անորակ օրենքներ: 

- Առկա օրենսդրական միջավայրը, վարչարարությունը ի՞նչ հետևանքներ են թողնում բիզնես միջավայրի վրա:

- Այս ամենից տուժում է փոքր ու միջին բիզնեսը, որը չունի իր պաշտպանության համար ծախսվող ռեսուրսներ, իսկ պետության օրենսդրությունն այնպես  է, որ ի վնաս հարկատուի է գնում՝ չնայած օրենքով ամրագրված է, որ եթե տարաձայնություն կա օրենքի մեջ, ապա դա միշտ պիտի մեկնաբանվի հօգուտ հարկատուի: Խոշորները մեծ հաշվով պաշտպանված են, քանի որ ունեն իրենց պաշտպանության  համար ծախսելու ռեսուրսներ (իրավաբանական, հաշվապահական թանկարժեք ծառայություններ), օրենքներից տեղյակ են: Ամենաանպաշտպան վիճակում թերևս փոքր բիզնեսն է գտվում: Մեզ մոտ, հատկապես փոքրի համար, հարկային ծախսերը դարձել են անկանխատեսելի. մեկ էլ կարող է հանկարծ պարզվել, որ խախտում ես արել ու ահռելի գումար պիտի մուծես:  Երբ փոքրը հուսալքվում է, կոտրվում է, նա կորցնում է մոտիվացիան, մարդկանց հավեսը կորչում է ինքնուրույն գործ անելու, մինչդեռ երկրի տնտեսության համար ամենակարևորը փոքր ձեռնակատերերն են: Ամեն մարդ պիտի հնարավորություն ունենա իր գլուխը պահելու, չսպասի թե  պետությունը կամ որևէ մեկն իրեն աշխատատեղ կստեղծի: Դրա համար փոքրերին պիտի օգնել, աջակցել: Լավ, թող 2 տարի հարկ չմուծեն, թող «2 կոպեկ էլ փախցնեն», վերջին հաշվով նրանք սոցիալական խնդիր լուծող են, չեն գալիս պետության կոկորդին կանգնում, ասում՝ գործազրկության նպաստ տուր: Կոպիտ ասած՝  այն հարկը, որը պետությանը չի տալիս, մեկ է, տանում է տուն, այսինքն՝ սոցիալական խնդիր է  լուծում: Պետությունը նրան պիտի գործով ապահովեր, բայց չի կարողացել, հիմա ինքն է իրեն գործով ապահովել, հարկավոր է չխանգարել նրան: Այդ «կոպեկ տանողը» խոշորը չի, որ տանի կուտակի շվեյցարական բանկերում: Տանողը փոքր ձեռնարկատերն է, որ այդ փողը դարձյալ պետության մեջ է ծախսելու: Պետք չէ օրենսդրական լուրջ փոփոխություններ անել, պետք է ուղղակի փոքրի նկատմամբ վարչարարությունը փոխելու, մեղմելու որոշում կայացնել: 

- Այսպես մինչև ո՞ւր: Ի՞նչ ելքեր կարող են լինել այս վատ վիճակից:

-  Այս իրավիճակը ուրիշ նորմալ երկրներում վաղուց արդեն տարել էր սննկացումների, տնտեսական, ֆինանսական լուրջ ճգնաժամերի: ՀՀ-ում ուղղակի մարդիկ «յոլա են գնումե այն բանի շնորհիվ, որ դրսից շատ է գալիս փող: Մեր տնտեսական վիճակը կախված չէ մեզանից, այլ Ռուսաստանում, Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում աշխատող հայերի աշխատանքի արդյունքից: Մենք աշխատենք-չաշխատենք, մեկ է, ինչ-որ չափի տնտեսություն կունենանք, որովհետև արտերկրից փողեր գալիս են: Այստեղ տնտեսական կոլապս չի կարող լինել զուտ արտերկրյա ռեսուրսների հաշվին: Բայց այդպես ճիշտ չէ: Մարդկանց պետք է խրախուսել, որ հետ գան երկիր, առնվազն սարքենք 10 միլիոնանոց պետություն: Ինչքան մենք շատանանք այստեղ, այնքան կհզորանա մեր տնտեսությունը և՛ բյուջեով, և՛ բանակով: Հո չե՞նք կարող միշտ ուրիշի հաշվին բյուջե ու բանակ պահել: Լավ, դեռ տնտեսականը մի կողմ դնենք, բա երկրի անվտանգության հա՞րցը: Ի՞նչ է, հույսներս դրել ենք, որ ռուսը մեզ պաշտպանելո՞ւ է թուրքից: Ախր եթե մի 10 տարի էլ այսպես շարունակվի, իրոք մենք այլևս ուժ չենք ունենա գոնե ինքներս մեզ պաշտպանելու: Անգամ Ադրբեջանից չենք կարողանա պաշտպանվել: Իսկ Ադրբեջանը և Թուրքիան, ինչքան այդ երկրները գոյություն ունեն, մշտապես մեր ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք են: Հնարավոր չէ նրանց հետ ունենալ եղբայրական հարաբերություններ: Հնարավոր է ինչ-որ շրջանում պատերազմ չլինի, ունենանք դիվանագիտական հարաբերություններ, բայց, մեկ է, այդ պետությունների առկայությունը մեր կողիքն միշտ սպառնալիք է՝ ուղղված մեր ազգային անվտանգությանը:

- Կան երկրներ, որոնք Հայաստանի պես փոքր են, քիչ ռեսուրսներ ունեն, բայց տնտեսական հրաշքներ են կերտում: Մեր երկրում մի՞թե դա հնարավոր չէ:

- Այստեղ տնտեսական հրաշք կամ թռիչք պետք չի, դրա կարիքը չունենք, որովհետև եթե մենք ճիշտ օգտագործենք մեր ռեսուրսները, արդեն տնտեսությունը ինքնին կզարգանա: Ուղղակի պիտի թողեն, որ հայերն աշխատեն: Այդ դեպքում նրանք տնտեսական հրաշք կստեղծեն, մի հատ էլ կգնան ուրիշ երկրում հրաշք կստեղծեն: Իսկ չթողողը կառավարությունն է: Նա, իհարկե, շահագրգիռ է, որ մարդիկ աշխատեն, փող ստեղծեն, բայց մինչև այն պահը, երբ դա չի հակասում իր շահերին: Ֆինանսապես կայացած, անկախ բնակչությամբ երկրում չես կարող 5 հազար դրամով ձայն առնել: Չես կարող վախեցնել: Եթե մարդիկ դառնան մենատնտեսներ, որոնց եկամուտը կախված կլինի իրենց աշխատանքից, վախ չունենան, որ հանկարծ վաղը խնդիր կունենա հարկայինի կամ քաղմասի հետ, նրանց ձայները փողով գնել հնարավոր չի լինի: Իսկ դա կառավարությանը ձեռնտու չէ, քանի որ չի կարողանա նման երկրում իշխել: Անգամ բռնի ուժով հնարավոր չի լինի իշխանություն պահել այդ պարագայում: Իհարկե, իշխանությունները կուզենան՝ զարգացած երկիր լինի, բայց ուզում են, որ այդ զարգացած երկիրը ստրուկներով լցված լինի, բայց ստրուկներով լցված երկիրն էլ ուղղակի զարգացած չի լինում: Վերջ: Հակասության հանդիպեցինք, թեզը սխալ դուրս եկավ: Հետևաբար իրենք չեն ուզում, որ սա լինի զարգացած երկիր:

 

«Երևակ» ամսագիր

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ