Երեքշաբթի, Մայիս 30, 2017

 07:30

ԼՐԱՀՈՍ

Մշակույթի պահանջները 21-րդ դարում

Քաղաքական, տնտեսական, բարոյական, ազգային ճգնաժամերի այս դարում առաջնային կարևորություն է ձեռք բերում ստեղծագործ անհատներ դաստիարակելու խնդիրը, անհատներ, որոնք իրենց նյութական-հոգևոր գործունեությամբ, ճկուն մտքով ու երևակայությամբ ունակ են ստեղծել կյանքի ավելի լավ պայմաններ: Գեղագիտական դաստիարակության խնդրով մեր հասարակությունում զբաղվում են արվեստի, գեղագիտական, երաժշտական, պարի  դպրոցներն ու ստուդիաները: Ի՞նչ սկզբունքներ նրանք պետք է ունենան իրենց գործունեության հիմքում, ի՞նչ նպատակներ հետապնդեն երեխաների գեղագիտական դաստիարակության հարցում: Այս հարցերի պատասխաններն են կազմում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, և այլ մեդալների արժանացած,  30 տարի «Սեբաստիա» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, 1979 թվականից տարբեր մշակույթի տների տնօրեն, 1995 թվականից «Տարոն» գեղագիտական կենտրոնի հիմնադիր տնօրեն Հովհաննես Գևորգի Թադևոսյանի խոսքի առանցքը:   

Ազգապահպանության հիմքը լեզուն և արվեստն են 

Դրանք են մեր բանակն ու հզորությունը: Որքան հայ մանուկները մոտ կանգնած լինեն հայկական արվեստի ակունքներին, ու, ինչպես իմ նախկին հարցազրույցներից մեկում եմ ասել, լավ հայերեն խոսելու նման նաև լավ հայերեն երգեն, հայերեն պարեն ու հայերեն նկարեն, կկերտենք  ազգային ինքնագիտակցությունն արթուն պահող հայ նոր սերունդ: Հենց այս մոտեցումը պիտի գերիշխի արվեստի դպրոցների ծրագրերում, նրանք պետք է գիտակցեն, որ իրենց պատերի ներսում պահպանվում, հղկվում, բյուրեղանում  է  մեր ազգային գենոֆոնդը:

Համենայն դեպս «Տարոն» գեղագիտական կենտրոնում այդ մոտեցումն է գերիշխում: Պատահական չէ, որ  մեր կենտրոնի սաները մասնակցել են 40-ից ավելի միջազգային ֆոլկ փառատոնների, ներկայացրել հայկական արվեստն ու  բազմաթիվ հաղթանակներ ունեցել: Մեր վերջին հաղթանակը գրանցվեց  անցյալ տարի Բուլղարիայում Արվեստի միջազգային փառատոնի ժամանակ: Փառատոնին մեր կենտրոնից մասնակցում էին 110 գեղանկարող ու պարող երեխաներ: Մեր գեղանկարիչ երեխաներից 30-ի աշխատանքները արժանացան բարձր գնահատականի, ու խումբը Գրան պրի մրցանակ շահեց, իսկ մեր պարողներից 56-ը առաջին մրցանակ ստացան: Այս հաղթանակները պատահական չեմ համարում: Այդ փառատոնին մասնակցում էին Հայաստանից զարգացած երկրների՝ ավելի լավ պայմաններում ստեղծագործելու հնարավորություններ ունեցող երեխաներ: Կարծում եմ հաղթեց հենց հայկական շունչը, արևային, նաիրյան երկրի ոգին ու գույները, որովհետև «Արև, ուրախություն, երջանկություն» թեմայով մրցույթում չէին կարող չառանձնանալ հայ երեխայի վրձնած հայկական ջերմ ու վառ երանգները:

Ի դեպ մեր պատմությանն ու կորուստներին միայն այս տարի չէ, որ անդրադառնում ենք, այն միշտ եղել է կենտրոնի ստեղծագործական թեմաներից մեկը: Բացի այդ մեր գեղագիտական կենտրոնի անունն է «Տարոն», որը իմ արժանահիշատակ ընկերոջ՝ Անդրանիկ Մարգարյանի խորհրդով դրվեց մեր երկրի հայտնի գավառներից մեկի անունով՝ ի հիշատակ կորուսյալ երկրի, և որը ուշ թե շուտ մերն է լինելու:   

21-րդ դարի պահանջները 

Մենք այս տարի նաև նշում ենք «Տարոն» գեղագիտական կենտրոնի 20-ամյակը: Այս 20 տարիների ընթացքում իհարկե մշտապես շեշտը դրել ենք նրա վրա, որ մեր սաները ճանաչեն իրենց ազգային արմատները, ազգային պարերը, գեղանկարեն հայկական հուշարձաններն ու բնությունը: Բայց միևնույն ժամանակ ապրում ենք 21-րդ դարում, որն ունի իր պահանջները: Ինչքան էլ ժամանակները փոխվեն դասականի ուսուցումը մնում է պարտադիր ու անփոփոխ պահանջ:  

Մյուս կողմից հասարակության զարգացումը նոր, ավելի բարձր պահանջներ է դնում մարդու առջև: Այսօրվա, առավել ևս վաղվա մարդը պետք է լինի բազմակողմանի զարգացած, ունենա ստեղծագործական մեծ ներուժ, արագ արձագանքի դարի փոփոխություններին: Իհարկե դրա լավագույն միջոցը գեղագիտական դաստիարակությունն է: Պարտադիր չէ, որ նրանք բոլորը դառնան արվեստագետներ, բայց փաստ է, ու դա ապացուցված է բազմաթիվ հետազոտությունների միջոցով, որ նրանք կլինեն բազմակողմանի զարգացած, իրենց մասնագիտության մեջ պրոֆեսիոնալ ու առաջատար, ուժեղ անհատներ և, որ ամենակարևորն է, լավ մարդիկ: Նպատակային գեղագիտական կրթությունը ոչ միայն բացում է երեխայի հոգին ձայների, գույների, ձևերի առաջ, այլև նպաստում ավելի խորը ու լիարժեք աշխարհաճանաչողությանը: Այն նաև նպաստում է ստեղծագործական մտածողության զարգացմանը, նոր ուղիների, լուծումների որոնման լայն հնարավորություններ ընձեռում, որոնք արտահայտվում են նաև գիտության, արտադրության, տնտեսության մեջ:  Հետևաբար՝ հնարավորինս շատ երեխաներին շրջապատեք գեղեցիկով, թող նրանք հաճախեն արվեստի խմբակներ, հաճախ լինեն թատրոններում, թանգարաններում, պատկերասրահներում, ու կունենանք վաղվա ավելի լիարժեք, վստահ, ուժեղ ու գեղեցիկ սերունդ:  


«Երևակ» ամսագիր








ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ