Չորեքշաբթի, Ապրիլ 26, 2017

 02:15

ԼՐԱՀՈՍ

ԵՏՄ. մարտահրավերներ և հնարավորություններ . Թաթուլ Մանասերյան

ԵՏՄ-ին չանդամակցելը մեծագույն սխալ կլիներ: Քիչ բաներ կա, որ կարելի է այսպես միանշանակ պնդել: Տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներից մեկուսանալը ժամանակակից դինամիկ փոփոխվող աշխարհում ուղղակի կարճատեսություն է եւ վնասաբեր: Աշխարհում չկա որեւէ զարգացած երկիր, որը մինչ համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելը չի ինտեգրվել տարածաշրջանում: Այլընտրանք, միանշանակ, մենք չունեինք, եւ հակառակը կոպիտ սխալ կլիներ: Եթե մենք հույսներս դնեինք միայն հեռավոր Արեւելքի, Արեւմուտքի թվացյալ աջակցության վրա, սխալ կլիներ, ովհետեւ ոչ մեկը մեր փոխարեն չի անելու:

Աշխարհը գնում է ռեգիոնալացման ուղով:

ԵՏՄ-ն լուրջ հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար: Նախ, դա 170 մլն-անոց սպառողական շուկա է: Սա նշանակում  է, որ սպառման շուկան տասնապատկվում է: Հայաստանը փոքր շուկա ունի, սահմանափակ, եւ դրսի ներդրողների համար Հայաստանում լուրջ ներդրումներ անելը անհետաքրքիր էր: Հիմա այս առումով հետաքրքրություններ կան եւ դեռ չանդամակցած՝ Հայաստանը արդեն հայտնվեց Ֆրանսիայի, Գերմանիայի եւ այլ երկրների ուշադրության կենտրնում. նրանց հետաքրքրում է ռուսական շուկան եւ կարող են Հայաստանի միջոցով մուտք գործել: Դա գործարար ներդրումներ կարող է բերել: Չպետք է մտածել, որ խոսքը միայն պարզ առեւտրի մասին է ԵՏՄ-ում: Համատեղ ծրագրերի մասին պետք է մտածել: Շատ կարեւոր է, որ ոչ թե միակողմանի մրցակցային առավելությունները կիրառվեն, այլ մասնավորապես, եթե խոսքը տարածաշրջանին է վերաբերում, ոչ հեռու գտնվող հատկապես սահմանակից երկրները կկարողակնան իրագործել իրենց հարաբերական եւ բացարձակ առավելությունը:

Հաջորդ հնարավորությունն այն է, որ սպառողի համար ավելի բարենպաստ միջավայր կարող է ձեւավորվել: Մենաշնորհների դեմ ավելի արդյունավետ պայքարի հնարավորություն է ընձեռվում: Սպառողը դրանից կարող է ակնկալել բազմազանություն եւ գների ցածր մակարդակ: Այսօր Հայաստանում մենաշնորհների դեմ պայքարը շատ ցածր մակարդակ ունի:

Եվ հետո, կարծես թե «ստիպված» մրցունակության բարձրացման խնդիր է դրվում: Եթե տեղական արտադրությունը չզարգանա, եւ աջակցություն չլինի պետական մակարդակով (իսկ գործիքները տարբեր են՝ սկսած համաֆինանսավորումից մինչև արտոնյալ վարկեր եւ այլն), ապա մենք չենք կարող դիմակայել անգամ հետխորհրդային երկրների տարածքում գտնվող ընկերությունների հետ մրցակցությանը: Չմոռանանք, որ ՌԴ-ում, Բելառուսում, Ղազախստանում կան վերազգային ընկերություններ նաեւ, որոնք կամ մասնաճյուղեր ունեն, կամ արդեն համատեղ ձեռնարկություններ են ստեղծել: Այդտեղից կարող են լինել լուրջ ռիսկեր: տեղական արտադրությունը կարող է դուրս մղվել: Մեր տնտեսության համար իսկապես լուրջ մարտահրավերներ կան: Բայց եթե կարողանանք դիմանալ, դիմակայել, ճիշտհակառակն է լինելու. մենք կկարողանանք մեր մրցունակ ապրանքով դուրս գալ:

Մինչ ԵՏՄ մտնելը այդ շուկաները մեզ համար փակ չէին: Բայց ԵՏՄ-ն ենթադրում է թիմային աշխատանք: Նախկինում ոչ մեկը պարտավորված չէր տեխնիկական չափորոշիչներ համահարթեցնել եւ համաձայնեցնել մյուս երկրների հետ: Եթե նախկինում առանձին ընկերություններ իրենց բախտը պիտի փորձեին այդ շուկաներում, այս դեպքում պետական մակարդակով պետք է ջանքերի համադրում լինի: Պետությունը պետք է  գործարարներին տեղեկատվություն տա, թե որ երկրում ինչի պահանջարկ կա, եւ որ ճյուղերը պետք է զարգացնել: Թե չէ խորհրդային տարածքում փակ դռներ մեզ համար չեն եղել, եւ մենք կարող էինք շատ ավելի վաղ քայլեր անել:

ԵՏՄ-ին անդամակցումը լուրջ ռիսկեր է մեզ համար պարունակում: Ընդհուպ մինչեւ տեղական արտադրության կորուստ կարող ենք ունենալ: Վերցնենք, օրինակ, ղազախական եւ բելառուսական գյուղատնտեսական արտադրությունը ագրոարդյունաբերական համալիրների կողմից, որը մեր երկիրը չի էլ ստեղծել. նրանց արտադրանքի ինքնարժեքը շատ ցածր է, իրենց կարող են թույլ տալ ներխուժում այլ շուկաներ: Ուրիշ հարց է, որ մեր շուկան իրենց համար այնքան էլ գրավիչ չէ, եթե մտքներին դնեն՝ շատ հեշտությամբ կարող են գրավել:

Այն պատկերը, ինչ մենք ունենք տնտեսության մեջ՝ ներմուծում-արտահանում հարաբերակցության մեջ, կարող է ավելի փոխվել՝ ի վնաս մեզ: Մենք ունեք բազմաթիվ դեպքեր, երբ Սփյուռքի ներդրումները, կապիտալը տեղափոխում են ՌԴ, այլ երկրներ: Պետք է ներդրումային գրավիչ միջավայր ձեւավորել: Կարեւոր են նաեւ կայունությունն ու վստահությունը: Հայաստանը, բարեբախտաբար, տնտեսության առումով իր որոշակի ինքուրույնությունն ունի: Երբ անցյալ տարի ռուբլին աննախադեպ արժեզրկվեց, տնմտեսության անկումն արդեն նախանշվեց այդ ժամանակ: Հայաստանն ունի զարգացման իր հեռանկարը:

ԵՏՄ-ն բավական ամբիցիոզ ծրագիր է: Այս պահին որեւէ իրատեսական հիմքեր չեն ձեւավորվել: 3 երկրներ, որոնք նախաձեռնեցին դա, իրենք իրար նկատմամբ դեռեւս բազմաթիվ հակասություններ ունեն: Բայց այդ երկրների համար այլընտրանք չկա: Եթե հետխորհրդային երկրները ուշքի չգային եւ չձևավորեին իրենց ընկերությունները, այս տարածքը կարող էր պատռվել մի քանի գոտիների:

Ես տեսնում եմ հնարավորություն, որ Հայաստանը դառնա քիմիական արդյունաբերության կենտրոն: Տեսնում եմ նաեւ հնարավորություն, որ Հայաստանը կարող է ուղղակի առաջատարը լինել ինստիտուցիոնալ բարեփոխումների ասպարեզում, որովհետեւ ՀՀ-ն բավականին լուրջ արգելքներ հաղթահարեց՝ ԵՄ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու եւ Խորը ու համապարչփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը ստորագրելու համար: Դա կատակ բան չէր: Մենք կարող ենք նաեւ առաջատարի դիրք ստանձնել տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում: Կան նաեւ այլ ոլորտներ, որտեղ Հայաստանը կարող է իրացնել իր գիտական, մտավոր ներուժը: Դրա համար ջանքեր են պետք: Նպատակներ պետք է մշակվեն, ռազմավարություն: Սփյուռքը կարող է իր ներուժն օգտագործել մեծ շուկաներում, իսկ առանձին անհատներ արդեն քայլեր անում են: Լավ կլինի, որ դա համադրվի պետության ջանքերի հետ:

 

 

«Երևակ» ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ